«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Րաֆֆի Հովհաննիսյանը այսպես չի կարող երկար շարունակել

Րաֆֆի Հովհաննիսյանը այսպես չի կարող երկար շարունակել
05.03.2013 | 00:12

2013 թ. նախագահական ընտրությունների հետընտրական փուլում իսկական խզվածք է առաջացել իրականության և պատրանքի միջև: Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Բարև» շարժումը հավակնում է վերածվելու թիվ մեկ ընդդիմադիր ուժի: Իրականում, նախագահական ընտրությանը մասնակցություն չցուցաբերած ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, ունենալով խորհրդարանական ամբիոն և ընդդիմադիր գործունեություն վարելու պոտենցիալ, դեռևս խաղի մեջ են, և դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ այս ուժերը ճանաչեն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնայնությունն ընդդիմադիր դաշտում: Քաղաքական գործունեություն վարելու հիմնական նպատակն ու գործառույթը իշխանություն ձեռք բերելն է: Թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ԲՀԿ-ն և թե՛ ՀՅԴ-ն չեն հանդուրժի, որ «Ժառանգությունը» վերածվի ընդդիմադիր թիվ մեկ ուժի: Օգտվում է հետընտրական բողոքի ալիքից և առաջիկայում ստիպված է լինելու վերադառնալ դառը իրականություն, որտեղ բախվելու է այլ ընդդիմադիր ուժերի հետ մրցակցելու իրողության հետ: Թե ինչպիսին կլինի այդ մրցակցությունը, և արդյոք «Ժառանգությունը» կդիմանա՞ այդ մրցակցությանը, ցույց կտա ժամանակը:
Պետք է նշել, որ «Բարև» շարժումը, որն աչքի չի ընկնում ագրեսիվությամբ և բովանդակային հարցերով, տարբերվում է 2007-2008 թվականների Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումից, փորձում է պատրանք ստեղծել առ այն, թե իրական իշխանությունը ոչ թե ՀՀԿ ներկայացուցիչների ձեռքում է, այլ Ազատության հրապարակում: Մինչդեռ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներին մասնակցում է 7-8000 մարդ, և բոլորին էլ պարզ է, որ սակավամարդ հանրահավաքներով հնարավոր չէ ստիպել իշխանությանը ինչ-ինչ գործընթացների մեջ մտնել և սակարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Րաֆֆիի ձևավորած պատրանքը կարող է աշխատել շատ փոքր թվով մարդկանց համար, իսկ հասարակությունը պատրաստ չէ հետևելու մի առաջնորդի, ով կտրված է իրականությունից: Ընդհանրապես, դժգոհ զանգվածները հետևում են միայն վճռական տրամադրություններ ունեցող և ծայրահեղական պայքարի պատրաստ և միևնույն ժամանակ պոտենցիալ ունեցող առաջնորդներին: Րաֆֆին այս առաջնորդների թվին չի դասվում, ուստի և Ազատության հրապարակը սակավամարդ է: Բացի դրանից, հանրահավաքների ժամանակ հնչող տարաբնույթ մեկնաբանություններն ու կարծիքները երբեմն-երբեմն հակասում են միմյանց` ստեղծելով այնպիսի իրավիճակ, երբ միջին վիճակագրական մտավոր ունակություններ ունեցող քաղաքացին չի կարողանում հասկանալ, թե որն է «Բարևի» իրական դեմքն ու իրական նպատակը:
Ի դեպ, հանրահավաքների սակավամարդության հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ ընդդիմադիր քաղաքացիների մեծ մասը ոչ թե պատրանքներով է առաջնորդվում, այլ իրականությամբ: Իսկ իրականությունը Րաֆֆի Հովհաննիսյանի համար շատ ավելի դառն է, քան նա փորձում է հրամցնել հասարակությանը: Ոչ պատրանքների, իրական կյանքում Սերժ Սարգսյանը հաղթել է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում, և նրա հաղթանակը ճանաչել են միջազգային կազմակերպություններն ու գերտերությունները: 1996-ից սկսած երբեք հայաստանյան ընտրությունները նման բարձր միջազգային գնահատականների չեն արժանացել, երբեք աշխարհի առաջատար պետությունների ղեկավարները նման օպերատիվությամբ և հերթականությամբ շնորհավորական ուղերձներ չեն հղել Հայաստանի նորընտիր նախագահին: Այս պայմաններում նախագահ Սարգսյանն ունի բոլոր իրավական և բարոյական հիմքերը կասեցնելու հեղափոխական վտանգը, եթե այդպիսին, իհարկե, լինի: Հենց այս հեռանկարն էլ ընդդիմադիր քաղաքացիների զգալի մասին հեռու է պահում հանրահավաքներին մասնակցելուց, քանզի նրանք ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ չեն տեսնում «մինչև վերջ գնացողի» պոտենցիալը, այլև հասկանում են, որ այս անգամ իշխանությունը հաղթել է օրինական ճանապարհով և ունի բռնի իշխանափոխությունը կանխելու բոլոր օրինական և բարոյական հիմքերը:
Անդրադառնալով իրականությանը` պետք է նշել, որ վերընտրված նախագահ Սարգսյանը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ: Պետական կառավարման հսկայական փորձ ունեցող, արցախյան գոյամարտում հաղթանակած, «հազար ու մի փորձանքի մեջ ընկած և ելած» նախագահ Սարգսյանը ոչ թե պատրանքներով է առաջնորդվում, այլ իրականության սուր զգացմամբ: Իսկ իրականությունն այն է, որ հասարակությունը և միջազգային հանրությունը լուրջ ակնկալիքներ ունեն վերընտրված նախագահից: Կասկածից վեր է, որ նախագահ Սարգսյանը հասկանում է իրավիճակի բարդությունը և պարտավոր է լուրջ, ինչ-որ տեղ նաև կամային քայլեր ձեռնարկել սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու, արդարադատության բնագավառում բարեփոխումները շարունակելու և արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու համար: Պատահական չէ, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը, շնորհավորելով նախագահին վերընտրվելու առիթով, ակնարկում է տնտեսական բարեփոխումների շարունակության մասին: Պատահական չէ նաև, որ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը պարբերաբար հրապարակային ազդակներ է հղում «Քարֆուրի գործով»: Պատահական չէ նաև նախընտրական շրջանում վարչապետ Սարգսյանի, ով տնտեսական բարեփոխումների հիմնական գաղափարախոսն ու «լոկոմոտիվն է», բարձր կարգի ընդունելությունը ԱՄՆ-ում:
Իհարկե, միջազգային հանրությունն ուշի ուշով հետևում է հայաստանյան իրադարձություններին, և վերջին տարիների փորձը թույլ է տալիս եզրակացնել, որ ԱՄՆ-ը և ԵՄ անդամ պետություններն աջակցում են ՀՀ իշխանությունների տնտեսական բարեփոխումների քաղաքականությանը` փորձելով օժանդակել Հայաստանի տնտեսության ինտեգրվածությանը «առաջին աշխարհի» երկրների ընդհանուր տնտեսական միջավայրին: Ինչ վերաբերում է ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ապա տևական ժամանակ է, ինչ Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն արդյունավետորեն համագործակցում են ռուսաստանյան գործընկերների հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ նախագահ և վարչապետ Սարգսյանների հետ արդյունավետ համագործակցության, համատեղ տնտեսական, ռազմական արդյունաբերության կազմակերպման հիմնախնդիրների և աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման փորձ ունեն: Ի դեպ, միջազգային հարաբերություններում կանխատեսելիությունը գլխավոր գործոններից մեկն է, իսկ նախորդ տարիներին ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն արդյունավետորեն համագործակցել են ՌԴ, ԱՄՆ և ԵՄ անդամ պետությունների ղեկավարների հետ` ՀՀ արտաքին քաղաքականությունը կառուցելով փոխլրացման և հավասարակշռությունների մոդելների վրա: Սա է գլխավոր պատճառը, որ վերընտրված նախագահ Սարգսյանն ու նրա թիմի առանցքային ներկայացուցիչներն ընդունելի են առաջատար պետությունների ղեկավարների համար:
Ինչևէ, իրականության և պատրանքի ներկա խզվածքը ժամանակավոր բնույթ է կրում: Գործող ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես չի կարող երկար շարունակել: Նրա հանրահավաքների դինամիկան բացասական է, ուստի և ստիպված է լինելու դուրս գալ պատրանքների աշխարհից և փորձել իր տեղը գտնել ընդդիմադիր դաշտում, որտեղ առաջացած վակուումը լրացնելու համար պայքար են ծավալելու ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն: Պատրանքը շատ շուտով կավարտվի, իսկ իրականությունը շատ ավելի դառն է լինելու, քանզի Րաֆֆիի մրցակիցներն ունեն փորձ, նպատակասլացություն և, որ քիչ կարևոր չէ, ֆինանսներ:

Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1872

Մեկնաբանություններ