Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Մամուլն այնքան էլ հաճախ չի անդրադառնում գիտության հիմնախնդիրներին

Մամուլն այնքան էլ հաճախ չի անդրադառնում գիտության հիմնախնդիրներին
19.09.2014 | 11:39

Արդեն մի քանի տարի անընդմեջ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն անցկացնում է գիտական լրագրության մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել գիտության հիմնախնդիրները լուսաբանող լրագրողները և հրապարակախոսները, ովքեր սեպտեմբերի 15-ից մինչև 2014 թ. դեկտեմբերի 15-ը տպագիր կամ համացանցային մամուլում, հեռուստառադիո հաղորդումներով կանդրադառնան Հայաստանում գիտության ոլորտի հիմնախնդիրներին, մասնավորապես, Հայաստանում գիտության կազմակերպման հարցերին, գիտության վերաբերյալ հանրության ու պետության վերաբերմունքի ու հասարակության շրջանում գիտնականի վարկանիշի բարձրացմանը, Հայաստանում գիտության ֆինանսավորման ուղիների հնարավոր դիվերսիֆիկացիային և միջազգային փորձի վերլուծությանն ու համադրմանը, երիտասարդ գիտնականների հիմնախնդիրներին, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի գործունեությանը, Հայաստանում նորարարական գործունեության հնարավորություններին և այլն:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ գիտական լրագրության մրցույթի նպատակն է մամուլում արծարծել գիտության հիմնախնդիրները, ինչպես նաև խրախուսել գիտության մասին գրող լրագրողներին:
Գևորգ Վարդանյանը ցավով նկատեց, որ մամուլը գիտությանն ու գիտական հիմնախնդիրներին այնքան էլ հաճախ չի անդրադառնում: Կազմակերպիչները հույս են հայտնում, որ այս տարի մրցույթի հայտատուներն ավելի շատ կլինեն, քանի որ ծրագրի մասին արդեն շատերն են տեղեկացված:
Գևորգ Վարդանյանը նաև ընդգծում է, որ մրցույթում շեշտը դրված է գիտավերլուծական տարրեր պարունակող նյութերի վրա. «Մի բան է հարցազրույցներ վերցնել կամ որևէ խնդրի շուրջ մարդկանց կարծիքը հարցնել ու լուսաբանել, մեկ այլ բան է, երբ հիմնախնդիրներն ամփոփվում են, և վերլուծություններ արվում: Դրանք կօգնեն նաև գիտության ոլորտի պատասխանատուներին որոշակի եզրահանգումներ անելու»:
Մեր զրուցակիցը նշում է, որ ներկայացված աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվելու վերլուծության խորությունն ու յուրատիպությունը, հիմնավորվածությունը, համապարփակությունը, դիտելիության աստիճանը, առաջատար փորձի հետ համեմատական զուգահեռների անցկացումը, իրականացվող գործողությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական առաջարկների առկայությունը: Առավելություն կստանան կառուցողական թեժ քննարկումներ հարուցած նյութերը:
Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու սեպտեմբերի 15-ից մինչև 2014 թ. դեկտեմբերի 15-ն առնվազն 10 նյութ հրապարակած լրագրողները, ընդ որում, նյութերը պետք է տեղադրված լինեն համացանցում: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է առավելագույնը մեկ միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հուլիսի 1-ին: Այն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով: Ծրագրի տարեկան բյուջեն 200 միլիոն դրամ է:
Ծրագրի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ մասնագետներ կարողանում են իրենց առաջնային գիտական խնդիրները լուծել, առաջին քայլերը կատարել, փորձառություն ձեռք բերել գիտության ասպարեզում:
2014 թ. առաջին կիսամյակում Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար յուրաքանչյուր ամիս 5-6 գիտնական ստացել է ֆինանսական աջակցություն: Իրականացվում է Հայաստանում երիտասարդ գիտնականների գիտաժողով կամ գիտական դպրոց կազմակերպելու մրցույթը, և բազմաթիվ կազմակերպություններ ֆինանսավորում են ստացել, ընդ որում, մեծ մասը՝ միջազգային բնույթի:
Այս տարի, հաշվի առնելով շահառուների ցանկությունները, մեկնարկել է երիտասարդ գիտնականների համար գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման ֆինանսական աջակցության մրցույթը: Արդյունքներն ամփոփվել են, և 13 երիտասարդ գիտնական, յուրաքանչյուրը մոտ 1 միլիոն դրամի շրջանակում, ֆինանսական աջակցություն է ստացել՝ գիտական սարք կամ նյութեր ձեռք բերելու համար:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ