Մեզանում վատ սովորություն կա՝ մինչև իշխանության քաղաքականությունն ուղիղ մեր գրպանին չի հարվածում, կառավարության աշխատանքի որակը մեզ չի հետաքրքրում։ Ամեն մեկն իր մաշկի վրա պիտի զգա բացասական երևույթները, որ հասկանա նաև, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Երբ երկու տարուց ավելի իրավիճակը սթափ գնահատողները բարձրաձայնում էին տարատեսակ խնդիրների մասին, ներկայացնում, թե իրականում երկրում ինչ կործանարար զարգացումներ կան, տնտեսությունն ինչպես է անկում ապրում, ազգային արժեհամակարգն ինչ հոգեվարքի մեջ է, նրանց համարում էին կամ նախկինների մնացորդներ, կամ ազգի թշնամիներ, կամ էլ ռևանշիստներ։
Այսօր ամենամեծ խնդիրը երկրի տնտեսության ծանր վիճակն է, որն օր օրի ավելի է վատանում, ու այս ամենում առանցքային դերակատարում ունի երկամյա իշխանության խոստումների ու այսօրվա պատկերի դիսոնանսը։ Մարդիկ մտածում էին, թե հեղափոխություն եղավ, Փաշինյանն էլ տված խոստումների համաձայն իրենց կյանքը դրախտ է դարձնելու։ Սակայն շատ պետք չէր սպասել, առաջին հիասթափությունը չուշացավ։ «Աղքատությունը ձեր գլխում է, դուք պետք է հաղթահարեք»,- ասաց երջանիկ կյանք խոստացած Փաշինյանը՝ ուղիղ նայելով այն քաղաքացու աչքերին, որն իշխանությունը սկուտեղի վրա մատուցեց նրան։ Հետո արդեն նման հայտարարությունները սովորական դարձան. հարուստ հարևանը կոմունալները թող վճարի, վարակի տարածման մեղավորը դիմակ չդնող անկարգապահ քաղաքացիներն են, այս շրջանում պարտավոր եք գույքահարկ վճարել, Փաշինյանը դա իր «հոր տուն» չի տանելու, մոշ աճեցնելու համար անգլերեն պիտի սովորեք, քիչ ծխեք, խմեք, որ փող մուծեք պետությանը…
Մարդիկ սովորեցին պետության ղեկավարից լսել անտրամաբանական ու սեփական պատասխանատվությունը չգիտակցող գնահատականներ։ Ընդդիմադիր Փաշինյանը, որ հարթակներից գոռում ու հաթաթաներ էր տալիս նախկին իշխանություններին, քարը քարին չէր թողնում նրանց տնտեսական քաղաքականությունը քննադատելիս, այսօր ոչ միայն մոռացել է իր բոցաշունչ ելույթները, այլև որպես վարչապետ, բոլոր հնարավոր ձևերով փորձում է քաղաքացու կյանքն է՛լ ավելի բարդացնել։
Իսկ մարդու գրպանին ուղիղ հարվածը սրտում եղածը դուրս է հանում։ Այս առումով վերջին բողոքի ակցիաների մեջ մի ուշագրավ երանգ կա արդեն։ Մանրածախ առևտրով զբաղվող մարդիկ, որոնք ապրանքների մաքսազերծման փոփոխությունների դեմ են պայքարում, իրենց խոսքում մի քանի անգամ հիշեցին նախկիններին, թե նրանց ժամանակ մանրածախ առևտրով զբաղվողներին թողնում էին հանգիստ աշխատել, չէին նեղում։ Փաստորեն, ընդամենը 2 տարի էր պետք, որ մարդիկ երանի տան այն նախկիններին, որոնց հետ մինչ այսօր կռիվ են տալիս իշխանությունները և բոլոր ձախողումներն արդարացնում նրանց թողած ժառանգությամբ։
Ժողովուրդն իզուր չի ասում. «Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ