«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Շաքարախտը՝ դարի հիվանդություն

Շաքարախտը՝ դարի հիվանդություն
14.11.2008 | 00:00

ԿԵՆՍԱԿԵՐՊԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Նոյեմբերի 14-ը ողջ աշխարհում նշվում է որպես շաքարախտի դեմ պայքարի միջազգային օր։ Տարեկան աշխարհում ավելի քան 1,1 մլն մարդ է մահանում շաքարախտից։ Դեպքերի մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում միջին և ցածր կենսամակարդակ ունեցող երկրներին։ Մահերի մեծ մասը գրանցվում է մինչև 70 տարեկանների շրջանում, որոնց 55 տոկոսը կանայք են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով՝ եթե առաջիկա 10 տարիների ընթացքում այս հիվանդության դեմ պայքարի համապատասխան քայլեր չձեռնարկվեն, մահերի թիվը կաճի շուրջ 50 տոկոսով։
Հայաստանում այսօր հաշվառված է մոտ 7000 ինսուլինակախյալ և ավելի քան 30 հազար դեղորայքով ապրող հիվանդ։ Նշենք, որ շաքարախտը երեխաների մոտ հանդիպող ամենատարածված քրոնիկ հիվանդություններից է։ Դիաբետի միջազգային կոմիտեի տվյալներով՝ աշխարհում տարեկան մինչև 15 տարեկան շուրջ 70 հազար երեխայի մոտ ախտորոշված է 1-ին կարգի դիաբետ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում շուրջ 180 մլն մարդ տառապում է այս հիվանդությամբ։ Եվ, ըստ կանխատեսումների, մինչև 2030 թ. այդ ցուցանիշը կկրկնապատկվի։
Դիաբետը նյութափոխանակային հիվանդություն է, որի պատճառն օրգանիզմում ինսուլինի խաթարված արտադրությունն է։ Ինսուլինն արտադրում է ենթաստամոքսային գեղձը։ Այն հնարավորություն է ստեղծում, որ արյան մեջ եղած շաքարը յուրացվի բջիջների կողմից։ Շատ մասնագետներ որպես շաքարախտի պատճառ նշում են ժառանգականության գործոնը։ Կարևոր նշանակություն ունի նաև ենթաստամոքսային գեղձի վրա այնպիսի վիրուսների ազդեցությունը, ինչպիսիք են կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, վերին շնչուղիների որոշ վարակներ։
Գոյություն ունի դիաբետի երկու տեսակ։ Առաջին տիպի դիաբետը նախկինում կոչվում էր նաև երիտասարդների դիաբետ, իսկ երկրորդը՝ չափահասների ու տարեցների դիաբետ։
Դիաբետի ախտանշանների արտահայտվածության ինտենսիվությունը կախված է ինսուլինի արտադրության աստիճանից։ Հիվանդության հիմնական ախտանշաններն են ուժեղ ծարավի զգացումը, բերանի չորությունը, հաճախամիզությունը, մաշկային ծածկույթների չորությունը, տեսողական խանգարումները, մկանային ախտահարումները և այլն։ Այս հիվանդությունն առաջ է բերում սրտանոթային համակարգի խաթարումներ։ Շատ հաճախ դիաբետը դառնում է կուրության պատճառ։ Ընդհանրապես, 25 տոկոսով կուրության պատճառը հենց դիաբետն է։ Դիաբետի հետևանքով նաև երիկամային խնդիրներ են ի հայտ գալիս։ Արյան մեջ բարձրանում է մնացորդային ազոտի մակարդակը, որը հետագայում հանգեցնում է երիկամային անբավարարության։ Երբեմն դիաբետի հետևանքով առաջանում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի խանգարումներ, իսկ ավելի հաճախ տուժում են ստորին ծայրամասերը։
Մեկընդմիշտ պետք է հիշել, որ դիաբետի բուժման հիմնական սկզբունքը դիետան է՝ բուժական ռեժիմին զուգահեռ։ Դիաբետիկ դիետան պետք է պարունակի բավարար քանակությամբ վիտամիններ, ածխաջրեր, հանքային աղեր։ Այս հիվանդության դեպքում միմիայն ճիշտ դիետան կարող է ապահովել օրգանիզմի նորմալ աճ և էներգետիկ փոխանակություն։ Դիաբետով հիվանդի սննդակարգը պետք է կազմվի անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով հիվանդի քաշը, տարիքը, ֆիզիկական ակտիվությունը, նիհարելու կամ գիրանալու անհրաժեշտությունը։ Դիետայի գլխավոր նպատակն է արյան մեջ գլյուկոզայի, ինչպես նաև ճարպերի և խոլեստերինի նորմաների պահպանումը։ Պետք է ձգտել, որ դիետան լինի բազմազան և պարունակի անհրաժեշտ բոլոր սննդանյութերը՝ սպիտակուցներ, հանքային աղեր, վիտամիններ։
Նշենք, որ դիաբետով հիվանդին չի կարելի ամբողջովին զրկել քաղցրից։ Եթե նրա մոտ քաղցրի պահանջը չի հագենում մրգերի և որոշ բանջարեղենների գործածման արդյունքում, ապա կարելի է օգտագործել շաքարի փոխարինիչներ։ Այս հիվանդների համար ալկոհոլի գործածումը պետք է խստորեն բացառվի, քանի որ այն կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի քանակի կտրուկ նվազման, հատկապես այն դեպքում, երբ հիվանդ է լյարդը։
Շաքարախտով հիվանդի համար անթույլատրելի են շաքարը, ջեմերը, օշարակները, կոնֆետեղենը, թխվածքները, խտացրած կաթը, պաղպաղակը, պտղահյութերը։ Սահմանափակ քանակությամբ թույլատրելի են սպիտակ հացը, մակարոնը, բրինձը, կարտոֆիլը։ Ցուցված են կոպիտ աղացած ալյուրից թխված հացը, կաղամբը, կանաչ պղպեղը, գետնախնձորը, փշատը, կանաչ լոբին, ոսպը, սիսեռը։
Շաքարախտի առաջացմանը մեծապես նպաստում է նաև ժամանակակից կենսակերպը։ Քիչ շարժունությունը, ավելորդ քաշը, նյարդային լարվածությունը, ալկոհոլի ու ծխախոտի չարաշահումը խիստ հավանական են դարձնում դիաբետով հիվանդանալու վտանգը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9757

Մեկնաբանություններ