38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հակոբ Արշակյան. Հայկական հարվածային անօդաչու սարքերը անցնում են պետական փորձարկումներ

Հակոբ Արշակյան. Հայկական հարվածային անօդաչու սարքերը անցնում են պետական փորձարկումներ
09.02.2021 | 20:04

Հայկական արտադրության հարվածային անօդաչու սարքերը արդեն անցնում են պետական փորձարկումներ, հաջող ավարտից հետո կսկսվի արտադրությունը, այսօր լրագրողների հետ հանդիպանը հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նա է ղեկավարում նաև Ռազմաարդյունաբերության պետական կոմիտեն։ Նախարարի խոսքով, հետախուզական նշանակության անօդաչու սարքերի սերիական արտադրություն Հայաստանում սկսվել է 2020-ին, կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, իրենց լավ են դրսևորել՝ արժանանալով զինված ուժերի դրական գնահատականին․ «Հետախուզական անօդաչուների մասով արդեն իսկ ասվել է՝ փորձարկվել և արտադրական հնարավորություններ կան։ Հարվածայինի մասով պետական փորձարկումները որոշ դեպքերում արդեն անցնում են, այս փուլում են։ Երբ կանցնենք ռազմական փորձարկումներ, սերիական կգնան։ Այսինքն՝ այն միջոցները, որոնք տրամադրված են եղել մեր Զինված ուժերին, կիրառվել են։ Հատկապես հետախուզական ուղղությամբ»։

Արշակյանի խոսքով, եթե ռազմաարդունաբերական համալիրում մշակումների և փորձնական գնումների համար պետբյուջեից 2017-ին հատկացվել էր 1,6 միլիարդ դրամ, 2018-ին՝ 2,4 միլիարդ, 2019-ին՝ 3,8 միլիարդ, 2020-ին՝ 6,7 միլիարդ, այս տարի հատկացվել է 4,6 միլիարդ դրամ:«Միանշանակ ապագայի տեխնոլոգիաները չեն սահմանափակվելու առնվազն անօդաչու սարքերով։ Դրանք են՝ ռոբոտացված համակարգեր, օպտիկալազերային միջոցներ, էլեկտրոնային խոցման միջոցներ: Արհեստական բանականության կիրառումը պաշտպանական ոլորտում շատ ավելի է ահագնանում, և հենց էդ նույն անօդաչու թռչող սարքերը առանց էս ալգորիթմերի պիտանի չեն։ Այդ ուղղությամբ նույնպես զարգացումներ կան։ Հիմա արդեն կարող եմ մի փոքր փակագծեր բացել․ հայկական խոցող անօդաչուների դեպքում փորձնական կիրառման մեջ արդեն իսկ կիրառվել են արհեստական բանականության ալգորիթմեր հենց օբյեկտների ճանաչման, դրանց թիրախավորման համար։ Ի՞նչ է դա տալիս։ Տալիս է այն, որ դու հետադարձ կապի կարիք չունես կառավարման համար, որովհետև էդ կապի միջոցը նույնպես հնարավոր է արձանագրել տարբեր սարքերի միջոցով։ Այսինքն՝ մեկ ուղղությամբ կիրառման դեպքում ինքը ինքնուրույն կողմնորոշվում և գնում-գտնում է թիրախը»։


Ըստ նախարարի՝ սպառազինության ցանկացած նոր տեսակ, որ մուտք է գործում Զինված ուժեր, անցնում է ինստիտուցիոնալացման փուլ, և ժամանակ է հարկավոր, որպեսզի զինված ուժերը կարողանան արդյունավետ կիրառել․ «Դու կարող ես զինված լինել աշխարհի ամենագերժամանակակից միջոցներով, բայց չկարողանաս կառավարել և արդյունքում պարտվես պատերազմում։ Էն, ինչ տեսանք մենք Արցախյան պատերազմի դեպքում, մեր հակառակորդը իր կառավարման համար լայնորեն ներգրավեց թուրքական զինված ուժերը թե անօդաչուների մասով, թե զորքերի կառավարման մասով։ Այսինքն՝ էնպես չի, որ դուք ունեք զինատեսակ և այսօր տարաք և կիրառեցիք։ Դրա համար հատուկ զորքեր են ստեղծվում, հատուկ ստորաբաժանումներ են ստեղծվում, կիրառման հմտություններ են սովորեցվում, վերապատրաստումներ են անցկացվում, և դա լրջագույն պրոցես է։ Այո, էդ պրոցեսը սկսված է մեծ թափով, այո, և դա պետք է շարունակություն ունենա՝ բարելավելով մեր պաշտպանության Զինված ուժերը»։


Հակոբ Արշակյանի փոխանցմամբ, հրետանու ու ականանետերի արկերի, նռնակների հայկական Զինված ուժերի պահանջարկը այս տարվանից ամբողջովին կարտադրվի Հայաստանում։ Ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նպատակն է աստիճանաբար ընդլայնել պահանջվող սպառազինության, ռազմամթերքի հայաստանյան արտադրությունը, որպեսզի զինված ուժերի համալրումը արտերկրից հնարավորինս քիչ կախված լինի։
Բարձր տեխնոլոգիական ոլորտը 2020 թվականին աճել է 20,6 տոկոսով
Նախարարը խոսեց նաև հայաստանյան բարձր տեխնոլոգիական ոլորտի՝ ծրագրային ապահովումներ, համակարգեր, սարքաշինություն, 2020-ի արդյունքներից՝ հատուկ նշելով, որ թվերը չեն ներառում կապի օպերատորների արդյունքները։ Ոլորտում գործող 1228 ընկերությունների շրջանառությունն աճել է 20,6 տոկոսով՝ հասնելով 198 միլիարդ դրամի կամ այսօրվա փոխարժեքով ավելի քան 377 միլիոն դոլարի։ Ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվը աճել է 22 տոկոսով և կազմել է 18747։ Ոլորտի ընկերությունների վճարած հարկերը նախորդ տարի աճել են 14 տոկոսով՝ անցնելով 41 միլիարդ դրամը։ Եթե 2019-ին ոլորտոււմ միջին աշխատավարձը (հարկերը հանած) կազմել է գրեթե 544000 դրամ, 2020-ին գերազանցել է 580000-ը։ 2020-ին ոլորտ են մուտք գործել 192 նոր ընկերություններ, որոնք ստացել են հավաստագրեր և կօգտվեն հարկային արտոնություններից։ Հայաստանյան ծագում ունեցող ստարտափերը 2020-ին ներգրավել են շուրջ 50 միլիոն դոլարի ներդրումներ՝ հիմնականում արտերկրից։


«Սա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ Հայաստանում ստեղծվել են գիտատար պրոդուկտներ և ընկերություններ, որոնք կարողացել են այնպիսի արդյունքներ ցուցաբերել, որ հետաքրքիր են դարձել վենթյուրային ներդրողների, այլ ներդրողների համար և իրենց այդ գիտելիքահետ պրոդուկտների և ընկերությունների միջոցով կարողացել են ներգրավել շուրջ 50 միլիոն դոլարի ներդրումներ։ Հույս ունենք, որ առաջիկայում այս թվերը կավելանան», - ասաց Հակոբ Արշակյանը։

Դիտվել է՝ 24690

Մեկնաբանություններ