Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Աշխարհի բոլոր հարցերը պտտվում են նույն առանցքի շուրջ

Աշխարհի բոլոր հարցերը պտտվում են նույն առանցքի շուրջ
06.02.2009 | 00:00

ՔԱՑԻ ՏԱԼՈՎ Ո՞ՒՐ ԿՀԱՍՆԵՆՔ...
Նախագահ-նախարարների, անտերմնա նախարարությունների գոյություն-չգոյության, իշխանությունների ներկա-բացակայության հետ հաշտվում ենք, մի քացու եղածն ի՞նչ է, որ չդիմանանք։ Մանավանդ` քացին հենց իշխանություն է (իրականությունը թույլ է տալիս նաև շրջուն դարձնել), իշխանությունը` քացի, եթե շատ կոշտ չէ, ուրեմն` աքացի է։ Մենք հիմա համատարած քացու տակ ենք, հենց Եվրատես... ներողություն, Եվրախորհրդի պահանջները վիթի նման կատարենք, մի քայլ կբարձրանանք ու տերը կդառնանք մեզ լքած աքացու։ Իսկ հիմա... Ի՞նչ հիմա, երբ վերնագրային քացու տակ եմ ընկել, որպես տոկուն ազգի զավակ, ու փորձում եմ հաղթահարել։ Մարդուն (ժողովրդին) պետք է օգնել, որ նա ոտի ելնի, շատ դեպքերում խղճալը վիրավորական է, անգամ կործանարար։ Ասում են` դար ապրիր, դար սովորիր։ Հայերս հազարավոր տարիներ ապրում ենք, հազարավոր տարիներ սովորում ենք ու քանի դեռ հազարավոր տարիներ սովորելու պահանջ ունենք, ստիպված ենք ապրելու ևս հազարավոր տարիներ, մինչև... ինչքան մեր քեֆն ուզի կամ էլ սովորելու բան չունենանք։ Էդ կողմից լավ ապահով ենք, քանի դեռ քացու վրա ենք ծանրացած։ Շուկայի (հայկական) հսկիչն առաջին ձեռ խեղճ գյուղացուն կամ երկրորդ ու երրորդ ձեռ վերավաճառողին սպառնում է` ... թե չէ քացուս տակ կգցեմ. անիրավ իրավական դաշտի աստիճանավորն օրենքով պաշտպանվող ձերբակալվածին սպառնում է` օրենքից չխոսես, թե չէ քացուս տակ կգցեմ, չեղած մեղքը վիզ չառնողի համար վերևներին պատասխանատու պետը նորից է հրամայում իր խեղճ ենթականերին` տարեք քացու տակ գցեք, էնքան տվեք, մինչև մոր կերած կաթն արյան հետ քթերից դուրս գա. ժամը 15-ին նշանակված դատական նիստն ուշանում է ընդամենը երկու ժամ տասը րոպեով, էդ մասին չի ասվում և ոչ մի բառ, ցուրտ միջանցքում արագիլի նման կափկափող ժողովուրդը համբերում է, իսկ կուշտուկուռ դատավորը ոտքի չելած մի ոտքախեղճի հիշեցնում է, որ պետք է հարգել օրենքը... Դիմացի՛ր, ժողովո՛ւրդ, օտարին դիմացել ես, քո եղած-չեղածին չե՞ս դիմանում։ Բայց... պետք է սովորել։
Այո՛, պիտի ամեն ինչ թողնենք ու շատ բան նորից, սկզբից, առաջին տառից, որը, եթե չեմ սխալվում, Աա-ն է, պետք է սովորել։ Սովորել աջից, ձախից, առջևից, վերևից, հետևից։ Չմոռանանք, որ միշտ էլ եղել ենք ուշիմ սովորող։ Հաճախ մեր դասերը թողած` գնացել ուրիշի դասերն ենք սովորել։ Ասում են` աշակերտել ենք բարուն, գեղեցիկին, առաքինուն, դրա համար էլ բարի ենք, գեղեցիկ, առաքինի։ Թաքցնելու ոչինչ չկա. հայտնի է, որ նոր անկարգ կարգեր են հաստատվել, հաստատվելու ժամանակ ո՞ւմ մեղքով շողուլից ընկել ենք, բայց մենք հուսահատվող չենք, մեր իշխանավորները քարտեզների վրա նորանոր երկրներ են գտնում, ուսումնասիրում նրանց ինչքը, վերուդիրքը, ոտքի կոխան դարձնելու արհեստը, ձմռան փոխան հագնելու արվեստը, որ նորանկախ երկրում տարածեն մշակույթի թարազոն։ Մենք մի բան լավ ենք հասկացել` մեր երկիրն էնքան փոքր է, որ գաղտնիք պահելու տեղ չունենք։ Հարուստների միլիոն-միլիարդ հալալ քրտինքով աշխատած դոլարների հետ մեր գաղտնիքներն առանց տոկոսների նույնպես պահվում են մեր շվեյցարական բանկերում։ Փողերը` օտար բանկերում, հերոսները, քաղբանտարկյալները` սովետահայրենաշեն բանտերում։ Անցումային շրջան է։ Դեռ սովորում ենք։ Որ ավելի լավ սովորենք, մեր իշխանավորները լավ էլ խփում են մեր ժողովրդին։ Երկիրը` մերը, իշխանությունները` մերը, ժողովուրդը` մերը, ավելի պարզ` մենք մերն ու մեր մերը։ Դրա համար էլ խփում են աջից, խփում են ձախից, խփում են թիկունքից, խփում են առջևից։ Երբեմն անկիրթ, անմշակ, անասնաբարո են խփում։ Լավ չի ստացվում։ Պետք չէ հուսահատվել։ Պիտի չմոռանանք, որ մենք նոր ենք ամրակայում մեր պետության հիմքերը, պետականության ամրապնդման համար պետք է ամեն ինչով հարվածել ժողովրդին, խոնարհվել, ականջ դնել արջի նման` եթե շնչում է, ուրեմն ապրում է, պետք է նոր ձևերով ու մեթոդներով, ներմուծովի ու տեղականի շաղախով ստացված բաղադրատարրով խփել։ Իշխանությունները սարքված են խփելու համար, հանուն ժողովրդավաՌության են խփում ժողովրդին։ Եթե ի վիճակի չեք հարկերը տալու, եթե ի վիճակի չեք մեռնելու, եթե ի վիճակի չեք հեռանալու երկրից, ինչո՞ւ եք ապրում։ Խփելու էս մի քանի տարիների ընթացքում մեր իշխանությունները մի հարյուր տարվա ճանապարհ են անցել ու արձանագրել մի երկու հարյուր տարվա խփելու աճ։ Անդուլ, անշահ խփում են, ոտնատակում, տրորում, երկրորդ հարկից սպանված նետում, իբր` ազատ-անկախ նետվել է, կամովին, հանուն պետականության պի՛նդ ամրապնդման, քացի տալով տրորում են` ժողովրդին կպցնելով հողին, սարին, քարին, ձորին, հայրենի ցեխին, կալանավայրերին։ Խփում-քցում են` հանուն օրենսդրական դաշտի ամրապնդման, «աղվան»ական շուրջսար-շուրջպարի, տնկման ու ծառատնկման։ Ազատության զինվորին նստեցնում են` սովորեցնելով կանգնելու-պառկելու արհեստը։
Ամեն ինչ ունի արդարացում։ 400-450-500-550-600, հազար, հլա ասա` հազար, հազար տարի պետականություն չենք ունեցել։ Եթե 400, 1000 տարի պետականություն ունենայինք, ապա 400, հազար բաների հետ կունենայինք նաև, օրինակ, ֆուտբոլ։ Էն էլ ի՞նչ ֆուտբոլ։ Մեր խփած գոլառատ գնդակները հանելու համար հակառակորդը ստիպված պիտի լիներ երկու դարպասապահ պահել։ Բայց ինչո՞ւ աշխարհիկ ու հոգևոր բաները թողած` մեզնից երես թեքած ֆուտբոլին կպա։ Որ անունը տվել եմ` շարունակեմ։ Աշխարհի բոլոր հարցերը պտտվում են նույն առանցքի շուրջ։ Կռվել` ինչպե՞ս։ Սիրել` ինչպե՞ս։ Ապրել` ինչպե՞ս։ Համբերել` ինչպե՞ս։ Ներել` ինչպե՞ս։ Խփել` ինչպե՞ս... Էս իմաստով կարող եմ հիշել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը (2002 թ.), օրինակ բերել Սաուդյան Արաբիայի և Գերմանիայի խաղը։ Խաղ է, և Գերմանիան, կասկած չունենք, պիտի խփի։ Հայոց խփող իշխանություններին նրանք դասական օրինակ ցույց տվեցին։ Պետք է դասեր քաղել։ Հասկանանք` ի՞նչ է նշանակում լինել ոչ միայն եվրոպացի, այլև Եվրամիության անդամ։ Հիշենք, թե մեր գերմանացիներն ինչ խորին հարգանքով էին լցված մեր արաբների հանդեպ։ Ի՜նչ ազնիվ, կիրթ ու քաղաքավարի էր, մի իսկական եվրոպացի-գերմանացի ջենթլմեն էր մեր Միրոսլավ Կլոզեն։ Զարմանում ես` էդ ո՞նց է, որ նա հայ չէ։ Նա խորին հարգանք էր տածում ոչ միայն մեր Սաուդյան Արաբիայի, նրա թիմի, այլև շատ հետաքրքիր դարպասապահ մեր Մոհամմեդ Ալ Դեայայի հանդեպ։ Էնքան խորունկ, գլխահակ հարգանք, որ երեք անգամ գլուխը խոնարհեց դարպասի ու դարպասապահի դեմ-դիմաց ու երեք անգամ էլ գլուխը խոնարհելով խփեց իր բաժին գնդակները։ Սովորելը երբեք ամոթ չէ։ Մեր իշխանությունները շատ բան ունեն սովորելու մեր գերմանացի մեր Միրոսլավ Կլոզեի վարքագծից։ Նա հարձակվող է, ներկայացնում է «Կայզերսլաուտերն» թիմը։ Նա հայոց իշխանավորների նման իրավունք ունի խփելու ոտքով։ Բայց, հիշում ենք, նա գլխով` գեղեցիկ խոնարհումով, խփեց իր գնդակները։ Իսկ մեր իշխանավորները համատարած շարունակում են քացի տալով խփել։ Ինչո՞ւ։ Արժե սովորել կայզերական Կլոզեից։ Դա երբեք չի դիտվի որպես գրագո... ավելի ճիշտ` գլխագողություն։ Միայն գլխո՜վ, խոնարհումո՜վ։ Ժողովուրդն էլ կզգա, որ թարմություն, նոր ձև ու բովանդակություն է մտել խփելու արհեստի մեջ։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3285

Մեկնաբանություններ