38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԱՐՏԱՔԻՆ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ

ԱՐՏԱՔԻՆ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ
23.03.2012 | 00:00

Մինչ պաշտոնական վիճակագրությունը Թուրքիայի հետ առևտրում շարունակում է գրանցել զրոյական հաշվեկշիռ, մեր մոտավոր հաշվարկներով, այդ երկրից ներկրումների ծավալները կազմում են Հայաստան ներմուծվող ապրանքների և ծառայությունների ոչ պակաս քան մեկ քառորդը: Դրանք ներառում են շինանյութեր և շինարարական տեխնիկա, սննդամթերքի տարբեր տեսակներ, հագուստ, ոսկերչական իրեր և այլ ապրանքներ, ինչպես նաև զբոսաշրջային, տրանսպորտային և այլ ծառայություններ: Այս ամենը, իհարկե, միջնորդված է Վրաստանով և հաճախ հայ սպառողին ներկայանում է այլ երկրների ապրանքապիտակներով նաև այն պատճառով, որ Թուրքիայում տեղակայված են բազմաթիվ արտասահմանյան ընկերությունների տարածաշրջանային ներկայացուցչություններն ու մասնաճյուղերը: Եթե այս ամենին հավելենք նաև Թուրքիայի ավտոճանապարհային ժամանակակից մայրուղիները, հեռահաղորդակցության արդիական համակարգը և այլ ենթակառույցներ, ինչպես նաև այդ երկրում հաջողությամբ գործող բազմաթիվ ազատ տնտեսական գոտիները, ապա պարզ կդառնա, թե ինչի հաշվին է այն ձգտում ինտեգրվել Եվրամիությանը (ԵՄ): Ի դեպ, չունենալով ԵՄ պաշտոնական անդամակցություն, Թուրքիան այսօր էլ առաքում է իր ապրանքները ԵՄ բոլոր երկրներ առանց մաքսային արգելքների և ներմուծում ապրանքներ` առանց սահմանափակումների: Ասել է թե` ԵՄ անդամակցության խնդիրը միայն քաղաքական հարթության վրա է չլուծված մնում, իսկ տնտեսականը վաղուց արդեն իրողություն է` համատեղ ստորագրած բազմաթիվ փաստաթղթերով և դրանցից բխող գործողություններով:
Քիչ չեն նաև հակասությունները: Նախ` բաց տնտեսություն հռչակած երկիրն առայժմ փակ է պահում իր հարևանի հետ սահմանը, ինչը հակասում է ոչ միայն ազատ շուկայական հարաբերություններին, այլև Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին, որին անդամակցում են և՛ Թուրքիան, և՛ Հայաստանը: Այս իրավիճակում էլեկտրաէներգիայի հսկայական դեֆիցիտ ունեցող Թուրքիան միայն քաղաքական նկատառումներից ելնելով է այն ներմուծել իր հարևան Հայաստանից, ուր ռեսուրսների ընդամենը մեկ երրորդի օգտագործմամբ ստացվում է էլեկտրաէներգիայի ավելցուկ և արտահանվում հարևան երկրներ: Երկրորդ, ժամանակ առ ժամանակ (վերջին անգամ 2007 թ. հունիսին` 10 %-ով) Թուրքիայի իշխանությունները հայտարարում են գների համատարած իջեցումների մասին: Ազատ շուկայական տնտեսության պայմաններում, ինչպես հայտնի է, գները ձևավորվում են ազատ մրցակցության արդյունքում, և դրանց բարձրացումների ու իջեցումների հարցը լուծում է միայն գործարարը, և ոչ երբեք պետությունը: Ակամայից մտաբերում ես Խորհրդային Միության պատմությունը, մասնավորապես, Ստալինի իշխանության օրոք ամեն տարի հայտարարվող գների իջեցումները, ինչը, իհարկե հնարավոր և բնորոշ էր ադմինիստրատիվ-պլանային համակարգի պայմաններում: ԵՄ անդամակցությունը հայցող երկրի համար եվրոպական չափորոշիչներին բնավ էլ համահունչ չէ ուսադիրներով մարդկանց իշխանությունը: Ավելին, այն ոչ միայն արտաքին քաղաքական, այլև բազմաթիվ ներքին հիմնախնդիրների հանգուցալուծման էական խոչընդոտն է: Ի վերջո, Հայաստանի համար նախընտրելի է, որ արժեհամակարգի համատեղության տեսանկյունից ԵՄ անդամ դառնա եվրոպականացած երկիր, փորձ չարվի թուրքացնելու ԵՄ-ը կամ դրա որևէ հատվածը: Միայն այդ պարագայում կարելի է հուսալ, որ եվրոպականացված Թուրքիան ավելի կանխատեսելի և կառավարելի կարող է լինել ոչ միայն ԵՄ, այլև Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման առումով:
Շատ է խոսվում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների և այն մասին, որ, անկախ որևէ հանգամանքից, ժամանակի հրամայականն է` հարևանների հետ ունենալ նորմալ հարաբերություններ ու բաց սահմաններ: Միաժամանակ, կարևոր է պարզել, թե ինչ կարող է տալ երկու երկրների միջև կապերի սերտացումը յուրաքանչյուր կողմին: Նախ և առաջ, Հայաստանը կարող է ստանալ ոչ միայն Թուրքիայի, այլև այդ երկրի տարածքով նոր շուկաներ մուտք գործելու բացառիկ հնարավորություն: Հայաստանի ապաշրջափակումն Արևմուտքից որոշակի իմաստով կհանգեցնի նաև տնտեսական մեկուսացման վերացման և դրականորեն կարող է ազդել կլանների ու մենաշնորհների ապամոնտաժման գործընթացի վրա: Վերջինս, իր հերթին, կարող է հանգեցնել հայրենական ապրանքների և ծառայությունների մրցունակության հարկադրված բարձրացման, այլապես դրանք դուրս կմղվեն անգամ տեղական շուկայից: Երկու երկրների միջև սահմանների վերաբացումը չի կարող չփոխել Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում և ինքնաբերաբար ապահովել նրա մասնակցությունը տարածաշրջանային ծրագրերում: Ավելին, այն կարող է էականորեն փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում և տանել դեպի իրավիճակի աստիճանական կայունություն: Այս ամենը տնտեսական համագործակցության վստահելի հիմնաքար կարող է լինել: Կարևոր է այս իմաստով գիտակցել, որ հաճախակի շրջանառվող «գլոբալացման» կամ «գլոբալիզացիայի» գործընթացն ունի իր հակակշիռը` «տարածաշրջանայնացումը» կամ «ռեգիոնալիզացիան», որի լավագույն օրինակներն են ոչ միայն ԵՄ-ը, այլև Հարավ-արևելյան Ասիայի երկրների ընկերակցությունը` ASEAN-ը, Հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտին` NAFTA-ն և այլ տարածաշրջանային կառույցներ: Բացի այդ, կարևոր է հիշել, որ աշխարհում ոչ մի երկիր չի կարող հավակնել իր կայուն դիրքերն ապահովելու համաշխարհային շուկայում, եթե, որպես նախապայման, չի կարողացել արդյունավետ կերպով համագործակցել իր հարևանների հետ և ըստ արժանվույն ինտեգրվել տվյալ տարածաշրջանում: Հետաքրքրական է այս իմաստով տեղեկանալ, որ ԵՄ անդամ երկրների զբոսաշրջության ոլորտում հոսքերի ընդհանուր քանակի ավելի քան 70 %-ը բաժին է ընկնում հենց ԵՄ անդամ երկրների զբոսաշրջիկներին և միայն 30 %-ը` աշխարհի մնացած երկրներին: Կարելի է ենթադրել, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ու կապերի բարելավումը կարող են հնարավորություն ընձեռել տարածաշրջանի երկրներին ի մի բերելու վերջին տարիներին կորցրած հնարավորություններն ու օգտագործել համագործակցության առավելություններն ի շահ սեփական ժողովուրդների կենսամակարդակի բարձրացման: ՈՒսանելի է, բնականաբար, ԵՄ պատմությունը. նախկինում միմյանց նկատմամբ ցեղասպանություն գործած երկրներն այսօր մի կողմ են դրել դարավոր թշնամանքն ու առաջնահերթությունը տվել են ընդհանուր մտահոգությունների հանգուցալուծմանն ու մարդկային, ֆինանսական, արտադրական, հանքա-հումքային և այլ ռեսուրսների համատեղ ու արդյունավետ օգտագործմանը: Կովկասյան տարածաշրջանում նպատակահարմար է դառնում 3 + 3 ձևաչափը, որը կներառի մի կողմից Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, մյուս կողմից` Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը` ապահովելու ոչ միայն հնարավոր շահերը, այլև արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունների հանգույցներն ու առավելագույնս օգտվելու տարածաշրջանայնացման ընձեռած հնարավորություններից:
Ի վերջո, ի՞նչ կարելի է անել վերը նշված արդյունքներին հասնելու համար:
Առաջին քայլը, ինչպես հայտնի է, արդեն կատարված է: Կարևոր է, որ Հայաստանի նախագահի կատարած քայլն ունենա արժանի շարունակություն և հետևողական աշխատանք` տարբեր հարթություններում: Պետությունն իր արդյունավետ տնտեսական քաղաքականությամբ պետք է աջակցի հայրենական արտադրության ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացմանը և դրանով հնարավորինս նվազեցնի այն վնասները, որ կարող է կրել տնտեսությունը` սահմանի վերաբացման արդյունքում: Միաժամանակ, պետական կառավարման տարբեր ոլորտների ղեկավարները պետք է ուղղակի կապի մեջ մտնեն իրենց գործընկերների հետ` հարևան երկրում իրազեկելու և իրազեկվելու, ինչպես նաև անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու հարաբերությունների աստիճանական զարգացման համար: Հայաստանի քաղաքական կուսակցությունները Թուրքիայում կարող են կապեր հաստատել առաջադեմ մտածողությամբ օժտված և հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը սատարող կուսակցությունների հետ` քննարկելու այդ հարաբերությունների առավել մտահոգիչ կողմերն ու գտնելու փոխըմբռնելի և ընդունելի հանգուցալուծումներ: Վերջապես, կարևորվում են ոչ պետական, ոչ կուսակցական, այլ անկախ քաղաքացիների` քաղաքացիական հասարակությունների փոխադարձ շփումները, առանց որոնց անհնար է պատկերացնել իրական մերձեցումն ու հարաբերությունների նորմալացումը: Ենթադրվում է, բնականաբար, որ հիշյալ և նման այլ քայլերի ձեռնարկումը չի լինի ի հաշիվ անցյալի հիշողության, առավել ևս, չի լինի ի հաշիվ Ցեղասպանության ճանաչման պահանջի, որը տվյալ դեպքում նույնքան կարևոր է Թուրքիայի համար համաշխարհային հանրությանը որակապես նոր նկարագրով և խաղաղ գոյակցության երաշխիքներով ներկայանալու տեսանկյունից: Այս ամենում դժվար է գերագնահատել միջազգային այն կառույցների դերը, որոնք ոչ թե հռչակում են մի նպատակ ու կիրառում երկակի ստանդարտներ, այլ գործում են իրենց տրված մանդատով և լրջորեն մտահոգված են տարածաշրջանում կայունության հաստատման խնդրով: Մյուս կողմից, նկատի ունենալով հարցի զգայուն կողմը, որն առնչվում է ոչ միայն Հայաստանին, այլև համայն հայությանը, կարևոր է հաշվի առնել ինչպես հայկական սփյուռքի մոտեցումներն այս հարցի առնչությամբ, այնպես էլ, առանձին վերցրած, Թուրքիայի հայ համայնքի առավել հստակ շահերն ու մտահոգությունները: Սա, իր հերթին, հայ դիվանագետներից պահանջում է համակարգված և նպատակային աշխատանք ծավալել ինչպես երկկողմ հարաբերությունների կտրվածքով, այնպես էլ բազմակողմ մակարդակներում` տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ամեն դեպքում, իրավիճակը պահանջում է վարել ոչ թե իրադարձություններին արձագանքող արտաքին քաղաքականություն, այլ նախաձեռնողական, պրոակտիվ քայլերով առաջ տանել սկիզբ դրված գործընթացը:
Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր մերձեցումը և հայ-թուրքական սահմանի բացումը ենթադրում են ոչ միայն քաղաքական, տնտեսական, իրավական և այլ բնույթի քայլեր, այլև որոշակի կարծրատիպերից հոգեբանորեն ձերբազատվելու պատրաստակամություն: Ժամանակակից աշխարհը, ինչպես վկայում է ԵՄ փորձը, գնում է սահմանների վերացման ճանապարհով: Դրանք, ի վերջո, կրելու են խորհրդանշական բնույթ: Ավելի կարևոր է պարզել, թե որքանով է յուրաքանչյուր ժողովուրդ ի վիճակի դիմագրավելու ժամանակի մարտահրավերներին` տարածաշրջանում և աշխարհում իր արժանի տեղը գտնելու հեռանկարով:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2355

Մեկնաբանություններ