Հունիսի 12-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին «Արցախ-Լոռի. տնտեսական-տեղեկատվական կամուրջներ» խորագրով շրջայց, որին մասնակցեցին ՀՀ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այցելության առաջին կանգառը եղավ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ լեռնահանքային համալիրում` Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մերձակայքում: Ընկերության վարչական շենքում կազմակերպվեց լեռնահանքային արդյունաբերության` Արցախի տնտեսության մեջ ունեցած դերին ու նշանակությանը և զարգացման հիմնախնդիրներին նվիրված քննարկում. Արցախում և Հայաստանում «Վալլեքս» խմբի կատարած աշխատանքներն ու զարգացման տնտեսական ծրագրերը շրջայցի մասնակիցներին ներկայացրին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ ՎԱԼԵՐԻ ՄԵՋԼՈՒՄՅԱՆԸ և փոխնախագահ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ: Քննարկումից հետո շրջայցի մասնակիցները եղան Դրմբոնի լեռնահանքային համալիրի հիմնական միավորներում. այցելեցին հարստացուցիչ ֆաբրիկա, նախկինում կուտակված և ընթացիկ գործունեությունից գոյացող պոչանքներից օգտակար հանածոների լրացուցիչ կորզման նորակառույց արտադրամաս, գերմանական արտադրության պոլիէթիլենային թաղանթով ջրամեկուսացված, նորակառույց պոչամբար և այլ օբյեկտներ: Այդուհետ խումբն ուղևորվեց Ստեփանակերտ: Ստեփանակերտում տեղի ունեցավ հանդիպում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ. քննարկվեցին Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
«Այսօր հունիսի 12-ն է,- իր խոսքում նշեց Վալերի Մեջլումյանը,- 2002 թվականի հենց այս օրը ես առաջին անգամ եկա Ղարաբաղ, և առաջին պաշտոնատար անձը, որի հետ ծանոթացա, Բակո Սահակյանն էր, որ այն ժամանակ անվտանգության ծառայության ղեկավարն էր: Ես ամենայն լրջությամբ, առանց քաղաքական որակումների ցանկանում եմ ասել, որ իմ անձնական կյանքը, այդ պահից սկսած, բաժանվեց երկու մասի. մինչև Ղարաբաղը և Ղարաբաղից հետո: Մինչև Ղարաբաղը կյանքս որոշ առումով չափագրված էր, ասես նախօրոք ծրագրված: Ամեն բան քիչ թե շատ հստակ էր՝ առանց մեծ թռիչքների ու նահանջների: Ղարաբաղից հետո ես իմ կյանքը բոլորովին այլ կերպ եմ ընկալում՝ նոր, չափազանց դինամիկ հնարավորություններով լեցուն: Սա խելահեղ եզերք է այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են երկրաբանական, հանքարդյունաբերական ոլորտով: Իհարկե, ամեն բան պետք է անել մաքսիմալ սիրով, որպեսզի բնաշխարհին հասցված վնասները (որ միշտ անխուսափելի են) լինեն նվազագույն չափերի: Կարևորն այն է, որ ես ապրում, շնչում եմ Ղարաբաղով: Անգամ իմ արմատներն եմ հայտնաբերել այս հողում: Ղարաբաղն ինչ-որ բարձրագույն, ցանկացած երևակայության սահմանները շրջանցող երևույթ է, մեր ամենալուրջ հաղթանակը ավելի քան վեց դարերի ընթացքում»:
Վալերի Մեջլումյանի երազանքը, հայ ազգի կարող ուժերը համատեղելու ճանապարհով, հայրենի հողի և պետության վերելքին ձեռնամուխ լինելն է:
«Այն ամենը, ինչ արվում է այսօր հայերի (այդ թվում և՝ իմ) կողմից, ավելին չէ, քան հայության հնարավորությունների 1-2, առավելագույնը՝ 3 տոկոսը: Իսկ սա բոլորովին բավարար չէ այս հողերը շենացնելու և ապրեցնելու համար: Մինչև հիմա մեր ձևախեղված հայկական միջավայրում տեղ ունի մեկմեկու բաժանող մտածելակերպը՝ հայաստանցի, ղարաբաղցի: Սա դարանակալած սարսափ է: Մենք պետք է վեր կանգնենք սրանից և իսկապես հոգ տանենք, որ Ղարաբաղի հողը ծաղկի ու շենանա»,- այս կերպ է մեկնաբանում իրենց ձեռնարկումներն ու նպատակները Վ. Մեջլումյանը:
Շրջայցի մասնակիցները եղան Ստեփանակերտի «Վալլեքս Գարդն Հոթել» հյուրանոցի նորակառույց շենքում. հյուրանոցը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա ամիսներին:
Ստեփանակերտից խումբը մեկնեց ՀՀ Լոռու մարզ` Թեղուտ գյուղի հարակից տարածքում կառուցվող լեռնահանքային համալիր: Շրջայցի մասնակիցները, Վալերի Մեջլումյանի և «Թեղուտ» ՓԲ ընկերության այլ ղեկավարների ուղեկցությամբ, եղան կառուցվող ֆաբրիկայի, պոչային և թափոնային տնտեսությունների, բացահանքի և այլ օբյեկտների տարածքներում: Համալիրի տարածքներով շրջելուց հետո «Թեղուտ» ՓԲ ընկերության վարչական շենքում կազմակերպվեց Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին նվիրված քննարկում, որի շրջանակներում ներկայացվեց ծրագրի նշանակությունը Հայաստանի տնտեսական կյանքում:
Շրջայցի մասին հավելյալ տեղեկություն ստանալ ցանկացողները կարող են դիտել մեր կայքի տեսաշարում: Նշենք նաև, որ «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում, «…Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո, կտպագրվի հարցազրույց Վալերի Մեջլումյանի հետ:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ