ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ՕՐԻՆԱԿ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ՕՐԻՆԱԿ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ
13.10.2009 | 00:00

«Ծխախոտ օգտագործողների թիվը 2005-ին, ընդհանուր առմամբ, չափահաս տղամարդկանց շրջանում 60-63 տոկոս էր, կանանց մոտ` 2-3 տոկոս։ 2007-ին նկատվում է զգալի տարբերություն. տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը 50-56 տոկոս է, կանանց մոտ անփոփոխ է։ Սա պայմանավորված է նրանով, որ ծխախոտ օգտագործող կանանց գերակշիռ մասը մայրաքաղաքում է, և երկրորդ` թաքնվածության գործոնը Երևանում նվազագույնի է հասցված։ Այսինքն, ծխախոտ օգտագործող կանանց թիվն ավելի բացահայտ է»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց առողջապահության նախարարության հակածխախոտային ծրագրի ղեկավար ԱԼԲԵՐՏ ԲԱԶԱՐՋՅԱՆԸ։ Հոկտեմբերի 12-ը հայտարարված է Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի ազգային օր, և այդ առիթով ուռուցքաբանության բժշկական կենտրոնում առողջապահության նախարարության և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կայացավ գիտաժողով։ Ըստ մասնագետների, ծխախոտից կախվածության պատճառով առաջացած հիվանդություններից աշխարհում տարեկան մահանում է 4-5 մլն մարդ։
Այն, որ ծխախոտը բացասական ազդեցություն ունի մարդու առողջության վրա, հայտնի է, պարզապես պետք է բարձրացնել մարդկանց ինքնագիտակցությունը, քանի որ Հայաստանի բնակչությունն այս առումով նույնպես խոցելի է։ Ըստ հակածխախոտային ծրագրի ղեկավար Ալբերտ Բազարջյանի, ծխախոտից առաջացած հիվանդություններն ի հայտ են գալիս 15-20 տարի հետո։ «Հայաստանում տղամարդկանց մոտ բարձր է թոքերի քաղցկեղով հիվանդացածության ցուցանիշը։ Այն առաջին տեղում է ընդհանուր հիվանդությունների ցանկում»,- նշում է ծրագրի ղեկավարը։ Հիշեցնենք, որ հայրենի իշխանություններն այս խնդիրը փորձեցին նվազագույնի հասցնել դեռևս հինգ տարի առաջ՝ ընդունելով «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը, որն ուժի մեջ մտավ 2004-ից։ Ինչ խոսք, օրենքը լավ բան է, սակայն որքանո՞վ է այն կիրառվում մեզանում։ «Օրենքը որոշակի ազդեցություն ունեցել է մարդկանց ինքնագիտակցության վրա, ինչը փաստում է վերը նշված վիճակագրությունը։ Ինչ խոսք, ասել, որ այն կատարելապես իրագործվում է, նույնպես ճիշտ չի լինի։ Մեր օրենսդրությունն ամբողջությամբ դեռևս չի համապատասխանում միջազգային համաձայնագրի պահանջներին։ Ճիշտ է, մի կողմից, փողոցներում գովազդային վահանակներ չկան, սակայն հեռուստաընկերությունները, մամուլի ակումբներն անուղղակիորեն գովազդում են ծխախոտը։ Սա օրենքի խախտում չէ, պարզապես բացթողում է, քանի որ օրենքն անուղղակի գովազդը (հովանավորության տեսքով) չի արգելում։ Ինչ վերաբերում է փակ տարածքներում ծխախոտի օգտագործման սահմանափակմանը, ապա այն շատ ավելի լավ կիրառվում է բժշկական և կրթական ոլորտներում, մինչդեռ սպասարկման (ռեստորաններում, սրճարաններում) ոլորտներում ընդհանրապես, ինչպես նաև տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում խնդրին լուծում չի տրված»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։ Ի դեպ, նկատենք, որ կառավարության անդամները նույնպես չեն հետևում նշված օրենքի պահանջներին, ավելին, նրանց ինքնագիտակցությանը կարծես դեռևս չի հասել ծխախոտի վտանգի առկայությունը։ Թեև, հանուն ճշմարտության, պետք է նշենք, որ չեն ծխում վարչապետ Տիգրան Սարգսյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։ Այսինքն` սա այն դեպքն է, երբ վերջիններս կարող են հանգիստ պրոպագանդել հակածխախոտային քարոզչությունը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2944

Մեկնաբանություններ