38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԲԱՐՈՄԵՏՐ` ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՐԿԵՐԱԿՆ ԶԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ԲԱՐՈՄԵՏՐ` ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՐԿԵՐԱԿՆ ԶԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ
01.11.2011 | 00:00

«Մենք մշակում ենք արդյունաբերական նոր քաղաքականություն, որը միտված է դեպի արտահանումը։ Քննարկումներն ըստ ոլորտների իրականացվում են, մասնավորապես երեք` կոնյակագործության, ճշգրիտ սարքավորումների և վերամշակող արդյունաբերության ոլորտում։ Այս ճյուղերում քննարկումների ավարտից հետո դրանք կսկսվեն ևս ութ ոլորտում։ Ըստ հերթականության` ոլորտների մասնագետների հետ կքննարկվեն բոլոր հարցերը, որոնց հիման վրա կմշակվի ծրագիր։ Դրա ամբողջական ավարտից հետո հանրությանը կներկայացնենք կառավարության նոր մոտեցումն արդյունաբերական քաղաքականության վերաբերյալ։ Այն մի կողմից նպաստելու է տնտեսության դիվերսիֆիկացմանը, մյուս կողմից` արտահանման ծավալների աճին»,- կիրակի օրը հանրապետական կուսակցության տնտեսական համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
Այն, որ Հայաստանի տնտեսությունը, աչքը ջուր կտրած, վաղուց սպասում է ողնաշարն ուղղելուն` արդյունաբերության զարգացմանը, փաստ է։ Վարչապետի խոսքից կարելի է ենթադրել, որ այդ բացը, հնարավոր է, լրացվի։ Այսինքն, կառավարությունը փորձ է անելու դեմքով շրջվել դեպի արդյունաբերությունը և տուրք չտալ միայն գյուղատնտեսության ու սպասարկման ոլորտների զարգացմանը։ Ինչ խոսք, սա շատ դրական և վաղուց սպասված մոտեցում է։ Սակայն կարևոր է, որ նշվածը սոսկ նախընտրական հայտարարություն չմնա, այլ գործնական առաջարկ, որը կյանքի կոչվի։
ՀՀԿ-ի կիրակնօրյա համաժողովը, ըստ էության, աննախադեպ էր այն առումով, որ Հայաստանի անկախությունից հետո առաջին անգամ իշխող կուսակցությունը նման միջոցառում է կազմակերպում։ Համաժողովին ներկա էին ոչ միայն պատգամավորներ, շարքային հանրապետականներ, Հայաստանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ և ոլորտային նախարարներ (անկախ կուսակցական պատկանելությունից), այլև բազմաթիվ հյուրեր։ Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակ Նիկոլա Բուուկն իր ելույթում հանրապետականին խոստացավ իրենց աջակցությունը` լինի դա կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության, թե սոցիալ-տնտեսական ոլորտներում։ Եթե եվրոպացի ժողովրդավարները խոստացան, ապա Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Իգոր Չեռնիշենկոն հանրապետականին նվիրեց բարոմետր` հաստատուն քայլերով առաջ շարժվելու համար, մաղթելով ճիշտ ուղղությունից չշեղվել և զգալ բնակչության զարկերակը։
Այն, որ ՀՀԿ-ն կազմակերպել էր տնտեսական համաժողով, պատահական չէր։ Առջևում խորհրդարանական ընտրություններն են, և անհրաժեշտ է հանրությանը ներկայացնել վերջին երեք տարում արածն ու չարածը։ Այլ կերպ ասած, հանրապետականները փորձեցին հաշվետություն ներկայացնել, ինչը, կարծում ենք, կարևոր է հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում բնակչության դժգոհության համատեքստում։ Ընդգծենք, որ ներկաները խոսեցին նաև բացթողումներից և թերացումներից, սակայն լավատեսական ելույթներն ավելի շատ էին։ «ՀՀԿ-ն ապացուցեց, որ ունի բավականաչափ մտավոր, մարդկային ներուժ, քաղաքական կամք` իր առջև դրված նպատակները կյանքի կոչելու համար, ինչպես նաև շտկելու առկա բացթողումները և թերությունները»,- իր ելույթում ընդգծեց հանրապետական վարչապետը։
Վերջում ընդունվեց բանաձև, երկրի ղեկավարի առաջարկով էլ որոշվեց, որ նման համաժողովները պարբերական բնույթ կկրեն` նպաստելու նոր քաղաքականության արդյունքում տարածքների համաչափ զարգացման գործընթացին, հնարավոր ճգնաժամի դեմ արդյունավետ պայքարին և տնտեսության դիվերսիֆիկացմանը։
Փաստորեն, իշխող կուսակցությունը հանրությանը ներկայացրեց հաջորդ երեք տարիների անելիքները տնտեսական ոլորտում։ Եվ, եթե ճիշտ հասկացանք, նշված ուղղությունները համարվելու են կառավարության աշխատանքային ուղեցույցը։ Մնում է, որ այս ամենը սոսկ թղթի վրա «ֆիքսված» հայտարարություն չլինի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2442

Մեկնաբանություններ