Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ինչո՞ւ է Բաքուն համաձայնել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ

Ինչո՞ւ է Բաքուն համաձայնել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ
18.02.2021 | 10:07

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Էնդրյու Շեֆերը ԱՄՆ-ից) համատեղ հայտարարություն են տարածել, որ իրենք տեսակոնֆերանսի ձևաչափով առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Երկխոսությանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Համատեղ հայտարարության մեջ նշված է, որ «համանախագահները երկարատև ու բովանդակային տեսակետների փոխանակություն են ունեցել նախարարների հետ տարածաշրջանում կայունությանը նպաստելու հարցերի, միջնորդական գործընթացի մեթոդների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերի մասին»: Փոխանցել դա դիվանագիտական լեզվից հասկանալի քաղաքական լեզվի հնարավոր չէ, որովհետև համանախագահները, չնայած նույնիսկ ղարաբաղյան պատերազմից հետո կոնֆլիկտի գոտում լուրջ փոփոխություններին, շարունակում են պահպանել բանակցային գործընթացի գաղտնիությունը: Այդ պատճառով փորձենք վերականգնել որոշ իրադարձություններ, որ հանգեցնում են որոշակի դատողությունների: Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Մինսկի խմբի համանախագահները եղան Բաքվում, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրանց ընդունեց «Մենք ձեզ չենք հրավիրել» ռեպլիկով:

Ավելին՝ Ալիևը հայտարարեց «ղարաբաղյան կոնֆլիկտը ավարտվել է», և բացահայտ դրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունակության հարցը: Իրոք, Մինսկի խումբը փաստացի չի մասնակցել պատերազմի եզրափակիչ փուլին, երբ Ռուսաստանը (Թուրքիայի հետ շփումներով), Ադրբեջանը և Հայաստանը ուղղակի զբաղվում էին կոնֆլիկտի կարգավորման ճանապարհների որոնումներով, որից հետո ուրվագծվեց «նոր հնարավորությունների միջանցքը» կոնֆլիկտի հետագա կարգավորման համար՝ ԵԱՀԿ ՄԽ-ից դուրս: Առավել ևս, որ բանակցային նախկին օրակարգը ճզմվեց: Այնուամենայնիվ, Մոսկվան վճռեց Մինսկի խմբի գործունեությունը չդադարեցնել, ինչպես և Հայաստանը, որ հասկանալի պատճառներով, հայտարարեց՝ պատաստ է սկսել, ավելի ճիշտ՝ շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Խնդիրը Բաքվի դիրքորոշումն էր, որի համար բանակցությունների վերականգնումը այդ ձևաչափով բախվում էր առաջարկվող նոր օրակարգին, որ այս կամ այն կերպ վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցին: Բաքուն կարող էր առաջարկել այդ հարցը, ինչպես և ռուս խաղաղապահների կարգավիճակի հարցը, լուծել Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների մակարդակում: Սակայն Ալիևը ինչ-որ սեփական նկատառումներով վճռեց կոնֆլիկտը դուրս չբերել համաշխարհային դիվանագիտության իրավասության ոլորտից, ստեղծելով «խորհրդավոր ինտրիգ»:

Բաքվի որոշ փորձագետների կարծիքով՝ պատճառն այն է, որ որոշակի հանգամանքներում Բաքուն կարող է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում դնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին այլ երկրների ներկայացուցիչներով համալրելու հարցը, որպեսզի խոչընդոտի ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման ձևակերպմանը իբրև ռազմաբազա մշտական հիմքով: Մյուս կողմից՝ Մոսկվան նույն ձևաչափում կարող է մյուս համանախագահների հետ դնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում»: Այդ տրամաբանության մեջ ՄԽ-ն կարևոր է և ներքին, և արտաքին խաղացողների համար: The Jamestown Foundation կենտրոնը համոզված է, որ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը «կարող է նոր գաղափարախոսություն ստանալ»: Ամենայն հավանականությամբ՝ հենց այդ խնդրի լուծումով են հիմա զբաղված ՄԽ համանախագահները, որ միմյանց հետ փակ հանդիպումներ են անցկացնում, որոնցից մեկը վերջերւս Վարշավայում էր: Որոշակի հստակություն կլինի այն ժամանակ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կուրվագծեն կոնֆլիկտի կարգավորման առաջարկների իրենց պատրաստած փաթեթը: Թերևս փաթեթում պետք է լինի Ղարաբաղում նոր պատերազմից հրաժարումը՝ կոնֆլիկտի կողմերի փոխադարձ քաղաքական վստահության և պաշտոնական պարտականությունները կատարելու ճանապարհով, որ կան խաղաղության եռակողմ համաձայնագրում: Միայն այդպես ԵԱՀԿ ՄԽ-ն կբարձրացնի իր խաղաղարար առաքելության հեղինակությունը: Ճիշտ է, հազիվ թե հիմա հնարավոր է վերադառնալ Մադրիդյան սկզբունքների քննարկմանը, և այդ ուղղությամբ համանախագահները պետք է կառուցեն խաղաղ երկխոսության շարունակությունը՝ հստակ բաժանելով երկու գծի՝ բնական գերակայություն տալով պատերազմի ու խաղաղության խնդիրներին, և երկրորդ՝ մնացած հումանիտար գործերը: Եթե կայուն առաջընթաց չլինի առաջին գծում, մնացած հարցերի քննարկումը իմաստազրկվում է:

Գուցե ԵԱՀԿ ՄԽ-ն կառաջարկի Բաքվին ու Երևանին խաղաղության համաձայնագիր, որին կարող են հետևել երկու կողմերի որոշակի գործողություններ, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում միմյանց հետ: Բայց դա իրադարձությունների հետագա զարգացման լավատեսական սցենար է: Չի կարելի բացառել ԱՄՆ-ի «նոր մոտեցումները», որ ընդհանրապես կարող է փլուզել ԵԱՀԿ ՄԽ-ն: ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը հայտարարել է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջնական կարգավորումը դեռ առաջիկայում է» և «ԱՄՆ-ի նպատակը այնպիսի հաստատուն խաղաղությունն է է Հարավային Կովկասում, որ կարտացոլի Երևանի շահերը, ոչ միայն Մոսկվայի, Բաքվի ու Անկարայի»: ԱՄՆ-ի իշխանություններին չի անհանգստացնում, որ Լեռնային Ղարաբաղի նախկին օրակարգը հնացել է և այսօր տարածաշրջանն ապրում է միանգամայն նոր իրողություններում: Իրավիճակը դադար է առել ինչ-որ անցումային պահի, որը փորձում է լցնել Մինսկի խումբը:
Եզրակացություն՝ Անդրկովկասում ընդհանրապես ու Լեռնային Ղարաբաղում մասնավորապես, դեռ պետք է պայքարել: Այնուհանդերձ, առանց Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության ցանկության ու համագործակցության նրանց միջև նոր խնդիրներ լուծելը բարդ է:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Այնուամենայնիվ՝ հարցը չի պատասխանվել՝ ինչո՞ւ է Բաքուն համաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատել: Կան նաև այլ հարցեր՝ նոյեմբերի 10-ից հետո Մոսկվան նույնիսկ դեմ չէր Մոսկվա-Բաքու-Անկարա ձևաչափով փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ձևի համար անգամ Թեհրանին չընդգրկելով: Երևան եկած ԵԱՀԿ Մինսկի խմբի 2 համանախագահների հետ՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, առանց ՌԴ համանախագահի, չցանկացավ հանդիպել անգամ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հենց այդ շրջագծում: Ամեն ինչ այդ ուղղությամբ էլ կգնար, եթե ԱՄՆ նախագահ մնար Դոնալդ Թրամփը: Մոսկվան հնարավորինս շտապում էր Բաքու-Անկարա-Մոսկվա տանդեմի համար կենսական 9-րդ կետի հարցով՝ մինչև ԱՄՆ նոր նախագահի աշխատակազմը և Պետդեպարտամենտը կսկսեն աշխատել ու ԱՄՆ-ը արտաքին քաղաքականության հարցերով կզբաղվի: Դրան էր նվիրված փետրվարի 11-ին Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի նախագահներ ու ՀՀ վարչապետի հանդիպումը: Բայց ինչ-որ տեղ շարժումը խրվեց՝ ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային ճանապարհների բացմամբ շահագրգռված չէ Վրաստանը, Իրանն էլ այն երթուղիներով չի շահարգռված ինչ Բաքուն ու Անկարան: Դա հարցի մի կողմն է, մյուս կողմն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումը ընդհանրապես կդադարեցներ իր գործունեությունը, եթե չլինեին Մակրոնն ու Բայդենը: Եթե Մակրոնն ու Բայդենը, ելնելով իրենց շահերից, չորոշեին, որ եռակողմ հայտարարությունը, որ ռուսները համառորեն անվանում են խաղաղության համաձայնագիր, նույնիսկ ոչ հրադադարի, այլ՝ խաղաղության, բխում է միայն Մոսկվայի, Բաքվի, Անկարայի շահերից և անտեսվում է հայկական կողմի շահերը: Առաջինը դա բարձրաձայնեց Մակրոնը, հետո՝ Բլինկինը: Ո՞րը կարող լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր օրակարգը: Հայկական կողմի շահերից ելնելով՝ հրադադարի եռակողմ համաձայնագրի շրջանակներում՝ ռազմագերիների և անհայտ կորածների վերադարձը հայրենիք, սպանվածների աճյունների որոնումներն ու փոխանցումը հայկական կողմին: Եվ սա բնավ էլ մարդասիրական խնդիր չէ, դե ֆակտո քաղաքական խնդիր է, որովհետև եթե նույնիսկ որևէ հայտարարություն չլիներ, միջազգային նորմերի համաձայն՝ կողմերը պետք է փոխանակեին գերիներին, իսկ Բաքուն հայ ռազմագերիներին տուն չի վերադարձնում, որպեսզի ազդի Հայաստանի ու Արցախի ներքաղաքական իրավիճակի վրա, լուծի իր համար կարևոր այլ հարցեր՝ շանտաժ անելով գերիներով:
Սա՝ առաջին: Երկրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նպատակը կոնֆլիկտի վերացումն է, իմա՝ խաղաղության համաձայնագրի կնքումը: Նոր պայմաններում, իրոք, մադրիդյան սկզբունքները կարող են հանձնվել ԵԱՀԿ-ի պահպանությանը, բայց դա չի նշանակում, որ հարցը պատերազմով լուծելը, որ հակասում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, իրավազոր է:

Ընդհանրապես պետք է արձանագրել ու միջազգային կառույցներին հասցնել.
1. Ադրբեջանը դեմ է գնացել ՄԱԿ-ի՝ կորոնավարակի պանդեմիայի պատճառով կոնֆլիկտները սառեցնելու կոչին:
2. Ադրբեջանը խախտել է ուժի չկիրառման սկզբունքը, որ միջազգային նորմ է:
3. Եռակողմ հայտարարությունը միջազգային համաձայնագրի ուժ չունի՝ հաստատված չէ ոչ մի երկրի խորհրդարանում:
4. Հայաստանի վարչապետը իրավազոր չէր Արցախի Հանրապետության անունից համաձայնագիր կնքել, դա սոսկ հրադադարի հայտարարություն է:
5. Պատերազմի ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան Աչցախի տարածքում կիրառել են միջազգային նորմերով արգելված զենքեր, դա ռազմական հանցագործություն է, որ պետք է հետաքննվի ու մեղավորները պատժվեն:
6. Պատերազմի ժամանակ Թուրքիան Արցախի տարածք է բերել Սիրիայից վարձկան մոջահեդների, որ ևս ռազմական հանցագործություն է՝ ահաբեկչություն հովանավորելը, ահաբեկիչներին առանց փաստաթղթերի սահման անցկացնելը ևս միջազգային նորմերով պատերազմնական հանցագործություն է, որի մասին նույնիսկ պատերազմի ընթացքում խոսել են Լավրովն ու Նարիշկիինը, հայտարարություններ է արել Թեհրանը:
7. Օկուպացված տարածքներում միայն ռուս խաղաղապահների ներկայությունը նրանց խոցելի է դարձնում, Էրդողանն արդեն իսկ պահանջել է կարճ ժամանակից նրանց դուրսբերումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները հավասար իրավունքներ ունեն իրենց խաղաղապահներին ուղարկել տարածաշրջան:
8. Մեզ համար կարևորագույն հարց է Արցախի ու Հայաստանի սահմանների անվտանգությունը և, իհարկե, Արցախի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լավագույն հարթակն է, որտեղ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը՝ նվազագույնը ԼՂԻՄ-ի տարածքով:
9. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու համանախագահող երկրների համաձայնությամբ պետք է կազմվի խաղաղության համաձայնագիր, որը այս պահին թվում է անհնար՝ Ադրբեջանի իշխանության շարունակական հայատյացության և ռազմատենչ պահվածքի պատճառով: Համանախագահ երկրների նախագահների խնդիրն է տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր դառնալը, որպեսզի ստեղծվի վստահության մթնոլորտ:
10. Եվ, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդիրն է պահպանել խաղաղությունը, խնդիր, որ նրանք չկարողացան լուծել 2016-ին ու 2020-ին, բայց պարտավոր են լուծել հետայսու:
Իսկ թե ի՞նչ կանի այս ընթացքում Բաքուն, թող մտածի Մոսկվան, ի՞նչ կանի Անկարան, թող մտածի ՆԱՏՕ-ն: Իվերջո՝ Թուրքիային Հարավային Կովկաս թողնելը Մոսկվայի պարտությունն է, Իրանի գլխացավանքը, այնպես չէ, որ Արցախը կիսելով ու Հայաստանը հանձնելով՝ Կրեմլը փակելու է Էրդողանի ճանապարհը: Թիրախում միայն Ղրիմը չէ, անկեղծության պոռթկումներից մեկում Չավուշօղլուն հիշեցրել էր, թե ինչքան մուսուլման կա Ռուսաստանում և խոստացել էր երկիրը ներսից պայթեցնել, իսկ Էրդողանի սիրած սպառնալիքն է «Մենք մի գիշեր կգանք»: Ճիշտ է՝ վերջերս «մի գիշերում» մտավ Իրաք, ու քրդերից պարտվեց: Բայց դա դրվագ է, իսկ մտածել Կրեմլը պարտավոր է ոչ միայն թուրքական լոլիկների ու Անթալիայի լողափերի, այլև իր ազգային անվտանգության մասին: Վերջապես՝ ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն էլ մտածի իր անդամի և կառույցի հեղինակության մասին, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը միաժամանակ 4 երկրներում պատերազմներ է վարում ու հարձակվում է երբ ցանկանում է, որտեղ ցանկանում է, հովանավորում է ահաբեկչություն, մոջահեդներին տեղիղ տեղ է տեղափոխում պատերազմներ վարելու և սպանում է խաղաղ բնակչությանը՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ»:
Ու երբ բոլոր այս հարցերը կլուծվեն, կպարզվի նաև, թե ինչու՞ Բաքուն համաձայնեց աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, թեև այդ պահին հարցն այլևս արդիական չի լինի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 111409

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ