«Բարսելոնի» նախկին ֆուտբոլիստ Կառլես Պույոլը կարծում է, որ Լիոնել Մեսին կստանա պատմության լավագույն ֆուտբոլիստի կոչումը: «Եթե ինձ հարցնեք, թե ով է Մայքլ Ջորդանը, կպատասխանեմ՝ պատմության լավագույն բասկետբոլիստը: Կարծում եմ՝ Մեսին էլ նման կարգավիճակ կունենա՝ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ: Մեր բախտը բերել է, որ մեր ժամանակներում է ապրում Մեսին:
«Բարսելոնում» Մեսին գերազանցել է բոլոր ռեկորդները, ու չգիտեմ՝ ապագայում կգտնվի՞ որևէ մեկը, որ կարողանա գերազանցել նրա նվաճումները, քանի որ նա շատ բարձր նշաձող է դրել: Ես առաջվա պես հավատում եմ, որ «Բարսելոնը» Մեսիի հետ կշարունակի տիտղոսներ նվաճել, սակայն նա դեռ պիտի հավաքականի հետ էլ տիտղոսներ նվաճի», -Պույոլի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ