«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեր մեծ ցավն էլի մեզ ընդհանրացրեց

Մեր մեծ ցավն էլի մեզ ընդհանրացրեց
23.04.2013 | 15:58

Քիչ կողք եմ քաշվում, որ իմ մեծ ցավի, թուրքի ժամանակ իր երկու ամսեկան` բարուրի էրեխուն ջուրը գցած իմ Զարոյիս, որն այդպես էլ խելքի չեկավ ջրի, իր հետևից վազող թուրքի ու գետի հոսքով հեռացող իր բարուրի էրեխու հուշից, էդ ցավը լցրեց մեր` իր թոռ ու ծոռների ողնաշարը, քարացած արցուքների հանգով, ու հիմա Զարո տատուս խնդրում եմ` տատ, էն կողմ գնա, որ էսօրվա մեջ պատմեմ, տեղ տամ նաև դեռ շարունակվող բոլոր կարգի ցեղասպանությունների, բոլոր կարգի ազգային-էնթիկ հողի վրա զոհաբերված գառներին, «բարուրներին»:
Էս դեպքում` իրաքյան եզդիներին, որոնց նկատմամբ էթնիկ սպանդն սկսվել ու շարունակվում է արդեն քանի տարի, վասն…. նավթ:
Իր ինքնությունը պահելու, սեփական դիմագծին հավատարիմ մնալու, Ղուրանի վրա չերդվելու համար հազարավոր եզդիներ մորթվում, արտագաղթում են` ճամփեքին թողնելով իրենց ՙբարուրի էրեխեքին, տա´տ:
Զարո տատ, դու նրանց տեսնում ես, չէ՞, վերևից:
Տատ, ինչու մեր ցեղասպանությունը, մեր ցավը չի կարողանում, զորու չի գտնվում կանգնեցնել այլոցը, տա´տ, մի՞թե այդքան խոր ու դաժան է մարդու ագահ հոգին:
Նրանք լքում են իրենց հող-հայրենին, տատ, ինչպես դուք` ձեր Դերջանը: Վերջին ծիր, վերջին ապաստան` Իրաքը: Հյուսիսային Քուրդիստանը, ուր ոչ մեկն են, նույնիսկ` դատարանում, ուր անգամ վկա լինել չեն կարող, այլ միայն «հանցագործ»: Վկա լինելու համար, տատ, պետք է դավանափոխ լինեն: Եթե ցանկանում են աշխատանք ունենալ, պետք է քուրդ գրեն, տատ, իրենց բարուրի էրեխեքին:

Տա´տ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ. Ձեռագիրը չի փոխվում: Դեռ հեռու է մինչև մարդը իր ճամփան: Սպանդով, ահաբեկչությամբ, արյունով փորձում են տեր կանգնել եզդիների նավթոտ, բերրի հողերին:
Ծանո՜թ, հի՜ն պատմություն: Բերանն արնոտ մարդակերի մասին:
Այդպիսին է մեծ քաղաքականությունը: Դաժան, անողոք:
Բայց և` լույսով լի:
Ասում են` Հայաստանը միակ տարածքն է, ուր գործում է շատից-քչից կազմակերպված եզդիական համայնք:
Մենք մեր ցավի միջից օրհնում ենք ձեզ, սիրելիներ:

Դիտվել է՝ 2300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ