38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչքան թույլ լինեն ազգային պետությունների էլիտաները, այնքան փոքր կլինի նրանց դիմադրությունը գլոբալիզացիոն ուժերին

Ինչքան թույլ լինեն ազգային պետությունների էլիտաները, այնքան փոքր կլինի նրանց դիմադրությունը գլոբալիզացիոն ուժերին
03.02.2024 | 18:04

Քաղաքակրթական դինամիկայում էլիտաների գործունեությունն ունի կենտրոնական դեր պետությունների կայացման, դրանց պրոգրեսի ու կայունության գործում։

Մյուս կողմից էլ էլիտաների որակի անկումը աշխարհի բարեկեցիկ երկրներում վաղուց արդեն նկատելի փաստ է, որը տեսնելու համար բավական է համեմատել, օրինակ, եվրոպական առաջատար երկրների ներկա էլիտաները դրանց անցյալ դարի 50-60-ականների էլիտաների հետ։

Ներկա աշխարհաքաղաքական պայքարի ու ռադիկալ փոփոխությունների պայմաններում այս փաստը ստանում է արտակարգ կարևորություն և ունի հասկանալու ու բացատրության կարիք։

Այն հանգամանքը, որ այս փաստը ամենից նկատելին է հենց առավելագույն բարեկեցություն ունեցող երկրներում, խոսում է այն մասին, որ այս գործում մարդկանց բարեկեցության մակարդակը առնվազն հիմնական գործոններից մեկն է, եթե ոչ՝ ամենահիմնականը։

Բանն այն է, որ աղքատ ու անհույս մարդկանց կառավարելը մի բան է, իսկ բարեկեցիկ կյանքով ապրող ու ամեն ինչի նկատմամբ անտարբեր ու ինվարիանտ մարդկանց ղեկավարելը՝ բոլորովին այլ բան։

Եվ այստեղ կենտրոնական է դառնում այն միտքը, որ բարեկեցիկ ու անտարբեր մարդկանց կարող են ղեկավարել նաև շատ թույլ էլիտաները։

Բայց դա հետևանք է, իսկ հիմնականը քաղաքակրթական դինամիկայի բուն կառուցվածքն է և դրա մաս կազմող տարաբնույթ հզորությունների միջև պայքարը։

Եվ դա առաջին հերթին պայքար է գլոբալիզացիայի ձգտող վերպետական ֆինանսական ստրուկտուրաների և ազգային պետությունների միջև։

Իրենց շահույթը առավելագույնի հասցնելու համար գլոբալիզացիոն ուժերին ձեռնտու է առաջատար երկրներում մշակված տեխնոլոգիաներով արտադրություններ կազմակերպել ցածր վարձատրությամբ բավարարվող աշխատուժ ունեցող երկրներում։

Այս հանգամանքն էլ ուղիղ գծով խփում է տեխնոլոգիապես զարգացած և բարեկեցիկ կյանքով ապրող երկրների հզորությանը, որն էլ ազգային պետությունների կողմից առաջացնում է դիմադրություն։

Իսկ այդ դիմադրությունը ղեկավարող միակ ուժը այդ երկրների էլիտաներն են։

Այստեղից էլ, ինչքան թույլ լինեն ազգային պետությունների էլիտաները, այնքան փոքր կլինի նրանց դիմադրությունը գլոբալիզացիոն ուժերին, որի արդյունքն էլ էլիտաների թուլանալու մեզ հետաքրքրող երևույթի բացատրությունն է։

Բայց մյուս կողմից էլ դա այն բանի ապացույցն է, որ այդ և բազմաթիվ այլ երկրներում իշխանափոխություններն ու էլիտաները կառավարելի են։

Այս երևույթն էլ մարդկության պատմությանը ուղեկցել է միշտ՝ եթե ուզում ես ավելի հեշտ հաղթել հակառակորդ ուժին՝ գլխատիր նրան, զրկելով իսկական էլիտայից։

Այն, ինչը որ պատմականորեն տեղի է ունեցել նաև մեզ հետ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3574

Մեկնաբանություններ