38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մոռացված բառերի ու հասկացությունների չբացված բառարանը

Մոռացված բառերի ու հասկացությունների չբացված բառարանը
27.11.2012 | 00:15

Ի՞նչ կապ ունի ժողովրդավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ:
Ի՞նչ կապ ունի ժողովրդավարությունը նախագահական ընտրությունների հետ:
Առանցքային հարցը, ակնհայտորեն, ժողովրդավարությունն է:

Եվ եթե Լեռնային Ղարաբաղի հարցում գործնականում երկու տասնամյակ գործել է «Նախ լուծում, հետո` ժողովրդավարություն» բանաձևը, աստիճանաբար սկսում է գերիշխել ընկալումը, որ լուծումը, մասնավորապես` փոխզիջումային, հնարավոր է ժողովրդավարության որոշակի մակարդակում միայն: Եվ դա` ոչ միայն հակամարտության կողմերում, այլև միջազգային կառույցներում:
Նախագահական ընտրությունների և ընդհանրապես ընտրությունների ու ժողովրդավարության կապը թերևս չարժի մանրամասնել, առավել ևս, որ մենք ժողովրդավարության կղզյակից մինչև մարտի 1 անցած ժողովուրդ ենք, և մեզ, փաստորեն, այդ հարցում հնարավոր չէ ո՛չ զարմացնել, ո՛չ մխիթարել: Այնուամենայնիվ, ժողովրդավարության ընկալում մենք չունենք: Որովհետև այդ հասկացությունը բոլորովին այլ չափանիշներ ու հատկանիշներ ունի թղթի վրա և բոլորովին այլ դրսևորումներ` կյանքում: Սահմանադրությունից մինչև օրենքներ մենք բոլոր հիմքերն ունենք ժողովրդավարական երկիր լինելու: Բայց ժողովրդավարության նշույլներ միայն կան կյանքում և եթե առկայծում են, ուրեմն կա լույս թունելի վերջում: Եթե, իհարկե, թունելը մնա:
Մի քանի կուսակցությունների լաբիրինթոսում խճճված քաղաքական կյանքը բոլորովին այլ պատկեր ու հեռանկար կունենար, եթե կուսակցություններից յուրաքանչյուրն իր գործունեության առանցքում ժողովրդավարության ընկալումն ունենար, թեկուզ` ոչ կատարյալ: Մենք այնքան ենք առաջադիմել այս ուղղությամբ, որ ժողովրդավարությունն ենք մեզ հարմարեցրել` ժողովրդի իշխանությունը վերածելով ժողովրդին իշխելուն: Ժողովրդավարության մեր գծակարգում ամեն ինչ ու բոլորն իրենց տեղն ունեն, բացի ժողովրդից: Որովհետև ժողովուրդ հասկացությունը մեզ համար հնացել է, մենք գերադասում ենք գործառնել ընտրազանգված, գործազրկություն, մտավորականություն, ուսանողություն, արտագաղթ և նման ընդհանրական հասկացություններով, բայց ոչ երբեք ընտրող, գործազուրկ, մտավորական, ուսանող, արտագաղթող կոնկրետ հասկացություններով, որովհետև մեր երկրում մարդը դադարել է արժեք լինելուց, արժեք իրենից ներկայացնում է մարդու որևէ հատկանիշը` փող, պաշտոն, առանձնատուն, մեքենա ունենալը: Նույնքան` չունենալն է որոշում մարդու արժեքը: Եվ դա արդեն ախտորոշում է: Թեպետ մենք մեզ համարում ենք առողջ: ՈՒ` ժողովրդավար, ժողովրդավարությունից հեռու լինելով մղոններով, որ մեր չանցած ճանապարհը չի հաշվում, այլ մեր սխալ գնացած:
Նախագահական ընտրություններից կարճ ժամանակ առաջ մենք մտածում ենք ներկուսակցական ու միջկուսակցական խնդիրների մասին, որոնց լուծումները մեր իսկ մեղքով մեր կյանքում կենսական նշանակություն են ձեռք բերում` չունենալով այդ դերն ու արժեքը իրականում: Նկատե՞լ եք, որ որքան անորոշությունը ճահճի պես ձգում է կուսակցություններին, այնքան նրանց նկատմամբ անտարբեր է դառնում այն ընտրազանգվածը, որ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում պատիվ ունի ժողովուրդ լինելու: Եվ խորացող այդ խզումն արդեն ոչ մի տրակտորով չես հարթի: Ոչ էլ կասֆալտես:

Քաղաքական էլիտայի փոփոխության անհրաժեշտությունն օրեցօր դառնում է ակնհայտ, բայց ոչ իբրև սերնդափոխություն, ոչ իբրև անձնափոխություն, այլ իբրև մտածողության ու հոգեբանության վերադարձ նորմալ արժեքներին ու արժեհամակարգին:
Նախագահական ընտրություններից առաջ, որպես կանոն, արտաքին քաղաքական խնդիրներն առանցքային չեն դարձվում: Համենայն դեպս` հակամարտությունների դեպքում: Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նորից եղան իրենց եռանկյունում` Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան: Ինչպես միշտ, քննարկեցին հակամարտության կարգավորման և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Այսինքն, այդ «զարգացումներն» այս անգամ վերաբերում էին Ստեփանակերտի օդանավակայանին: Նախկինում համանախագահները վերահաստատել էին, որ օդանավակայանի վերագործարկումը չի կարող ազդել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխման վրա, և կոչ էին արել կողմերին գործել միջազգային օրենքների շրջանակում. հիմա նրանք կարծում են, որ օդանավակայանի վերագործարկումը կարող է լարվածություն առաջացնել կողմերի միջև, և խնդիրը պետք է դիվանագիտական ճանապարհով կարգավորվի: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն էլ ասել է, որ ՄԽ համանախագահներին հակամարտության կողմերը վստահեցրել են, որ քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժի կիրառում կամ սպառնալիք չի լինի: «Ես գիտեմ, որ վիճելի հարց է: Իմ հիմնական անհանգստությունը դարձյալ ու դարձյալ անվտանգության հարցերն են»,- ասել է նա և մտահոգվել, որ կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց չկա, նույնիսկ «տեղերում իրադրությունը վատթարացել է»:
Համանախագահները փորձում են կողմերի միջև բացել հաղորդակցուղիները` առանց հակամարտության կարգավորման: Վրաստանն արդեն առաջարկել է վերականգնել երկաթուղու աբխազական հատվածը, սպասվում է, որ կհաջորդի Հայաստանի և Ադրբեջանի միջև Նախիջևանով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը:
Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ասել է, թե Բարաք Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում ԱՄՆ-ը համառ ջանքեր կգործադրի, որ խաղաղ կարգավորման գործընթացում լինեն շոշափելի արդյունքներ:
Համանախագահ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ հակամարտության կարգավորման բանակցությունները պիտի վերսկսվեն և ընթանան մինչև վերջ: «Ընդ որում` մադրիդյան սկզբունքների հիման վրա, որպեսզի հիմնահարցը գտնի տևական, ես կասեի` վերջնական լուծում»,- փորձել է մարգարեանալ Օլանդը` վերահաստատելով Ֆրանսիայի հանձնառությունը ամեն ինչ անել բանակցությունները վերջնական հանգրվանին հասցնելու համար:
Բացի այդ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա ամիսներին չեն հանդիպի` բանակցությունները կվարեն արտաքին գործերի նախարարները: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն արդեն որերորդ անգամ համանախագահների «ուշադրությունը հրավիրել է» Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շարունակական սադրիչ հայտարարություններին, որոնք, որքան էլ ներքին օգտագործման համար են, լուրջ վնասում են բանակցային գործընթացին և սրում իրավիճակը տարածաշրջանում:
Իհարկե, ռամիլսաֆարովյան պատմությունից հետո համաձայնելով շարունակելու բանակցությունները` հայկական կողմը կարող էր պայման դնել ԼՂՀ-ի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ: Դա կարող էր նշանակել, որ բանակցություններն ինչ-որ ժամանակով էլի կհետաձգվեն, բայց հիմա էլ, երբ ընդամենը Ստեփանակերտի օդանավակայանի հարցն է քննարկվել, արդյունք չկա: Համանախագահներն անփոփոխ շարունակում են համահարթեցման ու պարիտետային նույն մոտեցումը: Ոչինչ չի փոխվել: Համենայն դեպս` հրապարակված տեղեկատվության համաձայն: Իսկ դա ինչ էլ նշանակի, նախ և առաջ նշանակում է, որ համանախագահներն ունեն այլ խնդիրներ, մենք նրանցից ունենք բոլորովին այլ ակնկալիքներ: Նրանց հիմնահարցը գոյություն ունեցող վիճակի պահպանումն է, լարվածության կանխումը: Մեր ակնկալիքը հիմնահարցի լուծումն է` փաստաթղթավորված, կայուն, արդար ու տևական: Ո՞րն է այս տարբերության պատճառը: Որքան էլ տարօրինակ է, առաջին պատճառը մենթալիտետն է, մտածողության ու աշխարհընկալման տարբերությունը, որ թույլ չի տալիս օտարերկրացուն հասկանալ ժողովրդավարության մեր տարբերակը, ուստի և գլխավոր խնդիր է դառնում ընդհանրական ժողովրդավարական համարժեք ընկալումներ ունենալը: Նավթադոլարների և այլնի մասին առարկողներին ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանն աշխարհում միակ երկիրը չէ, որ նավթի կամ գազի պաշարներ ունի: Այլ երկրներ էլ կան, անգամ տարածաշրջանում: Գերտերությունների շահերի խաչմերուկի տեղը ցույց տվողներին էլ ուզում եմ առարկել, որ նրանք հմտորեն օգտագործում են հակամարտությունը, իբրև Հայաստանի ու Ադրբեջանի վրա ներգործության գործուն միջոց, իսկ դա արդեն ամբողջովին ներգործվողի մենթալիտետից է կախված: Տնտեսական, քաղաքական, ռազմական լծակներն ընդամենը հնարավորության տարատեսակներ են, որոնցից օգտվում են նրանք, ովքեր ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, հավասարապես նաև նրանք, ովքեր չեն ուզում լուծվի Ղարաբաղի հարցը: Աշխարհին ոչինչ չունենք հակադրելու: Սա է ամենագլխավորը, դիմադրողունակության ու պաշտպանունակության մեր պատյանը շատ բարակ է: Եվ դա գիտենք ոչ միայն մենք, այլև բոլոր նրանք, ովքեր հնարավորն անում են, որ այդ պատյանն ընդհանրապես գոյություն չունենա: Անում են մեր ձեռքերով, այդ թվում` քաղաքական կուսակցությունների, որոնք հետխորհրդային ամբողջ տարածքում մնում են չկայացած կառույցներ: Միակուսակցական համակարգից բազմակուսակցականին անցումը նշանավորվեց ընդամենը մեկ փոփոխությամբ` իշխանությունը շարունակում է իշխել ու վերարտադրել ինքն իր իշխանությունը` բոլոր մյուս կուսակցություններն օգտագործելով այդ նպատակով: Ցավոք: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը ոչ երեկվա, ոչ այսօրվա 30-40-ամյաների ձեռքում է, ոչ էլ նրանց որդիների կամ որդիների որդիների: Նաև նշանակում է, որ կյանքն իր առանցքը կորցրել է և փոխարենը սկսել է ճոճվել շահ-նպատակ ճոպանի վրա, երբ հասարակության մի մասի շահերը միշտ հակադրվում են մյուս մասի նպատակներին, իսկ նպատակներն ընդհանրապես բովանդակազուրկ ու ձևական են լինում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Հորիզոնի մեր գիծը դարձել է հարևանի տան տանիքը կամ, առավելագույնը հարևանի հարևանի կղմինդրածածկ տանիքը: ՈՒ եթե նույնիսկ ՈՒրուգվայը, որ առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առաջինը ճանաչի նաև ԼՂՀ անկախությունը, հորիզոնի մեր գիծը չի բարձրանալու մեր մենթալիտետի ու մեր «ժողովրդավարության» մակարդակից: Հիմա արդեն ինքներդ պատասխանեք «Ի՞նչ կապ ունի ժողովրդավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ» և «Ի՞նչ կապ ունի ժողովրդավարությունը նախագահական ընտրությունների հետ» հարցերին: Կուսակցությունների եռանկյունում կամ քառանկյունում դեգերումները չեն բերելու այն քաղաքական նիրվանան, որի առկայությամբ ավելորդ լիներ մտածել` ո՞ր կուսակցությանն անդամակցել ավտոմեքենա, սառնարան, հեռուստացույց, կայուն եկամուտ ունենալու համար: Թղթե ժողովրդավարությունն իր լրումին հասցնելու համար: Եվ ուրեմն` առօրյա խոսակցական լեզու վերադարձնելու այնպիսի մոռացված բառեր ու հասկացություններ, ինչպես` գործարան, արդյունաբերական ձեռնարկություն, ներգաղթ, արդարություն, հաղթանակ, ընտրություն, պետություն, ժողովուրդ: Նոր տողից էլ` բերկրանք:

Դիտվել է՝ 3075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ