ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՍԿԻԶԲ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ՍԿԻԶԲ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
28.05.2010 | 00:00

Իրեն հարգող ու ինքնաճանաչման ճանապարհին ինչ-որ արդյունք գրանցած ամեն մի ժողովուրդ ունի իր տոները: Մեծ ու փոքր, պատմական ու գրական, պատերազմի ու խաղաղության: Ժողովրդի կենսագրությունը կարելի է հասկանալ նրա տոնացույցով` տոների քանակով ու բովանդակությամբ, առանձնահատկությամբ ու ինքնատիպությամբ: Նաև այն տոներով, որոնք արգելվել կամ ներմուծվել են:
Հիշատակի և տոների մասին ՀՀ օրենքում 17 տոն կա` Սուրբ ծննդյան օրից Սուրբ Վարդանանց տոն, որի բովանդակությունը, պարզվում է, բարի գործի և ազգային տուրքի օր լինելն է: Ամենատոնառատը մայիսն է` Աշխատանքի օրից, Երկրապահի օրից, Հաղթանակի ու խաղաղության տոնից մինչև Հանրապետության տոն: Մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը` պաշտոնական մի քանի ուղերձ, մի քանի խոսք թերթերում ու եթերում, և տոնն ավարտվում է: Թեև առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի վկայությամբ Հայոց ազգային խորհուրդն իր պատմական «Հայտարարությունն» արել է Թիֆլիսում, 1918-ի մայիսի 30-ին` մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմի ցրվելուց, նույն օրը Վրաց ազգային խորհրդի կողմից Վրաստանի անկախության, մայիսի 27-ին Ադրբեջանի անկախության հայտարարումից հետո, Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին: Ես չգիտեմ ինչու: Ես նաև չգիտեմ ինչո՞ւ այդքան տխուր ու այդքան անորոշ է 1918-ի մայիսի 30-ին ընդունված հայտարարությունը: ՈՒ եթե նույնիսկ ժամանակի ոգուն վերագրենք հայտարարության ժանրային գերադասումը իրողությանը շատ ավելի համահունչ ձևակերպումներից, բուն հայտարարության բովանդակությունն ավելի շատ դամբանական է ցրված Սեյմին, քան անկախության վերականգնման հռչակում. «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ազրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր իրադրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառների թողնելով մոտիկ օրերը ազգային կառավարության կազմումը, ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար:
1918 թ. մայիսի 30, հայոց ազգային խորհուրդ, Թիֆլիս»:
Այսպես սկսեցինք, որ այսպես ենք շարունակում: Հավուր պատշաճի ընդունված տոնացույց, հավուր պատշաճի ասվող ու գրվող ճառեր, ձևի գերակայություն բովանդակության նկատմամբ` ամեն տեղ ու անընդհատ: Մի՞թե այդքան աղքատ է մեր ներսը, այդքան դատարկ է ազգային հիշողության մեր պահոցը, որ կամ արժանին ու անհրաժեշտը չենք գտնում, կամ աղավաղում ենք, կամ իմաստազրկում: Իսկ պատմությունը բոլորովին այլ վկայություններ է թողել, հանճարեղ վկայություններ, բայց երևի հանճարեղ գրողին հասկանալու համար հանճարեղ ընթերցող է պետք լինել, իսկ մենք մի քիչ տառաճանաչ` արդեն հոգնում ենք պատմությունից էլ, պատմական վկայություններից էլ: Մեզ արդարացնելու համար էլ հեգնում ենք` հոգնած ժողովուրդ ենք, հազարամյակների միջով անցած: Ճիշտ է, բայց հազարամյակները որքան տարել, նույնքան տվել են, ցանուցիր, ցաքուցրիվ մենք ենք արել ու եղել:
Եվ որովհետև տոները մեր ներսից ու մեր էությունից չեն եկել, չենք էլ նշում, չենք էլ հիշում, երկիրն ապրում է իր կյանքով, պետությունը` իր, ժողովուրդը` իր:
Իսկ Հանրապետության տոնը, եթե գիտակցվեր ու ըստ արժանվույն ընկալվեր, մեծագույն տոն էր լինելու, որովհետև պիտի ընկալվեր ՍԿԻԶԲԸ և պիտի կարևորվեր ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: Այլապես մենք միայն սկսում ենք: Բարոն Մյունխհաուզենը երբեք չէր ստում և եթե հաստատում էր, որ մայիսը 32 օր ունի, ուրեմն` ունի: Իսկ եթե ունի` մայիսի 32-ը պետք է տոն հայտարարել, տոնի տոն, երբ արժևորվում են տոները, երբ գաղափարը գտնում է իր աներեր ու անթեք բովանդակությունը և վերադառնում մարդկանց` նրանց նվիրելու անցյալի իմաստնությունն ու ապագայի ուրախությունը, նաև` ներկայի: Այսօրվա տոներով վաղը մեր ժառանգները գնահատելու են մեր գիտակցության, հիշողության ու նպատակների չափանիշները և կազմելու են իրենցը... ՈՒրեմն քանի՞ սերունդ է պետք ազգային արժեհամակարգի ձևավորման համար, որտեղ ձևը գտած կլինի իր բովանդակությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1965

Մեկնաբանություններ