38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երեք «իբրև»` մեկ «հանունի» դեմ հանդիման

Երեք «իբրև»` մեկ  «հանունի» դեմ հանդիման
21.12.2012 | 01:09

ԻԲՐԵՎ ՀԻՇԵՑՈՒՄ


«Մենք և աշխարհը» թեման նույնքան հին է, որքան մենք, որ ձևավորվել ենք աշխարհի ներգործությամբ, և աշխարհը, որի վրա ներգործել ենք մենք: Փոխազդեցությունները հնարավոր է որակել ամենատարբեր կատեգորիաներով` դրական, բացասական, բովանդակային, ձևային, տևական, հպանցիկ, տեղային, ընդհանրական, բայց հնարավոր չէ բացառել, որքան էլ աննկատելի լինեն: Փոխազդեցության ամենավտանգավոր և ամենաանկանխատեսելի որակը ժամանակի մեջ երևան գալն է, երբ փոփոխությունները եթե անհնար չեն, նվազագույնը արդյունավետ չեն: Քաղաքակրթության պատմության մեջ այս հասկացությունը տարբեր ընկալումներ ու մեկնաբանություններ է ունեցել, բնականաբար, բովանդակությունը որոշարկվել է այն խնդրով, որ առաջադրվել է փոխազդեցությամբ լուծվելու: Իսկ լուծվել է ըստ իրավիճակի և հանգամանքների: Եվ գիտակցաբար, թե ակամա` բոլորս ենթակա ենք փոխազդեցությունների հմայքին ու գայթակղություններին: Անկախ` ընդունո՞ւմ ենք, թե՞ մերժում. երբեմն դիմադրությունն ավելի է արագացնում նրանց ներգործությունը` արգելված պտղի ցանկալիության սկզբունքով:
Փոխազդեցությունների կրողն ու տարածողը մարդիկ են, բոլորովին պարտադիր չէ, որ նրանք անվերջ ճանապարհորդեն ու պատմեն իրենց տեսած-լսած-զգացած-հասկացած-չհասկացած-մտածածի մասին: Նրանք պարզապես տեղեկատվության հնարավորություն են, նույնիսկ երբ ոչինչ չեն անում:

ԻԲՐԵՎ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2012 թվականին Բեռլինի ֆինանսների նախկին նախարար և Բունդեսբանկի տնօրենների խորհրդի անդամ Թիլո Սարացինը հրատարակեց «Գերմանիան ոչնչացնում է ինքն իրեն. ինչպես ենք մենք վտանգում մեր երկրի ապագան» գիրքը: Նա համոզված է, որ գերմանական հասարակության մեջ մուսուլմանների ինտեգրման ձախողման պատճառը մուսուլմանական մշակույթն է: Նա հաստատում է, որ ներգաղթյալների բոլոր խմբերից միայն մուսուլմանականը, որ ամենաբազմամարդն է, ինտեգրման ոչ մի հաջողություն չի գրանցել, և դա ուղղակի սպառնալիք է Գերմանիայի ու Եվրոպայի ապագային: «Մեր գլխավոր մշակութային ու տնտեսական խնդիրները կուտակված են մուսուլմանական երկրներից 5-8 միլիոն ներգաղթյալների խմբում: Արևելյան Եվրոպայից, Հնդկաստանից, Վիետնամից ներգաղթյալների դեպքում նման ոչինչ չկա` առաջին սերնդից հետո նրանք չեն տարբերվում Գերմանիայի բնակչության մյուս խմբերից»,- գրում է Թիլո Սարացինը: Ֆինանսիստ Սարացինը հաշվարկել է, որ մուսուլմանները ծանր բեռ են Գերմանիայի սոցիալական պաշտպանության համակարգի համար, իսկ տնտեսական օգուտները նրանց գործունեությունից նվազագույն են: Բնականաբար, գիրքը սկանդալային դարձավ, և հեղինակին ներկայացվեցին գաղափարական մեղադրանքներ, բայց ոչ ոք չհերքեց Սարացինի գլխավոր դրույթը` ժողովրդագրության ներկա վիճակում մուսուլմանների զանգվածային ներգաղթը` մշակույթի և ինտեգրման ցածր մակարդակով, կհանգեցնի գերմանական մշակույթի վերջնական ոչնչացմանը:
Ի՞նչ է եվրոպական բազմամշակութայնությունը: Քաղաքականություն, որ ուղղված է առանձին երկրում և աշխարհում մշակութային տարբերությունների զարգացմանն ու պահպանմանը, և այդ քաղաքականությունը հիմնավորող գաղափարախոսություն: Բազմամշակութայնության շրջանակներում տարբեր էթնիկ և կրոնական մշակութային խմբեր ունեն խմբային իրավունքներ և կարող են հանդես գալ իբրև միասնական սուբյեկտ քաղաքականության, սեփական մշակույթի և կրթության ասպարեզում: Բազմամշակութայնության պահպանության համար տարբեր խմբեր պետք է ոչ միայն նույնականություն ունենան, այլև վերարտադրման հնարավորություն: Բազմամշակութայնության այլընտրանքը ուծացումն է` կամավոր, բայց առավել հաճախ հարկադրական հրաժարականը էթնիկ հատկանիշներից, և ընդունող հասարակության էթնիկ հատկանիշների յուրացումը:

Իբրև փոխզիջումային տարբերակ է ընկալվում համամշակութայնացումը, երբ էթնիկ տարբեր խմբեր մերձենում են, հարթվում են վարքագծի, պատմության մեկնաբանության սուր անկյունները, բայց պահպանվում են էթնիկ սահմանները և մեկ հասարակության մեջ չեն միաձուլվում: Մարդու իրավունքների ՄԱԿ-ի ընդունած համընդհանուր հռչակագիրը հաստատել է ազատության, ազգային ու մշակութային նույնականության, ազգության և հաղորդակցության լեզվի, դավանանքի ազատության իրավունքները, բայց ՄԱԿ-ը` ՄԱԿ իր հռչակագրերով, կյանքը մնում է կյանք, իր կոնկրետ խնդիրներով: Բազմամշակութայնության քաղաքականության ձախողումը անձամբ ընդունել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:
2008 թ. Նիդերլանդներում արգելվեց դպրոցականներին չադրայով և փարանջայով դասի գնալ, Ֆրանսիայում արգելվեց հասարակական վայրերում նման գլխանոցներ կրելը: Իտալիան արգելեց հասարակական վայրերում փարանջա հագնելը: Շվեյցարիան համանման օրենք ընդունեց, որը կրում էր «Հանեք դիմակները» անունը: 2010-ին համանման օրենքներ ընդունեց Բելգիան: Հակառակ պարագայում նշանակվում էին տուգանքներ կանանց համար 150-300 եվրո, իսկ կանանց չադրա ու փարանջա պարտադրող տղամարդկանց համար` 30000 եվրո կամ բանտարկություն մեկ տարով: Օրենսդիրներն արտահայտում են հասարակական տրամադրությունները միանշանակ, բայց պատճառները շատ ավելի խորքային են` ընդունող պետությունների ղեկավարները մուսուլմանների մեջ վտանգ են տեսնում իրենց մշակութային նույնականության պահպանության համար:

ԻԲՐԵՎ ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ
Օրինական հարց է ծագում. իսկ ինչո՞ւ են ընդունում ու խրախուսում ներգաղթյալների մուտքը, եթե հետո պիտի արգելեն նրանց էթնիկ, կրոնական ու մշակութային դրսևորումները, եթե պիտի նրանց մեջ սպառնալիք տեսնեն սեփական ազգային արժեքներին: Իհարկե, համակեցությունը փոխզիջումներ է ենթադրում, և այդ փոխզիջումները պետք է լինեն խելամտության սահմաններում: Օրինակ, ոչ միայն տարօրինակ, այլև վայրի պատկեր է, երբ Փարիզում, Վիեննայում կամ Հռոմում որոշակի ժամի հանդիպում ես եվրոպացու համար անհասկանալի դիրքում նամազի կքանստած մուսուլմանի: Ընդ որում` որտեղ պատահի, գլխավոր հրապարակում, աշխատատեղում, շուկայում, հիվանդանոցում, հասարակական տրանսպորտում ու կանգառատեղիներում... Թերթերում ու ամսագրերում Մոհամեդ մարգարեի ծաղրապատկերների, Ղուրանի հրապարակային հրկիզումների և հակամուսուլմանական տրամադրությունների այլ դրսևորումների պատճառները միայն առանձին խմբագիրների կամ հոգևորականների անձնական նկատառումները չեն: Ամենասարսափելի և ամենադաժան դրսևորումը դարձավ Անդրես Բրեյվիկը` իր կազմակերպած սպանդով բարեկեցիկ Նորվեգիայում: Խնդիրը կա և այլևս մեկ երկրի սահմաններում չի տեղավորվում: Խնդիրը համաեվրոպական է, իսկ եթե ընդգրկենք նաև այն երկրները, որտեղից ներգաղթում են Հին աշխարհ, խնդիրը համաշխարհային է:
Եվ, ուրեմն, եթե բոլորն իրենց վատ են զգում, ինչո՞ւ սեփական տանը չեն նստում:
Ինչո՞ւ է Եվրոպան բացում դռները նվազ զարգացած երկրների քաղաքացիների առաջ: Ինչ փաթեթավորում էլ այդ քաղաքականությունն ունենա` մարդու ազատություններից մինչև զբոսաշրջություն ու առողջապահություն, ունի որոշակի նպատակներ ու շահեր: Բավականին անթաքույց ու բաց, որոնք ոչ միայն չեն թաքցվում, այլև քարոզվում ու տարածվում են:
Հին աշխարհն ունի ժողովրդագրական խնդիր, որ վաղուց արդեն չի կարողանում լուծել սեփական նույնականության շրջանակներում: Հին աշխարհին թարմ արյուն է պետք` մրցակցությանը դիմանալու համար, ահա և հնարվում են համապատասխան, տարատեսակ, վայելուչ գաղափարներ, որոնք դառնում են հիմնավորում վարվող քաղաքականության համար, հիմնավորում ու արդարացում: Մուսուլմանները ոչ միայն չեն ինտեգրվում եվրոպական համայնքում, այլև փորձում են սեփական մենթալիտետային կարգուկանոնը տարածել օտարի երկրում, ահա և Հին աշխարհը քաղցրաբլիթից հետո ցույց է տալիս մահակը: Ճիշտ է անում` սեփական շահերի պաշտպանության տեսակետից:
Ժողովրդագրականից բացի, Հին աշխարհն ունի աշխատուժի կարիք: Հնարավորինս էժան և ոչ այնքան բանիմաց, որովհետև բանիմացության որոշակի մակարդակում այդ աշխատուժը սկսում է իրավունքները հիշել: Այս հարցում կա ոչ միայն տնտեսական, այլև հոգեբանական ճգնաժամի խնդիր` հասարակության որոշակի այլասերման պատճառով շատ աշխատանքներ, որ անհրաժեշտ են նույն այդ հասարակությանը, տեղաբնակներն անվայել են համարում իրենց համար:
Ժողովրդագրական խնդրի լուծման անհրաժեշտությունից, աշխատուժի ապահովումից բացի, Հին աշխարհն ունի ապրած դարի փիլիսոփայական իմաստավորման ու արժեհամակարգի վերաձևակերպման խնդիր, որին չի կարողանում ձեռնամուխ լինել ոչ միայն քաղաքական, այլև ֆինանսատնտեսական պատճառներով: Բայց խնդիրը հենց դա է` մինչև համակարգային արժեքային ընկալումները չփոխվեն, չի ավարտվի ֆինանսատնտեսական ճգնաժամը, որ ինչ էլ ֆինանսիստներն ու տնտեսագետները անվանեն, հիմքում ունի տնտեսության նախկին ձևով անկառավարելիությունը և կառավարման նոր ձևերի կիրառման հրամայականը: Չի ավարտվի բարոյահոգեբանական դեգրադացիան, որ միանգամայն նորմալ գործընթաց է, այլապես զարգացման ու ընդհանրապես գոյության շատ քիչ շանսեր կմնային, որովհետև ոչինչ այնքան վտանգավոր չէ որևէ ժողովրդի ապագայի համար, որքան նրա անհոգս բարգավաճումը: Սովորաբար այդպիսի ժողովուրդներն արագ կորցնում են նախկին ձեռքբերումները տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում, որովհետև բարոյահոգեբանական պատճառներով կորցնում են քաղաքական ճիշտ ուղենիշները:
Պատմությունը նախ և առաջ հիշողություն է` գրի առնված: Երբ Եվրոպան համաշխարհային տիրապետություն ուներ գաղութների տեսքով, իր արժեհամակարգը հաստատում էր սրով ու վառոդով: Իսպանացի Կորտեսն ացտեկներին արգելեց մարդկանց զոհաբերել, որի պատճառով քիչ էր մնում կորցներ իշխանությունը: Անգլիացիները Հնդկաստանում արգելեցին մահացած ամուսինների հետ նրանց կանանց ինքնահրկիզումը, որին հետևեց սիփայների ապստամբությունը 1857 թվականին: Եվրոպականացումը միշտ էլ եղել է ոչ միայն բովանդակության, այլև ձևի խնդիր. Պյոտր առաջինը պատահաբար չէր արգելում մորուքները և կաֆտանները: Ճապոնիայի արքունիքում այսօր էլ ընդունված է ֆրակը: Շատ նուրբ է այն սահմանագիծը, որով բաժանվում են բարբարոսությունն ու ավանդույթը, այդ սահմանագծին քաղաքական գործիչներն իրենց անհրաժեշտ պահին բարբարոսությունը համարում են ավանդույթ, ավանդույթը համարում են հանցանք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ի՞նչ պիտի անենք հայերս այս երեք «Իբրև»-ների հետ: Ի՞նչ ենք որոնում օտար ափերում, որտեղ օտարներին միշտ վերաբերվում են իբրև այս ու այն հարցը լուծելու միջոց, բայց ոչ երբեք յուրային` ինչ անուն էլ տան: Ի՞նչն է մեզ դուրս մղում` օրեցօր ու անկասելի: Ե՞րբ է ավարտվելու ժամանակի ու իր խնդիրների իմաստավորման մեր համահայկական ճգնաժամը, որ կարողանանք տեսնել հայրենիքի տարածքը, մարդկանց ու խնդիրները: Ազատ տեսնել ու ազատ գնահատել: Կուսակցականությունից դուրս: Կլանային շահերից դուրս: Անկողմնակալ և հոգատար: Սիրով երկրի հանդեպ ու սիրելով այդ երկրում բնակվող ու այդ երկրից հեռացող մարդկանց: Տեսնելուց հետո սկսենք լուծել այն հարցերը, որ եթե թողնենք ուրիշներին, ստանալու ենք տարածքի ու բնակչության թվի մեջ անշեղ նվազող ու ինքնաոչնչացող մի պետություն, որ կարիք չունի մտածելու ժառանգականության ու ժառանգների մասին:

Դիտվել է՝ 3338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ