ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նրա երազանքը

Նրա երազանքը
18.11.2008 | 00:00

ՍՊՈՐՏ
Անցած կիրակի, չնայած ուշ ժամին, դարձյալ մարդաշատ էր «Զվարթնոց» օդակայանը։ Այս անգամ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, փոխնախարար Սամվել Խաչատրյանը, մարզիչներ, մարզասերներ էին եկել դիմավորելու Լիվերպուլում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեր հերոսներին։ Եկել էին իրենց սրտի խոսքն ասելու, շնորհակալություն հայտնելու Խորհրդային Միության վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին, Հայաստանի վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանին, տղաներին, ովքեր անգլիական առաջնությունում պատվով ներկայացրին բռնցքամարտի հարուստ ավանդույթներ ունեցող հայկական դպրոցը:
Կաշվե ձեռնոցի մեր վարպետները Լիվերպուլում վերջապես ցուցադրեցին այն ամենը, ինչ ի վիճակի էին անելու թե՛ աշխարհի վերջին առաջնությունում, թե՛ Պեկինի օլիմպիական խաղերում, սակայն միշտ չէ, որ մարզիչների ձգտումը և մարզիկների հնարավորությունները համընկնում են տվյալ իրադրության հետ, որից, ինչպես ճակատագրից, հնարավոր չէ խույս տալ։ Եվ ահա Անգլիայի հանրահայտ քաղաքներից մեկում՝ Լիվերպուլում, վերջապես սառույցը կոտրվեց։ 23-ամյա ընդմիջումից հետո դարձյալ եվրոպական ռինգում ողջ ուժով խոսեցին բռնցքամարտի հայկական դպրոցի ներկայացուցիչները՝ նվաճելով երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ, ճիշտ այնքան, ինչքան ժամանակին Խորհրդային Միության հավաքականի կազմում ելույթ ունենալիս։ Այն ժամանակ Բուդապեշտից ոսկե դափնիներով տուն վերադարձան Իսրայել Հակոբկոխյանը, Սամսոն Խաչատրյանը, իսկ Բաբկեն Սահրադյանն արժանացավ արծաթե պարգևի։ Եվ ահա Լիվերպուլում հաղթարշավը կրկնվեց։ 48 կգ քաշային կարգում, չափազանց դժվարին պայքարում 8։7 հաշվով պարտության մատնելով իսպանացի Խոսե դե լա Նիվեին՝ ոսկե պատվանդանին կանգնեց վաստակավոր մարզիչ Արմեն Հակոբյանի սան Հովհաննես Դանիելյանը։ 64 կգ քաշային կարգում եզրափակիչ «երկխոսությունը» շատ ավելի կարճ տևեց։ Չեմպիոնի հարցը լուծվեց առաջին իսկ ռաունդում։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի սանի՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն Էդվարդ Համբարձումյանի հուժկու հարվածից հետո մրցակցի հոնքը բացվեց, և բժիշկների պահանջով մրցավարը դադարեցրեց հանդիպումը։
Մինչև 91 կգ քաշային կարգում ահեղ մրցակից էր բաժին ընկել Ցոլակ Անանիկյանին։ Վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի սանն ուժերը չափեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եգոր Մեխոնցևի հետ և բավարարվեց արծաթե պարգևով։
Լիվերպուլյան մրցությունը կարելի է անվանել հայկական։ Ռուսաստանի հավաքականի կազմում պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեց 57 կգ քաշային Արայիկ Համբարձումովը, իսկ Բելառուսի համար արծաթե դափնի կռեց 60 կգ քաշային Վազգեն Սաֆարյանցը։
Ռաֆայել Մեհրաբյանը դեռևս Լիվերպուլի նախօրյակին տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ այն տղաները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չկարողացան մեկնել Պեկին, արդեն այսօրվանից ճանապարհ կհարթեն դեպի Լոնդոնի օլիմպիական խաղեր։ Բացի անգլիական առաջնության հերոսներից, գլխավոր մարզիչը նշեց նաև Դերենիկ Գիժլարյանին, Արթուր Գրիգորյանին, Ազատ Հովհաննիսյանին, Արա Պուլուզյանին, Սամվել Մաթևոսյանին և Անդրանիկ Հակոբյանին։
-Լիվերպուլ մեկնելուց առաջ ասացի, որ Պեկինում Հրաչյա Ջավախյանի նվաճած բրոնզե մեդալը միայն սկիզբն է։ Այսօր հավաքականի դրոշի ներքո է հավաքվել մի երիտասարդ, փորձառու թիմ, որն ի վիճակի է լուծելու շատ բարդ խնդիրներ։ Անգլիական ռինգում նվաճած մեդալները մեր հնարավորությունների սահմանագիծը չեն։ Եթե չլիներ ոչ օբյեկտիվ մրցավարությունը Լիվերպուլում, անպայման պատվո պատվանդան կբարձրանային նաև Ազատ Հովհաննիսյանը և Անդրանիկ Հակոբյանը։ Չնայած դրան, ես գոհ եմ տղաների ելույթներից։ Նրանք իսկապես հերոսներ են։ Թիմային պայքարում Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ մտավ ուժեղագույն եռյակ։ Մենք գրավեցինք երրորդ տեղը։ Երկու չեմպիոնական դափնի նվաճեց նաև Ռուսաստանի հավաքականը, որն այս անգամ ճանաչվեց երկրորդը, իսկ թիմային առաջնության համար սահմանված գլխավոր պարգևն իրենց հետ տուն տարան ուկրաինացիները, որոնք նվաճեցին չորս չեմպիոնական պարգև։
Գլխավոր մարզչի ձայնից իսկ կարելի էր ենթադրել, թե Լիվերպուլում պայքարը որքան թեժ էր եղել, և ինչ գնով էին նվաճվել մեդալները...
Իհարկե, այս հաջողությունը տրամաբանական էր։ Դեռևս երկու տարի առաջ Պլովդիվում անցկացված Եվրոպայի առաջնությունից առաջին իսկ փորձից բրոնզե մեդալով տուն վերադարձավ Հովհաննես Դանիելյանը, իսկ Հրաչյա Ջավախյանն արժանացավ արծաթե պարգևի։ Այն ժամանակ իմ ակնարկին, որ հաղթել դեռևս չի նշանակում պատրաստ լինել հաղթանակին, Ռաֆայել Մեհրաբյանը պատասխանեց.
-Համաձայն եմ, բայց այս անգամ տղաներն իսկապես պատրաստ էին։ Եվ դա ոչ թե իմ, այլ եվրոպական մասնագետների կարծիքն էր։ Նրանց խոսքերով՝ մեր տղաները տեխնիկական և տակտիկական պատրաստականությամբ զգալիորեն տարբերվում էին մրցակիցներից։ Նրանք արագաշարժ էին, ճկուն, ճարպիկ և կարողանում էին դժվարին պահերին շատ արագ կողմնորոշվել։ Միակ և գլխավոր թերությունը, թերևս, աշխատասիրության պակասն է։ Եթե նրանք իրենց ամբողջովին նվիրեն ընտրած մարզաձևին և պահպանեն ռեժիմը, ապա կունենանք մի հզոր թիմ, որը պատրաստ կլինի դիմակայելու ցանկացած փորձության։
-Պարոն Մեհրաբյան, այս անգամ դուք չեք խոսում հոգեբանական պատրաստականությունից։
-Եվրոպայի նախորդ առաջնությունից հետո տղաները մեծ թվով միջազգային մրցումների են մասնակցել, թրծվել Չիկագոյի աշխարհի առաջնությունում, այնպես որ մինչև աշխարհի հաջորդ առաջնությունը միջազգային մրցաշարերի խնդիր չենք ունենա։ Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում, քանի որ կես ճանապարհին չմնալու համար այլ տարբերակ չկա։ Հայաստանի հավաքականի վրա չափազանց ծանր պարտականություն է դրված։ Առաջիկա միջազգայիններում մեզ հետ հաշվի են նստելու իբրև Եվրոպայի երրորդ թիմի և ձգտելու են հաղթանակի։ Ես այսօրվան երազել էի ողջ կյանքում և երջանիկ եմ, որ այն իրականացավ։ Այժմ անհրաժեշտ է զարգացնել այս հաջողությունը...
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4614

Մեկնաբանություններ