38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հնարավորությունների պատուհան Ռուսաստանի հետ

Հնարավորությունների պատուհան Ռուսաստանի հետ
02.07.2020 | 08:24

«Վստահության ու անվտանգության» ֆրանս-ռուսական երկխոսությունը, ինչպես անվանում է Ելիսեյան պալատը, վերսկսվեց 2020-ի հունիսի 26-ին Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի տեսակապով բանակցություններով: Նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահն էր, որ 2019-ի օգոստոսի 19-ին հրավիրեց ՌԴ նախագահին Բրեգանսոն: Նա վճռել է օգոստոսի վերջին մեկնել Ռուսաստան: Ինչպե՞ս լավագույնս պատրաստվել ՌԴ նախագահի հետ սամիթին, որ վճռել է իշխանության մնալ նվազագույնը ևս մեկ տասնամյակ՝ գրել է Ռենո Ժիրարը Le Figaro-ում: 2020-ի ամռան վերջին և աշնան սկզբին պատուհան է բացվում ԵՄ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների բարելավման: Իրենց նախընտրական ընտրարշավով կաթվածահար ամերիկացիները այլևս չեն կարող խոչընդոտել: Պուտինը հասկացել է, որ իմաստ չունի սպասել այդ ընտրությունների արդյունքներին: Նա տանուլ է տալու երկու դեպքում էլ: Ջո Բայդենի պարագայում դեմոկրատները շարունակելու են իրենց ավանդական հակառուսական առճակատումը հանուն մարդու իրավունքների: Իսկ եթե Թրամփը վերընտրվի՞: Դրան էլ պետք է զգույշ վերաբերվել, որովհետև ներկա նախագահին վերագրվող մտադրությունների թիկունքում փաստերի ռեալությունն է՝ Կառնեգիի Մոսկովյան կենտրոնը նշում է, որ երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո դեռ երբեք ռուս-ամերիկյան հարաբերությունները այսքան վատ չեն եղել, ինչպես Թրամփի կառավարման 4 տարիներին: Ստալինի կամ Բրեժնևի օրոք Վաշինգտոնը այսպիսի պատժամիջոցներ չի սահմանել Մոսկվայի դեմ: Բացի այդ՝ Պուտինի հասկանում է, որ իր դաշինքը Չինաստանի հետ Գրաալի գավաթը չէ: Երկու ավտորիտար վարչակարգերի քաղաքական համերաշխությունը, որ պայքարում են հանուն մարդու իրավունքների Արևմուտքի միջամտության դեմ, միշտ ուժի մեջ կմնա: Բայց Չինաստանը Ռուսաստանին նայում է իբրև հումքի սիրալիր ու հաճելի մատակարար, ոչ թե իրեն հավասար մեծ տերություն: Կրեմլը ոչ մի դեպքում չի հաշտվի երկրորդային դաշնակցի, երկրորդ շարքի գործընկերոջ դերի հետ: Ռուսաստանը դա երբեք չի արել այն ժամանակներից, երբ Պետրոս Մեծը (1672-1725) իշխանությունն իր ձեռքն առավ: Ռուսները երբեք չեն մոռանում երկարաժամկետ հեռանկարում Սիբիրի չինացման վտանգը: Մյուս կողմից՝ Փարիզ-Բեռլին-Մոսկվա առանցքի (որը երկար չգոյատևեց Իրաք անգլոսաքսոնական ներխուժման ժամանակ), վերակառուցման դեպքում Ռուսաստանը առաջին շարքի դերակատար կլինի:


Բայց այս ընդարձակ նախագիծը զարգացման շանս չունի, եթե 3 էական բաց չլրացվի այսօր: Դոնբասի կոնֆլիկտի լուծման արմատը համաներման և լայն քաղաքական ու մշակութային ինքնավարության օրենքի մեջ է՝ ռուսալեզու ռեգիոնի համար, որ կարող է առաջ գնալ, եթե Ուկրաինայի նախագահը կարողանա ազատվել ազգայնականների ճնշումից և ՌԴ նախագահը հարկադրի անջատականների ղեկավարներին հրաժարվել իրենց իշխանությունը մաֆիոզ մեթոդներով իրականացնելուց: Պատժամիջոցները անբարենպաստ վիճակում են դնում և ԵՄ-ին, և ՌԴ-ին և պետք են միայն ԱՄՆ-ին: Բայց եվրոպացիները երբեք չեն թուլացնի պատժամիջոցները՝ առանց Ռուսաստանի կողմից ինչ-որ փոխհատուցման՝ Ուկրաինայում կամ կիբեռպատերազմների ոլորտում: Ֆրանսիայի զինված ուժերը միջոցները հնացած զենքերի ու երկրորդ ավիակրի վրա դնելու փոխարեն լավ կլիներ ուժեղացնեին կիբեռպաշտպանության հրամանատարության հզորությունը: Միջուկային զսպմանը պետք է հավելել կիբեռզսպման հուսալի գործոնը: Թույլ դիրքերից ռուսների հետ խոսակցությունները ոչնչի չեն հանգեցնի: Գեներալ Շառլ դե Գոլը դա հրաշալի հասկանում էր և այդ պատճառով իր պատմական այցը Մոսկվա կատարեց 1966-ի հուլիսին, երբ արդեն կային ֆրանսիական հարվածային ուժերը:
Ռենո Ժիրար, Le Figaro


Հ.Գ. Բացի եվրոպական հարցերը՝ Մակրոնն ու Պուտինն ունեն նաև Մերձավոր Արևելքի խնդիրը, ավելի ստույգ՝ Թուրքիայի դեմ ընդհանուր վերաբերմունք մշակելու հարցը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան ձգտում է մեծացնել Ռուսաստանի ներկայությունը Լիբիայում, իսկ Թուրքիան ու Ռուսաստանը ջանքեր են ներդնում Լիբիայում հրադադարի հաստատման համար: Չավուշօղլուն նշել է, որ Մոսկվան ու Անկարան ձգտում են լիբիական հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը, ինչը չի կարելի ասել Ֆրանսիայի մասին, որն աջակցում է «Խալիֆա Հաֆթարի ապօրինի զինված խմբավորումներին»: «Փարիզը հերքում է ապստամբներին աջակցությունը, սակայն փաստացիորեն ԱՄԷ-ն գնում է ֆրանսիական զենքը և ուղարկում Լիբիա: Փարիզն ազնիվ չէ իր գործողություններում»,-նշել է նա: Չավուշօղլուն Ֆրանսիայի գործողությունները Լիբիայում «կործանարար» է որակել: «ՆԱՏՕ-ն Լիբիայում Ռուսաստանի ներկայությունը բնորոշում է սպառնալիք, Ֆրանսիան, որ դաշինքի անդամ է, Աֆրիկայի հյուսիսում խաղում է Ռուսաստանի օգտին: Ֆրանսիան ձգտում է մեծացնել Ռուսաստանի ներկայությունը Լիբիայում: Իսկ Թուրքիան Լիբիայում աջակցում է հարցի քաղաքական լուծմանը: Մենք համագործակցում ենք հյուսիսաֆրիկյան երկրի օրինական իշխանությունների հետ: Մեր երկրի ջանքերով ապահովվել է Լիբիայի հակամարտության գոտու հավասարակշռությունը: Հենց Թուրքիան թույլ չտվեց, որ Տրիպոլիում փողոցային մարտեր սկսվեն»,-հայտարարել է Չավուշօղլուն: Չավուշօղլուն, իհարկե, բացահայտ ստում է՝ մարդասիրությունը չի Անկարային տարել Տրիպոլի, այլ՝ Սիրիա-Լիբիա-Լիբանան առանցքում էներգակիրների յուրացման իդեա ֆիքսը և Օսմանյան կայսրության տարածքներում Թուրքիայի քաղաքական ու տնտեսական դիկտատը հաստատելը: Ու սա այն առանցքն է, որտեղ համընկնում են ոչ միայն Փարիզի ու Մոսկվայի, այլև՝՝ ԵՄ-ի ու ՌԴ-ի շահերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ