38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան  բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
28.02.2017 | 00:32

(սկիզբը` այստեղ)

Եթե վերլուծենք ՈՒզբեկստանի հայ գործարարի վերջին պատմությունը, երբ նրա ձեռքից խլեցին քաղաքացուն պատկանող բիզնեսն ու անմեղ մարդուն դատի տվեցին, ապա կտեսնենք, որ այդ երկրում փայ մտնելու գործն անցել է 100 տոկոսի տեսական սահմանը, համենայն դեպս այդպես է օտարազգի գործարարների պարագայում: Տեղական ուզբեկ ֆեոդալները ոչ միայն կարողացել են իրենց համար իրավունք նախատեսել դիմելու աննախադեպ զոռբայության՝ սեփականացնելով ուրիշների բիզնեսը, այլև մի քիչ էլ բանտարկել օտար երկրների բարգավաճման համար պայքարող հայ գործարարի, որի բիզնեսը խլելուց հետո նրան 7-ամյա ազատազրկման դատապարտեցին (հաշվի չառնելով նույնիսկ մեղմացուցիչ հանգամանքը՝ հայ գործարարի կինը զտարյուն ուզբեկուհի էր): Այս ինֆորմացիան իմացանք հայկական լրատվամիջոցներից. բանտարկված հայ գործարարի մայրը Հայաստանի իշխանություններից օգնություն էր խնդրում՝ որդուն բանտից ազատ արձակելու համար: Նման դեպքերում ի՞նչ կարող են անել մեր իշխանությունները, ինչպե՞ս խառնվեն ուրիշ երկրներում տեղի ունեցող հանցավոր գործերին ու գործարքներին, երբ իրենք են մինչև ականջները խրված սեփական ռեկետային-կոռուպցիոն գործերի ու գործարքների մեջ ու, հավանաբար, ունեն նախօրոք համաձայնեցված ինտերնացիոնալիստական-թալանչիական պարտավորություններ ու պայմանավորվածություններ հետխորհրդային երկրների, իմ կարծիքով նաև Ադրբեջանի, իրենց կոլեգաների նկատմամբ: Նման խլխլոցիների պայմաններում, կարծում եմ, բացարձակ շանս չկա զարգացնելու գիտատար արդյունաբերությունը, որի հիմքում է մեր տնտեսական հաջողության բանալին:

Հայաստանյան ներկա պայմաններում կարող է զարգանալ միայն լեռնահանքային արդյունաբերությունը, ինչն էլ իրականացվում է մեծ հաջողությամբ ու ոգևորությամբ՝ բնության ու ժողովրդի հերն անիծելով: Գորբաչովի «перестройка»-ի հեռահար նպատակների մեջ կարմիր թելի նման անցնում էր հետևյալ արևմտյան գաղափարը. ԽՍՀՄ-ի տարածքը դարձնել Արևմուտքի հումքային կցորդը: Ամերիկացիների մոտեցումներն այս հարցերում միանգամայն հիմնավորված են, բացատրելի ու մինչև վերջ լավ հաշվարկված:
Հայաստանի տնտեսական առաջընթացի համար անհրաժեշտ է վերլուծել մեր անհաջողությունների հիմնական պատճառներն ու, առաջին հերթին, պարզել գիտական հասարակության ու կոռումպացված չինովնիկության, օլիգարխիայի ու նմանատիպ այլ կատեգորիայի մարդկանց միջև գոյություն ունեցող անհաշտելի հակասության հաղթահարման հնարավորությունը: Այդ իրավիճակը մանրամասն վերլուծության կարիք ունի, որից հետո միայն պարզ կդառնա, թե ինչպես, ինչ ճանապարհներով է հնարավոր հաղթահարել առկա տնտեսական ճգնաժամը, դուրս գալ այս պատային իրավիճակից: Ի դեպ, տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար ունենք բավարար նախադրյալներ, կա պահանջվող գիտական ներուժը, բայց այն չի օգտագործվում, որովհետև բոլոր տեսանելի-անտեսանելի, հնարավոր-անհնարին միջոցներով անհասկանալի պայքար է մղվում, որ տնտեսության զարգացումը տեղի չունենա: Դա նկատելի է յուրաքանչյուր քայլափոխի, ցանկացած քննարկման ժամանակ՝ հատկապես նախընտրական եռուզեռի մեր օրերում: Վերցնենք վերջին հեռուստաբանավեճը, որը տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի ու քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր Լևոն Շիրինյանի միջև: Երկրում հայտնի երկու գործիչներ ու երկու, տրամագծորեն հակառակ, տեսակետներ, որոնք վերաբերում են երկրի ներքին ու արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերին (Հ3-ով եթեր է հեռարձակվել 2017 թ. փետրվարի 14-ին): Այս վերլուծությունը շատ ուսանելի կլինի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող ընտրողների ու, նմանապես, ընտրվողների համար:

Սկզբում դիտարկենք Ղարաբաղի թեման, դրանից ավելի կարևոր թեմա մենք, իհարկե, չունենք, չունենք ոչ Հայաստանում, ոչ էլ սփյուռքում: Ղարաբաղի հարցում Լևոն Շիրինյանը կողմ է ակտիվ, նախաձեռնողական գործողություններին, կարևոր է համարում թալիշական գործոնի ակտիվացումը: Խոսրով Հարությունյանը, ընդհակառակը, համոզված է, որ սկզբից պետք է «հորով-մորով» անենք Ղարաբաղի հարցը, հետո նոր զբաղվենք թալիշներով, որովհետև... մենք այսօր այդքան ուժեղ չենք: Իհարկե, ուժեղ չլինելը առանձին պատմություն է, ունի իր սուբյեկտիվ պատճառները, որոնց մեջ իր կարևոր դերն ու նշանակությունն են ունեցել Հայաստանի քաղաքական ասպարեզից 25 տարի շարունակ չհեռացող մեր քաղաքական ու տնտեսական գործիչները (համոզված լինենք, որ այդ ասպարեզը նրանք չեն զիջելու նաև ապրիլի 2-ի համապետական ընտրություններում):


Թալիշների ու ապագա Թալիշստան պետության ստեղծման հարցում ես լիովին կողմ եմ պրոֆեսոր Լևոն Շիրինյանին, ամեն կերպ պետք է ակտիվացնել երկումիլիոնանոց այդ տեղաբնակ ու մեզ բարեկամ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը՝ մինչև Թալիշստան նոր պետության ստեղծումը, դա իսկապես բարեկամ ժողովուրդ է, որի հետ, 5-հազարամյա մեր պատմության ընթացքում, երբեք հակասություններ կամ պատերազմներ չենք ունեցել: Թալիշստանը կարող է դառնալ Հայաստանի դաշնակից երկիրը, կհեշտացնի Ղարաբաղի խնդրի արդարացի լուծման գործը: Նշեմ, որ Թալիշի ուղղությամբ «աշխատում» է ոչ միայն Լևոն Շիրինյանը: Այդ ուղղությամբ կարևոր ու բեղմնավոր աշխատանք է կատարել նաև տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Մանուկյանը, որն իր անձնական միջոցների հաշվին մշակել է ռուս-թալիշերեն, հայ-թալիշերեն բառարանները:
Արա Պապյանի ջանքերով ամեն օր Ստեփանակերտից թալիշերեն ռադիոհաղորդումներ են տրվում, օրվա լուրերից հետո եթեր են սփռվում թալիշական երգերն ու երաժշտությունը:
Պետք է գիտակցել, թե ճնշված ու մոռացված ժողովրդի համար ինչ է նշանակում այդպիսի ուշադրությունը, ամեն օր մայրենի լեզվով լսել՝ խոսում է Թալիշստանի ձայնը (The Voise of Talyshistan) կամ Լենքորում (ապագա Թալիշստանի մայրաքաղաքում, ադրբեջաներեն՝ Լենքորան) վաղը զով է լինելու: Պատահակա՞ն էր արդյոք, որ թալիշ քաղաքական գործիչ Շահին Միրզոևի ընտանիքը քաղաքական ապաստան խնդրեց հենց Հայաստանում: Ո՛չ, պատահական չէր, ավելին, դա օրինաչափ էր, դա Արա Պապյանի, պրոֆեսորներ Լևոն Շիրինյանի ու Էդվարդ Մանուկյանի հեռատեսության, հայ ժողովրդի շահերին անմնացորդ ու անշահախնդիր ծառայելու արդյունքն է, առաջին պտուղներից մեկը, դա ժողովրդական դիվանագիտության առաջին փոքրիկ հաղթանակն է, որին կհետևեն ավելի խոշորները, նույն ձևով է պետք աշխատել նաև Թուրքիայի ուղղությամբ:


Մենք արդեն նշել ենք, որ Թուրքիայի 70-միլիոնանոց բնակչությունը կազմված է ճնշված ու մոռացության մատնված տեղաբնակներից, որոնց ստորաբար ու ստիպողաբար «թուրք» են գրել, թեև նրանց արյան մեջ թուրքերից ոչինչ չկա, նրանց ևս պետք է ակտիվացնել, ցույց տալ ազատագրման հնարավոր ճանապարհը, մոտեցնել իրենց ակունքներին: Նման կարևոր գործերով զբաղվելու համար Հայաստանը պետք է լինի ուժեղ, հզոր ու հարուստ երկիր: Այս համատեքստում կարելի է վերլուծել նշված հեռուստաբանավեճի հաջորդ թեման, որը վերաբերում է Հայաստանի տնտեսական հզորացման խնդրին: Ի՞նչ է պետք դրա համար: Պրոֆեսոր Լևոն Շիրինյանը համոզված է, որ դրա համար պետք է զարգացնել սեփական ռազմարդյունաբերական համալիրը, դառնալ գիտական կենտրոն ԵԱՏՄ-ի պետությունների համար՝ շեշտը դնելով սեփական գիտնականների ու նրանց կատարած գիտական աշխատանքների, մասնավորապես, արևային նոր տեխնոլոգիաների վրա:
ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հակառակ կարծիքին է. Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելու համար պետք է ունենալ նոր տեխնոլոգիաներ, ապահովել երկրի «технологический прорыв»-ը, դրա համար Հայաստանը կարիք ունի մեծ ինվեստիցիաների՝ նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար: Հիրավի, այստեղ է ասված՝ «слышал звон, да не знает где он»:


Նոր տեխնոլոգիաների թեման Ռուսաստանում քննարկվող ամենակարևորներից մեկն է, միասնական կարծիք կա, որ երկրի նոր ինդուստրացման ծրագիրը հաջողությամբ իրականացնելու, տնտեսության թռիչքային զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է հենվել նոր տեխնոլոգիաների վրա, գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը պետք է դրվեն տեխնոլոգիական նոր ռելսերի վրա, իրագործվի, այսպես կոչված «технологический прорыв»-ը: ՀՀ Ազգային ժողովի հարգարժան պատգամավորը ճիշտ է, Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար պետք են նոր տեխնոլոգիաներ, բայց այդ նոր տեխնոլոգիաների տակ մասնագետները հասկանում են այնպիսիք, ինչպիսիք նորություն են ոչ թե Ռուսաստանի կամ Հայաստանի համար, այլ նորություն են աշխարհի մակարդակով: ՈՒրիշների ունեցած «քարթու» տեխնոլոգիաները, որոնք բերվում են Հայաստան՝ նորի անվան տակ (դրանց թիվը կարող է հասնել միլիոնների), մեզ ոչինչ տալ չեն կարող: Տեխնոլոգիաների այդ «նորը» ռուսները, այդ թվում` Պետդումայի ռուս պատգամավորները, շատ ճիշտ են հասկացել, առանց ժամանակ կորցնելու ու ջուր ծեծելու աշխատում են այդ «նորի» ուղղությամբ՝ հույսը դնելով սեփական «ուղեղների» ջանքերով ստեղծված ու ժամանակից առաջ ընկած նոր տեխնոլոգիաների վրա:
Նոր տեխնոլոգիաներ ասելով մենք պետք է հասկանանք այն տեխնոլոգիաները, որոնք առաջին անգամ ստեղծվել են Հայաստանում, նորություն են աշխարհի համար: Ով՝ չգիտեմ, բայց Խոսրով Հարությունյանը նոր տեխնոլոգիաների խնդիրը պետք է լավ պատկերացներ, բայց չգիտես ինչու Հայաստանին ցույց է տալիս զարգացման մեկ այլ, հեռանկար չունեցող ուղղությունը: Նոր տեխնոլոգիաներ բերելու և Հայաստանի «технологический прорыв»-ը ապահովելու համար Խոսրով Հարությունյանը առաջարկում է բերել հսկայածավալ նոր ներդրումներ: Իհարկե, խոշոր ներդրումներ բերելու շկոլան հայ ժողովուրդն արդեն անցել է և, նույնիսկ, հասցրել է մտնել 6-միլիարդանոց պարտքի տակ, բայց դեռ խելքի չի եկել, շարունակում է լսել ու առաջնորդվել իր պատգամավորների անիմաստ խորհուրդներով և դատողություններով: Իսկ Ազգային ժողովը հավանություն է տալիս այդ սուտ վարդապետություններին:
Հայ ժողովուրդը դեռևս մի կերպ դիմանում է, բայց այլևս չի դիմադրում, եթե պարտքերը մի քիչ էլ ավելանան, ապա հայ ժողովուրդը կարող է վերջնականապես ծնկի գալ՝ իր օլիգարխների արածի առաջ: Ով՝ չգիտեմ, բայց Խոսրով Հարությունյանը եղել է մեր արևային պոլիգոնում, ծանոթացել է մեր աշխատանքներին, քաջատեղյակ է հելիոֆիկացիայի մեր ծրագրի բոլոր նրբություններին, հասկացել ու գնահատել է նրա շերտերի տակ թաքնված հսկայական տեխնոլոգիական հնարավորությունները, դրանք նոր ու նորություն են աշխարհի մակարդակով, մասնավոր քննարկումների ժամանակ տվել է իր դրական գնահատականը՝ տեսախցիկի առջև գովեստի խոսքեր շռայլելով հայ գիտնականների հասցեին, բայց հրապարակայնորեն այլ բաներից ու տեխնոլոգիաներից է խոսում, նորանոր դատողություններ է անում, ուրիշների գովքն անելով` մոռացել է պոետ Լեբեդև-Կումաչի հայտնի ելույթը՝ Ռուսաստանի Գերագույն խորհրդի նիստի ժամանակ: Մեջբերելով Լոմոնոսովի հայտնի տողերը` նա ասել է.

-Наш народ богат различными талантами и блестяще доказал
«Что может собственных Платонов
И быстрых разумов Ньютонов
Российская земля рождать» (տպագրվել է «Правда»-ի 1946 թ. հունիսի 26-ի համարում): Հիշենք այդ ժամանակները. Հայրենական Մեծ պատերազմը նոր էր ավարտվել, Ամերիկան իր ստեղծած ու Հիրոսիմա-Նագասակիում փորձարկած ատոմային ռումբերն էր ճոճում Խորհրդային Միության վրա, ատոմային պատերազմով էր սպառնում, երկիրը հայտնվել էր քանդված ու քայքայված վիճակում, պետք էր մի ելք գտնել, ու գտան այդ ելքը՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա (Կուրչատով, Կորոլյով, Միկոյան, Ալիխանյան եղբայրներ, Մետաքսյան, Մերգելյան, Համբարձումյան և այլն, և այլն, կարելի է անվերջ թվարկել):

Հիմա Հայաստանն է հայտնվել հետպատերազմյան ԽՍՀՄ վիճակում, պետք է փրկության մի ելք գտնել, ու այդ ելքը տարբեր տեղերում են տեսնում մեր քաղաքական գործիչները: Լևոն Շիրինյանը համոզված է, որ պետք է օգտագործել սեփական գիտական ներուժը՝ հրաժարվելով համաշխարհային բանկերի «օգնությունից» ու «օժանդակությունից», Խոսրով Հարությունյանը, ընդհակառակը, պնդում է, թե պետք է դրսից ներդրումներ, մեծ ներդրումներ բերել՝ անտեսելով ու արհամարհելով հայ գիտնականների գյուտերն ու ստեղծած տեխնոլոգիաները, որոնք պատրաստ են ծառայելու հայկական արդյունաբերությանը, գյուղատնտեսությանն ու համայն հայ ժողովրդին:


Խոսրով Հարությունյան-Լևոն Շիրինյան հեռուստաբանավեճից հետո ես հասկացա մեր անհաջողությունների հիմնական պատճառներից ևս մեկը. Հայաստանում տեղի է ունեցել աշխատանքի սխալ բաժանում. հայ գիտնականները, ինժեներները, բանվորները, բժիշկներն ու մյուս պրոֆեսիոնալները երկրի ճակատագիրը հանձնել են պատգամավորական ու իշխանական քողի տակ հանդես եկող գիտունիկներին, կեղծ տնտեսագետներին, բախտախնդիր քաղաքական գործիչներին, հայ ժողովրդի շահերը կեղծավոր ու կեղծ ձևերով ներկայացնող խանութպաններին ու սուտ գեներալներին, երկրի կառավարման ղեկը պետք է վերցնել ավանտյուրիստների այդ բանակի ձեռքերից, որոնք 25 տարի շարունակ մեզ նույն երգն են երգում ու երկիրը տանում բացահայտ կործանման ճանապարհով՝ երկրի զարգացման ձևերը, մեթոդներն ու միջոցները ծառայեցնելով իրենց ընտանիքների շահերին:
Բավ է մեզ ինքնակամ հեռու պահենք երկրի ներքին ու արտաքին գործերի վրա ազդելու սահմանադրական մեր իրավունքից: Մասնավորապես, պետք է օգտագործել ՀՀ Ազգային ժողովը՝ որպես կարևոր հարթակ: Որդեգրելով պասիվ դիտորդի կարգավիճակը, ասպարեզը մեծահոգաբար զիջելով մարդկանց, որոնցից խեր չի լինելու, ձևացնելով, թե այլ ելք չկա, մենք, բնականաբար, արջի ծառայություն ենք մատուցում սեփական ժողովրդին: Պետք է կարողանանք ջանք գործադրել ու հրաժարվել երկդիմի, երկերեսանի, խարդախ քաղաքական գործիչներից ու նրանց խաղերից: Նրանք վաղուց են հաշվել մեր ժողովրդի «ատամներն» ու մի մազ անգամ չեն շեղվելու իրենց վարած հանցավոր կուրսից՝ առաջ տանելով ու ծաղկեցնելով միայն իրենց բիզնեսները՝ երկրի հույժ կարևոր գործերը մղելով հետին պլան, թողնելով թուրքերին: Ինձ իրավունք եմ վերապահում հայ հանրությանն ու, առաջին հերթին, մեր տեխնիկական մտավորականությանը կոչ անել, որ ակտիվորեն մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ամեն ինչ անել, որ ասպարեզից հեռացվեն իրենց դարն ապրած քաղաքական գործիչները: Փորձենք ճանապարհ հարթել երիտասարդ, բանիմաց ու ազնիվ գործիչների համար:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 7018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ