38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՈՒկրաինայում ինչ-որ պահի տեղի ունեցավ թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ քաղաքական խավի լճացում

ՈՒկրաինայում ինչ-որ պահի տեղի ունեցավ  թե՛ քաղաքացիական հասարակության,  թե՛ քաղաքական խավի լճացում
29.06.2012 | 01:17

Ժամանակին ամերիկյան դիվանագետ, ՈՒկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հերբսը պետդեպարտամենտ մի զեկույց էր ուղարկել ուկրաինացի որոշ քաղգործիչների և կուսակցությունների թույլ և ուժեղ կողմերի վերաբերյալ: Այդ զեկույցը հմտորեն օգտագործվեց ԱՄՆ-ի այն քաղաքական շրջանակներում, որոնք կապված էին հանրահայտ լոբբիստական VBHC ֆիրմայի հետ: Այս վերջինս ունի ոչ միայն ԱՄՆ-ի բարեկամ երկրների, այլև խիստ անցանկալի վարչակազմերի և բացահայտորեն թշնամական կառավարությունների ու ընկերությունների շահերի պաշտպանության փորձ: Օրինակ, 2006 թվականից մինչ օրս այդ ֆիրման, Սերբիայի կառավարության պատվերով, պաշտպանում է նրա շահերը` ընդդեմ Կոսովոյի: Ընդ որում, այդ աշխատանքն ընթանում է բավական հաջող, քանի որ ֆիրման գործի է դրել հետախուզական ծառայությունների ունեցած տեղեկությունները Հարավարևելյան Ասիայում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում թմրամիջոցների առևտրի ու քաղաքական հողի վրա պատվերով սպանությունների հետ կոսովցի քաղգործիչների ու կլանների կապերի առնչությամբ: Զեկույցը և դրանում արված ընդհանուր հետևություններն ուկրաինացի խոշոր ձեռնարկատեր Ռինատ Ահմետովի պատվերով և LLP կորպորացիայի աշխատակիցների օգնությամբ այդ ֆիրման ձեռք էր բերել և դիտավորյալ տարածել Վաշինգտոնում, թեև զեկույցի մասին լուրերը հայտնի էին որոշ վերլուծական կենտրոններում և հայտնություն չէին ԱՄՆ-ի քաղաքական ու վերլուծական շրջանակների համար: ՈՒկրաինայում գործուղումն ավարտելուց հետո, Ջոն Հերբսը ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտում հանդես եկավ զեկուցմամբ, որը նվիրված էր այդ երկրում տիրող իրավիճակին: Զեկուցումը մեծապես արտացոլում էր պետդեպարտամենտի համար պատրաստված զեկույցի բովանդակությունը, որն արդեն լայնորեն քննարկվում էր որոշակի շրջանակներում: Ջոն Հերբսի դիրքորոշումն ուներ հետևյալ թեզիսները։
ՈՒկրաինան շատ ավելի բարդ հասարակություն ունի, քան ենթադրում էին քաղգործիչներն ու փորձագետները, այստեղ ձևավորվում են նոր հայացքներ, դիրքեր ու շահեր, քաղաքական կուսակցություններն ու առաջնորդները, օգտագործելով արտաքին հարաբերությունները, փորձում են արտաքին աջակցությունն օգտագործել իշխանություն ձեռք բերելու համար, այդ գործընթացների շրջանակներում իրականացվող արտաքին քաղաքականությունը ծառայեցվում է ներքաղաքական խնդիրներին:
Մեկնարկային տարբեր դիրքերի ու հռչակված նախասիրությունների պայմաններում, ներկա իրադրությունը դիտարկվում է որպես քաղաքական ու հասարակական ուժերի նոր հաշվեկշռի ձևավորման ժամանակաշրջան, ինչն անհրաժեշտություն է առաջացնում այդ իրավիճակն ՈՒկրաինայում ընկալելու որպես ոչ մշտական, երբ հնարավոր են ամենադրամատիկ իրադարձությունները` կապված արտաքին կողմնորոշումների ճշգրտման հետ:
ՈՒկրաինան լիովին ձևավորված քաղաքացիական հասարակություն չունի, իսկ քաղաքական խավն էլ բազմապիսի խմբավորումների մի հավաքածու է։
Երկրում զգալի խնդիրներ կան` կապված քաղաքական գործիչների և կուսակցությունների քաղաքական կեցվածքի ու գործունեության գնահատման հետ, ինչն անդրադառնում է նրանց վարկանիշի, ինչպես նաև երկրի տարածաշրջանների արդյունավետ կառավարման, վերահսկողության, կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի վրա։
ԱՄՆ-ի քաղաքականությունը չի կարող հենվել ՈՒկրաինայի այս կամ այն գործչին կամ կուսակցությանը միակողմանի նախապատվություն տալու վրա, դա քաղաքական իմաստից զուրկ է և արդարացված չէ հեռանկարի տեսակետից, ուստի անհրաժեշտ է ավելի ընդունելի հարաբերություններ հաստատել քաղաքական տարբեր խմբավորումների հետ: Միակողմանի նախապատվությունը կհանգեցնի հասարակական-քաղաքական ուժերի «բևեռացմանը», ինչը կարող է ՈՒկրաինայի պառակտման և Արևելյան Եվրոպայում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակի արմատական փոփոխման իրական պատճառ դառնալ:
Արևելաուկրաինական քաղգործիչներն անհրաժեշտ հատկանիշներ ու խելք ունեն` հասկանալու իրավիճակը, ինչպես նաև լի են պատրաստակամությամբ` լայնորեն համագործակցելու Արևմուտքի հետ: Արևմուտքի հետ համագործակցությունից Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի կտրական հրաժարումը կարող է առաջացնել քաղաքական ջրբաժանի իրականացման աննպաստ ավանդույթ, ինչը ձեռնտու է միայն Ռուսաստանին և ՈՒկրաինայի ռուսամետ ուժերին:
Ելույթ ունենալով վերը նշված սեմինարում, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Պոլա Դոբրյանսկին պաշտպանեց զեկուցման հիմնական դրույթները և առաջարկեց այն ավելի խորությամբ քննարկել վերլուծական ոլորտում: Նշվում է, որ նրա աշխատանքում ծագել են նոր շարժառիթներ, որոնք վկայում են ՈՒկրաինայի խորհրդարանական տարբեր խմբակցությունների ու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ շփվելու և զրուցելու պատրաստակամության մասին: Օրինակ, հայտնի է, որ ժամանակին նա մի շարք հանդիպումներ է ունեցել ՈՒկրաինայի ամենատարբեր քաղաքական ուժերի հետ` Սև ծովում ՆԱՏՕ-ի ներկայության և զորավարժությունների անցկացման խնդիրների առնչությամբ: Պոլա Դոբրյանսկին ներկա է եղել Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ՈՒկրաինայի արտգործնախարար Արսենի Յացենյուկի ելույթի ժամանակ: Նախարարի ելույթից հետո, տարբեր հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ զրուցելիս, նա նշել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է ավելի լայն հարաբերություններ հաստատել ՈՒկրաինայի քաղաքական շրջանակների հետ, որոնք տարբեր ճամբարների են պատկանում, ձգտում են համագործակցել եվրատլանտյան կառույցների հետ: Ամերիկյան փորձագետների կարծիքով, դա կնշանակեր ԱՄՆ-ի կողմից ՈՒկրաինայի քաղաքական կուսակցությունների ու քաղգործիչների հանդեպ իր դիրքորոշման ու քաղաքականության վերանայում: Հարկ է նշել, որ Պոլա Դոբրյանսկին ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմում մեծ դեր է խաղացել ՈՒկրաինայի հանդեպ քաղաքական գերակայությունների ու իրատեսական պատկերացումների հաստատման գործում:
Ամերիկյան VBHC լոբբիստական ֆիրման տարիներ ի վեր ձգտում է ամրանալ Արևելյան Եվրոպայի քաղաքական խորհրդատվության և լոբբիզմի շուկայում: Այդ ֆիրման Արևելյան Եվրոպայում իր գործունեության առաջին շրջանում գերադասում էր աշխատել միջնորդների միջոցով, սպասարկելով Բալկանների կառավարությունների ու քաղաքական խմբավորումների և Արևելյան Եվրոպայի ու Հարավարևելյան Ասիայի շահերը: Այդ ֆիրմայում համագործակցում են մի շարք փորձառու վերլուծաբաններ և խորհրդատուներ, որոնք նախկինում աշխատել են ԱՄՆ-ի պետդեպում, Պենտագոնում, ԿՀՎ-ում, Հետախուզության ազգային խորհրդում, ինչպես նաև Կոնգրեսում: Այդ աշխատակիցներն ունեն լայն կապեր, քաղաքական փորձ, եզակի տվյալներ քաղաքական գործիչների, ընկերությունների ու կառավարությունների վերաբերյալ:
Ընդունում ենք հետևյալ վարկածը. ԱՄՆ-ի աջ հանրապետական շրջանակները քննադատել են վարչակազմի քաղաքականությունն ՈՒկրաինայի նկատմամբ, մեղադրելով իրենց մրցակից քաղաքական նախագծողներին, որոնք պատկանում են ձախ ազատականների ճամբարին: Վերջիններս ավելի շատ ներկայացնում են ժողովրդավարության ազգային ինստիտուտը, գաղափարախոսությամբ և ուղղվածությամբ համանման ամերիկյան «ուղեղային կենտրոնները»: Հանրապետականներն աշխատում են ուկրաինական իրադրության առումով կիրառել այն նույն տրամաբանական-գաղափարախոսական սխեման, որը գործադրվել էր Ռուսաստանում գեներալ Ա. Լեբեդի նկատմամբ: Նա ներկայացնում էր ոչ թե ազատական, այլ, ավելի շուտ, աջ պահպանողական քաղաքական խմբավորում, ունենալով խմբային և անձնական մեծ շահեր, պատրաստ համագործակցելու Արևմուտքի հետ, հատկապես` հանրապետական կուսակցության ծայրահեղ աջ թևի: Աշխարհաքաղաքական պատկերացումները տեղավորվում են Եվրամիության և Ռուսաստանի տարազատման, ուկրաինական քաղաքական իրադրության միջոցով նրանց միջև լուրջ հակասությունների բորբոքման խնդիրների շրջանակներում, նպատակ ունենալով մեծացնելու ԱՄՆ-ի քաղգործիչների ու քաղնախագծողների այդ շրջանակի ազդեցությունը, վարչակազմում և Կոնգրեսում այդ շրջանակի համար որոշակի դիրքեր ձեռք բերել` անկախ վարչակազմի կուսակցական պատկանելությունից:
Նման բազմամարդ, բայց ամբողջական հղումը լիովին ներդաշնակում է ԱՄՆ-ում ընթացող խմբային պայքարի տրամաբանությանը, այդ թվում` հանրապետական կուսակցության և որոշակի շրջանակների ներսում: Չունենալով բավարար տեղեկություններ, այնուամենայնիվ, փորձենք մի շարք փաստարկներ բերել այդ վարկածի հաստատման համար: Բացի վերլուծական և հետախուզական աշխատանքից, կիրառվում է լայնընդգրկուն նախագծի արմատավորման մեթոդ, որի իրականացումը կապվում է Արևելյան Եվրոպայի որոշակի հատկանիշներով օժտված վերնախավերի հետ:
Արևելյան Եվրոպայում ավելի նպաստավոր պայմաններ են եղել նոր վերնախավերի առաջացման համար, քան սպասվում էր: Այդ ընտրյալ խմբերը շուկայական հարաբերությունների և արևմտյան արժեքների կրողներն են, իրենց երկրներում հանդես են գալիս ազատությունների և իրավունքի գերակայության օգտին: Քաղաքացիական հասարակության զարգացումը տեղի է ունեցել փոքր-ինչ այլ կերպ, քան ենթադրվում էր, ինչը հանգեցրեց հակասական ինտեգրացիոն գործընթացների, որոնք ավելի ընդարձակ հասարակական գործընկերություն ստեղծեցին:
Տեղի են ունեցել ազգայնական և աջ գաղափարների միաձուլում և սինթեզ, հասարակության տարբեր շերտեր գտնում են համագործակցության անսպասելի ձևաչափեր, սպասվում են նոր դաշինքներ ու հասարակական միավորումներ` ինչպես աջ, այնպես էլ ձախ հակման, սաստկանում է օրախնդիր քաղաքականության կենտրոնաձիգ դիրքորոշումը: Այս միտումները հանգեցնում են մի այնպիսի խնդրի նկատմամբ վերաբերմունքի վերանայման, ինչպիսին է համագործակցությունը Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ: ՈՒկրաինան արդեն դարձել է ոչ թե մի երկիր, որտեղ տեղի է ունենում հասարակության «բևեռացում», այլ ցուցադրում է, որ հասկանում է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դառնում է այն խմբերի քաղգործիչների պարտադիր գիծը, որոնք առաջ այդ գաղափարները չէին ընդունում:
Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական, տնտեսական և անգամ ստեղծագործական վերնախավերը հաջող զարգացումը չեն պատկերացնում առանց Արևմուտքի հետ համագործակցության: Այդ երկրների գործարարները դարձել են նման գաղափարների ջատագովներ: Պետք է հասկանալ, որ նոր վերնախավերին այժմ բնորոշ է «պահպանողականությունը` կայուն աջ հայացքներով»: Գործընկերների ու հակառակորդների միարժեք ընկալման ժամանակներն անցել են: Արևելյան Եվրոպայի երկրներում ստեղծված քաղաքական և սոցիալական պայմաններում քաղաքականության ու գաղափարախոսության մեկ կողմնորոշում չի կարող լինել:
Հետաքրքիր է, թե ՈՒկրաինայի առնչությամբ ինչ հետևություններ են անում ամերիկյան փորձագետները, որոնք ներկայացնում են ավելի ազատական ինստիտուտները` ժողովրդավարության ազգային ինստիտուտը, «Բրուքինգս-ինստիտուտը» և CATO-ն: Փորձագետների այդ խումբն այն կարծիքին է, որ ՈՒկրաինայում քաղաքական խմբերից և ոչ մեկը շահագրգռված չէ իրավական նորմերի ու կանոնների պահպանմամբ ընտրություններ անցկացնելով: Ոչ մի խմբավորում վստահ չէ իր հնարավորություններին, և հասարակությունը խիստ հիասթափված է քաղաքական կուսակցություններից ու ընտրություններից: Առաջատար կուսակցությունները ձգտում են թույլ չտալ, որ քաղաքական ասպարեզ մուտք գործեն նոր քաղաքական կուսակցություններ և նոր լիդերներ: ՈՒկրաինայում ինչ-որ պահի տեղի ունեցավ թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ քաղաքական խավի լճացում: Դրա հետ մեկտեղ, գործուն քաղաքական կուսակցություններից ոչ մեկը չի կարող լիարժեքորեն գլխավորել ուկրաինական ժողովրդին, բայց մրցակիցների միջև եղած հակասություններն այնքան խոր են, որ հույս չկա, թե կարող է ստեղծվել ամուր ու հավասարակշիռ կառավարություն, իսկ կոալիցիա պարզապես սկզբունքորեն անհնար է:
Փորձագետները խոստովանում են, որ այս իրավիճակում ԱՄՆ-ի հանրապետական շրջանակներն ուժեղ ճնշում են գործադրել վարչակազմի վրա, պահանջելով հրաժարվել ՈՒկրաինայի ժողովրդավարական ուժերին ցուցաբերվող միակողմանի աջակցությունից և աջակցել նաև այլ քաղաքական ուժերի, նախ և առաջ Վ. Յանուկովիչի խմբավորմանը: Փորձագետների կարծիքով, իրականում աջակցություն է ցուցաբերվում ոչ թե մի քանի առաջնորդների ու կուսակցությունների, այլ ուշադրությունը սևեռվում է առաջնորդներից մեկի վրա, որն առայժմ ներքին կամ արտաքին քաղաքականության ոչ մի արմատական խնդիր չի լուծել: Կասկած է առաջանում, որ Վ. Յանուկովիչն առհասարակ ընդունակ չի լինի լուծելու որևէ արտքաղաքական հարց, ինչն ակնկալում են նրա համակիրները ԱՄՆ-ում: Վ. Յանուկովիչն ամենևին էլ նոր տիպի քաղաքական գործիչ չէ, և նրա միակ նոր բանը սոսկ նոր ընկերներն են Նահանգներում: Կոմունիստական համակարգի փլուզումից հետո ընկած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ այն քաղգործիչները, ովքեր լուրջ մտադրություն ունեն փոխելու իրենց երկրի արտաքին քաղաքականությունը, որպես կանոն, խիստ գաղափարականացած են: Քաղաքական գաղափարախոսությունն անցումային շրջան ապրող պետությունների կարևոր բաղկացուցիչն է: Բայց Վ. Յանուկովիչի մեջ գաղափարախոսության նշույլ իսկ չկա, դա մի սովորական կարիերիստ է, որը հանուն իշխանության պատրաստ է գործընկերության Ռուսաստանի ցանկացած վարչախմբի հետ, և բարեկամության` Արևմուտքում ում հետ ասես:
Ներկայումս ՈՒկրաինայում աշխատող ամերիկյան խորհրդատվական ֆիրմաները ներկայացնում են ոչ թե խորհրդատուներ, այլ ոչ առաջին ձեռքի «միջնորդներ», որոնք քաղաքական բարդ շրջանում ձգտում են փող աշխատել խաբեությամբ, կեղծ տպավորություններով: Այն կարծիքը, թե ամերիկյան խորհրդատուները, ի տարբերություն ռուսների, հաջողության հասցրին Վ. Յանուկովիչին, մոլորություն է: Հենց Ժողովրդավարության ազգային ինստիտուտը, որը կազմակերպում էր ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունն ու, ընդհանուր առմամբ, քաղաքացիական հասարակությունը, հնարավորություն ստեղծեց ՈՒկրաինայում անցկացնելու ավելի օրինաչափ ընտրություններ: Ներկայումս, չնայած Յու. Տիմոշենկոյի դատապարտման կապակցությամբ ԱՄՆ-ի քննադատությանը և, առհասարակ, Վ. Յանուկովիչի թիմի նկատմամբ Վաշինգտոնի գործադրած ճնշմանը, նա և նրա շրջապատը շատ ընդունելի են ԱՄՆ-ի շահերի ու նպատակների համար:
ՈՒկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը և Վ. Յանուկովիչի իշխանության գալը զուգադիպեցին Բ. Օբամայի վարչակազմի քաղաքական մուտքին, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ արձանագրված զգալի դադարին: Դա հնարավորություն ընձեռեց, որ Ռուսաստանը նկատելիորեն ակտիվացնի իր քաղաքականությունը շատ տարածաշրջանների ու պետությունների նկատմամբ, այդ թվում` ՈՒկրաինայի: Ներկայումս, երբ այդ դադարն արդեն ավարտված է, և ԱՄՆ-ը վերստին քաղաքականություն է իրականացնում Արևելյան Եվրոպայում, նախ և առաջ Սև ծովի ավազանում և Հարավային Կովկասում, դա կարող է չառնչվել ՈՒկրաինային` որպես Արևելյան Եվրոպայի և Սևծովյան տարածաշրջանի առանցքային պետության: Դա, որոշակիորեն, ՈՒկրաինայի քաղաքական ղեկավարությանը նաև դրդել է նախաձեռնություններ հանդես բերել բազմակողմանի երկխոսությունների համար, առաջին հերթին, Ռուսաստանին որոշ պահանջներ ներկայացնելու էներգետիկայի և Սև ծովի հարցերի առնչությամբ: Անշուշտ, ԱՄՆ-ը նոր նախաձեռնություններով հանդես կգա ՈՒկրաինայի առնչությամբ, օգտվելով նախորդ բոլոր պարտավորություններից ու համաձայնություններից, որոնք ձեռք են բերվել Վ. Յանուկովիչի հետ: Դրա հետ մեկտեղ, բացառված չէ, որ ԱՄՆ-ն ակտիվացնի ուկրաինական ընդդիմությունը, ուստի և իշխանությունները ձգտում են հնարավորինս շուտ քաղաքական ասպարեզը մաքրել առավել լուրջ մրցակիցներից:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ