«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ավագ դպրոցի «քմայքները»

Ավագ դպրոցի «քմայքները»
28.11.2008 | 00:00

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ
Ավագ դպրոցների հայեցակարգն ընդգրկում է գործընթացների իրականացման մի քանի ուղղություն՝ համապատասխան օրենսդրական դաշտի, ենթակառուցվածքների ստեղծում, բովանդակային և ծրագրային ապահովում, ուսուցիչների որակավորման բարձրացում։ Եվ նշվածներից կարևորագույնը, որով էլ, նախ և առաջ, պայմանավորված է ծրագրի արդյունավետությունը, ուսուցիչների որակավորման բարձրացումն է։ Ուստի այս տարի հանրապետությունում ստեղծված 10 ավագ դպրոցների 212 ուսուցիչների համար հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվել է «Ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացներ» ծրագիրը, որն անցկացվում է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում։
«Ծրագիրն ընդգրկում է 120 ժամաքանակ։ Դասընթացներն ուղղված են ավագ դպրոցի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը, մասնագիտական որակավորման բարձրացմանը, գիտելիքների հարստացմանը և գործնական հմտությունների ձեռքբերմանը։ Դասընթացների 120 ժամը բաժանված է երկու մասի՝ նեղ մասնագիտական և ընդհանուր կրթական, որն իր մեջ ներառում է գիտելիքների մատուցում ուսուցման և գնահատման նորագույն տեխնոլոգիաների, հոգեբանական թրեյնինգների, տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ։ Այդ ամենի արդյունքում ուսուցիչներն ամբողջական պատկերացում կունենան կրթական բարեփոխումների, մանկավարժական նոր մեթոդների ու մոտեցումների մասին»,- նշեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, ծրագրի ղեկավար Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԸ։
Իսկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջազգային համագործակցության և ստանդարտացման վարչության պետ, ծրագրի համակարգող Ն. ՀԱԿՈԲՅԱՆԸ մեզ տեղեկացրեց, որ դասընթացները գործում են Համաշխարհային բանկի վարկավորմամբ ՀՀ կառավարության «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագիր իրականացնելու համար։ Ըստ Ն. Հակոբյանի՝ որակավորման բարձրացման դասընթացների բովանդակային-ծրագրային փաթեթները ստեղծվել են մանկավարժական համալսարանի համապատասխան ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից, հաստատվել են համալսարանի գիտխորհրդում, ենթարկվել փորձաքննության կրթության ազգային ինստիտուտի կողմից, ապա միայն ներդրվել ծրագրում։
Ուսուցիչներին վերապատրաստող պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են հանրապետության ամենատարբեր գիտակրթական օջախների լավագույն մասնագետներ (Հայկական պետական մանկավարժական համալսարանից, Երևանի պետհամալսարանից, կրթության ազգային ինստիտուտից, Հայկական պետական բժշկական համալսարանից, գնահատման և թեստավորման կենտրոնից, լիցենզավորման և հավատարմագրման կենտրոնից, ԳԱԱ-ից և այլն)։ Պատասխանատուների հավաստմամբ՝ վերջիններս անցել են մասնագիտական խիստ ընտրություն։ Դասավանդող պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար ևս անցկացվել են վերապատրաստողի երկօրյա դասընթացներ։
«Դասընթացների գնահատումը կատարվում է երեք ուղղություններով՝ մասնակիցների առարկայական գիտելիքների և ունակությունների թեստավորում, հետազոտական աշխատանքի հիման վրա գնահատում և ամփոփիչ քննություն դասընթացի ավարտից հետո»,- նշեց մանկավարժական համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասյանը՝ ավելացնելով, որ որակավորման բարձրացման արդյունքում հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած մասնագետները մանկավարժական համալսարանի կողմից կստանան հավաստագրեր։ Իսկ հավաստագիր ստանալու համար պետք է անցնել լրիվ դասընթացը, հաջողությամբ ներկայացնել կատարած հետազոտությունը և հանձնել քննական թեստ՝ 20 հնարավորից հավաքելով 8-ից բարձր միավոր։
Նշենք, որ Երևանի, Աշտարակի, Գավառի, Վարդենիկի ավագ դպրոցների 145 ուսուցիչ որակավորման բարձրացում անցնում է Երևանում, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ Իսկ Ախուրյանի և Գյումրիի երեք դպրոցների 66 ուսուցիչների համար դասընթացներն անցկացվում են Գյումրիում՝ տեղի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Մայրաքաղաքից այնտեղ է գործուղվում պրոֆեսորադասախոսական անձնակազմը, բացի այդ, ներգրավվում են նաև Գյումրիի մանկավարժական ինստիտուտի դասախոսներ։ Վերապատրաստումները լինելու են շարունակական: Մարզերից ժամանած ուսուցիչների համար լուծված են կենցաղային և կոմունալ խնդիրները, սննդի, տրանսպորտի և կեցության հետ կապված հարցերը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4354

Մեկնաբանություններ