Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
12.07.2011 | 00:00

Երկրի էներգետիկ համակարգն այն բացառիկ ոլորտներից է, որը, տնտեսականից բացի, ունի նաև կարևոր արտաքին քաղաքական նշանակություն: Խոսքը միայն միջուկային էներգետիկայի զարգացման մասին չէ, որի արտաքին ասպեկտներն առնչվում են էներգետիկ անվտանգության միջազգային պահանջների բավարարման հիմնահարցերին և խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացման երկրի ներուժին: Հայաստանը, անդամակցելով Եվրոպայի Խորհրդին, ստանձնել է նաև որոշակի պարտավորություններ, որոնք տանում են Եվրամիության հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունների մերձեցման: Այս տեսանկյունից կարևորվում են Եվրամիության հետ նախ «Նոր հարևանության», իսկ ավելի ուշ` «Արևելյան գործընկերության» բազմակողմ ծրագրերի մշակումն ու դրանց իրականացումը:
Մասնավորապես, ԵՄ հետ Հայաստանի և արևելյան հարևան երկրների առավել մերձեցման, նրա արևելյան գործընկերների համար կայուն և ընդլայնված էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով կարևոր է հաշվի առնել ԵՄ պահանջները ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ: Դրանք հիմնականում առնչվում են`
-մրցունակության (գների և մատակարարումների կայունություն ու անվտանգություն) բարձրացմանը,
-շուկաների տարանջատմանը (Եվրահանձնաժողովն առաջարկում է ամբողջությամբ անկախ օպերատորի առկայություն համակարգում կամ սեփականության տարանջատում, երբ սպասարկող, մատակարարող և արտադրող ընկերություններն առանձնացված են),
-արդյունավետ կարգավորում (կարգավորող մարմինների իրավասության մակարդակն ու անկախությունը պետք է համապատասխանեն ԵՄ չափանիշներին և ունենան ոչ միայն իրենց ազգային շուկայի, այլև ներքին էներգետիկ շուկայի զարգացման, տեխնիկական ստանդարտների համաձայնեցման նպատակներ),
-շուկայում գործող ընկերությունների գործունեության և տրամադրած տեղեկատվության թափանցիկություն,
-ենթակառուցվածքների փոխմիացման պայմանների ապահովում:
Մեր համոզմամբ` հիշյալ պահանջների կատարումն անհրաժեշտ նախապայման է ինչպես ազգային էներգետիկ համակարգերի արդյունավետության բարձրացման, այնպես էլ «Արևելյան գործընկերության» շրջանակներում էներգետիկ համագործակցություն ծավալելու և այն զարգացնելու նպատակներով:
Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ Հայաստանի էներգետիկ համակարգը հիմնականում բավարարում է ԵՄ ներկայացրած պահանջները: Միաժամանակ, ինչպես բխում է ստորև ներկայացվող էներգետիկ համակարգի ներկա իրավիճակի գնահատականից, կան նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք համապատասխան դիրքորոշումների ճշգրտման, մոտեցումների ձևավորման և քայլերի իրականացման կարիք ունեն:
Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ ներկայումս էներգետիկան Հայաստանի մրցակցային առավելություններից մեկն է: Ավելին, էլեկտրաէներգիայի արտադրության գծով Հայաստանն ինքնաբավ է և էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման պարագայում ի վիճակի է ավելացնելու արտահանման ներկայիս ծավալներն ու կարևոր ներդրում ունենալու «Արևելյան գործընկերության» արդյունավետ զարգացման գործում:
Ինչ վերաբերում է Հայաստանի և «Արևելյան գործընկերության» մասնակիցների, ԵՄ երկրների միջև էներգակիրների, էլեկտրաէներգիայի և դրանց համար անհրաժեշտ տեխնոլոգիաների առևտրի հեռանկարներին, էներգետիկ նախագծերի վարկավորման հնարավորություններին և էներգետիկայի բնագավառի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման խնդիրներին, ապա կարելի է նշել հետևյալը:
Ներկայումս շահագործվում է Իրան-Հայաստան գազամուղը, նախագծման փուլում է Իրան-Հայաստան-Վրաստան նոր 400 ԿՎ լարմամբ էլեկտրահաղորդման գիծը, աշխատանքներ են տարվում ԻԻՀ հետ նոր հիդրոկայանների կառուցման ուղղությամբ և այլն:
Ընդհանուր առմամբ, Եվրամիության հետ տնտեսական և էներգետիկ կապերը զարգացնելիս անհրաժեշտություն է առաջանում առանձնացնելու այն ուղղությունները, որոնք առավել իրատեսական կլինեն «Արևելյան գործընկերության» և ԵՄ երկրների միջև համագործակցության շրջանակներում համատեղ ծրագրերի մշակման և իրականացման տեսանկյունից:
Բացի տեխնիկական և տնտեսական բնույթի ցուցանիշների վերլուծությունից, առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում նաև էներգետիկ անվտանգության խնդիրները: Մասնավորապես, Հայաստանի էներգետիկ անվտանգության սպառնալիքներից կարևոր է առանձնացնել տնտեսական կամ քաղաքական այն իրադարձությունները, որոնք ապակայունացնում են էներգետիկ համակարգի աշխատանքը, սահմանափակում կամ խափանում էներգամատակարարումը, հանգեցնում վթարների և էներգետիկայի, տնտեսության ու հասարակության համար այլ բացասական հետևանքների: Հայաստանում նման իրավիճակներ ստեղծվեցին հատկապես Սպիտակի երկրաշարժից հետո` «Կանաչների շարժման» արդյունքում Մեծամորի ատոմակայանի աշխատանքների դադարեցման հետևանքով: Էներգետիկ անվտանգությունը բնութագրող սպառնալիքները բաժանվում են տնտեսական, սոցիալ-քաղաքական, արտաքին տնտեսական և արտաքին քաղաքական, տեխնածին և բնածին սպառնալիքների, ինչպես նաև կառավարման արդյունավետության հետ կապված սպառնալիքների: Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ Հայաստանի համար առավել կարևոր նշանակություն ունեն էներգետիկայի զարգացման, բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ներդրումային ռեսուրսների պակասուրդը, տարածաշրջանում տնտեսական որոշ կապերի խզումը, վառելիքային և նյութական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, ինչպես նաև դրանց բարձր գներն ու վառելիքային և էներգետիկ ռեսուրսների մատակարարման մենաշնորհացման աստիճանը: Միաժամանակ, կարևոր է հաշվի առնել ֆինանսական ռեսուրսների անբավարար քանակությամբ պայմանավորված տեխնիկական սահմանափակվածությունը, վառելիքաէներգետիկ ռեսուրսների արտադրության և սպառման անհավասարակշռությունը, էներգետիկ հզորությունների պակասուրդը և ցանցերի ոչ բավարար թողունակությունը:
Ինչ վերաբերում է էներգետիկ անվտանգության ցուցանիշներին, ապա ներկայումս գոյություն ունեն տարբեր ցուցիչներ, որոնք մշակվել են միջազգային կառույցների կողմից և միտում ունեն ապահովելու ոլորտի կայուն և անխափան աշխատանքը: Դրանցից հարկ է առանձնացնել սոցիալական ցուցիչների խումբը, որն ընդգրկում է սոցիալական արդարությունը ներառող այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են հասանելիությունը, մատչելիությունն ու անհավասարությունը և առողջության անվտանգության ապահովումը: Տնտեսական ցուցիչներից կարևորվում են օգտագործման և արտադրության ձևերը, ներառյալ ամբողջական օգտագործումը, ընդհանուր արտադրողականությունը, մատակարարման արդյունավետությունը, բուն արտադրության գործընթացն ու վերջնական օգտագործումը, ինչպես նաև վառելիքի դիվերսիֆիկացիան կամ համակցությունը, գները, ներմուծումների ծավալը և վառելիքի ռազմավարական պաշարները: Հարկ է հիշատակել, որ գոյություն ունեն նաև էներգետիկ անվտանգության բնապահպանական այնպիսի ցուցիչներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, օդի, ջրի, հողի որակը, անտառները, պինդ թափոնների վերամշակումն ու կառավարումը և այլն:
Ներկայումս Հայաստանի էներգետիկ ոլորտում առկա են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ: Դրանցից են տեղական հանածո վառելիքային պաշարների բացակայությունը, էներգետիկ հզորության զգալի մասի կախվածությունը մեկ երկրից կատարվող մատակարարումներից և տրանսպորտային համակարգի սահմանափակ հնարավորություններից: Տնտեսական բարեփոխումների փուլում դրանց ավելացան նաև վառելիքի և էներգիայի մատակարարումների նկատմամբ պարտքի չվճարումը, հսկայական էներգետիկ կորուստները` անարդյունավետ սպառման և չարաշահումների պարագայում, ինչպես նաև էներգետիկ բնագավառի կառուցվածքի և գործունեության համապատասխանեցման անհրաժեշտությունը շուկայական տնտեսության ներդրմամբ պայմանավորված պահանջներին:
Ի թիվս արդեն մատնանշված խնդիրների, ներկայումս Հայաստանի էներգետիկ համակարգի համար կարևոր նշանակություն է ձեռք բերում ֆինանսատնտեսական գործունեության բարելավումը, մասնավորեցմանը հաջորդած փուլում արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաև էներգետիկայում իրականացվող բարեփոխումների շարունակությունը, էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ծավալների ավելացումը և արտաքին հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: Ընթացիկ խնդիրներից են նաև հողմաէներգետիկ և արևի էներգիայի փոխակերպման կայանների ծրագրերի թույլտվությունների ստացման անհարկի բարդությունները, հողմակայանների և փոքր հէկերի տուրբինների ԱԱՀ և մաքսատուրքից ազատելու օրենսդրական անհստակությունները, որոնք լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր են ծնում ձեռնարկատիրության զարգացման համար: Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել վերականգնվող աղբյուրների թվում հատուկ ուշադրություն դարձնել երկրի ընդերքի` գեոթերմալ էներգիան էլեկտրականի փոխակերպելուն, ինչպես նաև կենսազանգվածի էներգիայի արդյունավետ օգտագործմանը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ