38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Եթե ներկայացման սկզբում պատից հրացան է կախված, ուրեմն այն պետք է կրակի»

«Եթե ներկայացման սկզբում պատից հրացան է կախված, ուրեմն այն պետք է կրակի»
14.12.2012 | 00:20

Եվ այսպես, Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա, որը երկար ժամանակ հետաձգվում էր ոչ այն է Սիրիա թռչող ռուսական ինքնաթիռի կալանումից Կրեմլի դժգոհության, ոչ այն է Պուտինի առեղծվածային հիվանդության պատճառով, ի վերջո, կայացավ։ Շատ կարճատև, մեկօրյա աշխատանքային այցի ընթացքում Ռուսաստանի առաջնորդը բանակցություններ վարեց վարչապետ Էրդողանի հետ և մասնակցեց ռուս-թուրքական համագործակցության խորհրդի բարձր մակարդակի երրորդ նիստին։ Ընդսմին, տվյալ պարագայում երկար խոսակցությունների կարիք չկար էլ. քաղգործիչներն իրար լավ են ճանաչում։ Բավական է ասել, որ վերջին տասը տարում Պուտինը մի երեսուն անգամ հանդիպում է ունեցել Էրդողանի հետ, ընդ որում` դրանք շատ արդյունավետ են եղել։

Ինչպես նշում են արևմտյան փորձագետները, հենց նրա իշխանության գալու շնորհիվ սկսեցին կարգավորվել երկու երկրների պատմականորեն բարդ և անգամ ներհակ հարաբերությունները և բավական արագ հասան «ռազմավարական գործընկերության» մակարդակի։ Խիստ հատկանշական է, որ այս անգամ էլ կողմերը որոշեցին չմռայլել շփման հաճույքը և դեռ հանդիպումից առաջ հայտարարեցին, որ չեն ուզում քննության առնել ինքնաթիռի հետ կապված հոկտեմբերյան միջադեպը, ինչպես, ի դեպ, նաև ռուս քաղգործիչների և ռուսական լրատվամիջոցների զայրույթն ու տարակուսանքն առաջացրած` Թուրքիայի արտգործնախարարի պահանջը` «ճնշում գործադրել նրանց վրա, ովքեր աջակցում են Սիրիային և մեկուսացնել նրանց»։ Երևի համարելով, որ «փոխադարձ կախումը» հավակնություններից կարևոր է։
Այնպես որ, որոշ թուրք փորձագետների երկյուղները, թե վերջին ժամանակներս երկու երկրների միջև տեղ գտած քաղաքական տարաձայնությունները, հնարավոր է, բացասական ազդեցություն գործեն նրանց առևտրատնտեսական փոխհարաբերությունների վրա, միանգամայն անհիմն են։ Իրականում, ռուսական վերնախավի վարքագծի վաղուց հաստատված նորմերի համաձայն, նեղվածությունը` նեղվածություն, սկզբունքները` սկզբունքներ, բայց «փողը մութ տեղը լույս է տալիս»։ Ինչպես ասաց Պուտինը հանդիպումից հետո, իրենց ընդհանուր պատմության մեջ շատ լարված էջեր են եղել, բայց «դրանք մնացել են անցյալում»։ Հետևաբար, հազիվ թե արժե խոսել լուրջ հակասության մասին։ Տնտեսական հեռանկարների ֆոնին, առանց էական ջանքերի, լրիվ հետին պլան են անցել բոլոր վերջին դիվանագիտական տարաձայնություններն ու վեճերը։ Ինչպես գրում է «Deutsche Welle» թերթը, ռուս-թուրքական այսօրվա հարաբերությունների ամենահակիրճ և ամենաճիշտ գնահատականը, թերևս, «կաթոլիկ ամուսնությունն» է` գործընկերները կարող են գժտվել, սակայն կաթոլիկ ամուսնությունն ամուսնալուծություն չի հանդուրժում։
Բայց քանի որ այդ հանդիպումից տարբեր ակնկալիքներ կային, ապա փորձագետների հետևություններն էլ, համապատասխանաբար, շատ տարբեր են։ Եթե արևմտյան հրապարակումները փաստում են, թե «ոչ մի համաձայնություն, միայն տարաձայնություններ են եղել», քանի որ երկու կողմերն էլ «նոր գաղափարներ» են որոնում Սիրիայի իրավիճակի կարգավորման համար, ապա ռուսական լրատվամիջոցները չեն թաքցնում հանդիպումից ստացած հիացմունքը և անգամ հավաստիացնում են, թե «արժե, որ Թուրքիան ավելի ակտիվորեն ռուսերեն սովորի, առավել ևս, որ հարձակումը ծավալվում է բոլոր ճակատներով»։ Թեև թուրք քաղգործիչները, ամենայն հավանականությամբ, չեն հետևի այդ խորհրդին և կցանկանան, իրենց հերթին, ռուս գործընկերներից թուրքերեն խոսք լսել, այս երկրի լրատվամիջոցները պակաս լավատես չեն և կարծում են, թե ՌԴ նախագահի այցը Ստամբուլ ցույց տվեց, որ «ՌԴ-ն կառուցողաբար է տրամադրված Թուրքիայի հետ համագործակցության զարգացման հարցում»։
Սակայն սիրիական «մի գդալ կուպրը», այնուամենայնիվ, իրեն զգալ տվեց. նախագահ Պուտինը, որը Դամասկոսի վարչակազմի կարևորագույն դաշնակիցներից է, իսկ վարչապետ Էրդողանը` սիրիական իշխանությունների ամենաոխերիմ հակառակորդներից մեկը, այդ խնդրի շուրջ համաձայնության, կարծես, չեն եկել։ Թեև Պուտինը հայտարարեց, թե Ասադի փաստաբանը չէ, սակայն Ռուսաստանը շարունակում է միայն մեկ կողմին աջակցությունը համարել ոչ կառուցողական մոտեցում։ Իսկ Էրդողանն էլ, իր հերթին, առանց առանձնակի հաջողության, փորձեց կոչ անել դադարեցնելու «հանցավոր վարչակազմին» ցուցաբերվող աջակցությունը, որը «ոչնչացնում է սեփական ժողովրդին»։ Բայց, միաժամանակ, նրանք ընդգծեցին, որ Սիրիայի առնչությամբ երկու երկրների միջև կան միայն մարտավարական բնույթի տարաձայնություններ, որ նրանք միանման են գնահատում իրավիճակը և տարակարծիք են սիրիական խնդրի լուծման եղանակների հարցում։ Այնպես որ, երկու երկրների ղեկավարները որոշում ընդունեցին հետագայում բանակցություններ վարել «Նոր գաղափարների» շուրջ։
Այս կապակցությամբ թուրքական «Միլիեթ» թերթը գրում է, որ վաղ է խոսել այն մասին, թե Ռուսաստանը կողմնակից է «Սիրիան առանց Ասադի» բանաձևին, բայց, այնուամենայնիվ, բանակցություններ կլինեն Սիրիայի նոր վարչակազմի հարցի (որը կստեղծվի Ասադից հետո), ինչպես նաև խնդրի կարգավորման բանաձևերի և դրա հետ կապված անունների շուրջ։ Կողմերը համակարծիք չէին նաև սիրիական սահմանի երկայնքով ամերիկյան «Ցամաք-օդ» հրթիռներ տեղակայելու թուրքական իշխանությունների մտադրության հարցում։ Ի դեպ, նկատենք, որ «Փեթրիոթներ» տեղակայվել են թուրքական տարածքում 1991 և 2003 թվականներին` առաջին և երկրորդ իրաքյան պատերազմների ժամանակ, սակայն նպատակին չեն ծառայեցվել և այնուհետև հանվել են։ Էրդողանը հայտարարեց, որ «Փեթրիոթ» հրթիռները կտեղակայվեն բացառապես Թուրքիայի սահմանամերձ շրջանների պաշտպանության համար, որոնք, իբր, մեծ վտանգի տակ են սիրիական կառավարական զորքերի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման պատճառով։ Իսկ Ռուսաստանի նախագահի կարծիքով, սահմանի ռազմականացումը, որտեղ առանց այդ էլ բավական շատ են թուրք զինվորականները, միայն կվատթարացնի իրադրությունը և կհանգեցնի ավելի մեծ լարվածության առաջացման։ Պուտինը հրետակոծությունները համարել է պատահականություն և ոչ ավելին, որովհետև «Սիրիան պլաններ չունի հարձակվելու հարևան երկրի վրա, նրան իր ներքին խնդիրներն էլ լիուլի բավարարում են»։ Սակայն, միաժամանակ, բազմանշանակ և, հավանաբար թուրքերի համար ոչ այնքան հասկանալի, վկայակոչել է Չեխովին. «Եթե ներկայացման սկզբում պատից հրացան է կախված, ուրեմն այն պետք է կրակի»։ ՈՒ ևս մեկ հետաքրքիր մանրամասն. Ռուսաստանի նախագահն իրեն հատուկ սարկազմով նկատեց, որ ամերիկյան հրթիռները «լավագույն համակարգը չեն, դրանք հնացած սերունդ են»։ Իսկ Էրդողանը, ըստ երևույթին, ցանկանալով Մոսկվային ապացուցել, թե այլևս տարածաշրջանում «ամերիկյան ժանդարմ» չէ, Ստամբուլի հանդիպման ժամանակ Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին, ամերիկյան դիտորդների կարծիքով, դժգոհ տոնով խոսեց։ «Երբ ամերիկացիներն ասում են, թե մենք պետք է հետևենք պատժամիջոցներին, մենք պատասխանում ենք, որ չենք կարող, քանի որ խոսքը ռազմավարական կարևորություն ունեցող հարցի մասին է»,- հայտարարեց նա։ Սակայն թուրքական էներգետիկայի բոլոր խնդիրները, այդ թվում` իրանական նավթի թերմատակարարումների պատճառով թուրքական խոշորագույն նավթավերամշակման գործարանի կորուստները, ռուսները լուծել են հաճույքով։ Այնպես որ, կարծես արտքաղաքական տարաձայնությունները չեն, որ դժգոհության տեղիք են տվել, առավել ևս, որ թուրք վարչապետն ուրախությամբ ընդգծեց ընդհանուր գերակայությունները և Պուտինին հանդիսավորապես շնորհակալություն հայտնեց Պաղեստինի հարցում «դրական մոտեցման» համար. «Ես երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնությանն իր դիրքորոշման համար»։ Ինչո՞ւ է այդ բանը պաղեստինցիների փոխարեն Էրդողանն անում։ Հետաքրքիր հարց է, իհարկե, և շատ բան է ասում Թուրքիայի իսկական նպատակների ու խնդիրների մասին։
Դե, իսկ հիմա հանդիպման գլխավոր հաջողության մասին։ Տնտեսական։ Որպես այցի արդյունք, Ռուսաստանը և Թուրքիան կնքեցին համագործակցության 11 համաձայնագիր։ Ստորագրվեցին ամենալայն ընդգրկման հուշագրեր` երկու երկրների դիվանագիտական ակադեմիաների փոխըմբռնումից մինչև փոխգործակցությունը հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում։ Ընդունվեց կառավարությունների 2012-2015 թթ. առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջնաժամկետ ծրագիր։ Բացի այդ, վավերացվեց ռուս-թուրքական հասարակության համաժողովի գործողությունների պլանը, կառավարությունների միջև համաձայնագիր կնքվեց մշակութային կենտրոններ հիմնելու և դրանց գործունեության վերաբերյալ։ Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարությունը համատեղ հայտարարություն ստորագրեցին «Աքույու» ատոմակայանի նախագծի վերաբերյալ։ Նախագահ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը լիովին կֆինանսավորի ավելի քան 20 մլրդ դոլարանոց նախագծերը, և «միջոցների առնվազն 25 տոկոսը կգնա Թուրքիայում աշխատատեղերի ստեղծման վրա» (և դա Հայաստանի ատոմակայանի ֆինանսավորումից հրաժարվելու փաստի դեպքում)։ Նա նաև չբացառեց, որ ՌԴ-ն և Թուրքիան կընդլայնեն «Երկնագույն հոսք» խողովակաշարի հնարավորությունները, այդ թվում` երրորդ երկրների շուկաներ անցնելու առումով։ Իսկ ընդհանուր առմամբ, կողմերը որոշեցին իրենց երկրների միջև ներկա 35 մլրդ դոլարի ապրանքաշրջանառությունը մինչև 2015 թիվը հասցնել 100 մլրդ-ի։
ՈՒ էլի մի հանգամանք. Ստամբուլում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ Մոսկվան ուրախությամբ կարձագանքեր Անկարայի հնարավոր ցանկությանը` միանալու Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից ստեղծվող Մաքսային միությանը։ Եվ դա զգալիորեն անհանգստացրել է Ռուսաստանի փորձագիտական ընկերակցությանը։ Այսպես, մեկնաբանություններ են եղել, որ նույնիսկ Ռուսաստան-Թուրքիա ինտեգրացիան ավելի մեծ հնարավորություններ կունենա, քան Ռուսաստան-Ղազախստան ինտեգրացիան, որ Թուրքիային Մաքսային միության ուղղակի հրավերը նկատելիորեն կուժեղացնի Անկարայի դիրքերը Եվրոպայի հետ «ծուլընթաց» բանակցություններում, որ դա արմատապես կփոխի ուժերի դասավորությունը տարածաշրջանում և «ամբողջ աշխարհաքաղաքական ուրվապատկերն Անդրկովկասում», որ «Մերձավոր Արևելքում խորացող քաոսի պայմաններում Մոսկվան նկատելիորեն կմեծացնի տարածաշրջանի վերահսկողությունը, ստանձնելով տնտեսական, փոխադրական, ենթակառուցվածքային-էներգետիկ և առևտրային փոխադարձ կապերի զգալի մասը»։ Անուշադրության չի մատնվել նաև Հայաստանը։ «Ռեգնում» գործակալությունը, օրինակ, հավաստիացնում է, որ «հայ-թուրքական սահմանի ներկա շրջափակումն ակնթարթորեն կվերանա առանց որևէ պայմանի», ու դրանով իսկ միությանը միանալու հարցում Հայաստանի բոլոր առարկություններն «ինքնաբերաբար վերանում են և Մաքսային միությանն անդամակցելուց Երևանի հետագա խուսափումը դառնում է անհնարին»։ Հատկանշական է, որ թուրքական «Զաման» թերթը նշում է նաև. «Պատկերացրեք, որ Ասադի ու ընդդիմության միջև եղած ճգնաժամը կամ Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած ղարաբաղյան խնդիրը կարգավորվում են Մոսկվայի և Թուրքիայի գործակցության շնորհիվ։ Այս պարագայում «բարձր մակարդակի համագործակցությունը» կվերածվի «ռազմավարական համագործակցության, և, հնարավոր է, վերանա նաև «Փեթրիոթների» տեղակայման ու տարածաշրջանի գործերին երրորդ երկրների միջամտության անհրաժեշտությունը»։ Եվ աշխարհն էլ, իհարկե, համատարած դրախտ կդառնա։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ