38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սիլիկոնյան հովտում բացվել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը

Սիլիկոնյան հովտում բացվել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը
12.12.2012 | 12:55

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը:

Այնուհետև Փլագ էնդ Փլեյ կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռման հուշագրի ստորագրությունը: Վենչուրային հիմնադրամը ՏՏ ոլորտում նորաստեղծ կազմակերպություններին հնարավորություն կընձեռի ապահովել ֆինանսական ներդրումների հասանելիություն:

Փաստաթղթերի ստորագրումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին և անդրադառնալով «ԱրմԹեք-2012»-ին, Սիլիկոնյան հովտում ՀՀ ներկայացուցչության բացմանն ու հնարավոր ակնկալիքներին՝ ՀՀ կառավարության ղեկավարն ասել է. «Համաժողովի նախորդ հանդիպումները կարծես նախապատրաստական փուլ լինեին հինգերորդ «ԱրմԹեք»-ի համար: Այսօր մենք կարողացանք արձանագրել այն լուրջ նվաճումները, որոնք ունի Հայաստանը ՏՏ ոլորտում: Այստեղ մենք արձանագրեցինք չորս կարևոր միջոցառումներ, որոնք կտան առարկայական արդյունքներ: Մասնավորապես, Փլագ էնդ Փլեյ կենտրոնում բացվեց Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Բազմաթիվ երկրներ, այդ թվում զարգացած պետություններն այստեղ բացել են իրենց ներկայացուցչությունները, որովհետև Սիլիկոնյան հովտում ունենալ այդպիսի ներկայացուցչություն, նշանակում է ունենալ գործիք, որը մասնավոր հատվածին զարգացման հնարավորություն է տալիս: Հայաստանի համար դա առավել կարևոր է, քանի որ առանց Սիլիկոնյան հովտի հետ ամենօրյա կապի, հնարավոր չէ հետևել ժամանակակից զարգացումներին, իսկ արագ փոփոխվող աշխարհում մենք պարտավոր ենք իմանալ բոլոր թարմ նորությունները: Ցանկանում եմ նշել, որ այս ներկայացուցչությունն իր աշխատանքները սկսում է բավականին լավ հիմքի վրա: Այդ հիմքը Սիլիկոնյան հովտում գործող հայկական ձեռնարկություններն են, հայկական ներուժը, որը կազմակերպվել է երիտասարդ գործարարների և մասնագետների շնորհիվ: Ստեղծվել է մի ցանց, որը ներառում է 200 փոքր և միջին ընկերություններ՝ հայկական ներուժի մասնակցությամբ»:

Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև պետություն-մասնավոր համագործակցության ներքո՝ 50-50 հարաբերակցությամբ Վենչուրային հիմնադրամի ստեղծումը, որը ևս կնպաստի ՏՏ բնագավառի զարգացմանը:

«Ստորագրվել է նաև Հայաստանում չիպերի արտադրության նոր գործարանի կառուցման հուշագիր: Սա նույնպես ՏՏ ոլորտի զարգացման գործում կարևորագույն քայլ է: Մենք ունենալու ենք ոչ միայն ծրագրավորող ընկերություններ, այլև չիպերի արտադրություն»,- նշել է ՀՀ վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարն այնուհետև ընդգծել է աշխարհահռչակ «Ինթել» ընկերության հետ հուշագրի ստորագրումը, ինչի արդյունքում ընկերությունը ներկայացված կլինի Հայաստանում՝ մեր երկրում բացելով իր կենտրոնը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանում իրենց կենտրոններն ունեն նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Մայքրոսոֆթ»-ը և «Դե-լինք»-ը: Վարչապետի կարծիքով՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը նոր թափ են հաղորդելու Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը:

«Չափազանց կարևոր է, որ Սիլիկոնյան հովտում ունենք մեր տեղը և Սիլիկոնյան հովիտն էլ գիտի, որ քարտեզի վրա ՏՏ բնագավառում Հայաստանն իր բարձրակարգ մասնագետներով ունի իր ուրույն տեղը: Ընդհանրապես, մենք փորձելու ենք մի քանի ոլորտներում համաշխարհային քարտեզի վրա դրսևորել հարաբերական առավելություն և ունենալ բարձր գրավչություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով Հայաստանում ՏՏ բնագավառում նոր աշխատատեղերի ստեղծման մասին հարցին՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ներկայում ոլորտը կառավարությունից տարեկան պահանջում է առնվազն հազար բարձրակարգ շրջանավարտ: Վարչապետն ընդգծել է, որ այս բնագավառում ստեղծվող աշխատատեղերն ապահովում են բարձր վարձատրություն և ունեն մեծ արտադրողականություն:

Դիտվել է՝ 3321

Մեկնաբանություններ