38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեկնարկեց «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը

Մեկնարկեց «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը
15.06.2012 | 17:21

Հունիսի 15-ին մեկնարկեց «Smart Country-թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող 5-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը: Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline): Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:
Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում աշխատողների թիվը հավասար է հանքահումքային արդյունաբերության ոլորտում աշխատողների թվին, համաժողովի բացմանը նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այս ավանդական ֆորումը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում, քանի որ մի վայրում հանդիպում են ոլորտի մասնագետները և ներկայացնում նախ` հաշվետվություն, ապա կատարում են փորձի փոխանակում»,- նշեց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նկատեց նաև, որ Հայաստանում տնտեսության զարգացումն իր բնականոն հունով է ընթանում, և որ Հայաստանը տարածաշրջանում այլ ելք չունի, քան ստեղծել գիտելիքահենք տնտեսություն:
Տիգրան Սարգսյանը նկատեց, որ Հայաստանում ՏՏ մասնագետների պակաս է զգացվում, քանի որ բարձրագույն ուսումնական հաստատություններից դուրս եկող կադրերը դեռ չեն բավականացնում տեղական շուկային:
Այս տարի «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի շրջանակում գրանցվել է մասնակից կազմակերպությունների մոտ 48 % աճ: Եթե 2011 թ. ֆորումին մասնակցում էին շուրջ 40 կազմակերպություններ, ապա այս տարի` 59, որից 38-ը` տեղական, իսկ 21-ը` արտասահմանյան:
Ֆորումի ընթացքում տեղական տեխնոլոգիական լուծումները գործարար այցելուներին են ցուցադրում «ԱրմենՏել» «Ի-վորկս», «Իննովեյթիվ Գրինհաուս», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս», «Վեբեքս Թեքնոլոջիս», «Գուդ Լայն», «Գրիման», «ՔիՍոլուշնզ», «Սպրինտ», «Պարադոքս», «Լայմ Տեխ» ընկերությունները, «Դ-Լինկ Ինտերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությունը, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, Տելեբժշկության հայկական ասոցիացիան, Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը, «ՐԻԵՏՈՒՄՈՒ ԲԱՆԿԱ» բաժնետիրական ընկերության ներկայացուցչությունը և այլն, իսկ պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները ներկայացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, Էլեկտրոնային ռեգիստրը (e-registor.am համակարգ), Պաշտոնական տեղեկագիրը:
«Smart Country- թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող «ԴիջիԹեք» բիզնես ֆորում 2012-ում ավելացել է հատկապես արտասահմանյան ընկերությունների և ՏՏ ոլորտի ասոցիացիաների մասնակցությունը: Իրենց երկրի փորձն ու բիզնես ոլորտի ՏՏ լուծումներն են ներկայացնում կազմակերպություններ Բուլղարիայից, Մակեդոնիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Վրաստանից, Դանիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայի և Լատվիայից: Արտասահմանյան մասնակիցների թվին են պատկանում Georgian Integrated Systems, Navigator, London Metropolitan University, CBI, UNDP BSTIP, MASIT, USAID/RCI, European Software Institute, INFOBALT, LIKTA, BASSCOM, PIN-SME, CenterMine, Nemetschek և այլ կազմակերպություններ:
«Այսօր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքն էականորեն համախմբված է, ինչը թույլ է տալիս հավակնել Հայաստանը դարձնելու առաջադեմ, բարձր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող, օգտագործող և զարգացած տեղեկատվական հասարակություն ունեցող երկիր: Ներկայումս մեր երկրում հրամայական է դարձել ՏՀՏ լուծումների լայնածավալ և արդյունավետ կիրառումը հասարակության, գործարարության, կառավարության առօրյայում: Առաջնային նպատակ համարելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդնումը տնտեսության այլ ոլորտներում` դեռևս 2008 թվականից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ