ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Բանակում զոհվածների ծնողները կոչ են անում ձայն չտալ Սերժ Սարգսյանին»

«Բանակում զոհվածների ծնողները կոչ են անում ձայն չտալ Սերժ Սարգսյանին»
25.01.2013 | 16:54

Այսօր «Ուրբաթ» ակումբում իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողներ Անահիտ Մկրտչյանը, Իրինա Ղազարյանը, Գոհար Սարգսյանը, Հասմիկ Հովհաննիսյանը, Նանա Մուրադյանը և «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը: Նրանք կոչ արեցին ձայն չտալ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ Հայաստանում չկա արդարադատություն: Որդեկորույս մայրերը, որոնք չեն հավատում իրենց զավակների պաշտոնական և նախաքննական վարկածների` ինքնասպանության հետ, պատրաստ են բազում ապացույցներ ներկայացնել, սպանությունները ծածկելու, թաքցնելու վերաբերյալ:

Զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը հայտարարեց, որ իր որդուն անզգուշությամբ չեն սպանել, այլ դիտմամբ՝ ընդամենը 100 դոլարի համար: Մայրը պնդում է և համոզված է, որ քրեական գործում բազմաթիվ հակասություններ կան, որոնց նախաքննական մարմինը բացատրություն մինչ օրս չի տալիս: Նրա պատմելով, գումարտակի հրամանատարը իր տղային կանչել է ու ասել` «որ տուն էիր գնացել ինչի՞ ամբողջ փողը չբերեցիր, ասել է՝ տնեցիք չունեին (ես իրեն կարողացել էի տալ 15 հազար դրամ...)»: Արայիկ Ավետիսյանի սպանության գործը կասեցվել է 2009-ին: Պատճառաբանում են, թե` «չենք կարողանում գտնել սպանողին»: Բայց մայրը համոզված է` որդուն սպանել է Վայքի զորամասի առաջին գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանը:
Զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրն էլ` Նանա Մուրադյանը, չի հավատում իր որդու մահվան պաշտոնական վարկածին` ինքնասպանությանը, որովհետև որդու դիակի վրա տեսել է բազում հետքեր, ինչը ենթադրել է տալիս, որ տղային սպանել են:
Ասուլիսին ներկա մյուս զոհվածի` Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը նույնպես համոզված է որ որդուն սպանել են. «2010 թ. դեկտեմբերի 17-ին զանգահարեցին մեզ ու ասացին, որ գնանք «Մուրացան» զինվորական հոսպիտալ: Իրենց խոսքով՝ մեր որդուն ծայրահեղ վատ վիճակում բերել են այդտեղ: Երբ շտապեցինք հոսպիտալ, մեր տղային գտանք մահացած վիճակում` ոտքերին ու ձեռքերին տեսանելի կապտուկներ: Ինձ ասացին, որ իմ որդին ոչ թե մահացել է, այլ գտնվում է կոմայի մեջ: Ասացին` իմ տղայի գլխուղեղի մեջ հայտնաբերվել է ուռուցք, և անհրաժեշտ է շտապ վիրահատել, որի համար էլ պետք է իմ համաձայնությունը»,-հուզված պատմեց տիկին Ղազարյանը` հավելելով, որ վիրահատությունը պատրվակ էր թաքցնելու գլխուղեղի մեջ արյան զեղումը, որն առաջացել էր հարվածի հետևանքով: Վերջինս նաև տեղեկացրեց, որ գիտի, թե ով է իր որդուն սպանել, քանի որ դեպքից օրեր առաջ տղան հեռախոսով իրեն գաղտնիք էր հայտնել Մարտին Ջհանգիրյանի մասին:
«Տղաս ասաց, որ նա թուրքերի հետ թմրամիջոցների առքուվաճառքով է զբաղվում, ասեցի հեռախոսով տենց բան մի ասա: Արի ու տես դրանից երեք օր հետո տղայիս տարան հիվանդանոց: Մեզ ասեցին, թե ուռուցք ունի, բայց մենք տեսանք շորերի վրայի արյունը, շրթունքները սոսնձված էին, ականջը կապտած»,- ասաց նա: Վերջինիս խոսքով, գործը կարող է միայն վերահսկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, սակայն վերջինս չի պատասխանում իրենց նամակին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ