Բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, Բաքուն և Երևանը պետք է նպաստեն այս գործընթացին՝ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պահանջում են լիովին և անհապաղ տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրյա վարձկաններին և կողմերին կոչ են անում նպաստել նրանց հեռացմանը»,- իրենց հայտարարությունում ընդգծել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը։ Համանախագահները նաև Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում ներկայիս հրադադարն օգտագործել երկարաժամկետ և հուսալի խաղաղության համաձայնագիր կնքելու համար՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Նրանք նաև Բաքվին և Երևանին կոչ են անում պայմաններ ստեղծել համանախագահող երկրների ներկայացուցիչների այցի համար՝ «սկսելու առարկայական բանակցություններ բոլոր չլուծված հարցերի համար՝ ըստ համաձայնեցված ժամանակացույցի»։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնում են միջազգային հումանիտար օրենքի պահանջները կատարելու պարտավորության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման և դիերի վերադարձի հարցում: Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ պատմական և կրոնական ժառանգությունը պաշտպանելու կարևորությունը»,- նշված է փաստաթղթի մեջ։