ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Թուրքիան՝ առանցքային դերակատար Կովկասի և Կենտրոնական Ասիայի ստրատեգիական պլաններում

Թուրքիան՝ առանցքային դերակատար Կովկասի և Կենտրոնական Ասիայի ստրատեգիական պլաններում
18.12.2023 | 08:10

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ողջունում է Թուրքիայի դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում։ Սա նշանակում է, որ չնայած ՀԱՄԱՍ-իսրայելական հակամարտության հարցում առկա տարաձայնությանը (խոսքը ավելի շատ անգլո-ամերիկյան ներքին տարաձայնության մասին է, որտեղ Թուրքիան դիրքավորված է բրիտանական ճամբարում), Թուրքիան ԱՄՆ-ի համար շարունակում է առանցքային դերակատար մնալ Կովկասի և Կենտրոնական Ասիայի ստրատեգիական պլաններում։ Մասնավորապես.

1. Թուրքիան կարևորվում է Իրանի ու Ռուսաստանի ռազմավարական մերձեցման ճանապարհին սեպի ձևավորման հարցում։ Խոսքը տվյալ պարագայում Հայաստանի ու Ադրբեջանի օգնությամբ կառուցվող պատնեշի մասին է։

2. Դեպի Կենտրոնական Ասիա պլանավորված տնտեսաքաղաքական էքսպանսիան դյուրացնելու հարցում։

Կովկասյան կարգավորման գործընթացին, անխոս, հաջորդելու է լարվածության մեծացումը Կենտրոնական Ասիայում, մասնավորապես, Ղազախստանում։ Արցախի հակամարտության առկայությունը այս տեսանկյունից Կենտրոնական Ասիայի կայունության երաշխիքն էր։ Հակամարտության լուծումը պայքարի ծանրությունը տեղափոխում է կենտրոնական Ասիա։

Հակամարտությունը կենտրոնական Ասիա տեղափոխելու հարցում առանցքային նշանակություն ուներ նոյեմբերի 9-ի կարգավորման պլատֆորմը չեղարկելը, մասնավորապես, Արցախի դիմաց ապաշրջափակվող կապուղիների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը չեզոքացնելը։

Բայց այստեղ հետաքրքիր այլ հանգամանք կա. նման սցենարը չի բխում թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի շահերից ու հակազդեցություն կլինի թե՛ Հայաստանին, թե՛ հիմնականում Ադրբեջանի նկատմամբ։ Մեծ հաշվով, հենց Ադրբեջանի վարքագիծն է որոշիչ լինելու սցենարի իրագործելիության հարցում։ Հայաստանն այս հարցում ունի ածանցյալ դերակատարում։ Դրա համար Ալիևը կանգնած է ծանր ընտրության առջև` շարունակել կատարել ԵՄ կարգավորման պլատֆորմի շրջանակներում ստանձնած պարտավորություննե՞րը` արժանանալով Իրանի և Ռուսաստանի հակազդեցությանը, թե՞ հրաժարվել ստանձնած պարտավորություններից, որի դիմաց արդեն ստացել է Արցախը։

Նաև այս երկընտրանքով են պայմանավորված Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու, սեփական լեգիտիմությունը «վերաթարմացնելու» Ալիևի ջանքերը։ Եթե ավելի պարզ, Ալիևն ուղղակի ժամանակ է ձգում, ամենատարբեր պատրվակներով կարգավորման գործընթացը հետաձգելու ջանքեր է գործադրում` ակնկալելով, որ առաջիկա գլոբալ վերադասավորումները կլինեն ավելի բարենպաստ։

Հ.Գ. 1920 թ., երբ Խորհրդային Ռուսաստանը վերադարձավ Կովկաս, պատահական չէ, որ առաջինը խորհրդայնացրեց հենց Ադրբեջանը։ Իսկ Ադրբեջանը խորհրդայնացնելուց հետո Անդրկովկասի մյուս շրջանների և Կենտրոնական Ասիայի խորհրդայնացումը արդեն ժամանակի հարց էր։ Մեկ դար առաջ այս ընկալման հարցում թույլ տված վրիպումը ծանր հետևանքներ ունեցավ մեզ համար։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 5678

Մեկնաբանություններ