Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

ԴիջիԹեքում շեշտադրվելու է նաև տեխնոլոգիաների և մշակույթի կապը

ԴիջիԹեքում շեշտադրվելու է նաև տեխնոլոգիաների և մշակույթի կապը
29.09.2015 | 10:52

Տեխնոլոգիական հայությունը ամեն տարի հոկտեմբերին հավաքվում է ԴիջիԹեքի տանիքի ներքո։ Այս տարի ԴիջիԹեք ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 2-4-ին` «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։ 11-րդ տեխնոլոգիական այս տոնը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)։ Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։
ԻՏՁՄ գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ տեղեկացնում է, որ այս տարի հաջողվել է ԴիջիԹեքում ներգրավել միջազգային շուկայում լուրջ հաջողություններ գրանցած հայկական ընկերություններին՝ PicsArt, Zangi, «Ջումագ», «Տրիադա Ստուդիո», որը կներկայացնի Apple Design Award-ի մրցանակին արժանացած Shadowmatic խաղը, և այլն։ Կարեն Վարդանյանը նշում է, որ նման ընկերությունների ներգրավումը ցուցահանդեսի շրջանակներում հաջողության պատմությունները հասարակությանը ծանոթացնելու հնարավորություն է տալիս։
Հայ ծրագրավորողների Zangi հավելվածով հնարավոր է իրականացնել տեսաձայնային զանգեր, ինչպես նաև ուղարկել ինտերակտիվ հաղորդագրություններ, լուսանկարներ ու տեսանյութեր: Zangi անվամբ ընկերությունը համանուն իր հավելվածով ակտիվորեն սկսել է շուկա մուտք գործել այս տարվանից։ Zangi-ն այժմ ունի մոտ 220 հազար բաժանորդ. մոտ 50 տոկոսն արտասահմանցի է, 50-ը՝ հայ։ Հավելվածը անվճար հասանելի է Android և iOS համակարգերով աշխատող մոբայլ սարքերի համար:
Ընկերության հիմնադիր տնօրեն ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ նշում է, որ իրենց հավելվածի թիրախ խումբ են տեսնում աշխարհի 11 միլիոն հայերին և փորձում են առաջին հերթին հենց այդ շուկային հասանելի դարձնել Zangi-ն։ ԴիջիԹեքն էլ այն հարթակներից է, որով կպատմեն իրենց ապրանքի մասին։
ԴիջիԹեքին ցուցադրելու են ոչ միայն Zangi հավելվածը, այլև ընկերության այլ տեխնոլոգիաներ՝ տեսակոնֆերանս, անվտանգության լուծումներ՝ կորպորատիվ հաճախորդներին սպասարկելու համար։ Ընդ որում` ներկայացվելիք տեսակոնֆերանս գործիքը նոր խոսք է ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային տեխնոլոգիական շուկայում։ «Զանգիի» թիմը, ԴիջիԹեքին մասնակցելով, ակնկալում է հանդիպել նաև ներդրողների հետ։
Կարեն Վարդանյանը նշում է, որ ԴիջիԹեքն այն տեղն է, որտեղ հանդիպում են իրենց տեխնոլոգիական հանրության մաս համարող մարդիկ։ Ամերիկյան հաջողված տեխնոլոգիական ընկերությունների սփյուռքահայ ղեկավարներ՝ մոտ 100 հոգի, նույնպես այս տարի կայցելեն ԴիջիԹեք՝ միաժամանակ մասնակցելով վազքի միջազգային կիսամարաթոնին։ Տեխնոլոգիական էքսպոյում, ինչպես նախորդ տարիներին, տեղ կգտնեն նաև մշակութային միջոցառումներ։ Մասնավորապես, «Կարին» ավանդական երգի և պարի համույթը, Ազգային խաղերի ֆեդերացիան կմասնակցեն ցուցահանդեսին՝ շեշտադրելու տեխնոլոգիաների և մշակույթի կապը։ Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կներկայացվի մոտ 130 ընկերություն, իսկ այցելուների թիվը կհասնի 40 հազարի։
Նշենք, որ ԴիջիԹեք ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը, որը կներկայացնի չորրորդ սերնդի շարժական կապի ծառայությունը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ