Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նոր աշխարհակարգի կոնցեպտ

Նոր աշխարհակարգի կոնցեպտ
03.06.2024 | 13:16

Եթե դիտարկում ենք այն գաղափարական հիմքը, որի վրա Չինաստանն ու Ռուսաստանը կառուցում են դեպի նոր աշխարհակարգ տանող իրենց քաղաքականությունը, ապա տեսնում ենք, որ այն հիմնված է միջազգային հարաբերություններում արդարության գաղափարին խարսխված հավասարակշռության կոնցեպտի վրա։

Այս իմաստով, առաջ քաշվող նոր աշխարհաքաղաքական կոնցեպտը շատ զուգահեռներ ու ընդհանրություններ ունի կոմունիզմի գաղափարի և նրա պրակտիկ իրականացման հետ՝ Խորհրդային Միության և սոցիալիստական լագերի տեսքով, որոնք իրենք ևս, թեկուզ միայն տեսականորեն ու ոչ լրիվ, հենվում էին սոցիալական արդարության գաղափարի վրա։

Ինչպես գիտենք, բախվելով առօրյա կյանքին, կոմունիզմի գաղափարը, կապված իր հետապանդած նպատակների պրակտիկ իրականացման հետ, հանդիպեց շատ մեծ դժվարությունների, բայց և դա չխանգարեց, որ այդ գաղափարը հսկայական ու դեռևս օբյեկտիվորեն չգնահատված ազդեցություն ունենա համաշխարհային պատմության ընթացքի վրա։

Փաստորեն, ռուսական հեղափոխությունն իր բոլոր հետևանքներով, ներառյալ Չինաստանում և այլ երկրներում նմանատիպ հեղափոխությունները, առաջին ընդվզման փորձն էր ուժի ու փողի վրա հիմնված կապիտալիստական դոմինանտ աշխարհակարգի դեմ։

Մյուս կողմից էլ, և՛ կապիտալիստական, և՛ կոմունիստական աշխարհակարգերի դժվարությունները կապված են նրանց վերաբերմունքի հետ դեպի մասնավոր սեփականությունը։

Կապիտալիստական աշխարհակարգի համար դա մասնավոր սեփականության ֆետիշացումն է՝ հիմնված փողի և ուժի վրա և, մյուս կողմից էլ, կոմունիստական գաղափարախոսության կողմից մասնավոր սեփականության, որպես հիմնարար բնույթի գործոնի, անտեսումն է։

Կոմունիստական մոտեցումն այս հարցին անիրագործելի է, քանի որ մասնավոր սեփականության վերացումը հակասության մեջ է մարդու էության հետ, իսկ կապիտալիստական գաղափարախոսության կողմից դրա ֆետիշացումը տանում է դեպի գլոբալ ճգնաժամ։

Այդ պատճառով, տեսականորեն առաջ է քաշվել մի գաղափար, որ կապիտալիստական և կոմունիստական ծայրահեղությունների արանքում պետք է լինի մի կոմպրոմիսային մոտեցում, որը կտանի դեպի ավելի արդարացի ու կայուն աշխարհակարգ։

Այս իմաստով, Դեն Սյաոպինի Չինաստանը, թեկուզև ձևականորեն, կարող է դիտարկվել որպես այս կոմպրոմիսային գաղափարի իրականացման ինչ-որ տարբերակ։

Այս ֆոնի վրա Չինաստանն առաջ է քաշում նոր աշխարհակարգի կոնցեպտ՝ հիմնված միջազգային հարաբերություններում ուժը բացառող արդարության ու հավասարակշռության գաղափարների վրա, որի բազմաթիվ թեզեր առաջին հայացքից թվում են դժվար իրագործելի։

Բայց դա չի բացառում այն, որ այդ նոր մոտեցումը մեծ ազդեցություն կունենա աշխարհի ապագայի վրա, ինչպես կոմունիզմի համարյա անիրագործելի գաղափարն ունեցավ անուրանալի հսկայական ազդեցություն ամբողջ աշխարհի քաղաքական կյանքի վրա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8060

Մեկնաբանություններ