Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Վարդան Բոստանջյանն էլ է «Հարսիկ» հնդկական սերիալը նայում

Վարդան Բոստանջյանն էլ է «Հարսիկ» հնդկական սերիալը նայում
06.06.2018 | 18:18

Այսօր գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում զավեշտալի քննարկում ծավալվեց: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը ներկայացնում էր «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը, երբ թեման սահուն հասավ հեռուստասերիալներին:

Իհարկե, կիզակետում հնդկական սերիալներն էին: Բունիաթյանը վստահեցրեց, եթե ինչ-որ բան չափից շատ է լինում, լավ չէ, բայց վերջին շրջանում հնդկական սերիալների թիվը նվազել է: «Իրականում հնդկական սերիալների մեջ շատ վատ բան չկա: Նկատի ունեմ՝ բովանդակության առումով: Անկախ նրանից, որ ես չեմ դիտում, դուք էլ չեք դիտում»,- ասաց Բունիաթյանը, ինչին հակադարձեց հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը. «Շատ վատ եք անում, որ չեք դիտում»: Դահլիճում բոլորը սկսեցին ծիծաղել, իսկ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը շարունակեց. «Իմ ծնողն էլ ա նայում, հասկանում եմ, որ այնտեղ էլ մի բան կա...»: Այնուհետև Վարդան Բոստանջյանն ասաց. «Ես մի ռեպլիկ եմ ուզում բաց թողնել: Պարոն Բունիաթյան, Դուք թույլ տվեցիք, որ ես համարձակություն դրսևորեմ: Լսեք, ուրեմն համ տեսած մարդ եմ, համ կարդացած, համ էլ շփված, բայց արի տես, ինձ «զաստավիտ» են արել ու «Հարսիկ» հնդկական սերիալն եմ նայում: ՈՒ պատկերացրեք՝ ինչ բարոյական, ինչ դաստիարակչական, մեծ ու փոքր: Սկզբից ծիծաղում էի, հետո սկսեցի նայել, բայց ոչ թե ով ում առավ, ով բաժանվեց, այլ դաստիարակչական պահերը»:

Հնդկական սերիալային մշակույթը սկսեց ավելի խոր մեկնաբանել Բունիաթյանը՝ հավելելով, որ դրանք իդեոլոգիայի վրա են հիմնված: Հանձնաժողովի դաշնակցական անդամ Սպարտակ Սեյրանյանն էլ խոսեց այն մասին, թե ինչպես են բոլորը հրաժարվում ասել, թե սերիալ են նայում, բայց իրականում դրանց ռեյտինգը շատ բարձր է: «Երբ նայում ենք, թե քանի մարդ է դժգոհում այդ սերիալներից, տպավորություն է, թե սերիալների ժամերին 3 մլն մարդ դեսանտ է իջնում Հայաստան, սերիալները նայում է ու փախչում Հայաստանից»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ