Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Բոլորիդ երազները, մուրազները պետք է լուծվեն ստեղ, էս փաստաթղթի մեջ»

«Բոլորիդ երազները, մուրազները պետք է  լուծվեն ստեղ, էս փաստաթղթի մեջ»
20.11.2012 | 12:36

Սերժ Սարգսյանը քանիցս ասել է, որ երկրի նախագահը չի կարող բնակչության միայն այն հատվածի նախագահը լինել, ումից քվե է ստացել։ Եթե չասեր էլ, ինքնին հասկանալի է` ողջախոհությունը հենց այդ է, որ կա։ Ավելին։ Եթե մենք խոհեմաբար ընդունում ենք, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, ուրեմն մեր պետական զինանշանը, եռագույնը և օրհներգը բոլորինս են, իսկ Սերժ Սարգսյանը համասփյուռ հայերի նախագահն է։
Տիգրան Սարգսյանի կարգավիճակը նույնպես պարզեցված է։ Նա իր բարեկիրթ պահվածքով և տնտեսական հավասարակշիռ քաղաքականությամբ բազմիցս հաստատել է, որ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, ոչ թե քաղաքական մի թիմի, որով իշխանության է եկել։ Պատկերացնո՞ւմ եք, եթե նա գար ԱԺ և ներկայացներ հատուկ հանրապետականների շահերից բխող բյուջե։ Աբսուրդ է, չէ՞։
ԱԺ-ի նախագահի պարագայում վիճակը փոքր-ինչ այլ է, այլ կերպ ասած` հեշտերից չէ, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, ունենալով իր ներքին խնդիրներն ու շահագրգռությունը, ձգում է դեպի իրեն։
«Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» ոչ մեկ անգամ ընթերցած Հովիկ Աբրահամյանին երբեմն հաջողվում է հումորով սանձել կրքերը և ցույց տալ, որ ինքը ՀՀ ԱԺ-ի նախագահն է, ոչ թե հանրապետական կուսակցության։ Մի բան, որ չի հաջողվում նրա տեղակալներին։ Հերմինե Նաղդալյանը և երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովն ամեն անգամ, օգտվելով Հ. Աբրահամյանի բացակայությունից, նիստերի վարման ժամանակ ջանում են աչքի ընկնել կուսակցության նկատմամբ ունեցած անչափելի սիրով և անդավաճան նվիրվածությամբ, մոռանալով, որ իրենք ԱԺ-ի փոխնախագահներն են։ Այս երկուսի ներդաշնակ մրցակցությունը թեժանում է, հանդես են գալիս ընդդիմադիր դաշտի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արծվիկ Մինասյանը և ուրիշներ։ Միքայել Մելքումյանի և Հրանտ Բագրատյանի մասին էլ չենք խոսում, որովհետև 2013 թ. բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՀԱԿ և ԲՀԿ պատգամավորները, անկախ ճիշտ ու սխալից, բավական էին, որպեսզի նրանց ամեն մի «թթու» խոսքը հերթագրում առաջացներ նախագահությունում։ Եվ ամեն անգամ շտապողականությունը խանգարում էր թե՛ Էդուարդ Շարմազանովին, թե՛ Հերմինե Նաղդալյանին, մանավանդ հերթական քառօրյայի վերջին օրը։
Մի հարցի շրջանակներում տիկին Նաղդալյանը, որպեսզի պարոն Բագրատյանին ցույց տար, թե «չՊպ ջՌՎցþՑ ՐՈՍՌ», գործի դրեց իր իմացության կեսը. «Ինչո՞ւ է թվում, որ բոլոր երազները, մուրազները պետք է լուծվեն ստեղ, էս փաստաթղթի (բյուջեի- Վ. Մ.) մեջ», և միանգամից հեղինակեց նոր բառեր` պոզիցիա, էպոզիցիա, որոնք ասելիքի շղթայում անբովանդակ հնչեցին։
Նույն ընդդիմադիրին երկրորդ անգամ «ճնշելու» նաղդալյանական փորձը` կապված բյուջե կոչված տորթի համամասնությունները սխալ բաժանելու հետ, հրաշալի ստացվեց. «Երբ հիմա խոսում ենք բացարձակ ճշմարտություններից ու տորթի մեծությունից, հիշեք, որ Ձեր կառավարության ժամանակ Դուք ասում էիք. «Տորթի կտորներն ավելի քիչ են, քան ցանկացողների քանակը, համակերպվեք»։ Սա առաջին դեպքն էր, երբ նախկին վարչապետը ստիպված համակերպվեց ԱԺ-ի փոխնախագահի մեկ այլ հակադարձմանը. «Եթե մոռացել եք, հիշեցնեմ. ժամանակին մենք էինք ասում` հարկավոր է խթանել գինեգործությունը։ Դուք` առարկում էիք. «Ինչո՞ւ աջակցենք գինեգործներին, երբ չիլիական գինին ավելի որակով է»։ Իսկ այսօր անհաջող մեղադրանքի փորձ եք անում. «Բարձրացնել օղու ակցիզը, գինունը` իջեցնել, ի վերջո, ե՞րբ ենք դառնալու գինի խմող ժողովուրդ։ Հումքը ունենք, ամեն ինչ ունենք...»։
Բյուջեի նախագծի քննարկման ավարտին Հ. Բագրատյանը, իրոք, իրենավայել բառամթերքով շատ «կարկտահարեց», և վերջին մեղադրանքների սլաքը հասցեականացնելով պնդացրեց. «Ֆինանսների նախարարն ու Կենտրոնական բանկի նախագահը բյուջեում ներկայացնում են իրականությունից հեռու այնպիսի հիմնավորումներ, որ մարդ քիչ է մնում ցխկվի»։ Արտառոց դեպքի պատասխանատվությունը վայրկենապես իր վրա վերցրած Էդուարդ Շարմազանովը վնասազերծեց. «Պետք չէ ցխկվել, Դուք մեզ պետք եք, պարոն Բագրատյան»։
Ո՞Ւմ է պետք, ե՞րբ է պետք, ինչի՞ է պետք. մտածումներ, որոնց պատասխանը նախկին վարչապետն արդեն բարձրաձայնել էր ԱԺ-ի ամբիոնից. «Ասում եք` եկեք միասին աշխատենք։ Բա ինչո՞ւ չեք մեզ լսում։ Ինչ առաջարկում ենք, մերժում եք, սա՛ է Ձեր` միասին աշխատելու առաջարկը»։
Հուսանք ու սպասենք, որ ԱԺ-ի փոխնախագահն օդում «կրակողներից» չէ և շատ հարցերի պատասխանն ինքն է տալիս, ինչպես քառօրյայի ավարտի «զմռսոցը»` ի պատասխան ՀԱԿ պատգամավորի. «Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պոպուլիզմից հեռու է այնքան, որքան Ադրբեջանը` դեմոկրատիայից»։
Անհաջող համեմատությունը պատկերավոր «խուրդելու» համար կան բազում դիպուկ և իմաստուն ձևակերպումներ խոսքի արժեքի, կարևորության և դրանց ճիշտ կամ ոչ խելացի գործածության մասին, որ կարելի էր այս պահին օգտագործել։ Բայց Էդուարդ Շարմազանովի նկատմամբ ունեցած առանձնահատուկ համակրանքս թույլ է տալիս մեջ բերել. «Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր» «քնքուշ» ասացվածքը։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ