38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մարդկանց առավել կազմակերպված փոքրամասնությունը կառավարում է մարդկանց առավել անկազմակերպ մեծամասնությանը

Մարդկանց առավել կազմակերպված փոքրամասնությունը կառավարում է մարդկանց առավել անկազմակերպ մեծամասնությանը
22.10.2012 | 17:18

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ 3
Զինադադարի, թե հարաբերական խաղաղության անցած տասնօրյակը վկայում է, որ հայ քաղաքական կյանքի փոքրիկ ասպարեզում ռազմավարական ու մարտավարական վերջին մարտերն են մղվում: Քաղաքական ուժերը վաղուց արդեն հաստատուն դիրքավորվել են իրենց խրամատներում, ավելին` հնարավորն անում են հետագայում առավելագույնս բարեվայելուչ և հարմարավետ, շահեկան ու շահավետ դիրքեր ստանալու համար: Քաղաքական ուժերն ընտրություններից առաջ իսկապես նման են միջնադարյան ասպետներին, ովքեր իրենց սրտի տիրուհու համար ու նրա ներկայությունից խրախուսված` ձեռնոց են նետում միմյանց, հետո էլ իրենք են նետվում մարտի: Սրտի տիրուհին մարտից առաջ, համենայն դեպս, հանդիպել է ասպետներից յուրաքանչյուրին ու, նվիրելով իր մետաքսե, ասեղնագործ թաշկինակը, հավատացրել, թե հավատում է հենց իր հաղթանակին: Եթե միջնադարից իրադարձությունները վերաձևանշում ենք մեր օրերի վրա, նույն պայքարն է` քաղաքական ուժերը հատկապես ընտրությունների նախօրեին խիստ ասպետանում են, իսկ նրանց սրտի իբր տիրուհին հավատի ու սիրո խոստումներ է տալիս բոլորին, որովհետև ժողովուրդը չի կարող մեկ միտք ունենալ, եթե նույնիսկ մեկ սիրտ ունի և հավատում է, որ նաև մեկ հոգի ունի: Հրապարակավ մենամարտից առաջ բոլորն էլ գիտեն` ով է հաղթելու ու ով չի հաղթելու, որովհետև իրական մենամարտն ավարտվում է նախօրեին ու սկսվում է պայմանականը: Ասպետները լավ են միմյանց ճանաչում ու լավ գիտեն միմյանց խոցելի տեղերը, նաև` որ անմահության գետի մեջ հզորություն ստացած Աքիլլեսն անգամ ուներ գարշապար: Եթե նույնիսկ այդ գետում նորածնին աստվածուհի էր ընկղմել: Աստվածուհիներն էլ սխալվում են մահկանացուների ճակատագրում: Վերավերաձևանշելով իրադարձությունները մեր օրերի վրա` ստիպված ենք ընդունել, որ մեր օրերում ասպետները հիմնականում գարշապարից են բաղկացած, մի կույր հարվածն էլ նրանց կարող է դատապարտել անհայտության, ուստի նրանք խորամանկում են, նրանք հնարավորն անում են մենամարտի ելքը իրենց օգտակար դարձնելու համար: Վերջինը նրանք մտածում են իրենց սրտի տիրուհու մասին` պարզապես անպատշաճ է թաշկինակը ծոցագրպանում մենամարտել հանուն սեփական բարեկեցության` չթաքցնելով մտադրությունը: Միջնադարյան մենամարտերին հետևած մեր հեռու օրերում խաղի կանոնները միայն պայմանականորեն են փոխվել, միայն արտաքուստ, գործող անձինք ու նրանց գործառնությունները մնացել են նույնը. մարդկանց առավել կազմակերպված փոքրամասնությունը կառավարում է մարդկանց առավել անկազմակերպ մեծամասնությանը` խաղի փոխադարձորեն ընդունված կանոններով: Ձևերը փոխվում են, էությունը` ոչ:
Իրական ու թվացյալ անդորրի տարբերությունն առավել տեսանելի զգացվում է ոչ թե երկրի վրա, այլ օդում: Իրական անդորրի մեջ ապրում են ձայները, որ խաղաղություն են գտել ու բերել: Թվացյալ անդորրի մեջ ապրում է աղմուկը, որ սպասում է հարմար պահի` անդորրը սպանելու համար: Իրականի ու թվացյալի միջակայքում անցնում է ժամանակը: Երբեմն այդ ժամանակը դառնում է թելադրող, երբեմն լինում է թելադրվող, բայց բոլոր դեպքերում կա ու տարածության մեջ ունի իր տարանշանը:
Փետրվար-հունվար-դեկտեմբեր-նոյեմբեր-հոկտեմբեր` ժամանակի հետադարձ հաշվարկը սկսվել է, և այդ ընթացքի մեջ ինքնատեղավորման իրենց ջանքերում Հայաստանի քաղաքական ուժերը դեռևս գտնվում են ասեղնագործ, մետաքսե թաշկինակը ստանալու փուլում: Մի էական տարբերությամբ` միջնադարյան ասպետներին, այնուամենայնիվ, նրանց սրտի տիրուհին էր տալիս թաշկինակը, մեր օրերում ասպետները թաշկինակավորում են իրենք իրենց: Եվ եթե ոմանց այս անսպասելի երկար նախաբանը թվա ոչինչ չասող ու ոչինչ չեզրափակող, անցնեմ միանգամից վերջաբանին` քաղաքական ասպարեզի հիմնական ու անդառնալի սխալը մնում է նույնը` խաղի կանոններով կատարված դերաբաշխումը շրջանցում է հիմնական դերակատարին` ժողովրդին: Ապարդյուն են ժողովրդի կամահայտնության մունետիկներ ներկայանում սոցիոլոգիական տարատեսակ հետազոտություններ կատարողները: Նրանց թվական տվյալներում կա ապագա իրականության մոդել, բայց չկա ժողովրդի կամք, որովհետև ժողովուրդն իր կամքը ստորադասել է ապրելու իր հնարավորությանը: Առժամանակ: Ընդհանրության մեջ ժողովուրդը սպասում է: Ամենահարմար խորհրդանիշն այս դեպքում լինելու էր Փոքր Մհերը, որ Ագռավաքարում է պարփակվել` մինչև իր ցանկությունների կատարումը, բայց անցյալ դարասկզբի ցեղասպանությունը շատ հիմնավոր հիմք էր հասկանալու համար, որ իրենց ազգային էպոսի հերոս Մհեր ունեցող ժողովուրդները տանուլ տվողներն են այլ ժողովուրդների մեջ, որովհետև մտածողության ու աշխարհընկալման սկիզբը պիտի լինի ոչ թե «Հողն ինձ չի պահում» սկզբունքը, այլ «Ես պիտի հողը պահեմ» համոզմունքը: Այդ մեկնակետում մենք պիտի հենց անցյալ դարասկզբից հրաժեշտ տայինք մհերության մեր գոյությանը ու գտնեինք մեզ հարիր նոր գոյաձև: Գտա՞նք: Հազիվ թե: Ամբողջ մեկ դար մենք նվիրեցինք Մհերին, իմա` մեզ արդարացնելու տարբերակներին: Սկսեցինք ամենասխալ կետից` մեղավորը ուրիշներն են, մենք արդար ենք, անմեղ ու մատաղացու: Ամբողջ մեկ դար շարունակեցինք արդարության ու մեր անմեղության ապացույցների որոնումը այլոց փակ, բայց իրենց անհրաժեշտությունից դրդված երբեմն բացվող դռների առաջ: Եթե երբեմն մեզ ներս էին առնում, մենք ազգովին տոնում էինք մեր հերթական անիմաստ ու բարոյական հաղթանակը` իրական հաղթանակը թողնելով նրանց, ովքեր սահմանում են դռներն ու նրանց բացուփակի պահերը: Ամբողջ մեկ դար էլ մենք շարունակեցինք դարերի մեջ մեր անփոփոխ պահվածքը` հույսներս դրած Աստծո, աշխարհի ուժեղների ու ճակատագրի վրա: Նույնիսկ հնարեցինք արդարացում մեր անզորության ու մեր թուլության համար: Արդարացումների հատորներ գրեցինք, որտեղ մեղավոր էին բոլորը` մեզնից բացի: Կանգ առնելու ժամանակ ու տեղ ունենալով` չունեցանք ցանկություն ինքներս մեր աչքերին նայելու համար, որովհետև, բացի ամեն ինչից, մենք վախենում ենք ցավից: ՈՒ եթե վերստին ոմանց այս եզրափակումը թվա ոչինչ չասող, ինչպես ոչինչ չասող էր թվացել անսպասելի երկար նախաբանը, անցնեմ միջակայքին. կա խելագարության մի տեսակ, երբ հարցերի ու պատասխանների անհրաժեշտությունը վերանում է, երբ ամեն ինչ սահմանափակվում է մեկ հնարավորությամբ` դու կարող ես անել միայն դա ու դու չես կարող դա չանել: Կարճ, կարճ ժամանակ է տրված որոշում ընդունելու համար, ավելի ճիշտ` որոշում ընդունելու ժամանակ էլ տրված չէ, տրված է ինքնին գոյացած որոշումը իրագործելու ժամանակ: Առանց հետ նայելու: Առանց վերև-ներքև, աջ ու ահյակ նայելու, երբեմն անգամ առանց առաջ նայելու: Որովհետև անհրաժեշտությունն ունի իր կանոնները: Որովհետև հնարավորությունն ունի իր պահանջները: Խելագարության այդ տեսակով համակվածները գնում են մինչև վերջ ու հաղթում են: Սկսում են իրենցից ու ավարտում են մյուսներով: Նրանց հաղթանակի տեսակի տարբերությունը բոլոր այլ հաղթանակների տեսակներից ակնհայտ է. նրանք հաղթում են ուրիշների համար: Նրանց մունետիկները բարձրաձայնում են ոչ թե աղմուկ, այլ ձայն: Խելագարության այդ տեսակով, կրկնում եմ, հիվանդանում են կարճ ժամանակով ու հազվադեպ. համաճարակը սկսվում է անհատներից ու տարածվում ժողովուրդների վրա: Անհատները դառնում են աշխարհակալներ, ժողովուրդներն ապրում են իրենց պատմության ոսկեդարը: Անհատների ճակատագիրը միշտ լինում է ողբերգական, բայց նրանք իրենց ժողովրդին տալիս են ինքնաձևավորման նոր գեն` ազգային ԴՆԹ-ի նոր հենք, նոր ու ժամանակի մեջ բարոյապես չմաշված, նոր ու ժամանակի մեջ ֆիզիկապես ուժեղացող, նոր ու ժամանակի մեջ նոր ժամանակ հաստատող: Նրանց ժամանակի միավորը հավերժությունն է, տարածության միավորը` տիեզերքը, ու նրանց հոգին վահանում է նրանց հայրենիքի սահմանները վերուվարից, աջուահյակից, որովհետև խելագարության այդ տեսակը սկսվում է սեփական ուժի գիտակցումից ու ավարտվում սիրո` հարցուպատասխան վերացնող ուժի ընդունումով: Խելագարության այդ տեսակով հիվանդացել են հազարավոր մարդիկ, բայց հազիվ մեկ տասնյակն է պատմության հավաքական հիշողության մեջ իր անունը գրել` ստորագրելով իր ժողովրդի հաղթանակով:
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ 1
ՈՒ իսկապես վերջին անգամ բոլոր նրանց, ովքեր մինչև հիմա ոչինչ չհասկացան, ասեմ. նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ երկրի քաղաքական ուժերն արդեն ինքնակազմակերպվել են ու կողմնորոշվել պայքարի իրենց ձևերի մեջ, հաղթանակի ու չհաղթանակի իրենց սահմանների մեջ: Իշխանությունը ճշտել է իշխանության մնալու իր տարբերակները, ընդդիմությունը գտել է ընդդիմության հարմար ապաստարանում ապաստանելու իր արդարացումը, ժողովուրդը` չհասկացված մենակի իր անվճռականության հիմնավորումը: Դիրքային մարտերն ավարտվում են: ՀՀԿ-ն գնում է դեպի հերթական հաղթանակ` ուսի վրայով նայելով, թե իր հերթականն ինչ գին է ունենալու: ՕԵԿ-ը` իբրև կոալիցիոն կուսակցություն, անում է ճիշտ այն քայլերը, որ պիտի աներ կոալիցիոն կուսակցությունը` տալով ու ստանալով հաշվեկշռված իր պտուղները: ԲՀԿ-ն ավարտել է այլընտրանքության լիմիտը` ստանալով ստանալիքի երաշխիքները, և որոնում է ընկալելի տարբերակ` բացատրելու, թե իշխանությունից իշխանություն անցումի մեջ ինչի՞ն էր պետք այս հանգրվանը, թեպետ այնքան էլ հեշտ չէ խոստովանել, որ արտաքին հաջողությունների մեջ քո ներքին հաջողությունը միշտ սպրդում է: Ընդդիմությունն առանց ԲՀԿ-ի հարկադրված է սեփական քայլերն անել, որոնց ո՛չ ցանկությունն ունի, ո՛չ հեռանկարում իմաստ է տեսնում: Զանազան ընդդիմադիրներ տեղական ժամանակով ապրում են իրենց աստեղային ժամը` ցավալիորեն կարճ ու ոչինչ չասող: Ավելին` որոշ ընդդիմադիրներ էլ ասելիքի բացակայությունից այլոց անհիմն կամ հիմնավոր մեղադրանքներ են ներկայացնում, որը ոչինչ չի նշանակում, որովհետև չկա իրավիճակի զարգացում: ՀՅԴ-ն իր համար վաղուց ավարտել է նախագահական ընտրությունները, որովհետև ունենա, թե չունենա սեփական թեկնածու, սեփական նախագահ այս ընտրություններում չի ունենալու: ՀԱԿ-ը ինքնաքայքայման մեղմ տարբերակներ է որոնում` ոչ մի դեպքում չփորձելով գոնե ինքն իր համար բացատրել, թե 2008-ից 2012 ինչպե՞ս ու ինչո՞ւ ժողովրդի հետ պայքարի մայրուղուց նախընտրեց ներքաղաքական պայքարի լաբիրինթոսը` լավ իմանալով, որ պատերը տեղաշարժվում են ընթացքում ու ոչ մի Արիադնայի ոչ մի կծիկ ելք չէ, ինչպե՞ս ու ինչո՞ւ հաջողության իր հնարավորությունները վերածեց «պայքար, պայքար մինչև վերջի»` իմանալով, որ վերջ ընդհանրապես չկա, որ յուրաքանչյուր վերջ ընդամենն այլ սկիզբ է: Իսկ ժողովուրդը որոնում է խելագարության մանրէն, որով վարակվածները հարմար պահի ու հարմար դասավորության չեն սպասում:
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ 2
Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը չհասկանա ու հարցնի` իսկ Վարդան Օսկանյա՞նը, իսկ Ռոբերտ Քոչարյա՞նը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, իսկ Գագիկ Ծառուկյա՞նը... Իսկ ԱՄՆ-ը, իսկ Ռուսաստա՞նը: Իսկ Ղարաբա՞ղը: ՈՒ` մնացյալը: Կպատասխանեմ արդեն մի քիչ ձանձրացած` դուրս եկեք քարանձավից, Մհերի գենը սպանեք ձեր մեջ ու մի ժառանգեք ձեր զավակներին, իմաստնությունը հետ նայելով քայլելիս վայր չընկնելու մեջ չէ, այլ ժամանակի մեջ ժամանակ սկսելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ