38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Կասպյան նոր ծովահրեշները»

«Կասպյան նոր ծովահրեշները»
20.07.2012 | 03:49

Կասպից ծովում նորից արյան հոտ է գալիս։ Այս խոսքն առաջինը հնչել է արդեն հանգուցյալ Թուրքմենբաշու շուրթերից` էլի արդեն հանգուցյալ Հեյդար Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ ՈՒ թեև դրանից շատ տարիներ են անցել, իսկ մերձկասպյան պետությունների բոլոր ղեկավարները հիմա անդուլ կրկնում են Ահմադինեժադի բանաձևը` «Կասպից ծովը խաղաղության, բարեկամության և համագործակցության ծով է», այդուամենայնիվ, այսօր էլ ավելորդ չէ վերհիշել այն վաղեմի մարգարեությունը։ Համենայն դեպս, բոլոր գեղեցիկ խոսքերի, բարեհոգի ժպիտների ու արևելյան բաժակաճառերի հետևում թաքնված են բազում չլուծված, գուցե և անլուծելի հարցեր։ Առավել ևս, որ դրանք ուղղակիորեն շաղկապված են ոչ միայն պետությունների հավակնությունների, այլև մեծ փողերի հետ։ Իսկ դրանք, համաձայնեք, մեր օրերում շատ բան են որոշում։

Այսպես, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև նոտաների վերջին փոխանակությունը` կապված այն բանի հետ, որ վերջինս ուզում է Կասպից ծովի «Քյափազ» հանքավայրում սեյսմիկ աշխատանքներ սկսել, լայն արձագանք է առաջ բերել համաշխարհային լրատվամիջոցներում։ Դրանցից մի քանիսն անգամ սկսել են խոսել մերձկասպյան պետությունների միջև հնարավոր պատերազմի մասին։ Այս կապակցությամբ մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան աշխարհահռչակ վերլուծական «Foreign Policy» հանդեսի «Կասպյան նոր ծովահրեշները» հոդվածը։ Հոդվածի հեղինակը նշում է, որ ներկայումս մերձկասպյան երկրները զբաղված են սպառազինությունների մրցավազքով, նպատակ ունենալով գերիշխել Կասպից ծովում։ «Հիմա Կասպից ծովում մի խաղ է գնում, ուր գերիշխում է միմյանց հանդեպ անվստահությունը, իսկ դա նպաստում է լարվածությանը և վկայում պատերազմի հավանականության մասին»,- գրում է հեղինակ Ջոշուա Կուչերան։ Հեղինակը նշում է, որ մոտ ապագայում շահերի բախում կարող է բորբոքվել Ադրբեջանի և Իրանի միջև։ «Կասպից ծովի վիճելի մասում գտնվող նավթի ու գազի «Sardar-e Jangal» հանքավայրի պաշարների հաստատման դեպքում Իրանի և Ադրբեջանի միջև բախման հնարավորությունը չի բացառվում։ Առայժմ կոնկրետ թիվ չկա, բայց եթե հավատալու լինենք իրանական աղբյուրներին, այնտեղ կարող է լինել մոտ 50 տրիլիոն խորանարդ մետր գազ և 10 մլրդ բարել նավթ, որոնք լուրջ թվեր են։ Բայց տեղեկություններ կան, որ դա Նեկա նավահանգստից 250 կմ հյուսիս-արևմուտք է, ինչը նշանակում է, որ եթե Կասպից ծովը կիսվի մեջտեղից, դա արդեն ադրբեջանական տարածք է»,- նշում է հեղինակը։ Նշենք, որ նավթի ու գազի այդ հանքավայրի հայտնագործման մասին Իրանն առաջին անգամ հայտարարել է 2011-ի դեկտեմբերին, իսկ այս տարվա մայիսին հայտարարվեց այդ նույն կառուցվածքում «Սարդար Միլլի» հանքավայրի հայտնաբերման մասին։ Հեղինակն ընդգծում է, որ երկու երկրների միջև հնարավոր առճակատումը կարող է Ռուսաստանին դրդել գերիշխող դեր ստանձնելու և Իրանին հրահրելու, որ ընդունի Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ ներկա ընդհանուր դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ մինչև հիմա Կասպից ծովի իրավական կարգավիճակը որոշվել է 1921-1940 թթ. ընդունված սովետա-իրանական պայմանագրերով և կոնվենցիայով, որոնց համապատասխան, ԽՍՀՄ-ն ու Իրանը պաշտոնապես չէին սահմանազատում Կասպից ծովի ջրերն ու հատակը, սահմանելով միայն 10-մղոնանոց առափնյա ազգային ձկնորսական գոտիներ։ Մերձկասպյան երկու երկրների նավերին թույլատրվում էր լողալ ամբողջ ծովում, սակայն այստեղ այլ երկրների նավերի ներկայությունն արգելված էր։ Այսպիսով, Կասպից ծովն ուներ «սովետա-իրանական փակ ծովի» կարգավիճակ, որը համատեղ օգտագործվում էր երկու երկրների կողմից։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացած կասպյան ավազանի նոր պետությունները պահանջեցին կնքել մերձկասպյան արդեն հինգ պետությունների նոր պայմանագիր, և դրա հետևանքով ծագեցին մեծ ու չլուծվող խնդիրներ։ Խնդիրը դժվարանում էր այն պատճառով, որ Կասպից ծովի հատակում կան նավթի ու գազի կուտակաշերտեր, և երկրներից յուրաքանչյուրն իր ազգային ու տնտեսական շահերն էր տեսնում, որոնք կարող էին չհամապատասխանել հարևանների շահերին։ Բացի դրանից, նոր գազամուղները պետք է գցվեն ծովի հատակով, իսկ դա, ինքնըստինքյան հասկանալի է, դուր չի գալիս ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Իրանին։ Այս երկու երկրներին միանգամայն ձեռնտու են առկա պայմանավորվածությունները, և նրանք, համենայն դեպս, մինչև վերջերս, առաջարկում էին դրանց հիմքի վրա նոր պայմանագիր կնքել։ Միևնույն ժամանակ, Ղազախստանն ու Ադրբեջանն առաջարկում էին ամբողջ ջրավազանը բաժանել` նշելով յուրաքանչյուր սուբյեկտի տարածքային և տնտեսական գոտիները, ինչը թույլ կտար առանց խնդիրների զբաղվել նավթի ու գազի հետախուզմամբ և արդյունահանմամբ։
Հիմա, ինչպես դժվար չէ ենթադրել, Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացմանը զուգընթաց, ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում կասպյան ավազանը` նավթի ու գազի իր պաշարներով, ինչպես նաև նոր հաղորդուղիները։ «Նաբուկո» գազամուղի նախագիծն այսօրվա դրությամբ կորցրել է հրատապությունը, բայց դրա տեղը գրավել են նախատեսվող այլ երթուղիներ` Վրաստանի հղացած AGRI խողովակաշարը և Անդրանատոլիական TANAP գազամուղը, որի առնչությամբ արդեն միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Այնպես որ, Ադրբեջանը դեռ կարող է գժտեցնել տարածաշրջանի բոլոր պետություններին։ Ռուսաստանը երկար ժամանակ կարողանում էր սառեցնել խնդիրը, սակայն, երևում է, մոտենում է այն պահը, երբ նրա կարծիքն արդեն բանի տեղ չեն դնի։
Այսպես, ամերիկյան հեղինակավոր հանդեսը մեզ նախապատրաստում է այն բանին, որ ընդհարումը կասպյան ավազանում անխուսափելի է, և դրա պատճառը մերձկասպյան պետությունների շահերի անհամապատասխանությունը կլինի։ «Թերևս, գլխավոր, բայց ոչ միակ պատճառն անվստահությունն է Իրանի նկատմամբ։ Ավելի փոքր երկրներն անգամ երկյուղում են, թե ծովում Ռուսաստանի գերիշխանությունը Մոսկվային հնարավորություն կտա թելադրողի դերում հանդես գալու նավթի-գազի ոլորտի իրենց քաղաքականության մեջ։ Իրանն ու Ռուսաստանն էլ երկյուղում են մերձկասպյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայությունից։ Այս բոլոր գործոնները միմյանց չվստահող երկրների շրջանակում հնարավոր առճակատման հող են նախապատրաստում»,- գրում է հանդեսը։
Ինչպես պետք էր սպասել, այս իրավիճակում Բաքուն սկսել է ավելի ու ավելի բացահայտորեն օգնություն խնդրել ԱՄՆ-ից, վկայակոչելով ծովում լարվածության սրումը։ Իսկ Ռուսաստանն ու Իրանը, ինքնըստինքյան հասկանալի է, կարծում են, որ դա հարձակում է իրենց ռազմավարական «արվարձանների» վրա։ Հիմա կայուն անդորրը պակաս չի խռովում նաև Թուրքմենստանը։ Նրան անհրաժեշտ է, շրջանցելով Ռուսաստանը, իր ունեցած գլխավոր և, փաստորեն, միակ կռվանով` գազով, ճեղքում կատարել և թափանցել Եվրոպայի վաճառահանման շուկաներ։ Իսկ դա առայժմ հնարավոր է (Արևմուտքի հետ Իրանի ունեցած խնդիրների պատճառով) միայն Կասպից ծովի հատակով, ապա` Ադրբեջանի տարածքով։ Եվ դա օրինականության շրջանակներում անելու համար Աշգաբադին խանգարում է ծովի կարգավիճակի անորոշությունը։ Բացի դրանից, լուրջ խնդիրներ կան նաև հանքավայրերի պատկանելության որոշման գործում։ Չէ՞ որ Ադրբեջանը, չնայած հարևանների դժգոհությանը, դեռևս միակողմանիորեն շարունակում է «Խազար» և «Օսման» հանքավայրերի (ադրբեջանական տարբերակով` «Ազերի» և «Չիրագ») շահագործումը։ Ընդ որում, այդ զույգին է բաժին ընկնում Ադրբեջանում նավթի հանույթի հիմնական ծավալը։ Հիմա դրանց ավելացել է նաև «Քյափազը», ուր Թուրքմենստանը, չնայած Բաքվի կաղկանձին, սկսել է աշխատանքներ կատարել։ Եվ ամենահետաքրքրականն այն է, որ նա այդ բանն արեց երկրի նախագահի Իրան կատարած այցի ժամանակ։ Հենց այդ ժամանակ էլ իրանական «Արաննյուզ.իր» կայքում հրապարակված հոդվածում մեկնաբանվեցին իրադարձությունների վերջին զարգացումներն Ադրբեջանի և Թուրքմենստանի հարաբերություններում, և հավանական համարվեց ռազմական բախումն Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև։
Մինչդեռ Ռուսաստանն այս վեճերի պայմաններում զորավարժություններ անցկացրեց Կասպից ծովում։ Բաքվում դրանք գնահատեցին որպես «ուղերձ» մերձկասպյան երկրներին, ուր «ամբողջ աշխարհաքաղաքական և իմպերիալիստական քաղաքականությունը սքողված է հակաահաբեկչությամբ և հակադիվերսիայով»։ Հիշեցնենք, որ Կասպից ծովում Ռուսաստանի ռազմածովային զորավարժություններն սկսվեցին հունիսի 18-ին։ Դրանց մասնակցում էին տարբեր տիպի 15 ռազմանավ և մոտ 300 ծովային։ Զորավարժությունների անցկացման հիմնական նպատակն էր ստուգել տարբեր իրավիճակներում կասպյան նավատորմի մարտունակությունը, բայց հասկանալի է, որ Ռուսաստանն իր հզորությունն էր ցուցադրում։ Նկատենք, որ մինչև հիմա տարածաշրջանում ռազմածովային նավատորմ ունեին միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը, իսկ հիմա նավատորմ են ստեղծել նաև Ղազախստանը, մասամբ` Իրանը, արդեն նաև Թուրքմենստանը։ Այդ գործում շատ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նաև մի շարք օտար տերություններ, մասնավորապես ԱՄՆ-ը, որը նպաստում է Ղազախստանի և Ադրբեջանի տորմիղների պատրաստությանը։ Եվ դա չնայած այն բանին, որ, ռուսական վարկածի համաձայն, Կասպից ծովի վերաբերյալ համաձայնագրերում պետք է վավերագրվի, որ արգելվում է օտար պետությունների ռազմական ուժերի տեղակայումն այդ ջրային տարածքում։
Իսկ ի՞նչ կլինի, եթե մեկնումեկը որոշի միակողմանի կարգով աշխատանքներ սկսել խողովակաշարերի գցման և հանքավայրերի լայնածավալ յուրացման ուղղությամբ դեռ մինչև Կասպից ծովի բաժանման հարցի լուծումը։ Տեսականորեն այստեղ կա խնդրի ուժային լուծման տարբերակ։ Ճիշտ է, փորձագետները կասկածում են, թե Ռուսաստանը` գլխավոր «բողոքավորը», նման կտրուկ գործողության կդիմի, և կարո՞ղ է նա, օրինակ, ոչնչացնել արդյունահանման հարթակները։ Փորձագետները, այդ թվում` ռուս, կարծում են, որ «հազիվ թե», ինչը, երևի, չես ասի Իրանի առնչությամբ։ Թեև, հավանաբար, այս ամենում առկա է «առայժմ» բառը։ Այնպես որ, եթե նավթի հոտին շուտով գումարվի նաև արյան հոտը, երևի պետք չէ զարմանալ։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 4150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ