Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Երբ ընդդիմությունը ղեկավարվում է Մոսկվայից

Երբ ընդդիմությունը ղեկավարվում է Մոսկվայից
18.04.2013 | 16:00

Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա կատարած այցն այլևս անցյալ է: Եվ նա էլ միակը չէ Հայաստանի իշխնամետ և ընդդիմադիր գործիչներից, որը ներքաղաքական կարևոր իրադարձությունների ժամանակ մեկնում է Մոսկվա: Նրա վրա հարձակումներ եղան սոցցանցերում, հիշեցրին, որ գնացել է ռուսաստանյան իշխանությունների «օրհնությունը» ստանալու և այլն: Ավելի արմատական հայացքներ ունեցողները նույնիսկ շեշտեցին, թե Մոսկվան հայ ընդդիմադիրների «գերեզմանափորն» է:
Սակայն, հետահայաց վերլուծելով շատ իրողություններ, հանգում ես այն համոզման, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեության սցենարներն էլ են գրվում Մոսկվայում, իսկ հետո դրանք իրականանում եմ մաթեմատիկական ճշգրտությամբ կամ գրեթե ճշգրտությամբ:
Կա մի հայտնի Սմբատ Կարախանյան, ով ներկայանում է որպես Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ: Նա ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ է տալիս հայկական ԶԼՄ-ներին, որոնք ավելի շատ խորհուրդներ են հիշեցնում, թե մոտավորապես այս կամ այն քաղաքական ուժն իրեն ինչպես պետք է պահի, ինչ քայլեր անի, ում հետ համագործակցի, ում հետ դաշինք կնքի և այլն: Մասնավորապես, մի քանի տարի առաջ, երբ դեռ բավականին ակտիվ էր քաղաքական պայքարը փողոցներում ու հրապարակներում, Կարախանյանը հարցազրույցներ էր տալիս այդ թեմաներով և մեր ընդդիմության լիդերներին հորդորում շարունակել հանրահավաքներն ու զանգվածային միջոցառումները:
Այս տարվա սկզբին էլ Սմբատ Կարախանյանը հանդես եկավ Հայ ազգային կոնգրեսի հետագա ճակատագրին վերաբերող դիտարկումներով, որոնք այսօր իրականություն են դարձել: Նա հավանական էր համարել, որ ՀԱԿ-ը որոշակիորեն կարող է փոխել ֆորմատը, նրանից կհեռանան սկզբունքային և մարտավարական տարաձայնություններ ունեցող գործիչները, ՀԱԿ-ը կներկայանա նոր, երիտասարդ գործիչներով: Մոսկովյան քաղաքական գործիչը կանխատեսել էր, որ մինչև Երևանի ավագանու ընտրություններ ՀԱԿ-ը վերակազմավորված կլինի և կմասնակցի այդ ընտրություններին: Նա նաև շեշտել էր, որ ՀԱԿ-ում առանց Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումներ չեն կայացվի , քանի որ նա չի հեռանա ակտիվ քաղաքականությունից:
Իհարկե, Սմբատ Կարախանյանը Վանգան չէ, որի կանխատեսումներն իրականություն են դառնում: Բանն այն է, որ նա միշտ էլ ակտիվ շփումներ է ունեցել հայաստանյան ընդդիմադիրների հետ, և նրա հարցազրույցներն էլ այդ շփումների, մասնավոր հանդիպումների ու զրույցների արդյունք են: Եվ եթե մեր ընդդիմության կողմից այդքան լուրջ դեր չվերապահվեր Սմբատ Կարախանյանին, նա ժամանակ առ ժամանակ չէր հայտնվի մեր մամուլի էջերում՝ խախտելով պոլիտկոռեկտության սահմաններն ու հայտարարելով, թե Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանում լինի ուժեղ պետականություն և ընտրված իշխանություն:
Ինչ-ինչ` այդ ցանկությունների և իրականության միահյուսումը Հայաստանում ապրողներս ենք մեր մաշկի վրա զգում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ