«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ադրբեջանական սև ցուցակն ու ռուսական սցենարն Արցախում

Ադրբեջանական սև ցուցակն ու ռուսական սցենարն Արցախում
01.10.2023 | 18:39

Մինչ Եվլախում ընթանում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների թվով երրորդ հանդիպումը,

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար:

Իհարկե զարմանալի է, թե ինչի մասին են բանակցում վերջիններս, երբ վերջին արցախահայը թողնելով իր հայրենի հողը, տունուտեղը լքում է Արցախը, ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ ամենօրյա ռեժիմով ձերբակալվում ու գերեվարվում է:

Այս պահին Արցախում մնացել է մի քանի հարյուր մարդ՝ կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ մարդիկ, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, որոնք նույնպես պատրաստվում են մեկնել:

Ստեփանակերտում են նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ու խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցությունների բոլոր պատգամավորները, որոնց մնալու, գնալու կամ առհասարակ վերջիններիս հետագա ճակատագիրը դեռևս պարզ չէ:

Ի՞նչ կարող է բանակցել նախագահ Շահրամանյանը, եթե Ադրբեջանի Գլխավոր դատախազ Քյամրան Ալիևն այսօր կոչով դիմել է ըստ նախնական ցուցակի այն 300 հայերին, ովքեր «Ղարաբաղում հանցագործություններ կատարելու համար» միջազգային հետախուզման մեջ են, որպեսզի ինքնակամ հանձնվեն։

Արդեն իսկ ձերբակալվել են Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար և Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ ինքնակամ է ներկայացել ու ձերբակալվել:

Ձերբակալման վտանգի տակ են Արցախի երեք նախկին նախագահները, մի շարք այլ բարձրաստիճան սպաներ ու քաղգործիչներ:

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր՝ Վիտալի Բալասանյանը կալանավորված չէ:

Ըստ որոշ տեղեկությունների, ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի հնարավոր է Արցախի, այսպես կոչված, համայնքի ներկայացուցիչ նշանակվի հենց նա, ով հայտարարել է Արցախը չլքելու մասին իր որոշումը։

Այսպիսով, խիստ կասկածելի է, որ նախագահ Շահրամանյանին կհաջողվի բանակցությունների միջոցով մնացյալ բարձրաստիճան սպաներին և քաղգործիչներին չկալանավորելու համար երաշխիքներ ստանալ:

Անգամ իր անձի մասով վերջում չեն բացառվում խնդիրները:

Այնպես որ՝ ոչ մեկն ապահովագրված չէ:

Բաքուն անդրդվելի է այդ հարցում և բնավ չի գնա զիջումների:

Իհարկե չի բացառվում, որ բացառիկ դեպքերում՝ ներքին կարգով կամ որոշակի հետկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում, մի քանի հոգու համար այդուհանդերձ համաներում կիրառվի:

Չի բացառվում, որ որպես հաջորդ քայլ, Բաքուն ՀՀ-ից պահանջի իրեն հանձնել ՀՀ-ում գտնվող բարձրաստիճան սպաների, որոնք տարբեր ժամանակահատվածներում Արցախում զբաղեցրել են պաշտոններ:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի՝ Արցախի հետ կապված իր հետագա պլաններին, ապա ընթացող պրոցեսների համատեքստում, հասկանալի է, որ վերջինս անմնացորդ ջանք ու եռանդ է գործադրելու, որ Արցախում առնվազն 20-30 հազար հայ մնա, որոնց շնորհիվ «խաղաղապահ առաքելության» գործունեությունն Արցախում շարունակվի:

Այլապես, նրանց մնալն Արցախում անտրամաբանական է:

Անգամ Ադրբեջանին է ինչ-որ տեղ ձեռնտու, որ Արցախում գոնե այդքան հայ մնա, որպեսզի միջազգային հանրությանը ներկայացնի, որ էթնիկ զտումներ չի իրականացրել, Արցախը լքած հայերը ինքնակամ են հեռացել և ահա՝ մի քանի տասնյակ հազար հայերը կայացրել են մնալու որոշում, շարունակում են ապրել Արցախում՝ համաձայնելով վերաինտեգրմանն ու համագոյակցությանը:

Գուցե ՌԴ-ն հատուկ անվտանգային երաշխիքներ առաջարկի մնացյալ հայերին, որպեսզի վերջիններս դուրս չգան Արցախից:

Այդկերպ նրանց «գոյությունն» Արցախում կպահպանվի:

Մանավանդ, որ կան հստակ տեղեկություններ, որ Ռուսաստանը բանակցում է Ադրբեջանի հետ խաղաղապահ առաքելության ժամկետը 10 տարով երկարաձգելու հարցում։

Հենց այնպես չէր Պեսկովն ասում, թե՝ «Ոչ մի պատճառ չկա, որ Ղարաբաղի հայ բնակիչները զանգվածաբար լքեն իրենց տները: Այստեղ գլխավորն այն է, որ մնալու որոշում կայացրածներն ապահովված լինեն նորմալ կենսապայմաններով։ Այսինքն՝ մեզ ամենից շատ անհանգստացնում է այս խնդրի մարդասիրական կողմը, որը պետք է ապահովվի»։

Իսկ ամբողջական հայաթափման պարագայում ՌԴ-ն կարող է գործադրել իր հաջորդ ալտերնատիվ պլանը.

«Խաղաղապահ» եզրույթը բնականաբար դուրս է գալիս, որին փոխարինում են, մի փոքր այլ գործառույթներով, մեկ այլ անվանումով ստորաբաժանումները:

Իհարկե դա ևս մշտական բնույթ չի կարող կրել:

Իսկ երկարաժամկետ կամ մշտապես իրենց ներկայությունն ապահովելու համար չի բացառվում, որ Ադրբեջանին առաջարկվի ռուսական ռազմաբազայի տեղակայում Արցախում:

Վերջերս Ադրբեջանի և ՌԴ-ի միջև կնքված դաշնակցային հարաբերությունների համատեքստում այն խիստ իրատեսական է:

Այնպես, ինչպես 1998-ին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված՝ «Դաշնակցային հարաբերությունների, բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության» մասին միջպետական պայմանագիր էլ մենք ունենք, որի հիման վրա Հայաստանում տեղակայված է 102-րդ ռազմաբազան, Էրեբունու ռուսական ավիաբազան, բայց և գործնականում այն այս պահին պարզապես «լակմուսի թուղթ» է:

Առաջին տպավորությամբ Ադրբեջանին դա բացարձակ պետք չէ, մանավանդ, որ նա ինքնուրույն կարող է գերհագեցած միլիտարիզացիա ապահովել ողջ Արցախում և ՀՀ-ի հետ սահմանագծին, բայց եթե պայմանը լինի ռուսական ռազմաբազայի կողմից որպես պարտականություն՝ արտաքին վտանգների, տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական ոտնձգությունների դեպքում համատեղ ուժերով դիմադրությունը, դրանց զսպումն ու չեզոքացումը, կայունության պահպանումը՝ գուցե և համաձայնի:

Որպես անվտանգային՝ հավելյալ կամ ալտերնատիվ երաշխիք դա իրատեսական է:

Չի բացառվում, որ Արցախում ՌԴ ռազմաբազայի լինելու «գինը» լինի՝ վերջինիս կողմից՝ «Զանգեզուրի էքստերիտորիալ միջանցքի» ապահովումը:

Իհարկե ՌԴ-ն այլ լծակներ ևս ունի, որոնք ևս կարող է գործադրել:

Այնպես որ՝ ոչինչ չի բացառվում:

Եվ հետո.

Ակնայում (Աղդամ) տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը, որտեղից երկու երկրների զինվորականները հետևելու էին Արցախում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածմանը, ապա վերջին իրադարձություններից հետո, իրենց գործառույթներն ևս պետք է համարվեն ավարտված, քանզի կոնֆլիկտը համարվում է հանգուցալուծված:

Հետևաբար, ըստ տրամաբանության այդ կենտրոնը պետք է դադարեցնի իր գոյությունը:

Այս ամենի համատեքստում պետք է հաշվի առնել նաև այն, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվել է «Շուշիի՝ ռազմական փոխօգնության դեկլարացիան», որը որպես անվտանգային հավելյալ երաշխիք բավարար է Ադրբեջանին:

Հետևաբար, Ադրբեջանին ավելի ցանկալի կլինի թուրքական, քան թե ռուսական ներկայացվածությունը:

Դե իսկ Ռուսաստանի գեոպոլիտիկ նպատակներից է պահպանել իր հեգեմոնիզմն ու որպես կոնֆլիկտների հանգուցալուծողի միակ դերակատարի ներկայությունը տարածաշրջանում:

Այնպես որ, նոր սցենարների, վերադասավորումների ու կոմբինացիաների ականատեսն ենք լինելու, իսկ շահերի համընկնումն ու օտարումը ժամանակի հարց է:

Ամեն դեպքում, բազմապիսի քաղաքական հաշվարկներից ու գնահատականներից անդին, կա մի փաստ՝ ռուսների մեր հանդեպ արածն արդարացում չունի:

Էլ չեմ մանրամասնում պատմության անցքերը, թե ինչպես Լենինն Արևմտյան Հայաստանը նվիրեց Թուրքիային, Ստալինը՝ Նախիջևանն ու Արցախը Ադրբեջանին:

Պուտինն էլ նրանցից հետ չմնաց:

Իսկ ինչ վերաբերվում է այսօրվա մեր իշխանություններին, ապա կասկած չկա, որ օր առաջ պետք է հեռանան:

Այսքանից հետո որևէ իշխանություն կարող է մնալ իշխանությա՞ն:

Ո՛չ, երիցս ո՛չ:

Ո՛չ մի արդարացում, ո՛չ մի քավության նոխազ լինել չի կարող։

Անփառունակ գնալու են, բայց և պատասխան են տալու:

Հնարավոր չէ մի ամբողջ երկիր կործանել, ժողովրդին անտուն անօթևան թողնել, գաղթական դարձնել, պատերազմներ տանուլ տալ, բայց մեղավոր այդպես էլ չգտնվի:

Բացառվում է:

Աստված վկա՝ այս ամենը հենց այնպես չի մարսվելու:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4239

Մեկնաբանություններ