Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Պատասխան հարվածի շրջագծից դուրս

Պատասխան հարվածի շրջագծից դուրս
18.05.2012 | 10:22

Խորհրդարանական ընտրությունների 12-րդ օրը տրամաբանորեն պիտի պակասեին հարցերը, և քաղաքական նոր խճանկարը հավաքված պիտի լիներ: Հայտարարությունների ու հայտնությունների պակաս չկա, և չկա հստակություն: Որովհետև բոլորի հայտարարությունների ու հայտնությունների հիմքում յուրաքանչյուրի սպասողական վիճակն է` բոլորը բոլորին ասում են, որ իրենք խաղացող են, ոչ ոք խաղն իր վրա չի վերցնում: Հայ քաղաքական միտքն ու կամքը շարունակում են մնալ պատասխան հարվածի շրջագծում` մենք ունենք փայլուն հակախաղեր, մենք ունենք հիանալի հակահարվածներ, մենք ունենք զգետնող հակափաստարկներ, բայց մենք մատնվում ենք պարապուրդի, երբ խաղը, հարվածը և փաստարկը չկան: Կա զգլխիչ անորոշություն: Որովհետև ով ասում է խորհրդարանական ընտրություն, մտքում ունի նախագահական ընտրությունը, և այսօրվա բոլոր քայլերը կառուցում է վաղը չսխալվելու ծրագրի վրա: Կռահումների այս օրերը շահելու է նա, ով աջ ու ահյակ անընդմեջ հաշվարկելու փոխարեն հանձն է առնելու իր քայլով մյուսների պատասխանը հարուցելու ռիսկը:

Մայիսի 15-ին խոսեց «Ազատ դեմոկրատները»` չասելով նոր ոչինչ. նրանք չասելով` ասացին հիմնականը. մանդատներից չեն հրաժարվում: «Այս ընտրությունները չարդարացրին մեր, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի և հայ հասարակության ակնկալիքները,- ասացին նրանք ու հավելեցին.- ցավոք, այս ընտրությունները չարձանագրեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերությունը խորհրդարանում: Այս անգամ ևս ժողովրդի կամքը ստորադասվեց ընտրակաշառքների տարափին: Արձանագրվեց նաև, որ ընտրակաշառքների մեխանիզմները բավականին հղկվել են, և դրանք չեն իրականացվում ընտրատեղամասերում, այլ գործի են դրվում տեղամասերից դուրս և մինչև ընտրությունների օրը` օգտագործելով վարչական և ֆինանսական ողջ ներուժը»: Թվում էր` այս գնահատականից հետո տրամաբանական ելքը մանդատը վայր դնելն է և այդքան «անօրինական ու անլեգիտիմ» ընտրությունն իրենց ներկայությամբ օրինական ու լեգիտիմ չդարձնելը, բայց դեմոկրատիան, այն էլ` ազատ, գտնում է այլ ելք. «Արձանագրելով, որ այս ընտրությունները ևս չարտահայտեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, այդուամենայնիվ, չի նահանջում և շարունակելու է իր սկզբունքային պայքարը հանուն նոր Հայաստանի և հանուն ՀՀ քաղաքացու բարօրության»: Մնում է, որ «Ազատ դեմոկրատները» կամ այս հայտարարության տեքստը պահի մյուս ընտրությունների համար, կամ կողմնորոշվի` նոր Հայաստանին հասնելու ճանապարհը տեսնում են ընտրությունների՞ միջոցով, թե՞ իրենց «չնահանջը» որոնելու է պայքարի այլ ձևեր:

Նույն օրը խոսեց և «Ժառանգությունը»: Շատ տպավորիչ: Համակարգային խոր տագնապի, ավելի խոր ու տագնապաշատ համապետական վիհի, հայ հանրության հոծ զանգվածներին պարտադրված մեղսակցության պաշտամունքի, բացարձակ քամահրական պահվածքի, ազգային կամարտահայտության անկապտելի սկզբունքի մասին։ Այդքան շատ և գեղեցիկ բառերից պարզ դարձավ, որ «ևս մեկ անգամ հայ ժողովրդին բաժին հասավ դեֆակտո խորհրդարան, և եթե մենք միասին ու անհապաղ չգործենք` նրան վերադարձնելու իշխանությունը և օրենքի պաշտպանությունը, ինչպես հարկն է, հանրապետությունը դատապարտված է դիմավորելու նաև հաջորդ դեֆակտո նախագահին` ի թիվս նրանց երկար շարքի»: Հանկարծ չսխալվեք ու չհարցնեք` ինչպե՞ս: Որովհետև հաստատ ստանալու եք առավել մանվածապատ դեֆակտո պատասխան, որից դեյուրե ոչինչ չեք հասկանալու: Համենայն դեպս, մինչև հունիսի 2-ը, երբ «Ժառանգությունը» հրավիրելու է իր համագումարը: Իսկ մինչ այդ նրանց էլ հավելեք խորհրդարանի պատգամավորների թվին:

ՀՅԴ-ն էլ շարունակում է անկեղծ ու անկաշառ զարմանալ. եթե ժողովրդի կամքը չի արձանագրվել, ի՞նչ է նշանակում, եթե քաղաքական ուժերի ճշգրիտ պատկերը չի ներկայանում ԱԺ-ում, ընտրություններն ո՞ւմ են պետք: Ժողովրդի 90 տոկոսը դժգոհ է իր վիճակից, բայց 85 տոկոսը քվեարկել է իշխանության օգտին. սա պայթյունավտանգ իրավիճակ է: ՈՒ հենց այդ պատճառով նրանք պայքարը շարունակելու են, ինչպես Հրանտ Մարգարյանն է ասում, «ամեն օր, ամեն տեղ», բայց «մենք նույնիսկ այս պահին զերծ ենք մնալու ինքնանպատակ գործողություններից, մեր դաշնակիցը համարում ենք ժողովրդին»: Ճիշտ է, Հրանտ Մարգարյանը չի մանրամասնում` ո՞ր ժողովրդին` 85 տոկո՞ս, թե՞ 5, թե՞ 15, ընդհանրապես` քաղաքական ուժերի՞, թե՞ ժողովրդի գործն է պայթյունավտանգ իրավիճակի պայթյունազերծումը` խեղդվողի փրկությունը խեղդվողի գործն է սկզբունքով: Նրանք էլ իրենց անելիքները գերագույն ժողովից հետո կճշտեն, իսկ մինչ այդ կգնան խորհրդարան, հետո էլ, ըստ «կազմակերպության մեջ եղած տրամադրությունների», սեփական թեկնածուն կունենան նախագահական ընտրություններում:

Ավելի գլոբալ խնդիրներ է լուծում ԲՀԿ-ն` իր «հնարավոր մասնակցությունը ապագա կոալիցիոն կառավարությանը»: Սեփական կուսակցական ցուցակի ճշտումն արած կուսակցության համար այդ հարցը պետք է փակված լինի: Մասնակցում են` «կես միլիոն հայրենակիցների վստահությունը» ջուրը չեն գցելու, մասնակցում են, բայց նրանց համար «որևէ կոալիցիա չի կարող ինքնանպատակ լինել: Մի քանի նախարար ավելի կամ պակաս ունենալ կամ չունենալը ԲՀԿ-ի համար որևէ նշանակություն չունի»: Գուցե, բայց սովորաբար բուռն ժխտումը սահմանակցում է հաստատմանը, մանավանդ քաղաքականության նուրբ կշեռքում, որտեղ հավասարակշռության տևական վիճակ համարյա չի լինում: ԲՀԿ-ն իսկապես էլ «ինքնանպատակ» չեն կոալիցիայի մեջ ներառում: Հանցավոր թողտվություն կլինի այդքան ժողովրդական ու այդքան ժողովրդանվեր ուժը հանձնել սեփական նավարկության վտանգներին: ԲՀԿ-ն այնքան կառուցողական ու այնքան հետևողական կլինի, որ ներսի ու դրսի որևէ հակասություն չի վտանգի իր անամպ ուղին դեպի... հաջորդ ընտրություններ: Խորհրդարանական: Որովհետև նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ն արդեն իր տեսակետն ասել է: Նախորդ դասին: Իսկ տարատեսակ զիգզագներն ընդամենը պարզ ու անհետաքրքիր սակարկությունների հետևանք են, որտեղ նժարին ոչ այնքան հնչեղ պաշտոններն են, որքան տնտեսական լծակների պաշտպանության անհրաժեշտությունը:

Վերջապես իր համարյա պատմական նիստն արեց ՀՀԿ-ն, որին սրտատրոփ սպասում էին և՛ նրանք, ովքեր համամասնական ցուցակում էին, և՛ նրանք, ովքեր համամասնական ցուցակից պիտի հեռանային` ոմանք օրենսդիրից առավել շահեկան գործադիր իշխանություն, ոմանք` կուսակցական աշխատանքի: Այլևս ինտրիգներ չկան, կա հավանականության տեսություն, որի գործունակությունը մաթեմատիկոսները վաղուց են հիմնավորել: Բայց և ոչ մի մաթեմատիկոս չի հավաստել, որ հարցերի պակասելուն զուգահեռ ավելանում են պատասխանները: ՈՒզում ես` հավատա, ուզում ես` փոխվիր, ուզում ես` հավատա ու մի փոխվիր:

Իր անամպ օրերն է անցկացնում և ՀԱԿ-ը: Գրեթե վերջին օրերը գործող կազմով, որովհետև ՀԱԿ-ը ոչ ինքն իր համար, ոչ քաղաքական այլ ուժերի համար, ոչ առավել ևս հանրության համար չունի հիմնական հարցի պատասխանը` ինչո՞ւ հանուն մեկ օրվա կասկածելի արդյունքի ջուրը գցեց իր քառամյա պայքարի արդյունքները: Ինչո՞վ է բացատրվում ԲՀԿ-ի նկատմամբ թուլությունը, որ ՀԱԿ-ի ղեկավարի հետ, փաստորեն, չէին կիսում ՀԱԿ-ի մաս կազմող քաղաքական ուժերը, թուլություն, որ կարող է կիսել ՀԱԿ-ը: «Հանրապետություն» կուսակցությունը առաջինն էր, որ բարձրաձայնեց իր անհամաձայնությունը կոնգրեսից հեռանալու արմատական քայլով: Բայց հասկանանք, որ խնդիրը բնավ էլ «Հանրապետության» մեջ չէ, որքան էլ Արամ Սարգսյանն իր ամբողջ քաղաքական գործունեության մեջ, հաճախ ի վնաս իրեն, դավանել է անկեղծության գերակայության սկզբունքը: Խնդիրը բուն ՀԱԿ-ում է, որտեղ դեռ կոնգրեսի ստեղծումից առաջ հետագա քայլերի հստակ ծրագիր չի եղել, եղել են իշխանության ձեռնարկած գործողությունների համարժեք կամ ոչ համարժեք պատասխաններ: Իսկ Հայաստանի քաղաքական դաշտում բացահայտորեն պակասել և պակասում է այն ուժը (իշխանական, թե ընդդիմադիր` էական չէ), որ իր ծրագիրը կազմում ու կենսագործում է` հիմքում ունենալով ոչ թե ընդդեմ կամ ի հեճուկս, այլ սեփական, հաստատուն ու հեռանկարային քաղաքականությունը: Օրընթաց, իրավիճակային, հընթացս լուծումների մասնագետներ են բոլորը, ոչ մեկը չի ձգտում ժամանակի մեջ տեսնել իր քայլերի, որոշումների, նպատակների արդյունքներն ու հետևանքները: ՀԱԿ-ն ուներ (գուցե դեռ ունի) բոլոր հնարավորությունները այդ ուժը դառնալու, բայց, ինչպես բոլորը, ՀԱԿ-ը ևս օրվա սահմանների մեջ փորձեց պարփակել ժամանակը ու սկսեց տանուլ տալ, որովհետև ոչ միայն մենք ենք կախված ժամանակից, ժամանակն էլ կախված է մեզնից ու մեր որոշումներից: ՀԱԿ-ը, փաստորեն, ընտրեց ինքնափլուզման տարբերակը: Ակնհայտ է, որ կոնգրեսը, որքան էլ այդ ժխտվի, պառակտման եզրին է, որովհետև այս պահին ընտրության առաջ է` ո՞ւմ թեկնածությունը պաշտպանել նախագահական ընտրություններում: Լևոն Տեր-Պետրոսյանը գործնականում իր առաքելությունն ավարտել է, 2008-ին նա ստացավ աննախադեպ փոխհատուցում թե՛ 1996-ի, թե՛ 1998-ի դիմաց, նրա նախագահ դառնալն այլևս կարող է հետաքրքրել միայն ի հեճուկս ոմանց: (Ի դեպ, խորհրդանշական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և Արթուր Բաղդասարյանը նույն օրը վայր դրեցին պատգամավորական մանդատը): Ով-ով, բայց նա ճշգրիտ պատկերացնում է` ՀԱԿ-ի 7 տոկոսով նախագահական հավակնությունների արդյունքը խիստ կասկածելի է: Եվ ուրեմն` լավագույն տարբերակը ՀԱԿ-ի համար դառնում է... Ռոբերտ Քոչարյանը, որովհետև Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթելու շանսեր ունի միայն նա: Եվ այս հարթության մեջ էր կարևոր ԲՀԿ-ն, որ կարող էր դաշնակից լինել գործունեության կանխատեսելի ու անկանխատեսելի շրջագծերում: Աբսո՞ւրդ է: Առաջին հայացքից` անվիճելի: Բայց այդ աբսուրդը տեղակայեք ՀԱԿ-ի վարած քաղաքականության հիմքում ու բացատրություն կստանաք և՛ Գյումրիում ռուսական ռազմաբազայի, և՛ քաղաքական երկխոսության իրական նպատակների ու տեսանելի հետևանքների, և՛ ԲՀԿ-ի նկատմամբ անհասկանալի հակման, և՛ ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին ընտրարշավում քննադատելու, իսկ տրիումվիրատի երրորդ անդամին քնքշորեն խնայելու պատճառների մասին: Ի վերջո, ո՞ւմ վրա է խաղ դնելու ՀԱԿ-ը: Անցողիկ ո՞ր թեկնածուի, որ կարողանա անվերջ պարտվողի իր կարգավիճակը փոխել: Ստեփան Դեմիրճյանի՞: Հրանտ Բագրատյանի՞: Գագիկ Ջհանգիրյանի՞: Արամ Մանուկյանի՞: Նիկոլ Փաշինյանի՞: Լևոն Զուրաբյանի՞: Պատկերացրի՞ք ձեզ` նրանցից որևէ մեկին ընտրելիս: Հասկանանք և ՀԱԿ-ին` հին կովկասյան իմաստություն է, եթե չես կարողանում հաղթել նրան, ով քեզ խանգարում է, օգտագործիր: Բայց ինչպես ցանկացած իմաստություն, այս մեկն էլ երկսայր է, որովհետև դեռ հայտնի չէ` ով ում է օգտագործում: ՈՒ հիմա իսկապես պայմանականություն է` «Ժողովրդավարական հայրենիքը», Հայաստանի լիբերալ կուսակցությունը, երրորդը, չորրորդը կհեռանա՞ն, թե՞ չեն հեռանա ՀԱԿ-ից, որովհետև առավել կարևորը ՀԱԿ-ի առաքելության խնդիրն է: Իսկ ամենակարևորը` քաղաքացու հոգու պարապը լցնելն է, որովհետև երբ նրա գրպանը դատարկվում է, համարյա ինքնաբերաբար նա հիշում է հոգու ու սրտի մասին ու չի ներում իր մենակությունը ոչ մեկին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ