ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Գիտնականի մտքի ծանր վաստակով

Գիտնականի մտքի ծանր վաստակով
05.06.2015 | 11:24

ԱՐՏԱՇԵՍ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԸ մարդկանց այն խմբին էր պատկանում, ովքեր տարիքն առնելիս իմաստնանում են։ Խելացի մարդ էր, պարզ, ազնիվ ու շիտակ, կյանքի մեծ դպրոց անցած մարդ։ Այդ դպրոցն անցնելու համար հարկավոր է մեծ կամք և ուժեղ ոգի` դիմանալու փորձություններին։
Չեմ մոռանա, անծանոթի հանդիպելիս ուշադիր նայում էր, զննում դիմագծերը, քայլվածքը, հայացքով երկար ուղեկցում և սուզվում խոհերի մեջ։ Ի՞նչ էր մտածում այդ պահերին, դժվար էր կռահել։ Նրա համար մարդկային արժանապատվությունից թանկ ոչինչ չկար։ Մի առիթով ասաց. «Մարդուն նսեմացնողը նույնպես հանցագործ է»։
Արտաշես պապը ութսուն տարի ապրեց։ Ես միշտ հիշում եմ նրան, նրա խրատական խոսքերը, կենսափիլիսոփայությամբ ներծծված նրա զրույցները։
Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղից է Արտաշես պապը, Փարամազյանների նշանավոր տոհմի հաստատուն սյուներից։ Իմ մանկությունն ու պատանեկությունը լեգենդների լույսով ծփացող Խերխանում են անցել. հինավուրց գյուղ է, հին գերեզմանոցի տապանագրերն են նաև այդ մասին վկայում։ Դարերի շունչն ես առնում այդ տապանաքարերից։ Գյուղից վերև անտառներ են, լեռներ` կապույտներում մխրճված։ Ի՜նչ հրճվանք է Ծծքար լեռան կատարից դիտել հողը հայրենի, զգալ այդ սուրբ հողի հմայքը։ Արցախյան պատերազմի տարիներին լեռան ընդերքով ձգվող քարանձավը ապաստարան էր դարձել երեխաների ու ծերերի համար։ Այդ ժամանակ Արտաշես պապը, ավա՜ղ, չկար, չհասցրեց տեսնել ազատագրված Արցախը, որ նվիրական երազանքն էր նրա։
Ամեն անգամ, երբ գնում եմ գյուղ, հոգուս պարտքն եմ համարում այցելել գերեզմանոց, հարգանքի տուրք մատուցել ննջեցյալներին։ Այնտեղ հավիտյան քնով նաև Արտաշես պապն է քնած, որի մեջ ես միշտ էլ հայրենի գյուղի սիրով այրվող մարդուն եմ տեսել։
Արտաշես Փարամազյանը ականավոր գիտնական, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՐԱՉԻԿ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ հայրն է։ Հրաչիկը Մոսկվայում է ապրում ընտանիքով։ Բաքվի տնտեսագիտական ինստիտուտն է ավարտել, երեք տարի աշխատել Գրոզնիում, ապա տեղափոխվել Մոսկվա։ Տնտեսագիտությանը վերաբերող 10 գրքի, ավելի քան 150 գիտական աշխատությունների հեղինակ է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, միջազգային բազմաթիվ կոնֆերանսների մասնակից։ Նրա աշխատությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, բուլղարերեն, ճապոներեն և այլ լեզուներով։
Վերջերս թոռների հետ եկել էր Երևան, հետո մեկնել Արցախ։ Հայրենի հողի կանչն էր բերել Հրաչիկին, հեռացած նախնիներին հաղորդվելու ներքին պահանջը։ Հանդիպեցինք «Նաիրի» հյուրանոցում։ ՈՒղևորություններից ստացած իր տպավորությունները պատմեց։ Հրաչիկն արցախյան մաքուր բարբառով էր խոսում։ Հնարավոր չէր առանց հուզմունքի լսել նրան։ Հետո իր մանկության հուշերը պատմեց։
Մաճ են բռնել, վարուցանք են արել, խոտ են հնձել տասնմեկ տարեկան երեխայի ձեռքերը։
-Գերանդու ձայնը մինչև հիմա էլ ունկերիս մեջ է, դա մի ամբողջ սիմֆոնիա է,- ասաց ու մանկության ընկերներին հիշեց, որոնցից շատերը, ավա՜ղ, չկան։ Ես արցունքներ նշմարեցի գիտնականի աչքերում ու իմացա, որ նա չափազանց ծանր է տանում իր մանկության ընկերոջ` Եղիշեի մահը։
-Պայծառ մարդ էր, սնապարծությունից ու ձևամոլություններից հեռու,- ասաց ու լռեց։ Մի փոքր հետո շարունակեց.- Լուսադեմին արթնանում էինք, հաց ու պանիր վերցնում, գնում դաշտ։ Մաճ բռնելը քեռի Հայկն է սովորեցրել մեզ։ Բարի մարդ էր, այնպես լավ էր հասկանում հողի լեզուն։ Երբ բերքը սակավ էր լինում, ասում էր. «Հողն ուժից ընկել է»։ Եղիշեի հետ նախիր ենք պահել, արտ ենք հնձել, մարգ ենք բահել... Շատ բան ենք արել։ Հետո կյանքի ճանապարհները բաժանեցին մեզ, բայց միշտ պահպանվել են մեր մտերմական կապերը։ Ամեն անգամ, երբ գալիս էր Մոսկվա, հանդիպում էինք, մեր մանկության ու պատանության օրերը վերհիշում։ Այդ հանդիպումները մեր լավագույն տոներն էին, ափսոս, չեմ ձայնագրել ու հիմա պիտի հիշողությանն ապավինեմ։
Անվանի վիրաբույժ էր Եղիշեն։ Շուրջ քսանհինգ տարի գլխավորել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը։ Արցախյան պատերազմի տարիներին տասնյակ ազատամարտիկների կյանք է փրկել բժիշկը, վերստին շարք վերադարձրել։ Երբ Հրաչիկը մանկության ընկերոջ մասին իր հուշերն էր պատմում, հիշեցի իմ հանդիպումը Եղիշեի գործընկերների հետ։ Տարիներ առաջ եմ հանդիպել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում ու ձայնագրել նրանց պատմածները։ Բժիշկը, ավա՜ղ, չկար։ Բարեբախտաբար պահպանվել են այդ ձայնագրությունները։ Ահա թե ինչ պատմեց կրծքի վիրաբույժ Բենիամին Միրզոյանը։
-Ինձ միշտ հիացնում էին Եղիշեի համեստ, զուսպ պահվածքը, նրա տոկունությունն ու ներքին ուժը։ Ազատամարտի օրերին ամենադժվարին հանգամանքներում անգամ բժիշկը կարողանում էր պահպանել ոգու ամրությունը, մարդկանց ջերմացնել կյանքի հավատով։ Մեր սուրբ ազատամարտի նվիրյալներից էր նա։
-Դեռ մինչև Արցախյան շարժումը Եղիշեն արդեն կայացած ու ճանաչված վիրաբույժ էր Լեռնային Ղարաբաղում։ Նրա վիրաբուժական բարձր կարողություններն ի հայտ եկան հատկապես Արցախյան պատերազմի տարիներին,- պատմում էր վիրաբույժ Էդվարդ Ղուկասյանը։- Եղիշեն իր անմնացորդ նվիրումն է դրել վիրավորների կյանքը փրկելու սուրբ գործի մեջ։ Շուշին ազատագրելիս պատահել է, որ մեկ օրում իննսունյոթ վիրավոր են բերել, և բժիշկն իր գործընկերների հետ մեկտեղ օր ու գիշեր պայքարել է նրանց կյանքի համար։ Այդ դժվարին օրերին Եղիշեն հաճախ էր գործուղվում սահմանամերձ բնակավայրեր, շաբաթներով մնում այնտեղ` մինչև վերջ կատարելով իր հայրենասիրական պարտքը։ Նրա կյանքը սխրանքներով էր սրբագործված։
Այս պատմությունները լսելիս հուզվում էի։ ՈՒ ես համարյա ամեն օր մտովի տեսնում էի Եղիշեին, թե ինչպես էր նա մարտնչում մահվան դեմ, ամեն անգամ անհուն բերկրանք ապրում, երբ ծանր վիրահատությունից հետո փրկվում էր ազատամարտիկի կյանքը։
-Եղիշեն բացառիկ էր ամեն ինչում,- շարունակում էր Հրաչիկը,- Արցախում շրջագայելուս օրերին մի տեսահոլովակ դիտեցի բարեկամներիցս մեկի տանը, քսանմեկ տարվա վաղեմության նկարահանումներ են։ Ցուցադրվող կադրերում Եղիշեն է ընկերների հետ` ընտանիքներով։ Բնության գրկում են։ Կանաչ բացատ է, թփերի միջից լսվող թռչունների ծլվլոց, ծաղիկների հեղեղ է, աղբյուր է հողի ընդերքից բխող, արցունքի պես վճիտ է ջուրը։ Տիպիկ արցախյան բնապատկեր։ Երեխաները շրջապատել են Եղիշեին։ Մանկական հրճվանքն էր բժշկի դեմքին։ Նրանց հետ խոսում է, ինչպես հավասարը հավասարի հետ։ Հուզված նայում էի բժշկին ու նրա պատմածը մտաբերում. «Անտոն Պավլովը, անկողնուն գամված, խնդրում է իր ազգականներից մեկին դրսից մի բուռ ձյուն բերել։ Երբ արդեն խնդրանքը կատարված էր, Պավլովի ազգականը հետևում է նրա գործողություններին. գիտնականը, ձնագնդիկ շինելով, սկսում է խաղացնել ափի մեջ։ Ազգականի այն հարցին, թե ինչ է նշանակում դա, Պավլովը պատասխանում է. «Կյանքիս վերջին ժամերին ուզում եմ ապրել պատանեկան զգացումը»։ Այդ պահերին, հավանաբար, ինքն էլ էր ապրում այդ զգացումը։ Երեխաներին սիրելիս նրանց հետ իսկույն մտերմանալու յուրահատկությամբ էր նաև Եղիշեն տարբերվում մյուսներից։ Հետո սուփրա-սեղանն է բացվում։ Եվ ահա բժիշկը կենաց է խմում, հայրենի հողը պաշտպանողների կենացը, հող, որի սիրով նա այրվեց մինչև վերջ։
Հրադադարից հետո Եղիշեն ընտանիքով տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Բժիշկը չէր կարողանում համակերպվել ամերիկյան բարքերին։ Եղբորը` Շահենին, ուղարկած նամակներում գրում է, որ իրեն ձգում են հայրենի լեռները, հանդերը, մանկության ձորերը, որ ամերիկյան շրջապատը խորթ է իրեն։ Ո՛չ, դա Եղիշեի շրջապատը չէր, բոլորովին ուրիշ շրջապատ էր, ուրիշ մի աշխարհ, ուր հոգեկան ցուրտը կեղեքում էր նրան։ Եղիշեի աշխարհը լեռնային արշալույսների թարմությամբ էր բուրում։ Այնտեղ հայրենի մեղմաշունչ հովերից խշշացող թթենիներ կային, ծաղկած մասրենիներ։ Այդ աշխարհում լույսը մոր ձեռքերով թխած հացի համն ուներ, ժայռից բխող աղբյուրի ջրի համը։ Եվ այդ համերից, այդ բուրումներից կյանքի սիրով ու ջերմությամբ էր լցվում բժշկի սիրտը։
-Երբ լսեցի գույժը, չէի հավատում, որ այլևս չկա այդ ազնվագույն մարդը, որ այլևս չեմ հանդիպելու նրան։ Ես մտածում էի այն մասին, որ կարոտախտով տառապողները հազվադեպ են բնական մահով հեռանում,- ասաց Հրաչիկն ու երկար լռեց` սուզվելով խոհերի մեջ։
Արցախում գտնվելու օրերին Հրաչիկ Փարամազյանը եղել է նաև իր ծննդավայրում` Խերխանում։ Տխուր էին հայրենի գյուղից ստացած տպավորությունները.
-Սիրտս մղկտում էր, երբ նայում էի խնամող ձեռքերի կարոտից վայրի դարձած այգիներին, լքված, կիսավեր տներին։ Այդ տների բակերում պապի օրհնանք պիտի լիներ, գառների մայուն, լույսի պես անարատ արցախյան թոնրահացը պիտի բուրեր, հարսանյաց ու ծննդյան տոների բերկրանքը պիտի ծփար։ Հիմա չկա ոչինչ, ցուրտ է ու ամայի այդ բակերում,- թախիծ կար Հրաչիկի ձայնի մեջ, եղինջներում կորած տների քիվերից կաթկթող թախիծը...
Պատրաստվում էի գնալու։ Բարձրացավ տեղից, ուղեկցեց մինչև հյուրանոցի բակը, գիտնականի խորաթափանց հայացքով նայեց ինձ ու ասաց.
-Արդեն ծեր եմ, բարեկամս, հավանաբար սա իմ վերջին այցելությունն է Հայաստան, Արցախ,- ու տվեց մերձմոսկովյան իր ամառանոցի հեռախոսի համարը։
Ես խոր ակնածանքով նայում էի ութսունչորսամյա գիտնականի խորշոմներով պատած դեմքին ու խորհում. մոտ յոթանասուն տարի օտար ու հեռավոր ափերում ապրող այս համեստ ու փխրուն հոգու տեր մարդը չի մոռացել ակունքները, չի կտրվել արմատներից, չի կորցրել կապը հայրենի եզերքի հետ, մինչդեռ կարող էր կորցնել` տարբեր ազգերի խառնարանն ընկած, ու ես այդպես էլ չհանդիպեի նրան։ Իսկ Հրաչիկ Փարամազյանին հանդիպելը, նրա էությանն ու հոգուն հաղորդվելը մեծագույն վայելք է։


Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1822

Մեկնաբանություններ