ՈՒզո՞ւմ եք հուշեմ, թե առանց էլեկտրականության կամ գազի, առանց փայտի կամ ածխի, մի խոսքով` առանց որևէ վառելիքի ինչպես ձու խաշեք։ Կամ` սուրճ եփեք։ Կամ էլ, եթե կուզեք, անգամ արևահարվեք` առանց Սևանա լիճ կամ Հրազդանի կիրճ հասնելու։ Այսպիսով, կասկած չկա, որ ուզում եք, և դա բարի ու մարդասիրական ցանկություն է։ Առավել ևս, որ միանգամայն անվճար է։
Սակայն, մինչ բուն խնդրի արծարծումը, մի քիչ զովանանք Կարապի լճի ափին, քիչումիչ էլ մտորենք` հիշելով բանաստեղծի խոսքը Քաղաքաշինարարի մասին. «Նա տեսել է, երևի, արևային մի քաղաք»։ Նա տեսել էր, երազել և կերտել։ Սակայն հետնորդներն այնքան էլ ուշիմ չգտնվեցին հանճարի ժառանգության հանդեպ։ Ի մասնավորի` Հյուսիսային պողոտայի հարցում։ Կարծես Անիի ու Դվինի, Տիգրանակերտի, Արտաշատի, Վանի ու Վաղարշապատի քաղաքաշինական վեհասքանչ ավանդույթներին ականջալուր Քաղաքաշինարարն այլ բան էր տեսել «Հյուսիսայինի» պարագայում։ Ի մասնավորի, որ Կառավարական տունն ու օպերային թատրոնը տարածական մի թռիչքով միմյանց են առնչվում դիմահայաց, ներդաշնակվում երկու շքեղաշուք գմբեթներով (սա պատմելու բան չէ, սա տեսնելու բան է` կասեր պոետը Սևակ)։ Սակայն Քաղաքաշինարարի (բացենք փակագծերը` քանքարավոր Թամանյանի) իղձն անկատար մնաց, զի կառուցվեց օպերային թատրոնը, Կառավարական տան թմբուկը դեռևս նախագծավիճաբանական փուլում է, իսկ Հյուսիսային պողոտան, որ պիտի արհեստական լճակների և պուրակների միջոցով միմյանց կապեր թատրոնն ու հրապարակը, կապելու փոխարեն կարծես թե քարկապում է։ Մի խոսքով, լքում ենք լճակն ու շարժվում վար, դեպի հրապարակ։
Եվ այստեղ է, որ լուծվում է թնջուկը։ Այո-այո՜, Հյուսիսային պողոտայում հնարավոր է և հավկիթ եփել իր բազմաբնույթ տարբերակներով (զորօրինակ` մխլու, եղաձու, թերխաշ, կռապինդ) և սուրճ ըմպել, նաև արևահարվել։ Զի արևն այրում է «Հյուսիսայինում», ինչպես Սահարայում։ ՈՒ ոչ մի ստվեր։ Եվ ոչ մի զովաշունչ անկյուն։ Սա, անկասկած, նորամուծություն է, անակնկալ։ Ի դեպ, վերջերս երկու բեդվինի հանդիպեցի ու նրանց պատմեցի, որ սա մեր արհեստածին անապատն է, որն ունի տնտեսական խոշոր նշանակություն։ Ահա մտնում ես պողոտա միամիտ սրտով և կամենում թևասլաց ճեմել մինչև Աբովյան փողոց։ Տասը քայլ անց երևանյան բորբ արևն այնպես է բորբոքում ուղեղաթաղանթդ, որ աչքիդ տեսլապատկերների շուրջպարն է հայտնվում, ջրվեժներ, այսբերգներ, գարեջրի սառնաշունչ գավաթներ և պաղպաղակի լեռնագագաթներ։ Ծարավը պետք է հագեցնել։ Միանշանակ։ Որտե՞ղ։ Առաջին պատահած սրճարանում։ Զի մինչև հրապարակի սքանչելիք-պուլպուլակը ճանապարհ պիտի հաղթահարել:
Այսպիսով, Հյուսիսային պողոտայի հոգեհայրերը գեղեցիկն ու անհրաժեշտը զուգակցել են։ Եվ այն ևս պիտի ներառել զբոսաշրջային գայթակղությունների «Գայթակղիչ և դիմակայիչ» անվանակարգում։ Սա ևս նորամուծություն է։ Զբոսաշրջիկները սեփական կամքն են կոփում և փորձում հասնել ցայտաղբյուրներին` շրջանցելով սրճարանները։ Ավելի սուր զգացողությունների սիրահարները թևատակերին հավկիթ են խաշում, գլխին սուրճ եփում և այլն։ Այնպես որ, զբոսաշրջությունը մեզ համար, վստահաբար, տնտեսական գերակայություն է։ Հատկապես «էքստրիմը»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Հավելենք հետևյալը։ «Հյուսիսայինը» էապես նպաստում է փոքր և միջին գործարարության զարգացմանը, զի մինչև հրապարակի պուլպուլակներին մերձենալը թուլակամ զբոսաշրջիկները աջ ու ձախ տեղակայված սրճարաններն են սողոսկում և ըմպում ու ճաշակում ներազգային օշարակ և գարեջուր, շամպայն և այլն։ Միաժամանակ զարգանում է հայկական յոգան։ Մի խոսքով, գլխիդ վերնահարթակում սուրճ է եփվում և թևատակերիդ ձու խաշվում։ Կամքի կոփո՞ւմ է։ Անկասկած։ Այնպես որ, Հյուսիսային պողոտան ընդամենը քաղաքաշինական խիստ վիճարկելի երևույթ չէ, այլ շատ ավելի խորքային ու խորհրդավոր մի բան։