ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին Ռուբեն Հայրապետյանի հուլիսի 3-ի հայտարարությունից հետո օրվա «բեսթսելլեր» թեման Ավանի թիվ 1 ընտրատարածքում նոր «մանդատակռիվը» դարձավ:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ի ընտրություններում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական Ռուբեն Հայրապետյանին ձեռնոց էին նետել 4-րդ գումարման ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ու լրագրող Գայանե Առուստամյանը, ընդ որում, բավականին կոշտ ձեռնոց, ինչը երկուսին էլ միանգամայն տպավորիչ ձայներ ապահովեց: «Կրկին փորձելու» մտադրության մասին Գայանե Առուստամյանն առայժմ ոչինչ չի ասել, իսկ, այ, մեկ այլ լրագրող՝ Ավան թաղամասի հնաբնակ Արտակ Եղիազարյանը պատգամավոր դառնալու շատ լուրջ մտադրություն ունի: Իր առաջադրումն ավելի քան հնարավոր է համարում նաև «Ժառանգության» համամասնական ցուցակով խորհրդարան չմտած Ստյոպա Սաֆարյանը, ով այս ընթացքում «դարդից» վերադարձել է նախկին մասնագիտությանն ու բավականին հաջող «լրագրություն է անում» «Հետքի» կայքէջում: Պատգամավորական թափուր աթոռը զբաղեցնելու այլ հայտեր առայժմ չկան, առավել ևս՝ իշխանական թևից, ինչը միանգամայն հասկանալի է. Ազգային ժողովը դեռ պիտի ընդունի Ռուբեն Հայրապետյանի <հրաժարականը>, իսկ նա տեսականորեն դեռ կարող է «փոշմանել»: Ընդամենը՝ տեսականորեն, իսկ գործնականում դա նույնն է, ինչ ընկնել հայտնի ֆիլմի հերոս Նաջարյանի օրն ու «միլիոնի» հետ միասին «միլիարդն» էլ կորցնել:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ