38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՃԳՆԱԺԱՄԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԼԻՆԵԼ ԵՎ ՕԳՆԵԼ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԶԻՆԱՆՈՑԸ»

«ՃԳՆԱԺԱՄԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԼԻՆԵԼ ԵՎ ՕԳՆԵԼ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԶԻՆԱՆՈՑԸ»
07.10.2011 | 00:00

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի «երկրորդ ալիքը», որի մասին մեկ և կես տարի առաջ կանխատեսումներ էինք արել, արդեն իրողություն է: Եթե 2008 թ. օգոստոսին «առաջին ալիքը» սկսվեց ԱՄՆ-ից, ավելի ճիշտ` այդ երկրի հիպոթեքային շուկայի ֆինանսական «փուչիկի» պայթյունից, ապա ներկայիս ալիքը սկսվում է Եվրոպայից: «Եվրաշարժը»` Եվրոպայի ֆինանսական շուկայի «երկրաշարժը», մեր համոզմամբ, անխուսափելիորեն կունենա բազմաթիվ հետցնցումներ, որոնք, երևի չխնայեն ոչ մեկին:
Ոմանք սեփական հնարավորությունները ծանր ու թեթև անելու փոխարեն փնտրում են «քավության նոխազներ»: Այս իմաստով բոլորովին պատահական չէր հոկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի կողմից դրսից` Կանադայի պառլամենտում ունեցած ելույթի ժամանակ Եվրամիությանն ուղղված սուր քննադատությունը: Նա մեղադրեց եվրոյի գոտում գտնվող երկրներին (հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան մինչ օրս հրաժարվում է եվրոյի գոտուն միանալուց) քաղաքական կամքի բացակայության մեջ` ապահովելու ֆինանսական կայունությունը և ուղիներ որոնելու պարտքային ճգնաժամը ժամանակին հաղթահարելու: Իհարկե, Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում և այլուր օրեցօր տարածվող պարտքային ճգնաժամը պատուհաս է դառնում համաշխարհային ողջ տնտեսության համար, սակայն զարմանալին այն է, որ Մեծ Բրիտանիան տվյալ պարագայում գերադասում է մտահոգվել ոչ այնքան Եվրոպայում իր հարևանների համար, որքան պաշտպանել ռազմավարական գործընկերոջ` ԱՄՆ-ի շահերը:
Ինչպես 1998 թ., այնպես էլ հիմա, արտաքին պարտքի սպասարկման հարցերում առանցքային նշանակություն է ձեռք բերում իրացվելիության խնդիրը: Առավել ևս, որ ճգնաժամի փուլում անգամ զարգացած երկրների պետական պարտատոմսերը սովորականից ցածր են գնահատվում:
Թեև արտաքին պարտքը Հայաստանում դեռևս չի վերածվել տնտեսական սպառնալիքի, այնուամենայնիվ, կարևորագույն հիմնախնդիր է նաև շուկայում իրացվելիք ֆինանսական գործիքների բացակայությունը, որը, ընդհանուր առմամբ, հանդես է գալիս որպես մանր ներդրողների միջոցները ներգրավող և արժեթղթերի գործուն շուկա ձևավորող «սաղմ»։ Վերը նշված պարտքային կորպորատիվ արժեթղթերի, ինչպես և ածանցյալ գործիքների (օրինակ՝ ՊԿՊ-ի) եկամտաբերության և արտարժութային փոխարժեքի վերաբերյալ ֆյուչերսային պայմանագրերի հետ, որոնք անհրաժեշտ է մշակել և յուրացնել շուկայում, որպես այդպիսի սաղմ կարող են հանդես գալ Հայաստանի մանր ներդրողների շրջանում հայտնի օտարերկրյա թողարկողների արժեթղթերը։ Ակնհայտ է, որ տվյալ հիմնախնդրի լուծումը գտնվում է տարբեր երկրների ֆինանսական շուկաների միջև ինտեգրացման գործընթացների խթանման դաշտում։ Նկատի ունենալով ֆինանսական շուկաների ինտեգրացման համաշխարհային միտումի առկայությունը, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման նման ծրագիրը (ինտեգրացիոն ձգտումների օգտագործման հիման վրա) թվում է բավականին իրական։ Հատկապես հարկ է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ Եվրոպայի փոքր երկրների (Բելգիա, Հոլանդիա, Նորվեգիա, Չեխիա և այլն) արժեթղթերի շուկայի զարգացման պատմական փորձը նույնպես վկայում է ինտեգրացիոն գործընթացի զարգացման մասին, քանի որ դա պայմանավորված է այդ նույն երկրների շուկաների փոքր ծավալի համեմատ մեծ շուկաներից ներդրումների ներգրավման արդյունավետությամբ։ Ընդ որում, բնականաբար, մի կողմից անհրաժեշտ է լուծել գործառնական և տեխնոլոգիական մի շարք կարևոր հարցեր, իսկ մյուս կողմից՝ լուծել օրենսդրական դաշտի ներդաշնակեցման խնդիրը։ Ակնհայտ է նաև, որ ինտեգրացման ծրագիրն իրականացնելիս անհրաժեշտ է ձևավորել հավասարակշռված համակարգ, որը ներքին շուկայում կապահովի ոչ միայն օտարերկրյա թողարկողների արժեթղթերի շրջանառությունը, այլև հայկական հնարավոր թողարկողներին հնարավորություն կտա կապիտալի շուկան օգտագործել ներդրումների ներգրավման համար։
Այսպիսով, լիարժեք ֆինանսական շուկայի կայացումը կարող է նպաստել համահայկական տնտեսական ներուժի և մրցակցային առավելությունների բացահայտմանն ու դրանց առավել արդյունավետ իրացմանը, որը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսական իրական վերելքի։ Ինչ վերաբերում է արդյունավետ ֆինանսական շուկայի կայացմանն ուղղված տնտեսական քաղաքականությանը, ապա առաջարկվում է այն նպատակաուղղել հարկային օրենսդրության կատարելագործմանը, ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների, ապահովագրական շուկայի ձևավորմանը, ներդրումային ընկերությունների գործունեությանն աջակցելուն: Հայաստանում ֆինանսական շուկայի կայացման համար առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում «բաց» ֆինանսական շուկայի քաղաքականության իրականացումը՝ կապիտալների փոխներթափանցման հնարավորությունների ապահովման, այդ թվում՝ Ռուսաստանի, Եվրոպայի առավել զարգացած ֆոնդային շուկաների հետ Հայաստանի շուկայի տեխնոլոգիական ինտեգրման շնորհիվ, ինչը իրացվելիք գործիքների ի հայտ գալու միջոցով կհանգեցնի բուն շուկայի ակտիվացմանը, իսկ մյուս կողմից` թույլ կտա այդ ծավալուն շուկաները հայ թողարկողների համար օգտագործել որպես կապիտալացման աղբյուրներ։
Կարևոր է հաշվի առնել, որ Հայաստանում 1995-2001 թթ. ընթացքում, ըստ երևույթին, դիտվում էր «երկու դեֆիցիտների» մոդելի առաջին՝ տնտեսության աճի «մեծ բեկում» փուլը, որն ընթացավ խիստ հակասական միտումներով։ Աճի տվյալ մոդելի իրականացումը հիմնականում կանխորոշված էր հայկական սփյուռքի տնտեսական ակտիվության առկայությամբ, որը տվյալ ժամանակաշրջանում դարձավ երկու դեֆիցիտների ֆինանսավորման հիմնական աղբյուրը։ Երկրորդ փուլում` 2002 թվականից մինչ օրս, առաջին պլան են մղվում ներքին ներդրումների առաջանցիկ աճի և հայրենական արտադրողների արտադրանքի արտահանման ապահովման խնդիրները՝ նույնպես հայկական սփյուռքի յուրահատուկ դերի շնորհիվ։ Ինչ վերաբերում է երկրորդ սերնդի տնտեսական բարեփոխումներին, ապա տվյալ փուլում բարեփոխումների հիմնական ուղղություններն են մասնավոր հատվածի և պետական կառույցների արդյունավետ համագործակցության ծավալումը, իրական սեփականատիրոջ ձևավորումը և ներդրումների ներգրավումը խթանող անհրաժեշտ մթնոլորտի ապահովումը: Վերջինս հնարավոր է բացառապես կատարյալ ֆինանսական շուկայի կազմավորման դեպքում։ Մեր կանխատեսմամբ, առաջիկա տարիներին տնտեսական բարեփոխումների հիմնական ուղղությունը կլինի արդյունավետ ֆինանսական հատվածի և ընդհանուր առմամբ բարենպաստ ներդրումային միջավայրի կայացումը, որոնք ի վիճակի կլինեն ապահովելու ներքին ներդրումների առաջանցիկ աճն ու արտահանմանը կողմնորոշված տնտեսության ճյուղերի զարգացումը։
Երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերում (ներառյալ` արդյունաբերական) ֆինանսական միջոցների ներգրավման առումով չի կարելի թերագնահատել ֆինանսաարդյունաբերական խմբերի գործունեությունը, որոնք ներկայումս ֆինանսական շուկայի առավել էական հատվածն են կազմում: Դրանց ներսում կարող են կատարվել գործարարության տարբեր բնագավառների փոխադարձ ֆինանսավորում, ընդ որում, խոշորամասշտաբ ծրագրերի դեպքում հաճախ ներգրավվում են միաժամանակ մի քանի ֆինանսական խմբեր, որոնք որոշակի անկախություն ունեն ֆինանսական շուկայի ավանդական կառույցներից։ Այս իմաստով ֆինանսական բաց շուկայի քաղաքականության իրականացումը թույլ կտա ապահովել կապիտալների փոխներթափանցում` առավել զարգացած ֆոնդային շուկաների հետ մեր երկրի տնտեսական և տեխնոլոգիական ինտեգրման շնորհիվ, ինչը, ի վերջո, իրացվելիք գործիքների ձևավորման միջոցով կհանգեցնի ֆինանսական շուկայի ակտիվացմանը, հետևաբար հնարավորություն ստեղծելով արտերկրի շուկաները հայկական թողարկող կառույցների համար օգտագործել որպես կապիտալացման լրացուցիչ աղբյուրներ։
Հետևաբար, բանկային համակարգի անկատարությունը կամ բանկերի կողմից շուկայում տեղ գտած միտումներին ոչ համարժեք արձագանքները հանգեցնում են նոր լուծումների որոնման` արդյունավետ տեղաբաշխելու տնտեսության իրական հատվածի ներսում ֆինանսական միջոցները: Ի տարբերություն պաշտոնական օղակների որդեգրած խրթին ընթացակարգերի, ֆինանսա-արդյունաբերական խմբերն աշխատում են համեմատաբար ավելի պարզ եղանակով, ինչը թույլ է տալիս ներգրավել զգալի միջոցներ ոչ միայն հարկվող, այլև ոչ պակաս արագ տեմպերով զարգացող ստվերային տնտեսությունից: Վերջինիս տեսակարար կշռի կրճատումը պայմանավորված է «Բազել-2» համակարգի ներդրմամբ, որը լրացուցիչ խթաններ կստեղծի բարձրացնելու երկրի տնտեսությանը բնորոշ կորպորատիվ կառավարման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության բնագավառում ֆինանսական կարգապահության մակարդակը, ֆինանսական հաշվետվությունների և հաշվառման թափանցիկությունը, ինչպես նաև լրացնելու այն բացը, որն առաջացել է ֆոնդային բորսայի, ապահովագրական ու մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների զարգացման անբավարար մակարդակի ու ոչ բանկային վարկային հաստատությունների, հատկապես փոխադարձ վարկավորման հիմնադրամների և վարկային կազմակերպությունների բացակայության արդյունքում: Մյուս կողմից, բանկերի կառավարման և ներբանկային վերահսկողության ներկայիս մակարդակը, բանկային կապիտալի կենտրոնացման բարձր աստիճանը և, որպես հետևանք, բանկերի գործադիր մարմինների չափազանց բարձր կախվածությունը սեփականատերերից հանգեցրել են բանկային գործունեության նորմատիվային կարգավորման լուրջ բացթողումների, ներառյալ ընդհանուր կապիտալի մակարդակը մինչև հինգ միլիոն դոլարի հասցնելը դրանից բխող մի շարք անցանկալի հետևանքներով:
Բացի այդ, վերջին տարիներին մի շարք բանկերի սնանկացման և ֆինանսական անվճարունակության պատճառահետևանքային կապերի վերլուծությունը վկայում է, որ բանկերի գործունեության վրա հսկողության արդիական մեթոդների օգտագործումը թույլ կտար կանխարգելել հիշյալ բանկերի անվճարունակությունը։ Մասնավորապես, կիրառելի են մակրո և միկրոպրուդենցիալ գործիքները, որոնց օգնությամբ ժամանակին բացահայտվում են ռիսկային ինսայդերական գործարքները, որոնք բանկերի մեծ մասի սնանկացման պատճառ են դարձել։ Երկրի բանկային համակարգում կուտակված փորձը հուշում է, որ պետք է մանրակրկիտ վերլուծության ենթարկել բանկերի վերահսկողության ժամանակակից համակարգեր ու մեթոդներ (ֆինանսական կառույցների միասնական գործակալություն, կամուրջ բանկեր, հիվանդանոց բանկեր և այլն) կիրառող երկրների փորձը և տեղայնացնել այն` հաշվի առնելով երկրի տնտեսությունում առկա միտումներն ու ստեղծված պայմանները: Մասնավորապես, ֆինանսական կարգավորման ու հսկողության չափորոշիչների, ձևերի, մեթոդների և գործիքների ուժեղացումը, ինչպես նաև բանկային և ոչ բանկային ֆինանսական հաստատություններում պետական հսկողության գործառույթների կենտրոնացումը` հիշյալ հարցերով առանձին կառույցի մասնագիտացումը բանկերի և վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների, գրավատների, ռիսկերի ապահովագրման և այլ միջնորդական կառույցների գործունեության հսկողության ոլորտում թույլ է տալիս տարանջատել ֆինանսական շուկայի մասնագիտացած սուբյեկտների գործունեության կարգավորման և հսկողության, բյուջետային ու դրամավարկային քաղաքականության գործառույթները: Միաժամանակ, հիշյալ փորձի կիրառումը հնարավորություն կընձեռի ՀՀ ԿԲ և պետական այլ մարմինների անկախության աստիճանի մեծացմամբ համապատասխան հակաճգնաժամային միջոցներ ձեռնարկելու և հարկ եղած դեպքում միջամտելու դրանց ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև անհրաժեշտ կապ ապահովելու ֆինանսական շուկայի օրենսդրության և կարգավորող մեխանիզմների միջև:
Ընդհանուր առմամբ, համատեղ ներդրումները խթանող կառույցների ստեղծումը կարող է մրցակցության լուրջ մարտահրավեր նետել գործող բանկային համակարգին, դրանով իսկ նպաստելով ֆինանսական համակարգի առողջացմանն ու շուկայական մրցակցային մեխանիզմների արդյունավետ օգտագործմանն ու ֆինանսական ռեսուրսների նպատակային տեղաբաշխմանը:
Կասկածից վեր է, որ այս ամենը կարիք ունի ոչ միայն ծրագրային մոտեցման և հետևողական քայլերի, այլև դրանք արտոնող համապատասխան օրենքների մշակման, ընդունման ու կիրառման: Առաջնահերթ քայլերի թվում են ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների, լիարժեք ապահովագրական ընկերությունների, փայատիրական ներդրումային հիմնադրամների, փոխադարձ հիմնադրամների ստեղծումն ու գործունեությունը, մասնավորեցման պատճառով տեղական ընկերությունների բաժնետոմսերի փաթեթների վարույթի փոխանցման համապատասխան մեխանիզմների մշակումն ու կառավարման մասնակցության առումով բաժնետերերի իրավունքների վերականգնումը: Կարևորվում են նաև ֆինանսական հաստատությունների գործունեության կարգավորման և վերահսկողության անհրաժեշտ միջոցների կիրառումը և դրանց առնչվող օրենքների բարելավումը: Որպես լրացուցիչ ազդակներ, էական նշանակություն են ձեռք բերում նաև հողի և անշարժ գույքի շուկաների կայացումը, սեփականության իրավունքների անվտանգության ապահովման, գրավադրման գործիքների զարգացման և հարակից այլ գործոններ:
Կարևոր է հաշվի առնել, որ հարկային, մաքսային և այլ օրենքների նկատմամբ անհավասար պայմաններում հայտնված տնտեսավարողների առկայությունը լրացուցիչ խոչընդոտ է ֆինանսական համակարգի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված նպատակների իրականացման համար:
Ակնհայտ է, որ ձևավորման փուլում գտնվող երկրի ֆինանսական շուկան դիմագրավում է լուրջ մարտահրավերների: Դրանց հանգուցալուծումները պայմանավորված են ինչպես համաշխարհային ուսանելի փորձի ճիշտ կիրառմամբ, այնպես էլ հնարավորինս հաշվի առնելով երկրի տնտեսության ժամանակակից առանձնահատկությունները:
Միակ հանգամանքը, որ մեղմում է ՀՀ տնտեսության վրա Եվրամիության և համաշխարհային տնտեսության ֆինանսական ցնցումների հնարավոր բացասական ազդեցությունը, ի վերջո, այն հանգամանքն է, որ նման հետևանքներից չեն կարող խուսափել հետխորհրդային մնացած երկրները նույնպես: Միաժամանակ, որոշ երկրների համար ճգնաժամերը կարող են կանխատեսելի լինել և օգնել համալրելու տնտեսական անվտանգության ապահովման զինանոցը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2835

Մեկնաբանություններ