Հելիոֆիկացիան և Հայաստանի ապագան
13.09.2019 | 01:08
Ո՞րն է երկրների հելիոֆիկացիայի ծրագրի բովանդակությունը, ինչպիսի՞ հնարավորություններ է այն պարունակում և ինչպե՞ս մենք կարող ենք օգտվել դրանից, եթե հանկարծ մի օր որոշենք այն իրականություն դարձնել:
Այս հարցերին պատասխանելու համար ես կօգտվեմ «Երկրների հելիոֆիկացիա» ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի ծրագրային դրույթներից, ազատ տեքստով, առանց խախտելու հեղինակային իրավունքը: Իհարկե ես ինձ նման բան թույլ եմ տալիս ծրագրի հեղինակի համաձայնությամբ:
ՈՒրեմն փորձենք հասկանալ, թե իրենից ինչ է ներկայացնում հելիոֆիկացիայի ծրագիրը: Ծրագրի նպատակը արևի էներգիայի օգտագործումն է որպես ջերմության և էլեկտրաէներգիայի աղբյուր: Դրան հասնելու տարբեր ճանապարհներ կան, որոնց մի մասն արդեն լայնորեն կիրառվում է աշխարհում: Այդ ճանապարհներից ծրագրի հեղինակներն ընտրել են երկուսը.
ա) արևային էլեկտրակայանների ստեղծում ակադեմիկոս Պարիս Հերունու «Արև» ծրագրի շրջանակներում,
բ) անհատական կոմբինացված հելիոհամակարգերի ստեղծում տ.գ.դ. Վահան Համազասպյանի «Երկրների հելիոֆիկացիա» ծրագրի շրջանակներում:
Ինչ վերաբերում է ակադեմիկոս Պարիս Հերունու «Արև» ծրագրին, ապա այն հայտնի է դեռևս 1991-ից, միջազգային համանման նախագծերի համեմատ ունի առավել մեծ արդյունավետություն և շահագործման պարզություն: Հերունին հիշյալ ծրագիրը մտահղացել էր երկիրը էներգետիկ ճգնաժամից դուրս բերելու համար, սակայն իր երկրում այնքան փող չգտնվեց, որ այդ գաղափարի իրականացման փորձնական տարբերակն ավարտին հասցներ: Այն պաշտպանված է հեղինակային իրավունքով:
Հելիոֆիկացիան, ըստ Համազասպյանի, ենթադրում է արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների զանգվածային կիրառություն հատկապես գյուղական բնակավայրերում բնակարանների ջեռուցման, կենցաղային տաք ջրով ապահովման, արևային տեխնոլոգիաներով գյուղմթերքների վերամշակման և էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրություն կազմակերպելու համար: Էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրելու և շուկայի էլիտար սեգմենտում աշխատելու հնարավորությունը էապես կբարձրացնի ֆերմերային տնտեսությունների շահութաբերությունը: Սա՝ նվազագույնը:
Այս ամենը հնարավոր դարձնելու համար մասնագետների համապատասխան խումբը կատարել է հսկայական նախնական հետազոտական աշխատանք: Դա թույլ կտա դնել արդյունաբերության նոր ոլորտի սկիզբը, կազմակերպել արևային սարքերի կամ հելիոհամակարգերի մշակման, փորձարկման, սերիական արտադրության գործընթացները:
Համազասպյանի և իր գործընկերների մշակած DVH հելիոհամակարգերը աշխարհում հայտնի արևային տեխնիկայից շահեկանորեն տարբերվում են իրենց սպառողական հատկանիշներով՝ ցածր գներով, հուսալիությամբ, ֆունկցիաների բազմազանությամբ, սպասարկման պարզությամբ, ջերմային հզորությունների 1-ից մինչև 2 հազար կՎտ-ի հասնող դիապազոնով, նոր սարքերի նախագծման, ֆիզիկական մոդելավորման և պատրաստման մինիմալ ժամկետներով: Քանի որ թվարկված ցուցանիշներին հնարավոր չէ հասնել օգտագործելով միայն գոյություն ունեցող ունիվերսալ հաստոցները, գործիքները և տեխնոլոգիաները, մասնագետները մշակել են նոր տեխնոլոգիաներ, դրանց կիրառման համար ստեղծել հատուկ հաստոցներ՝ հիմք դնելով հելիոտեխնիկական մեքենաշինության նոր ոլորտի առաջացմանը, մշակել են հատուկ էլեկտրոնային սենսորներ, էլեկտրոնային հսկող-ղեկավարող սարքեր (արևային էլեկտրոնիկա), գործիքներ, չափիչ սարքեր և սարքավորումներ (մետրոլոգիա), բանվորական, ինժեներական և գիտական կադրերի պատրաստման, հելիոսարքավորումների փորձարկման հատուկ տարածքներ, արևային սարքերի արտադրության համար նախատեսված տիպային գործարան: Պարոն Համազասպյանը համոզված է, որ օտարների մշակած տեխնոլոգիաների հիման վրա սեփական մրցունակ արդյունաբերություն կազմակերպել չենք կարող: Պետք է մի քանի քայլ առաջ մտածել, պետք է մի քանի քայլ առաջ ընկնել, միջազգային շուկաներում պետք է նոր արտադրատեսակներով հանդես գալ: Շուկայում տիրում է նա, ով տիրապետում է տեխնոլոգիաների: Ըստ ծրագրի հեղինակի` հելիոֆիկացիայի խնդիրը պատշաճ լուծելու համար անհրաժեշտ է պատրաստել ինժեներական և գիտական կադրերի մի ստվար բանակ, տեխնիկական և տնտեսական գիտությունները զարգացնել մի շարք կարևոր ուղղություններով (ջերմատեխնիկա, նյութերի դիմադրություն, մեքենաշինություն, մետրոլոգիա, նյութաբանություն, կիրառական օպտիկա, ծրագրավորում, կիրառական հելիոտեխնիկա, էլեկտրոնիկա, հուսալիության ֆիզիկա, մոլեկուլյար և ընդհանուր կենսաբանություն, ֆիզքիմիա, ֆոտոքիմիա, Երկրի ֆիզիկա, մաթեմատիկա ): Գուցե կարելի էր և չթվարկել գիտությունների այս ուղղությունները: Իսկ ես թվարկեցի, որպեսզի ընթերցողը, խնդրի մասին մտածող մարդը պատկերացնի, թե որքան տարողունակ է ոլորտը և որքան բազմարդյունավետ կարող է այն լինել, եթե մենք լրջություն ունենանք ոտք դնելու այդ ճանապարհին:
Որոնք են ծրագրի կարևորագույն առանձնահատկությունները: Այն թույլ կտա շրջադարձային փոփոխություն կատարել տնտեսության զարգացման ռազմավարության մեջ՝ գիտատար, ոչ նյութատար և ոչ էներգատարի փոխարեն առաջարկելով զարգացնել գիտատար, ոչ նյութատար և խիստ էներգատար ճյուղերը, թիրախում պահելով արևային գերէժան ջերմային էներգիայի վրա հիմնված կանաչ տեխնոլոգիաների զարգացումը:
Գաղտնիք չէ, որ, որպես գլոբալ տաքացման հետևանք, աշխարհին էկոլոգիական աղետ է սպառնում: Գլոբալ տաքացումն ինքը հետևանք է ավանդական (քարածուխ, նավթ, գազ) էներգակիրների հսկայածավալ կիրառության տնտեսության մեջ և կենցաղում: Աշխարհը հսկայական գումարներ է ծախսում էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծման վրա: Այս ֆոնին առանձնահատուկ նշանակություն կարող է ունենալ հելիոֆիկացիան: Այն հատկապես կարևոր է արևային էներգետիկայի, արևային ջերմային էլեկտրակայանների, արևային գյուղատնտեսության, արևային վերամշակող արդյունաբերության զարգացման համար: Միայն թվարկված սպեկտրը նշանակում է հսկայական ռեսուրսների վատնում ավանդական եղանակներով անհրաժեշտ էներգիան արտադրելու համար: Ահռելի ծախսերից զատ այն նույնչափ էլ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Արևային տեխնոլոգիաների մշակումը և կիրառումը դրանց ծախսային մասը կկրճատի անգամներով, իսկ բնապահպանական նշանակությունը պարզապես հնարավոր չէ գերագնահատել:
Երկրի էներգետիկ կենսունակության առումով հելիոֆիկացիայի ծրագիրն ունի շատ կարևոր մի առավելություն ևս. այն ենթադրում է ստեղծել էներգիայի աղբյուրների բաշխված ցանց, որը, ի տարբերություն ատոմակայանների, ջերմակայանների, հիդրոէլեկտրակայանների, գազատարների և նմանատիպ այլ կենտրոնացված էներգահամակարգերի, կարող է գործել առանց բաշխիչ ցանցերի՝ արտաքին ազդեցությունների նկատմամբ օժտված լինելով կայունության բարձր գործակցով: Ճգնաժամերի ժամանակ բնակավայրերում իրենց բնականոն ռեժիմով կարող են աշխատել հիվանդանոցները, դպրոցները և բնակչության կենսապահովման մյուս կարևորագույն օբյեկտները:
Թվարկենք մի քանի մշակված տեխնոլոգիաներ ևս: Արևային տեխնոլոգիաներով հնարավոր է գոմաղբից ստանալ կենսագազ և կենսապարարտանյութ, որն անհրաժեշտ է օրգանիկ մրգեր և բանջարեղեն աճեցնելու համար: Արևային տեխնոլոգիայով հնարավոր է իրականացնել հացահատիկի, լոբազգիների և, հատկապես, դրանց սերմացուների ֆումիգացիան: Եթե թունաքիմիկատների միջոցով հաջողվում է ազատվել միայն վնասատու կենդանի միջատներից՝ չազդելով նրանց ձվերի վրա, ապա այս դեպքում հնարավոր է ոչնչացնել նաև միջատների ձվերը: Արևային տեխնոլոգիաները կարող են կիրառվել նաև մրգատեսակների որակական ցուցանիշների բարձրացման համար՝ առանց գենետիկ փոփոխությունների: Վերամշակող արդյունաբերության մեջ արևային տեխնոլոգիաներով ջերմային մշակման ենթարկվող զանգվածի հավասարաչափ ծավալային տաքացման հաշվին նվազում են ջերմաստիճանային գրադիենտները (փոփոխման ուղղությունը և մեծությունը), որն իջեցնում է կանցերոգեն (ուռուցքածին) նյութերի առաջացման հավանականությունը: Սովորական ջերմային մշակման դեպքում բարձրջերմաստիճանային կուտակումները և կանցերոգեն նյութերի առաջացումն անխուսափելի են: Վերամշակման պրոցեսների համար կարելի է օգտագործել արևի սպեկտրից վերցրած և նախապես հայտնի գույները, ինչը տեխնոլոգիական եզակի հնարավորություն է ստեղծում աշխատելու սպեկտրի ուլտրամանուշակագույն, տեսանելի և ինֆրակարմիր դիապազոններում, օրինակ բարձրորակ չիպսերի արտադրության մեջ: Վերամշակման արևային ֆոտո-ջերմային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստանալու տեխնոլոգիական բացառիկ հնարավորություններ՝ ջրահեռացման, վիտամինների պահպանման, արոմատիկ ածխաջրածինների առաջացման, բորբոսասնկերի և միկրոբների դեմ պայքարի և այլ ճակատներում: Մշակված են գյուղմթերքի վերամշակման, պահածոյացման, ապխտման և նմանատիպ մոտ 200 արևային տեխնոլոգիաներ: Լույսի էներգիայի կլանումը իներցիոն երևույթ չէ, ինչը թույլ է տալիս բարձր (մինչև 0,001 տոկոս) ճշտությամբ ապահովել տեխնոլոգիական ջերմաստիճանների լոկալ և ակնթարթային ծրագրային կարգավորումը: Հելիոտեխնոլոգիաներն ունեն շատ այլ կարևոր առանձնահատկություններ, որոնք կարելի է թվարկել, սակայն այսքանով սահմանափակվենք:
Ծրագրի հեղինակը՝ տ.գ.դ. Վահան Համազասպյանը, արդեն երկար տարիներ ջանք չի խնայում իր գաղափարների կարևորությունն ու պիտանիությունը իրար հաջորդող մեր իշխանություններին հասանելի դարձնելու համար: Պայմանականորեն ասած՝ դրանք հասանելի դառնում են, բայց հասկանալի՝ ոչ: Սպիտակի վերելակաշինական գործարանի ճակատագիրը ներկայացնելով ես որոշակի պատկերացում տվել էի մեր նախորդ իշխանությունների տնտեսական ձեռնահասության մասին: Այս դեպքում նույնպես օրինաչափությունը գործում է: Պարոն Համազասպյանի գաղափարները, որոնց իրականացումը կարող է դառնալ երկիրը ոտքի կանգնեցնելու ներուժ ունեցող գիտատար արդյունաբերական ուղղություն, ոչ մի իրական ազդեցություն չեն գործում պետական պատկան մարմինների վրա: Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակն իր տարակուսանքն է հայտնում, թե ինչու է էներգետիկ նվազ պաշարներ ունեցող մեր երկիրը հապաղում, երբ այդ ծրագրի կյանքի կոչումը կլուծի տնտեսության առաջ կանգնած բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ երկրի էներգետիկ կենսունակության, էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության ապահովումը:
Իշխանությունները խու՞լ են, կամ ձևանու՞մ են այդպիսին: Կարո՞ղ են մեկ հոդաբաշխ պատասխան տալ՝ այս տեխնոլոգիան մեզ պետք է, կամ պետք չէ: Դրսից տեխնոլոգիաներ են բերում, փոխանակ մեր տեխնոլոգիաները զարգացնելու: Բերվածի և ներսում ստեղծվածի տարբերությունը՝ պետական պահանջների բավարարման առավել բարձր դիտակետից նայելով, հսկայական է: Առավել ևս, եթե նույն ապրանքը ներսում դու կարող ես արտադրել ավելի էժան և անհամեմատ բարձր որակով:
«Գալիք» կուսակցությունը երկրի զարգացմանը վերաբերող իր ծրագրային դրույթներում ներառել է «Երկրների հելիոֆիկացիայի» ծրագիրը որպես տնտեսության կարևորագույն ուղղություններից մեկը: Մենք վստահ ենք, որ ոլորտի զարգացման գործընթացը կձևափոխի մեր կյանքը, կենցաղը, մեր խնդիրների շրջանակը, մեզ հնարավորություն տալով ավելի ու ավելի լուրջ և հեռանկարային խնդիրներ սահմանելու և գնալու դրանց իրականացման ճանապարհով: Իսկ թե ինչ գյուտեր և տեխնոլոգիական նորագույն լուծումներ մեզ կարող են սպասել այդ ճանապարհին, Աստծուն է հայտնի: Եվ դրանք ոչ թե երևակայության խաղեր են, այլ իրականության վարիացիաներ:
Մենք կոչ ենք անում խնդրին տեղյակ և ոլորտի պոտենցիալը գնահատող մասնագետներին, փորձագետներին, շահագրգիռ բոլոր մարդկանց և կազմակերպություններին արտահայտել իրենց կողմնորոշումը: Այս ծրագիրը երկրի համար պակաս կարևոր չէ, քան, ասենք, սահմանադրական բարեփոխումները: Ավելին՝ սահմանադրական բարեփոխումները կարող են դեռ երկար շարունակվել, իսկ մենք կմնանք մեր կոտրած տաշտակի առաջ:
Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ
«Գալիք» կուսակցության նախագահ
Մեկնաբանություններ