38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Միայնակ զինվորների ողբը

Միայնակ զինվորների ողբը
05.01.2013 | 15:28

Անցել են, անցել են այն դաժան ու հիասքանչ ժամանակները, երբ ռազմադաշտում մեկն էլ զինվոր էր, երբ մի ծաղկով էլ գարուն էր գալիս: Վաղուց հայտնի է` կոպիտ բարքեր են կոպիտ դարում: Չկա, ռոմանտիզմ չկա: Ու` ոչ միայն ռոմանտիզմ, հումանիզմ էլ չկա, պրագմատիզմ է, ու` վերջ: Ու ոտքից գլուխ պրագմատիկների այս կառավարվող քաոսում ի՞նչ պիտի անեն խեղճ ռոմանտիկները, մի՞թե պիտի գնա ու կորչի նրանց ազնիվ ցեղը, որ սկիզբ էր առնում Թոմաս Մորից ու իր ուտոպիայից էլ հազարամյակներ առաջ: Այս բոլորեքյան «իզմ»-երի մեջ ինչպե՞ս պիտի չիզմվի կամ չզմվի ամենասովորական, ամենաշարքային, ամենահասարակ, ամենապարզ, ամենամիջինվիճակագրական ես-ը: Պարզ է, չէ՞, որ համատարած վտանգն զգալով լավագույնների լավագույնները համախմբումի ու ինքնապահպանումով` հանուրի պահպանման ահազանգ են հնչեցնում ու կոչնակ զարկում առ խլությունն ու կուրությունը նրանց, որ չեն գիտակցում կորուստի գինն ու արժեքը, եթե իրենք չեն կորցրել: Այսպես:

Նրանցից ոմանք, օրինակ, Պարույր Հայրիկյանը, որոշում են հերթական անգամ առաջադրվել նախագահական ընտրություններում: Փառահեղ առիթ` ասելու, ես դեռ կամ, ես այստեղ եմ ու ես ձերն եմ: Ձերն եմ, մարդիկ: Զանգահարեք նրան 010586651 հեռախոսահամարով ու ասեք, որ հավատում եք նրա առաքելության հաղթանակին, որ մարտիկն եք նրա արշավանքի դեպի ոչ մի տեղ: Չե՞ք անի: Ուրեմն` ոչ միայն մարդասեր չեք, այլև ժլատի մեկն եք, որ արդյունավետ աշխատելու պատրաստ մարդուն զրկում եք նյութական միջոցներից: Դուք շատ եք, նա մեկն ու միակը: Դուք շատ ունեք, նա շատի կարիքն ունի: Զանգահարեք ու ասեք, որ չեք մոռացել ոչ ոչ միայն հացիվ, այլև բանիվ-ը, գիտեք, չեք մոռացել, անկախ Հայաստանի տեղն էլ գիտեք, ազատ Հայաստանինն էլ: Ուզում եք` ավելացրեք ձեր կողմից էլ մի քանի բառ, ասենք, սրտի խոսք: Առ այն, որ «միայնակ մի զինվոր» ու «միասին ամենազոր» խաղերը վաղուց խաղացել-ավարտել եք: Տարիքի բերումով: Հարցրեք` ինչու՞ է արևմտահայերենով իր կոչը կոչում, հույսը ձեզ հետ չի՞ կապում ու սփյուռքի՞ց է փող ուզում: Սփյուռքն էլ պարապ սպասում է, որ իր միլիոնները հավաքի ու ուղարկի Պարույր Հայրիկյանին, որ նա էլ նախագահ առաջադրվի, գրանցվի ու ընտրաթերթիկներում մի անգամ էլ անունը գրանցի-տուն գնա՞: Չալարեք` հարցրեք նաև, թե ինչքա՞ն կարելի է ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ նախագահական ընտրությունների իմաստի, բովանդակության, ընդհանրապես հասկացության հետ տունտունիկ խաղալ: Հարցրեք, թե այդպե՞ս է ճանապարհը դեպի ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ: Եթե ասեն «այո», ուրեմն, հետ դարձեք, վճարովի ազատության գինը շատ ավելի բարձր է, քան անազատության: Հարկավ, ոչինչ հենց այնպես չի տրվում ու անգամ մանանան անապատում Մովսեսին ու նրա ցեղակիցներին տրվում էր հանուն հավատի ու հավատարմության, բայց գոնե մի անգամ խիզախեք այս կյանքում ամեն ինչ փողի հետ չկապել ու փողի հետ չխառնել:
Չէ, իհարկե, կեցցե ժողովրդավարությունը, մենք ապրում ենք բազմակարծության ու ամենաթողության մեր հրաշալի ժամանակներում, որոնք միշտ մի քայլ առաջ են, իհարկե, ամեն թատրոնում կրկեսն իր տեղն ունի, բայց գալիս է, անգամ ամենաազնիվ, ամենալավատես, ամենաբարեսիրտ, ամենահամբերատար, ամենաանտարբեր, ամենաեռանդուն, ամենաարխային մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ արդեն չի ուզում համբերել ու հաշտվել: Ասենք, ինքնամատուցման ոմանց անիմաստ դեժավյուի հետ: Ասենք, վիրավորական է, որ շրջապատված է եսակենտրոն ու ինքնամեծար մտածողության դրսևորումներով, ու դա տևում է ու տևում: Վիրավորական է, որ այդքան փրկիչների ու այդքան օրինավորների հետ, իր փրկությունը իր հոգսն է ու օրինավոր ոչինչ ու ոչ ոք չկա նրանց մեջ: Եվ դա իրավ «պատմականորեն ապացուցված իրողություն է»:
Ի՞նչ եմ ես ուզում: Համարյա ոչինչ: Ընդունեք, վերջապես, որ աշխարհում ամեն տեղ չէ, որ պարտավոր եք ներկա լինել, ամեն ինչ չէ, որ ձեզ համար է ստեղծվել, ամեն փռշտոցի «առողջություն» ասելը պարտադիր չէ, հանդարտվեք ու ապրեք ձեր կյանքը: Եթե մեր մանկության արտերը կանաչ են եղել, ամբողջ կյանքում երեսով մի տվեք, որ մի մոլախոտ եք հանել ու մի ափ ջուր եք նետել այդ դաշտերում: Երախտամոռությունը մեղք է, բայց երախտագիտությունն էլ կամուրջ չէ դեպի ապագա:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ