Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

«Մարտահրավերներն առաջատարների մշտական ուղեկիցներն են»

«Մարտահրավերներն առաջատարների մշտական ուղեկիցներն են»
03.02.2009 | 00:00

ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՕՊԵՐԱՏՈՐ
ՄԱՇԱ ՓՂԻ ԽՆԱՄՔԸ, ՊԱՐԶՎՈՒՄ Է, ԱՄԵՆԱՀՐԱՏԱՊՆ Է
Բոլորովին վերջերս ինձ և մեր ընթերցողի համար բացահայտած լինելով ՎիվաՍել-MTC-ի ու նրա գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի որդեգրած բիզնես-մշակույթի ընդօրինակման արժանի բովանդակությունը` ավելին իմանալու պատրաստակամությամբ մասնակցում եմ ընկերության 2008-ի գործունեությունն ամփոփող ու 2009-ի հիմնական ծրագրերը հրապարակող մամլո ասուլիսին` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում։ Եռալեզու տեղեկատվական թերթիկներով, մեծադիր էկրանին ներկայացվող թվերով, փաստերով ու գրաֆիկական խոսուն պատկերներով, Ռալֆ Յիրիկյանի հանգամանալից բանավոր հաշվետվությամբ նույնիսկ միջինից ցածր մասնագիտական ունակությունների տեր լրագրողը պետք է որ չդժվարանար անմիջական հարցուպատասխանով հստակեցված պարզ գրիչով հանրությանը սպառիչ պատկերացում տալ մեր անկայուն տնտեսական դաշտում ակնառու հաջողություններ գրանցած նրա ողջախոհ աշխատաոճի գերազանցության մասին` ներարկելով այն որդեգրելու փոխշահավետության գիտակցությունը։ Մինչդեռ... Մի կողմ թողած մասնագիտական պարտքի զգացումը` իրադարձությունների ու երևույթների խորքերի թյուրիմացությունը սեփական ենթադրությունների հավակնոտ գրավչությամբ հանրությանը հրամցնողները ջանում էին «հայտնաբերել» ՎիվաՍել-MTC-ի լայնամասշտաբ գործունեության առաջընթացի աքիլլեսյան գարշապարը։ Պատկառանք էր ներշնչում բարեհաճ զսպվածությունը, որով Ռալֆ Յիրիկյանը, յուրաքանչյուր հնչեցված բառի իմաստը ճշգրտելով, պարզաբանում էր Շիրակի մարզպետարանի պարտքի, Գյումրիում քսան անօթևան ընտանիքներին հատկացրած բնակարանների փաստը «Շանթ» հեռուստաընկերության կողմից սեփական բիզնես նկրտումներին ծառայեցնելու, գործադիր կամ օրենսդիր իշխանություններում իր հայտնվելու հավանականության, «Ֆրանս-տելեկոմի» բաժնետոմսերի 30 տոկոսն իբրև թե տնօրինելու և այս կարգի այլ մտացածին հարցապնդումները։ MTC-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների բիզնես միավորի ղեկավար, փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը, կարծում եմ, ոմանց հիասթափեցրեց ՎիվաՍել-ի հետ համագործակցության իր գոհունակությունն արտահայտելով ու բարձր գնահատելով կարճ ժամանակում ձեռք բերված պատկառելի կենսափորձի արդյունավետությունը, սոցիալական կորպորատիվ պատասխանատվության միջոցառումների նպատակասլացությունը։ Անփութորեն չանջատված բջջային հեռախոսների նյարդացունց համանվագը, հարցերի կրկնություններն ու դրանց պատասխաններին ականջալուր չլինելը ոմանց զավեշտախառն, պարզունակ մասնագիտական նկարագիրը անթաքույց երևակեց։ Սրահը պոռթկաց ծիծաղից, երբ հասարակության ընդհանուր հոգսերը թեթևացնելու ՎիվաՍել-MTC-ի կամավոր ստանձնած պարտավորություններին առաջարկվեց հավելել «ամենահրատապը»` Մաշա փղի խնամքը... Հոմերական համատարած ծիծաղում պարզագույն մի ճշմարտություն պոռթկաց` վաղուց հասունացել է լրատվական դաշտն ինֆանտիլ դիլետանտիզմից ազատագրելու ժամանակը։ Եթե, իհարկե, հակված ենք հասարակությանը օբյեկտիվ ու անկողմնակալ տեղեկատվությամբ իրազեկել կատարվող իրադարձությունների մասին։ Հայրենանպաստ լրջմիտ վերլուծական խոսքի արմատավորումը, այս պարագայում, հատուկենտ ճշմարիտ մտավորականների ի սկզբանե խաչելության դատապարտված դոնքիշոտություն է։ ՈՒրիշ ոչինչ։
«ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՄԵՐ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԿԱՊԻՏԱԼՆ Է»
Ձվի մեջ մազ փնտրելու կարիք չկա։ Իրականում ամեն ինչ ավելի քան պարզ է։ «ՎիվաՍել-MTC-ն առողջ գործունեության հաջողված օրինակ է, և այսուհետ էլ կշարունակի լինել այդպիսին,- ասում է ՕԼԵԳ ՌԱՍՊՈՊՈՎԸ։- 2009-ին, որը մարտահրավերների տարի է, ընկերությունը պատրաստ է նոր ձեռքբերումների` MTC մայր ձեռնարկության աջակցությամբ` պահպանելով առաջատարի դիրքերը նոր ապրանքատեսակներով ու ծառայություններով, նորարարությունների բնագավառում լուրջ ներդրումներով»։ Այս միտքը լրացնում է ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ. «Մարտահրավերներն առաջատարների մշտական ուղեկիցներն են։ ՎիվաՍել-MTC-ը լիովին պատրաստ է դրանց և վստահ` իր ուժերին։ Մենք ունենք համախմբված և մոտիվացված թիմ, ամուր դիրքեր` շուկայում, և շարունակելու ենք լինել առաջատարը` հետապնդելով մեկ նպատակ` գոհացնել բաժանորդներին։ 2008-ին ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերն ուղղված էին ՀՀ մարզերի զարգացմանը։ Սերտորեն կապված լինելով կոմերցիոն գործունեության հետ` 2009-ին դրանք ծավալվելու են երեք ուղղությամբ. «ՎիվաՍել-MTC-ը` երեխաներին», «ՎիվաՍել-MTC-ը` մշակույթի բարեկամ» և «ՎիվաՍել-MTC-ը` սպորտի գործընկեր»»։
Ձեռքբերումները, որոնց մասին Ռալֆ Յիրիկյանը հպարտությամբ խոսում է թվերի ու փաստերի լեզվով, ինքնին բարձրահունչ են։ 2007-ի պետական հարկը կազմել է 15,5, իսկ 2008-ինը` 30,8 մլրդ դրամ։ Բաժանորդների ընդհանուր թիվը 1 մլն 300 հազարից հասել է 2 մլն 17 հազարի։ Ռադիոծածկույթի ընդգրկումն այժմ 59,2 տոկոս է։ Սպասարկման ցանցն ունի 95 կենտրոն, երկուսը` շուրջօրյա, 13-ը` շարժական։ Մարզերում սպասարկումը բարելավելու նպատակով ներմուծվել են շրջիկ-շարժական կենտրոններ։ Բազային կայանների ընդհանուր թիվը 750 է։ Մոտ հարյուր կիլոմետրանոց օպտիկական ցանց է կառուցվել հիմնական բազաներին միացնելու նպատակով։ Ռոումինգի առումով գործընկերների քանակը հասել է 354-ի` մայր հիմնարկի պահուստային հնարավորությունները չհաշված։ Ավելի ուժեղ մրցակցության նախապատրաստվելու համար ցանցի տեխնիկական հագեցվածությանը 2009-ին արդեն հատկացվել է 95 մլն ԱՄՆ դոլար։ Շարունակելով հետազոտել շուկայի պահանջարկը` 4-րդ կոդն են թողարկում։ Թեստային ռեժիմով գործարկվող 3-րդ սերնդի առաջին զանգը կատարելով դեկտեմբերի վերջին` Գյումրիում ու Վանաձորում աշխատանքներն ավարտելուց և երեք խոշոր քաղաքներում ցանցի որակյալ ծառայության հարյուր տոկոսանոց վստահելիության ու բաժանորդային պահանջարկի հարցում հավաստիանալուց հետո միայն կներմուծեն շուկա: «2008-ին կիրառվող սակագնային նոր համակարգերին` «18+» (երիտասարդների համար), «Բարբառ» (մարզերի) և «5» (էժան հեռախոսակապի) տարբեր գույների ու բուրմունքի ծաղիկներ ենք ավելացնելու,- կատակում է Ռալֆ Յիրիկյանը,- որպեսզի հնարավորինս գոհացնենք մեր մատուցած ծառայություններով։ Հարկավոր նախագծերն արված են` մետրոյում ու սարերի արանքներում կապի հասանելիությունն ապահովելու համար։ Սպասում ենք դրսից ներկրվող սարքավորումներին»։
Ինքը` Ռալֆ Յիրիկյանը, անդուլ ու չնորմավորված աշխատակարգով ոգեշնչում է բոլոր 1210 աշխատակիցներին` ընտանեկան համերաշխության մթնոլորտում անմնացորդ նվիրումով պահպանել ու շենացնել յուրատիպ այս օջախը, ձեռք մեկնել միմյանց և հասարակության հոգսերի թեթևացմանը` հընթացս կայունացնելով սեփական բարեկեցությունը։ ՎիվաՍել-MTC-ի հիմնարար արժեհամակարգում ամենակարևորը փոխադարձ վստահությունն ու հարգանքն է։ «Իբրև մարդ հավասար են բոլորը,- ասում է բարեկիրթ գործարարը։- Տարբերությունը աշխատանքային պարտականությունների մեջ է։ Աշխատակազմը մեր ամենախոշոր կապիտալն է, ձեռք բերած և ապագա հաջողությունների գրավականը։ Թափանցիկություն, հավատարմություն և թիմային աշխատանք. երկու ձեռքով միայն կարելի է ծափ զարկել, ավելի արդյունավետ աշխատել»։
Սպասվում է 3-րդ մրցակցի մուտքը շուկա։ 3G ցանցի ստեղծման ու գործարկման համար MTC ԲԲԸ-ն համագործակցելու է աշխարհում այդ ցանցերի տեխնոլոգիական առաջատար HUAWEI Technologies չինական ընկերության հետ։ Մրցակցային պայքարից չեն երկնչում ընկերությունում։ Սրտմտում են, որ որդեգրած սոցիալական պատասխանատվության աշխատաոճը լայն արձագանք չի գտնում հասարակության մյուս կորպորատիվ քաղաքացիների` գործարար աշխարհի կողմից։ Ասենք, դեռ կարելի է լավ ապագայի հույսեր փայփայել` Գյումրիի գարեջրի գործարանը, ՎիվաՍել-ի օրինակին հետևելով, երկու բնակարան է հատկացրել անօթևաններին։ Աղետի գոտին գործարարների խոշոր ներդրումներով միայն կկարողանա մաքրվել քսանամյա խարանից։
Հասարակությունից շահույթ ստանալով, որպես նույն հասարակության կորպորատիվ քաղաքացի, գործարարներն էլ պարտավորված պիտի լինեն իրենց եկամուտներից մաս հատկացնել նրա կարիքներին։ Այս մտածողությամբ է բարգավաճում ՎիվաՍել-MTC-ը։ Դուք էլ չեք վնասվի, պարոնա՛յք գործարարներ։ Վստահաբար եմ ասում։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ