Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կախվածություն

Կախվածություն
20.05.2023 | 23:18

Հայաստանը կախվածության մեջ է ընկել թմրանյութերից. «սպիտակ մահը» պարզվում է, մեր երկիր մուտք է գործում տոննաներով: Իսկ միամիտներս կարծում էինք, թե ներկա պահին Հայաստան ներկրվող ամենշատ ապրանքը զենքն է՝ նոր ու արդիական, ընդդեմ հոխորտացող թշնամիների: Բայց դա դեռ ամբողջ չարիքը չէ. վաղուց անզեն աչքով իսկ նկատելի է, որ Հայաստանը կախվածություն ունի նաեւ ալկոհոլային խմիչքներից ու ծխախոտից: Թող իրավապահներն ասեն ճշտորեն, թե մոլության հակվածները տարեկան քանի հանցագործություն են կատարում անսթափ վիճակում: Այստեղ նույնպես չարիքը չի ավարտվում, կան առավել վտանգավոր կախվածություններ:

Ներկա պահին Հայաստանը մեծապես կախված է ազգային ու պետական դավաճանությունից, ուրացությունից, թշնամու թելադրանքից, արկածախնդրությունից, պարտվողականությունից, անկարողությունից, տգետ ամբոխից, ձևախեղված ժողովրդավարությունից, համակարգային խաբեությունից, բռնությունից, անհանդուրժողականությունից, անտարբերությունից, այլասերվածությունից… Ընդհատեմ, ցավալիորեն երկար շարք է:

Երկիրը բարվոք գոյատևելու համար, իրոք, պետք է ունենա առանձին պարտադիր կախվածություններ, ի մասնավորի՝ ազգային արժեքներից, հայրենիքից, միասնությունից, նախնյաց ժառանգությունից, ազատությունից ու արդարությունից, արժանապատվությունից, ինքնապաշտպանական բնատուր խառնվածքից, երկրի ամեն կտորի համար պայքարելու պատրաստակամությունից… Այս շարքի մեջ Հայաստանը ցույց է տալիս բացառիկ լիբերալություն ու թողտվություն: Թե չէ ինչպե՞ս կարող է իր հայրենիքի ամենամաքառուն ու ազգանվեր հատվածին՝ Արցախին, թողնել մեն-մենակ կատաղած թշնամու հանդիման:

Ազգը և երկիրը կենսունակ են, երբ բոլորը կախված են միմյանցից:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ