«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

ԲՀԿ «առյուծներն» ու Վարդան Օսկանյանի «Վաթեռլոոն»

ԲՀԿ «առյուծներն» ու Վարդան Օսկանյանի «Վաթեռլոոն»
08.04.2013 | 17:50

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է: Քաղաքապետի պաշտոնի հարցում, կարծես, երկու կուսակցություններ են պայքարում` ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Տպավորությունն այնպիսին է, որ եթե ՀՀԿ-ն լուրջ հայտ է ներկայացրել ընտրություններում հաղթելու և քաղաքապետի պաշտոնը ևս 5 տարով պահպանելու համար, ապա ԲՀԿ-ն այլ խնդիր է լուծում: 2012 թ. խորհրդարանական ընտրություններում հաջողություն արձանագրած, սակայն 2013 թ. նախագահական ընտրությանը ոչ մի ձևաչափով մասնակցություն չունեցած ԲՀԿ-ն փորձում է վերականգնել իր դիրքերը` հասարակության աչքերում բարձրացնելով կշիռն ու զգալի նահանջ ապրած վարկանիշը: ԲՀԿ-ն իր մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժն է, և այս կուսակցությունում ևս հասկանում են, որ նախագահական ընտրություններին չմասնակցելը ռազմավարական սխալ էր, որն իր անդառնալի հետևանքներն է ունենալու, ուստի և պետք է ինչ-որ բան մտածել, ինչ-որ գործողությունների դիմել և գոնե մի փոքր վերականգնել դիրքերը հայաստանյան քաղաքական դաշտում:

Թերևս, սա է գլխավոր պատճառն այն հանգամանքի, որ ԲՀԿ ցուցակի առաջին համարը Վարդան Օսկանյանն է, ով համայնքային կառավարման փորձ չունի, և դժվար է նրան պատկերացնել քաղաքապետի պաշտոնում: Օսկանյանը քաղաքական գործիչ է, ով թրծված է ամբիոններից ամպագոռգոռ հայտարարություններ անելու, բանավիճելու և քաղաքական խաղ կազմակերպելու հարցերում, բայց ոչ համայնքային կառավարման, ասֆալտապատման, լուսավորման, աղբահանության, վերելակային տնտեսության բարելավման և նմանատիպ այլ հարցերում: ԲՀԿ-ում սա ևս շատ լավ գիտակցում են, ուղղակի խնդիրն այն է, որ ԲՀԿ ղեկավարությունը, գիտակցելով, որ իշխող հանրապետականին Երևան քաղաքում հաղթելը շատ բարդ խնդիր է, ցանկանում է քաղաքական շոու կազմակերպել, իսկ այդ դերի համար Օսկանյանն անփոխարինելի է: Նա կարող է վարժ և սահուն ճառեր արտասանել, քննադատել, հեղափոխականի կեցվածք ընդունել` խնդիր ունենալով հնարավորինս սևացնելու ՀՀԿ-ին և դրա հաշվին վերականգնելու ընդդիմադիր ուժի համբավը: Առաջին հայացքից սա բավականին դյուրին մոտեցում է, որը պահանջում է ճարտասանություն և որոշակի կազմակերպվածություն, սակայն խորքային իմաստով ԲՀԿ-ն իրեն դնում է լրջագույն հարվածի տակ:
ՈՒշագրավ է, որ ԲՀԿ նախընտրական քարոզարշավը կառուցվում է ոչ թե Վարդան Օսկանյանի կերպարի շուրջ, այլ Գագիկ Ծառուկյանի: Կասկածից վեր է, որ ԲՀԿ-ում հասկանում են այն պարզ իրողությունը, որ քաղաքապետի պաշտոնում Օսկանյանը չի «ուտվում», երևանցին չի ընտրի սփյուռքահայ գործչին, որին տարիներ շարունակ հետևել է միայն հեռուստաեթերից, և որի գործունեությունն անընդհատ շաղկապված է եղել տարատեսակ սկանդալներով: Այսպես, 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում հայկական պատվիրակության անհաջողությունը կապված է Վարդան Օսկանյանի անվան հետ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` արտաքին գործերի նախարարի տեղակալ Վարդան Օսկանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն նախագահ Տեր-Պետրոսյանը չի ընդունել այն: Ռոբերտ Քոչարյանի օրոք Օսկանյանն արդեն արտաքին գործերի նախարարն էր, երբ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներն անվանեց օկուպացված տարածքներ, ինչը ոչ միայն հասարակական լուրջ բողոքի ալիք բարձրացրեց, այլև ջուր լցրեց թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին: 1998-2008-ին Օսկանյանին հիշում են նաև հայկական հեռուստաեթերի, ՄԱԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցների ամբիոններից «քովքասյան վագրի» ու ՀՀ երկնիշ տնտեսական աճի մասին ճառերով:
Ի դեպ, հենց այդ ճառերն են Օսկանյանի չսիրվածության հիմնական պատճառը: Քոչարյանական երկնիշ տնտեսական աճն իր մաշկի վրա զգաց միայն հայ օլիգարխը, իսկ երևանցին 1998-2008-ին հետևում էր, թե ինչպես են օլիգարխները մայրաքաղաքն առուծախի առարկա դարձրել, ինչպես են օլիգարխներն «իրենցով անում քաղաքի յուղոտ կտորները», շքեղ առանձնատներ կառուցում, քաղաքի կարևորագույն հանգույցներում ցածրաճաշակ բնակելի և գրասենյակային շենքեր կառուցում ու վաճառում` կուտակելով այն խոշոր կապիտալը, որն այսօր վերածվել է տնտեսության չարորակ ուռուցքի: Պետք է նշել, որ Ծառուկյանի կերպարի անմիջական ներգրավվածությունը քարոզարշավին ևս էական ազդեցություն չի ունենալու: Երբ Վարդան Օսկանյանը ՀՀ արտաքին գործերի նախարարն էր և իր հիմնական գործառույթներից մեկը համարում էր Ռոբերտ Քոչարյանի վարչակարգի PR-ն արտասահմանում, այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանն այն օլիգարխներից էր, որն իշխանության ընձեռած արտոնություններով «իրենով էր անում Երևանը»` սկսած գինու կոմբինատից, վերջացրած «էլիտար» շինարարությամբ:
2008-ի մարտի 1-ի իրադարձություններին Օսկանյանի ներգրավվածությունը, այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած «սիլիբիլիներն» ու «Սիվիլիթաս» հիմնադրամի կասկածելի գործունեությունը ևս բացասաբար կերպով են անդրադառնում Օսկանյանի քաղաքական գործունեության վրա: Նման անցյալով և ներկայով գործիչը ակնհայտ խնդիրներ ունի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի հետ մրցակցելու հարցում, և հենց սա է գլխավոր ապացույցը, որ ԲՀԿ-ում դրված է ոչ թե հաղթելու, այլ ծանրակշիռ մասնակցության խնդիր: Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական մրցավազքի վերջին իրադարձություններն են: Թիվ մեկ իրադարձությանը` 2013 թ. նախագահական ընտրությանը, ԲՀԿ-ն «չի մոտեցել ծանրաձողին»` ստանալով 0 գնահատական, թիվ երկու իրադարձությանը` 2012 թ. խորհրդարանական ընտրությանը, ԲՀԿ-ն «արծաթե մեդալ է նվաճել»: Կարևորությամբ երրորդ միջոցառմանը` Երևանի ավագանու ընտրությանը, ԲՀԿ-ն փորձում է «մեդալ նվաճել»` փրկելով քաղաքական դեմքն ու պահպանելով պայքարելու պոտենցիալը:
Պետք է նշել, որ Գագիկ Ծառուկյանի վերջին հոխորտանքներն ու ինքնադատաստան իրականացնելու հայտարարությունները նույնպես չեն կարող ազդեցություն գործել, քանզի Ծառուկյանը կորցրել է այն հզոր և ամենակարող, «պետություն պետության մեջ» կերպարն այն բանից հետո, երբ 2013 թ. նախագահական ընտրություններին նախորդող փուլում հոխորտում էր, սակայն բուն գործընթացին չմասնակցեց` չաջակցելով ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ ընդդիմությանը: Ծառուկյանի ո՛չ կուսակցական, ո՛չ էլ կենդանաբանական առյուծներն այլևս արդիական չեն: Իսկ Վարդան Օսկանյանի «Վաթեռլոոն», իրոք, մոտենում է: Մայիսի 5-ից հետո Վարդան Մինասիչը, զրկված լինելով պատգամավորական անձեռնմխելիությունից, ստիպված է լինելու կենտրոնանալ «Սիվիլիթասի» գործի վրա` ամբողջովին կորցնելով քաղաքական նախաձեռնողականությունը և ստիպված լինելով պաշտպանական մարտավարության անցնել: Քաղաքական գործչի, այն էլ Օսկանյանի նման հավակնություններ ունեցող գործչի համար կարևոր է նախաձեռնողականությունը, որի կորուստը նշանակում է տապալում: Ինչևէ, մայիսի 5-ից հետո Ծառուկյանի «առյուծներն» ու Օսկանյանի «Վաթեռլոոն» այլևս արդիական չեն լինելու, և ԲՀԿ-ն ստիպված է լինելու առաջիկա 3 տարիների ընթացքում հարմարվել քաղաքական իրադրությանը: Սա լրջագույն մարտահրավեր է ԲՀԿ-ի համար. արդյո՞ք կհերիքի ծառուկյանականների շնչառությունը մեծ մրցավազքի համար, արդյո՞ք ԲՀԿ «սպրինտերները» կարող են «մարաթոն» վազել և հասնել եզրագիծ: Ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանը, իսկ մինչ այդ հետևենք Վարդան Օսկանյանի «Վաթեռլոոին»:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ