ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խորը ծալքէջերով դյութական Պոլիսը

Խորը ծալքէջերով դյութական Պոլիսը
11.09.2024 | 14:11

ՊՈԼԻՍԸ ՍՓՅՈՒՌՔ ՉԷ, ՊՈԼՍԱՀԱՅԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՉԷ
Սկզբից ևեթ ասեմ, որ այս հրաշագեղ քաղաք սա իմ երկրորդ այցելությունն էր, սակայն մի էական տարբերությամբ՝ 28 տարի առաջվանը քաղաքի հետ ծանոթություն էր պաշտոնական պատվիրակության մեքենաների պատուհանից ու դրանով իսկ ընդամենը հպանցիկ դիտարկումներ։ Այս երկրորդը, որ ուղղորդիչ ուներ շնորհալի գծանկարիչ, տաղանդավոր լրագրող, գեղագետ Լևոն Լաճիկյանի «Պոլիսը՝ Հին և Նոր» պատկերագրքի շնորհանդեսը, մեծանուն երգիծաբանի ասածի հանգույն համարյա թե պտույտ մը էր Պոլսո թաղերով։
Հիշատակված «համարյա»-ն պիտի որ ինձ փրկի քաղաքի ամբողջական նկարագրությանը սպասող ընթերցողի առավելապաշտությունից ու սա շատ հստակ տրամաբանությամբ՝ անհնար է ընդգրկել անընդգրկելին, իսկ Պոլիսն իսկապես այնքա՜ն բազմադեմ է, այնքա՜ն բազմաշերտ, այնքա՜ն խտացրած ասելիք ունեցող, որ ասելիքիդ մեջ խճճվելու տագնապը չես կարող աչքիդ առաջ չունենալ։ Եվ այսուհանդերձ դրսի մարդու հայացքով ընդհանրականի մեջ Պոլիսին ու պոլսեցուն ի՞նչն է հատկանշական, որն անառարկելի ճշմարտության արժեք ունի։
Պատմական իրողությունների բերումով որքան էլ երկու կայսրությունների թիվ մեկ քաղաք՝ մայրաքաղաք, այն նույնքա՛ն հարազատ միջավայր, նույնքա՛ն նվիրական հող է եղել ու կա հայի համար, ում ոտնահետքերը այս քաղաքի պատմության անբաղդատ մասն են դեռևս հինգերորդ դարից։ Այստեղից երկրորդ անխախտ ճշմարտությունը՝ Պոլիսը հայի ու Հայաստանի համար Սփյուռք չէ, հետևաբար պոլսեցին հայի ու Հայաստանի համար սփյուռքահայ չէ։ Պոլսեցին տվյալ աշխարհագրական միջավայրում հայտնված, ապրող, քաղաքի հոգևոր-մշակութային դիմագիծն ամբողջացնող գոյ է, էություն։ Պոլիսը Պետրոս Դուրյանի, Մեծարենցի, Վարուժանի, Զոհրապի, Ռուբեն Սևակի, մեր արևմտահայ գրականության խենթացնող մյուս մեծերի ծաղկաբույլով հայ ամբողջական գրականության ոսկե հյուսվածքն է, քաղաքացիական ու հոգևոր իր նրբահյուս կոթողներով համաշխարհային ճարտարապետության վեհաշուք էջն է՝ դրոշմակնքված Սինանի հանճարով ծայր առած ու Պալյանների զարմանահրաշ տոհմի հինգ սերնդի անդադար երկնած վսեմաշուք շինությունների փառահեղ շարանով։ Պոլիսը հայրենի ափերից դուրս հայ մշակույթի երևելի մայրաքաղաքն է, ու սրանով թերևս ամեն ինչ է ասված։ Ի դեմս հայ տարրի, այս զարմանահրաշ քաղաքը հարկավ հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքի տարբեր ոլորտների շատ երևելիներ է տվել, սակայն սույն ընթերցումում մեր առջև դրված խնդիրն անհամեմատ համեստ է ու այս արձանագրման կողքին, նաև որպես մեր համեստ անձի արդարացում, ևս մեկ անգամ վերհիշենք այն, ինչ ասել ենք վերևում՝ անհնար է ընդգրկել անընդգրկելին։

ՍԻՐՈ, ԽՈՆԱՐՀՄԱՆ ՉԱՍՎԱԾ ԽՈՍՔԵՐՆ ԷԻՆ․․․
Հոգու անմարելի պարտք էր նախ անցյալի հայոց մեծերի դուռը գնալն ու նրանց մեր խոնարհումը հավաստելը։ Չունենալով ուղեկից՝ Լևոնի հետ մոտ երեք ժամ չափչփեցինք քաղաքի փողոցներն ու վերջապես գտանք Շիշլիի գերեզմանատունը։ Ահռելի էր դռները գոցված տեսնելու հուսահատությունը (17։00-ից այն փակվում է այցելուների առաջ), սակայն գերեզմանատան օտարադավան սպասավորը մարդկայնորեն հասկացավ մեզ ու դեմ գնալով սահմանված կարգին՝ դռները բացեց մեր առաջ, ինչի համար խորը շնորհակալություն նրան։

Ես հիմա բառերի անասելի սով եմ զգում ներկայացնելու համար մեր ունեցած ապրումները։ Համբուրելի մարդկանց տապանաքարեր էին ու մահարձաններ․․․

Մեկմեկու ընդմիջելով՝անհագ ծարավով կարդում էինք լուսեղեն անունները՝ իմացածներիս շրջանակներում փորձելով ամբողջացնել նրանց դիմանկարները, արած գործը, թողած հետքը․․․

Սիրո, հարգանքի, խոնարհման չասված խոսքերն էին, որ պատռելով գերեզմանային լռությունը, հորդում էին սրտներիցս։ Չգիտեմ՝ ով՝ ինչպես, սակայն ես խորապես հավատում եմ հոգիների գոյությանն ու հաղորդակցությանը, էներգետիկ փոխանակմանը։ Ամենակարևորը՝ մենք մեր մեծերին հաստատապես կարողացանք փոխանցել մեր հոգու ջերմությունը, փաստել իրենց լուսե հիշատակի առջև մեր երկյուղած ծնրադրումը․․․

«ՄԱՐՄԱՐԱ», «ԱԿՕՍ», «ԺԱՄԱՆԱԿ»․․․
Շիշլիի գերեզմանատնից հետո Պոլիսն այլևս մեր առաջ բաց էր, մնում էր ժամանակի սակավության մեջ հասցնել նրա հնարավոր ամբողջական ընթերցումը։
Միանգամայն հասկանալի պատճառներով առաջին պլանում էին այցերը «Մարմարա», «Ակօս», «Ժամանակ» թերթերի խմբագրատներն ու դա նաև իմ աշխատանքի բնույթի բերումով։ Թող որ դրանք գերազանցապես փափկավարական էին, սակայն գործնական հարաբերությունները նաև նման հանդիպումներից են ծայր առնում։

Ի դեպ, երեքում էլ հանդիպումներն ինձ համար առանձնահատուկ նշանակության էին։ Բանն այն է, որ 1996 թվականին Ստամբուլում քաղաքաշինական հարցերին նվիրված «Հաբիթաթ 2»-ի գագաթաժողովի շրջանակներում ես, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության մամլո խոսնակ, ընդառաջել էի և Ռոբեր Հատտէճեանի, Հրանտ Դինքի ու «Ժամանակ»-ից կարծեմ թե Արա Գոչունյանի համար կազմակերպել հանդիպումը վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ, ինչն այն օրերի դիտանկյունից իսկապես երևույթ էր տեղի հայ մամուլի համար:
Խմբագրատներ այս այցիս ընթացքում իրողությունների բերումով ես, բնականաբար, կարող էի հուսալ միայն «Մարմարա»-ի գլխավորի հետ հանդիպումը։
Ավաղ թերթի երկարամյա գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտէճեանը, ով մեր լրագրության նահապետներից է, գրողի ու լրագրողի մի յուրօրինակ մերան, չկար՝ առաջացած տարիքի պատճառով (մոտենում է հարյուրին) գրեթե տանից դուրս չի գալիս։ Փոխարենը մեզ սպասում էր հանդիպումը վարչական տնօրեն Այգ Հատտէճեանի հետ։

Լուսահոգի Հրանտ Դինքի հիմնած «Ակօս»-ում վրա-վրա եղանք երկու օր ու շահեկանը հատկապես այն էր, որ խմբագրապետ Եդուարդ Տանձիկեանից զատ կարողացանք հանդիպում ունենալ և թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էսդուգեանի հետ՝ ինձանից ընդամենը հինգ տարով ավագ մի զարմանահրաշ ծերուկ, ով կոլորիտային է ոչ միայն արտաքինով, այլև մտածողությամբ, դատողությունների կշռվածությամբ, միջավայր, մթնոլորտ ստեղծելու կարողությամբ։ Նրա հետ ունեցած հանդիպումս այն սակավներից էր, որ ափսոսում ես ունեցածդ ժամանակի քչության համար։ Հանգամանքների բերումով այդ պահին հայաստանյան լրատվամիջոցներից մեկի լրագրողն էր հեռախոսով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խմբագրության քիմքին հաճելի լսելիքի հնարավոր կորզումով, ու մեր «ծերուկը» ստիպված էր որերորդ անգամ բացատրել, որ հայ-թուրքական սահմանների փակման նախաձեռնողը Հայաստանը չէ՛, որ եղել է, ու թե անելիք բան ունի, այդ Թուրքիա՛ն է, որ պիտի անի, նախաձեռնողականությունը Թուրքիո՛ կողմից պիտի գա։ Պոլսից քաղաքացիական դիրքորոշման ահա այսպիսի գործնական ուսուցում չգիտես էլ ում ու ինչի համար դուր գալու մեջ ջանացող հայաստանյան լրագրողին․․․
«Ակօս»յան հանդիպումների շարքում պիտի չկարողանամ լռել ու չհիշատակել թերթի ոչ պակաս կոլորիտային լուսանկարիչ Պերճ Արաբեանին, ով այնպիսի վարպետությամբ պատկերս «քաշեց», որ Լևոնը չդիմացավ ու անմահացավ՝ ասելով․ «Միայն այդ նկարն ունենալու համար արժեր Ստամբուլ գալ»։
Հաջորդ փափկավարականը «Ժամանակ»-ում էր։ Արձակուրդում լինելու պատճառով Արա Գոչունյանի պակասը լրացրեց նրա ազնվազարմ մայրը՝ տիկին Նադյան։ Քաղաքավարական կարգի այցելություններ ունեցա նաև Թուրքիո Հայ Ուսուցչաց հիմնարկում, որը և՛ ուսանելի, և՛ հաճելի հանդիպում էր Պոլիսն ու պոլսեցուն բացահայտելու նրբերանգներով։ Այս շարքի մեջ հարկավ պիտի առանձնացնեմ «Նոստալջի» սրճարան-գրախանութն իր ունեցած հայագիտական, հայրենագիտական թեքումով։

ՏԱՅՔՆ ՈՒ․․․ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մեր հաջորդ կանգառը հայաշատ Գնալը կղզում էր, որտեղ և կայանալու էր այս ճամփորդության բուն նպատակը։ Սակայն մինչև գրքի շնորհանդեսին անցնելը մեկ-երկու դիտարկումներ կղզուց ու կղզիաբնակներից։ Ինձ համար բացահայտում, Լևոն Լաճիկյանի համար վերահաստատում էր նրա վաղեմի ծանոթ Տայք Միրիճանեանը։

Ափամերձ տարածքում գտնվող նրա ռեստորանը երկար տարիներ Թուրքիո նմանատիպ հաստատությունների առաջին հարյուրակում է ու իր տեսակի մեջ միակը չէ։

«Ճաշն» արդեն ռեստորանային համալիր է, իր իսկ հայերեն անվամբ, ճաշատեսակներով հայի ու հայության հուշում, որը զորացվում է մատուցվող ուտեստեղենի բացառիկ բարձր որակով ու նրբաքիմք հաճախորդի պահանջների լիարժեք բավարարումով։ Տայքը, որ այս կողմերում ակնհայտորեն կշիռ ունեցող անձնավորություն է, ցավալիորեն վիրավորված է ոչ թե մայր հայրենիքից, այլ նրա մաս կազմող խառնամբոխից, որն էլ դարձել է հայրենիքում նրա հիմնած բիզնեսը կիսատ թողնելու ու Թուրքիա վերադառնալու պատճառ․

«Որ ես այստեղ եմ ու ինձ որպես հայ են ճանաչում, միանգամայն նորմալ է, բայց որ Հայաստանում ինձ ճանաչում էին որպես թուրք, սա արդեն անհեթեթություն էր»։
Տայքի վիրավորվածությունը հայաստանյան վայ պետական այրերի չկայացածությունից է, այդ թերմացքի անկարողությունից, որ երկիր կայացնելու անկարողությունից է տառապում, ու դրանից օգտվողը թաղային խուժանն է։ Մինչդեռ Տայքի նման անձինք օրենքի պաշտպանությունն ունենալու դեպքում որքա՜ն կարող էին արագացնել մեր ընթացքը՝ օր առաջ Հայաստանը բերել-հասցնելով կայացման հանգրվան, դարձնելով ծաղկող երկիր։ Հուսանք, որ օր առաջ կգան բարեհուսո ժամանակները, ու մենք հասցրած չենք լինի իսպառ մսխած լինել օտար ափերում ապրող հայության վստահությունը։

Տնտեսական բաղադրիչի կողքին ես էլ չեմ խոսում մշակույթի հայաստանյան միանագամից երկու չնախարարի կամայականությունների պատճառով Արա Գյուլերի ժառանգության հետ կապված քաշքշուկներից ու Տայքի ունեցած հուսալքությունից։

Ես եղածը մանրամասների մեջ չեմ շարադրի, որ իզուր հավելյալ արյուն չպղտորեմ, բայց որ «Պոլսո աչք» ճանաչված մեծանուն Գյուլերի թողած ժառանգությունը կարող ենք անվերադարձ կորցնել, ավելի քան ռեալ է, ու պետության միջամտությունն առավել քան պահանջված է, եթե, իհարկե, ամեն ինչ անդարձ ուշացած չէ։

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հանդիպած դեմքերից անչափ գունեղ կերպարներ էին Վարդան Տէրեան, ում հյուրն եղանք Բուրգազ կղզում ու վայելեցինք իր պես ևս վեց պոլսեցու հետ մի սեղանի շուրջ ու մեկ ընդհանրական զրույցն ունենալու բերկրանքը, օրիորդ Մաքրուհի Պ․ Յակոբեանը, ով «Մարմարա»-ում 42 տարի եղել է Ռ․ Հատտէճեանի հուսալի թիկունքը՝ տալով լրագրության վարպետաց դասեր ու այսօր էլ մնալով պահանջված հեղինակ։ Չեմ կարող ջերմին խոսքերով չհիշել և Այլինին ու նրա ազնվափայլ մայր տիկին Էլիզին՝ արվեստի այդ անօրինակ նվիրյալներին։

Ի դեպ, Այլինի ներկայացրած «Փարոսի» գլխավորի՝ Մայտա Սարըսի հետ հանդիպումը հանգամանքների բերումով, ցավոք, մեր սպասած ո՛չ տեսքը, ո՛չ էլ բովանդակությունն ունեցավ։ Այդուհանդերձ այդ զրույցը օրակարգից դուրս չի մնում, մանավանդ որ թե մեր ներկայացրած «Ռոսլինը» և թե տիկին Մայտայի հրապարակած «Փարոսը» նույն արվեստին ծառայելուն են կոչված ու միմյանց ասելու բաներ հարկավ ունեն։

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԸ՝ ՏՈՆ ՈՒ ՑՆԾՈՒԹՅՈՒՆ
Գնալը կղզում տեսածս Խաղողօրհնեքի արարողությունը երևակայածիցս վեր իրադարձություն էր ինձ համար։ Համայնքին այդպես խանդավառել, ծեր ու մանուկ, մի ամբողջ երիտասարդ ու միջին դաս միավորել մեկ ընդհանրական իրողության մե՜ջ, օրը վերածել տոնի՜․․․

Հարակից պարտեզով հանդերձ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ողջ տարածքում հաղթահանդեսն էր մայրենիի, ազատ ու անկաշկանդ հնչում էր հայ երգն ու երաժշտությունը, շուրջպարն իր մեջ էր առել պրոֆեսիոնալ կատարողներին ու վայրկյան առաջ նրանց պարզապես դիտողներին:

Ընթերցողի համար գուցե թե այս ամենի մեջ ոչինչ զարմանալի չէ, սակայն ինձ համար բոլորովին նոր լույսերով ներկայացավ Հայոց Սուրբ եկեղեցին՝ հավատի հետ որպես ազգի ոգին պահող, ազգապահպան, կրթական բացառիկ կարևորության միավոր, սրբազնագույն գոյություն։ Մասնավորապես ի դեմս Հոգշ․ Տ․ Յարութին Տամատեանի ես տեսա իր գործի ոչ թե պարզապես հավատավորին, այլ գերհավատավորին ու քանի դեռ կան այսօրինակ նվիրյալներ, հայերենը շարունակելու է օծել եկեղեցու պատերը, մեր սերունդների գարունները հայերեն են գալու․․․

ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Եվ վերջապես իմ այս ճամփորդության բուն շարժառիթի՝ Լևոն Լաճիկյանի «Պոլիսը՝ Հին և Նոր» պատկերագրքի շնորհանդեսի մասին, որն իսկապես վերածվեց երևույթի։ Ես բուն հանդիսության առնչությամբ սակավախոս կլինեմ, քանզի պոլսահայ մամուլը լայնորեն անդրադարձավ եղածին ու հավելյալ ասելու ո՛չ բան, ո՛չ էլ տեղ թողեց։ Միայն ընդհանուր գծերով նշեմ, որ հայերենով, անգլերենով, թուրքերենով լույս տեսած այս պատկերագիրքն իր տեսակի մեջ բացառիկ հարգանքի տուրք է Պոլիսին՝ Հայաստանից դուրս հայ մշակույթի եթե ոչ մայրաքաղաքների մայրաքաղաքին, ապա առնվազն մայրաքաղաքներից երևելիին։ Իր հարյուրից ավելի գծանկարներով գյումրեցի տաղանդավոր արվեստագետը կամրջել է քաղաքակրթական այս ինքնատիպ օջախի անցյալն ու ներկան, իրեն յուրահատուկ բծախնդրությամբ մանրանկարել ոչ միայն շենք ու շինություն, այլև դրանց մեջ դրված հոգի ու շունչ։

Սա՛ է թերևս Լ․ Լաճիկյանի պոլսյան գծանկարների հաջողության գաղտնիքը, սա՛ է այդ գծանկարներին կենդանություն տվածն ու աննախադեպ հաջողություն շնորհածը ։
Ինչպես պատկերագրքի առաջաբանում, այնպես էլ շնորհանդեսում ունեցած խոսքում ընդհանրականի մեջ առավել քան հասցեական էր Նորին Ամենապատվություն Տեր Սահակ Բ Պատրիարքը, ում օրհնությամբ ու հրամանով կյանք է առել այս հիրավի բացառիկ հրատարակությունը, որի գինեձոնն ուղեկցվեց դաշնամուրի վրա Սիրուն Սիրունեանի նվագակցությամբ Լիւսի Գահվէճիօղլու սիրտ շոյող ազգաշունչ երգերի կատարմամբ։
«Պոլիսը՝ Հին և Նոր» պատկերագրքի հրատարկությամբ և ապա շնորհանդեսով Պոլսո Հայոց Պատրիարքարանը Հայրենիքի ու նրա սահմաններից դուրս բնակվողների ևս մեկ զորեղ կամուրջ ձգեց՝ հավաստելով մշակույթի քաղաքակրթական առանձնակի դերն ու անանց արժեքը ժամանակի հոլովույթում։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 16684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ