38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ընտրություն որոշակի անորոշության և անորոշ որոշակիության միջև 

Ընտրություն որոշակի անորոշության  և անորոշ որոշակիության միջև 
20.11.2012 | 13:31

Երկու շաբաթ քաղաքական դաշտն ակտիվորեն զբաղվում էր իրեն նետված նորատեսք, բայց հնամաշ խաղալիքով, որ համարյա թե անկարգել էր (ովքեր մոռացել են, հիշեցնեմ` պարաշյուտ) նրանց համար, ում ազատ թռիչքի ժամանակը սպառվում էր, և ունեին կամ անվտանգ վայրէջքի, կամ վտանգավոր վախճանի հեռանկար:

Անկարգելը ճիշտ ժամանակին նետվեց, և քաղաքական դաշտն սկսեց զբաղվել նոր խաղալիքի ուսումնասիրությամբ, ընդ որում, բոլորն էլ հարուստ հիմնավորումներով, որ այդ խաղալիքը իրենք են հնարել, բայց չխաղալ հնարավոր չէր` իմիջի հարց կա, գործընթացում ներգրավվածության, որ ամենակարևորն է, որովհետև եթե դու շարքում չես, դու գնում ես ոչ մի տեղ: Թեև իրականում բնավ էլ այդպես չէ, դու մենակ էլ կարող ես գնալ, միայն իմանաս` ուր:
Վերջապես ՕԵԿ-ն էլ ներգրավվեց համամեծամասնական-խորհրդարանանախագահական մրցավազքում, որպեսզի հայտարարի, որ երկրորդի համար ուշ է, առաջինի համար շուտ է: Բայց դա դրվագ էր քաղաքական անցուդարձում, որը միտված է լիովին իմաստազրկելու քաղաքական գործընթացը:
Առաջին հայացքից ամեն ինչ քաղաքական ձևաչափում է` քննարկվում են հույժ քաղաքական խնդիրներ` պետական կառավարման մոդել ու ընտրակարգ, բայց դա հայացք է դրսից, համարյա թե օտարի հայացք, որ սահմանի այն կողմից կարող է տեսակետ հայտնել ու վերադառնալ իր երկիրը: Երկրի ներսից հայացքը բոլորովին այլ իրականություն է ի հայտ բերում: Տխուր, անհրապույր ու անհեռանկար: Տխուր, որովհետև բոլոր երկխոսությունների-եռախոսությունների ու քառախոսությունների ձևաչափերը ի հայտ են բերում անհերքելի ճշմարտություն` քաղաքական էլիտան ու ժողովուրդը ապրում են տարբեր մոլորակներում: Անհրապույր, որովհետև որևէ հուսատու, խելամիտ, նույնիսկ պարզաբանող նշանակություն չունեն: Եվ հաստատ անհեռանկար, որովհետև բացահայտված ու չբացահայտված բոլոր ձևաչափերում յուրաքանչյուրը լուծում է իր անհատական կամ խմբային շահին վերաբերող խնդիր: Կրկնե՞մ հարցը` իսկ որտե՞ղ է ժողովուրդը: Իսկ ո՞ւմ համար են քաղաքական ուժերը և ինչ հարցեր են լուծում, ո՞ւմ անունից, ո՞ւմ համար, ո՞ւմ դեմ: Բայց այս հարցը, որքան էլ տարօրինակ է, երկսայր է` իսկ ժողովուրդն ինչո՞ւ է լռում, ժողովրդի համար ինչո՞ւ են օտար խաղեր մնում իր երկրի կառավարման կարգի ընտրությունն ու իր իշխանության ընտրության ձևը: Պատասխանե՞մ, թե՞ ակնհայտ է:
Քաղաքականությունը, իհարկե, անհնարինը հնարավոր դարձնելու արվեստն է: Կա նաև հանրահայտ այլ բնորոշում` մասնագիտությունների շարքում դասակարգող: Բայց բոլորովին պարտադիր չէ, որ քաղաքականությունը զուգահեռվի առուծախին: Մինչդեռ օրեցօր ակնհայտ է դառնում, որ քաղաքագիտական հաշվարկների, տևական մտորումների ու տքնաջան որոնումների հիմքում ընդամենը մեկ հարց է` իսկ ի՞նչ են ունենալու քաղաքական ուժերը նախագահական ընտրություններից հետո: Եթե մասնավորեցնենք` բոլորն ունեն սեփական դեմքի փրկության խնդիր, որովհետև նույնիսկ ոչ այնքան կուռ տրամաբանությունը թելադրում է, որ քաղաքական ասպարեզում գտնվելով` իրենց խոսքը պիտի ասեն ու ընկալում ունենան: Իսկ ի՞նչ է կատարվում: Նրանք խոսում են միմյանց հետ ու նայում են ՀՀԿ-ին: Եվ որքան ՀՀԿ-ի հետ հարաբերությունը չի ստացվում, այնքան շատ են միմյանց հետ խոսում, իսկ եթե ՀՀԿ-ի հետ հարաբերվելը ստացվում է, միմյանց դեմ են խոսում: Եվ սա կոչվում է քաղաքագիտական վերլուծություն, առաջարկությունների փաթեթ, քաղաքական քննարկումներ: Սա պարզապես խաբեության ու ինքնախաբեության միջակայքում լարախաղացություն է, որ, հաստատ, կամովին չի ընտրվել, այլ հարկադիր քայլ է: Բայց դրանից ոչինչ չի փոխվում:

Տարեվերջին քաղաքական դաշտի որոշակի անորոշությունը պիտի ավարտվի: Ի՞նչ տարբերակներ են հնարավոր: Դեկտեմբերի կեսին իրենց համագումարները կհրավիրեն ՀՀԿ-ն և «Ժառանգությունը»: ՀՀԿ-ի արտահերթ համագումարի օրակարգը հրապարակված է` գործող նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրում իբրև նախագահական ընտրությունների թեկնածու: Համարյա հայտնի է նաև «Ժառանգության» համագումարի օրակարգը, թեպետ Րաֆֆի Հովհաննիսյանի բախտն այս տարի բացահայտորեն չի բերում` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի կեսից հայտարարել, թե մեծամասնություն ենք ունենալու, գալիս ենք, գալիս ենք ու տեղ հասնել 5 տոկոսով, շատ մեծ հաջողություն չես անվանի: Խորհրդարանական խմբակցության ոդիսականը, մանդատը վայր դնելու երկար թափավազքը ու հաջորդած իրադարձությունները ևս մեծ հաջողություն չես անվանի: Բայց մարդը 20 ու ավելի տարի սպասել է 2013-ին ու արդեն նաև հրապարակավ խոստացել է, որ իր թեկնածությունը վերջին անգամ է դնելու: Նույնիսկ այդքան հրապարակային հավաստիացումները վերջնական երաշխիք չեն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր թեկնածությունն առաջադրելուց չի հրաժարվի:
ԲՀԿ-ն հայտարարել էր, որ համագումար հրավիրելը պարտադիր չէ, և կուսակցության քաղխորհուրդը լիովին կարող է նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության հարցը լուծել: Իսկ հիմա հայտարարում է, որ հանդիպումները կուսակիցների հետ մի ելք են թողնում` նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, եթե միայն ինքը համաձայնի: Քաղաքական քննարկումների հուսալի վահանափակի հետևում գործնականում ԲՀԿ-ն փորձում է իշխանության վերաբաժանման հասնել` սկսած վարչապետից մինչև նախարարական հնարավորինս շատ պորտֆելներ ու գործադիր իշխանության այլ լծակներ: Եվ անորոշության ամբողջ որոշակիությունը հենց դա է` ի՞նչ կստանա: Ըստ այդմ էլ կկայացվի որոշում: Անկարգելը հենց այդ որոշումից հետո է պետք, որովհետև որևէ ընտրությունում իշխանությունը կարող է հաղթել, կամ կարող է հաղթել ընդդիմությունը, բայց չի կարող հաղթել այլընտրանքը: Նույնիսկ եթե հայտարարվում է, որ քաղաքական այնպիսի թիմ ունի, որն ի զորու է ինքնուրույն ձևավորելու կուսակցության քաղաքական օրակարգը (ի դեպ, հենց այդ հայտարարությունը չի՞ նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է այդ ձևավորմանը մասնակցել, եթե հիշենք` ովքեր են ԲՀԿ-ի քաղաքական դեմքերը): Եվ քանի որ այլընտրանքն ընդամենը իշխանությանը հակակշիռներ ստեղծելու համար է, ընտրողը լիովին իրավունք ունի ընտրելու կշիռը, ոչ թե հակակշիռը: Իբրև խորհրդարանական կառավարման համոզված ջատագով` Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններին չմասնակցելու բոլոր հիմքերն ունի: Ավելին, կարելի է նվազագույնը մեկ տասնյակ հիմնավորում ձևակերպել` երկրի արտաքին ու ներքին մարտահրավերների խոր ըմբռնումից ելնելով, և աջակցություն հայտնել գործող նախագահին: Բայց նա նաև մասնակցելու բոլոր հիմքերն ունի` իբրև մի քաղաքական ուժի ղեկավար, որ երկրորդն է հանրապետությունում և լիովին կարող է իր հավակնությունները արդարացնել ընտրողների հավատով, հույսով ու նման ռոմանտիկ ձևակերպումներով: Իսկ ինչո՞ւ ոչ: Պայքարում պարտվելն այդքան սարսափելի չէ, որքան պայքարից խուսափելը, մանավանդ այսքան շեփորումներից հետո: Նախագահական ընտրությունները ԲՀԿ-ի և անձամբ Գագիկ Ծառուկյանի համար բոլորովին տարբեր նշանակության իրադարձություններ են: Դժվար է պատկերացնել, որ նա քնում ու արթնանում է նախագահ դառնալու երազանքով, ավելին, նա նախագահ դառնալու ցանկություն իրականում չունի: Բայց նրա ուսերից կախված է մի պատմուճան, որի գրպաններում սեփական տարատեսակ բիզնեսների հետ հավասար նաև կուսակցություն կա, միջկուսակցական հարաբերություններ կան, միջանձնային հարաբերություններ, որոնք պարտավոր է պահպանել, իսկ այդ նպատակով պիտի օգտագործի քաղաքականությունը: Դե իսկ քաղաքականությունը միջոց է. որքան ինքդ ես այն օգտագործում, այնքան ինքն է քեզ օգտագործում:
Շատ ավելի քիչ, բայց և ավելի հիմնավոր հավակնություններ ունի ՀՅԴ-ն իր փաթեթով, որով անհրաժեշտ է համարում 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը, խորհրդարանական կառավարման ներդրումը, ընդդիմությանը վերահսկողական լծակների հատկացումը` տարբեր հանձնաժողովների ղեկավար պաշտոնների տեսքով, բիզնեսի և քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախությունը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետկանչումը: Սա էլ շատ գեղեցիկ փաթեթավորում է` միաժամանակ բանակցելու և ԲՀԿ-ի հետ, և հայտարարելու, որ եթե Սերժ Սարգսյանն ընդունի այս կետերը, ՀՅԴ-ն պատրաստ է նրան աջակցելու: Սա սկզբունքայնությո՞ւն է. «Մենք անձի խնդիր չենք դնում, մեզ համար կարևորը գաղափարն է» բացատրությամբ, թե՞ անսկզբունքայնություն` ոչինչ չկորցնելու մտահոգությամբ: Գուցե պետք է ընդունել, որ իրադարձություններն այնպես զարգացան (սխալ էր, իհարկե, բայց փաստը մնում է փաստ), որ հայրենիք վերադարձած կուսակցության գործերն ի սկզբանե իր պատկերացրած-ցանկացածի պես չդասավորվեցին, և իշխանությունը մեկ անգամ բոլշևիկներին հանձնելուց հետո արդեն համարյա մի 100-ամյակ ոչ մի կերպ չեն կարողանում հետ ստանալ, թեպետ բոլշևիկները վաղուց չկան:
Իսկ ՀԱ՞Կ-ը: ՀԱԿ-ը լիովին կարող է հենվել Հրանտ Բագրատյանի ուսերին, իսկ նա արդեն ասել է` քանի օրից, քանի ժամից ու քանի րոպեից ՀԱԿ-ը կկողմնորոշվի, և դա միակ լուսավոր կետն է ՀԱԿ-ի կյանքում: Որովհետև կոնգրես անվանումը հիմա կամ անցյալի վերապրուկ է, կամ ապագայի երազանք` ՀԱԿ-ը այլևս քաղաքական կառույց չէ, այլ իրենց քաղաքականության մեջ համարող մարդկանց հավաքատեղի, որ ուրիշ աշխատանք ժամանակավորապես չունեն կամ այլ աշխատանքին զուգահեռ զբաղվում են իրենց խնդիրներով: Դաժան է Լևոն Տեր-Պետրոսյանի մենակությունը մի տիրույթում, որ կոչված էր համախմբումի ու հաղթանակի դաշտ դառնալու: Նա, փաստորեն, արդեն քանի ամիս է` հեռացել է քաղաքականությունից և գուցե որոնում է անխոցելի փաստարկ, որով նույնքան անխոցելի դարձնի իր հեռացումը, ասենք, հանուն սերնդափոխության քաղաքականության մեջ: Որովհետև նրանք, ովքեր գալիս են նրա ոտնահետքերով, ընդմիշտ ակտուալ են պահելու իր վերադարձի անհրաժեշտությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Տխուր, անհրապույր ու անհեռանկար քաղաքական դաշտը երևում է ներսից ու վերևից նետած հայացքով: Բոլորն ունեն իրենց անկարգելները, բայց շատ մեծ հարց է` իսկ կհասցնե՞ն նախքան վայրէջքը քաշել օղակը: ՈՒ ավելի քան մեծ հարց է, իսկ վայրէջքից հետո ովքե՞ր կլինեն և ո՞ւմ պետք կլինեն իրենք: Որովհետև նրանք բոլորը, առանց բացառության, մոռացել են ժողովրդին և բովանդակազրկում են ընտրությունը` օրեցօր առավել բացահայտ դարձնելով, որ միակ խնդիրը պետական կառավարման հնարավորինս շատ լծակներ պահպանել կամ ձեռքբերելն է, որի ընթացքում որոշիչը նախնական պայմանավորվածություններն են, ոչ թե ընտրողի կամահայտնությունը: Այս գործընթացում անկարգելներ չունեն միայն ընտրողները, և ցանկացած նախագահի առաջին խնդիրը պիտի լինի իր հաղթանակի արդարացիության մեջ համոզել նրանց, ովքեր իրեն ձայն չեն տվել: Իսկ ամենատխուրն ու անհեռանկարը հենց ընտրողի, ընդհանրության մեջ ժողովրդի անտարբերությունն է: Հուսանք` ժամանակավոր, որովհետև ժամանակն էլ հայրենիք է, և անորոշության մեջ որոշակիորեն կորչում են այն արժեքները, որոնք այդ հայրենիքը կարող էին հզորացնել: Չմեղադրեք ինձ հոռետեսության մեջ, հայելի ունեցեք:

Դիտվել է՝ 3018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ