ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մղձավանջն» ավարտվեց

«Մղձավանջն» ավարտվեց
18.05.2012 | 05:28

Վերջապես Սերժ Ազատիչը եկավ-տեսավ-ազատեց բոլորիս ու հատկապես իր թիմին` օրեր տևած ծանր «մղձավանջից»: Ասաց` տրամադրությունը բարձր է (չհարցրեց իր թիմին` ինչո՞ւ եք լրագրողներին մշտապես դրսում պահում, իշխող կուսակցություն ենք, մի պրես-կենտրոն չե՞նք կարողանում ստեղծել էսպիսի օրերի համար. չէ՞ որ «էսպիսի օրեր» անցնող տասնհինգ տարիներին շատ են եղել, ու Աստված գիտի` էլի ինչքան կլինեն. անձրև է, ձյուն է, կարկուտ է… լրագրող են, կին են, աղջիկ են, ինչևէ), և կայտառ անցան գործի (ժամը վեցին «Օջախում» ընտրություններին նվիրված հաջորդական կայտառ «միջոցառումից» էին գալիս):

ԳՄ նիստին, որը տևեց շուրջ երկու ժամ, չէին մասնակցում Գագիկ Մինասյանը (նա հանրապետությունում չէ) և, որքան էլ տարօրինակ է, Հովիկ Աբրահամյանը (նա, ասում են, հիվանդ է):

Եվ այնքան էլ այնպես չէ, թե ԳՄ-ում կոալիցիայի հարցը չի քննարկվել: Քննարկվել է: Հետևյալ ռակուրսով. Սերժ Սարգսյանն ասել է` մենք պատրաստ ենք համագործակցության: Ավելին, ներկայացրել է ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպման մանրամասները: Հանդիպումը, ինչպես գրել էինք, անցել է ջերմ, Գագիկ Ծառուկյանն ասել է` նախագահ ջան, ոնց ասեք, էնպես էլ կլինի: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին, թե` դուք որոշեք, ձևակերպեք ձեր վերջնական մոտեցումները, ես կգնամ Ամերիկա, կվերադառնամ, կրկին կնստենք քննարկման:

Գործկոմականները հասկացել են, որ Սերժ Սարգսյանն այդ ուղղությամբ ավելորդ ջանք չի գործադրելու:

Միևնույն ժամանակ ԲՀԿ-ն այնպիսի տպավորություն է թողել, թե չեն կարողանում վերջնականապես ձևակերպել իրենց մոտեցումներն ու տեսակետները: ՀՀԿ-ին ու իր լիդերին առանձնապես դուր չի եկել նաև ԲՀԿ-ի հայտարարությունը, թե «մեզ համար պորտֆելների քանակությունն էական չէ»: «Հիմա ի՞նչ, եթե մեկ պորտֆել թողնենք, կհամաձայնե՞ն», հարցրել են ՀՀԿ-ի գործադիրի շարքերից:

Գործադիրում յուրաքանչյուրն արտահայտել է իր տեսակետը: Ընդհանուր առմամբ, դեմ չեն եղել համագործակցությանը, սակայն քննարկման ընթացքում կոշտ մոտեցումներն առավել գերակշռել են: Այն է, «եթե ԲՀԿ-ն մտնելու է կոալիցիա ու էլի սկսի, թե «այդ մասին հաջորդ դասին», այդպիսի կոալիցիա մեզ պետք չէ. պետք է լինի ամեն ինչ շատ հստակ, հասկանալի, ազնիվ, և նախագահական ընտրություններին, ինչպես «գրել» է` պաշտպանի «գործող նախագահին». յուրաքանչյուրն իր մասնավոր կարծիքը չարտահայտի, լինի միասնական կուսակցություն, միասնական կարծիք»: Նման կարծիք են արտահայտել Ռազմիկ Զոհրաբյանը, Էդիկ Շարմազանովը, Կարեն Ավագյանը… Եղել են ավելի «մեղմ» դիրքորոշման կողմնակիցներ, ասենք, Դավիթ Հարությունյանը, ով ասել է` «ՊՈՉՈռՑպ ՋՌՑՖ ՊՐցՋվՏ!»` ԲՀԿ-ի կողքին, որովհետև իրենք մեզ պետք են` քվորում ապահովելու համար: Ինչի հետ ոչ մեկը համաձայն չի եղել:

Գործադիրում վարչապետի ու ԱԺ նախագահի խնդիր, իրոք, չի քննարկվել: ԳՄ անդամներից մեկը ընթացքում հարցանման ասել է` կարո՞ղ է երկու պորտֆելից մեկը տանք իրենց` ԲՀԿ-ին: Ասում են` Սերժ Սարգսյանը ձեռքը թափ է տվել, իմա` ո՛չ, երբե՛ք:

Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա վաթսունինը հոգի դուրս է եկել (գործադիրն ամբողջ կազմով), և անցողիկ է մինչև 109 համարը. Տաճատ Վարդապետյանի վրա «պրծնում» է, եթե տրանսպորտի ու կապի նախարարը ՀՀԿ-ից լինի` Հովհաննես Սահակյանն էլ պատգամավոր կդառնա:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ